From Wikipedia, the free encyclopedia
Մասնակցային ժողովրդավարություն, կառավարման ձև, որտեղ քաղաքացիներն անձամբ և ուղիղ, ոչ թե ընտրված ներկայացուցիչների[1] միջոցով են մասնակցում իրենց կյանքի վրա ազդող քաղաքական որոշումների կայացմանը և քաղաքականությունների մշակմանը: Այս մոդելում համակցված են ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության տարրերը[2]։
Մասնակցային ժողովրդավարությունը ժողովրդավարության տեսակ է, որն ինքնին նաև կառավարման ձև է։ «Ժողովրդավարություն» («դեմոկրատիա») տերմինը ծագել է հունարեն «δημοκρατία» (dēmokratia) բառից (δῆμος/dēmos՝ ժողովուրդ, Κράτος/kratos՝ իշխանություն)[3]։ Այն լինում է երկու հիմնական տեսակի՝ ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարություն։ Առաջինի դեպքում ժողովուրդն անձամբ իրավասու է քննարկել և որոշում կայացնել այս կամ այն գործընթացի ու օրենսդրության վերաբերյալ, իսկ ներկայացուցչական ժողովրդավարության դեպքում նրանք ընտրում են պաշտոնյաներին, որոնք պետք է իրենց անունից կայացնեն որոշումներ։ Թեև ի սկզբանե ու հատկապես Հին Հունաստանում գերիշխել է ուղիղ ժողովրդավարությունը, այսօր ներկայացուցչական ժողովրդավարությունն ամենատարածված ձևն է[4]:
Այս համատեքստում հանրային մասնակցությունը նշանակում է հասարակությանը ներգրավել քաղաքական համակարգի գործունեության մեջ: Դա կարող է լինել ցանկացած գործընթաց, որն ուղղակիորեն ներգրավում է հասարակությանը որոշումների կայացման մեջ և հաշվի առնում նրա ներդրումը[5]: Քաղաքական մասնակցության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը ներկայումս քննարկման առարկա է քաղաքական փիլիսոփայության մեջ[6]։
Կուսակցություններին անդամակցելը քաղաքացիներին հնարավորություն է տալիս մասնակցել ժողովրդավարական համակարգերին, սակայն չի համարվում մասնակցային ժողովրդավարության ձև:
Մասնակցային ժողովրդավարության հիմնական նպատակն է երաշխավորել, որ քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու իրենց կյանքի վրա ազդող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը[6]: Սա նոր հայեցակարգ չէ. այն տարբեր ձևերով գոյություն է ունեցել Աթենական ժողովրդավարության դարաշրջանից սկսած։ Մասնակցային ժողովրդավարության ժամանակակից տեսությունը 18-րդ դարում ձևակերպել է Ժան-Ժակ Ռուսոն։ Ավելի ուշ, Ջոն Ստյուարտ Միլը և Ջորջ Դուգլաս Հովարդ Քոուլը զարգացրին այս տեսությունը՝ պնդելով, որ քաղաքական մասնակցությունը էական դեր է խաղում արդար հասարակություն ստեղծելու հարցում[7]։ 21-րդ դարի սկզբում մասնակցային ժողովրդավարությունը լայնորեն ուսումնասիրվել է, ինչի արդյունքում մշակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումների տարբեր առաջարկներ՝ ներառյալ մասնակցային բյուջետավորումը[8]:
Ժողովրդավարությունն առաջին անգամ ի հայտ է եկել անտիկ ժամանակաշրջանում՝ Աթենք քաղաք-պետությունում[9][10]: Այն առաջին անգամ հաստատվել է մ.թ.ա. 508–507 թվականներին Կլիսթենեսի օրոք[11]: Այս համակարգն ուղիղ ժողովրդավարություն էր, որտեղ սովորական քաղաքացիները պատահականության սկզբունքով ընտրվում էին վարչական և դատական պաշտոններ զբաղեցնելու համար, իսկ Աթենքի բոլոր քաղաքացիները օրենսդիր ժողովի մաս էին կազմում[12]: Հին Աթենքում ոչ բոլորին էր քաղաքացիություն շնորհվում։ Մասնավորապես, կանայք, ստրուկները, օտարերկրացիները (μέτοικοι/métoikoi) և երիտասարդները, որոնք դեռևս չունեին զինվորական ծառայության համար պահանջվող տարիքը, քաղաքացի չէին կարող լինել[13][14]: Աթենական դեմոկրատիան ամենաուղիղն էր պատմության մեջ, քանի որ ժողովուրդը, ժողովների, օրենսդիր մարմինների և դատարանների միջոցով, վերահսկում էր քաղաքական ողջ գործընթացը, և քաղաքացիների մեծ մասը մշտապես ներգրավված էր հասարակական գործընթացների մեջ[10]:
20-րդ դարի ընթացքում էապես ի հայտ եկան գործնական նախաձեռնություններ, որոնք ուղղված էին մասնակցային ժողովրդավարության իրականացմանը, ընդ որում՝ այդ ջանքերի մեծ մասն իրականացվում էր լոկալ մակարդակով` ներգրավելով ավելի փոքր համայնքներ կամ խմբեր: Այս երևույթը 1980-ական թվականներին զգալի հետաքրքրություն առաջացրեց ակադեմիկոսների շրջանում: Մասնակցային ժողովրդավարության կիրառման փորձեր արվել են աշխարհի տարբեր քաղաքներում: Ամենավաղ օրինակներից մեկը տեղի ունեցավ 1989 թվականին, երբ Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում ներդրվեց մասնակցային բյուջետավորման համակարգը: Համաշխարհային բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ այս քաղաքներում մասնակցային ժողովրդավարությունը զգալիորեն բարելավում է բնակիչների կյանքի որակը[15]:
21-րդ դարի սկզբին մասնակցային ժողովրդավարության փորձերը սկսեցին տարածվել Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում և Եվրամիության ողջ տարածքում[16]: Կառավարման այս ձևը կիրառվել է նաև Միացյալ Նահանգներում։ 2005 թվականին «Կատրինա» փոթորկից հետո Նոր Օռլեանը վերակառուցելու ծրագրերը մշակվել և հաստատվել են հազարավոր քաղաքացիների կողմից[15]:
2011 թվականին, ի պատասխան 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո կառավարության նկատմամբ քաղաքացիների աճող անվստահությանը, Իռլանդիան ստեղծեց «Մենք՝ քաղաքացիներս» կոչվող քաղաքացիական խորհուրդը։ Դրա նպատակն էր փորձարկել մասնակցային ժողովրդավարական մարմնի կիրառումը և գնահատել, թե արդյոք այն կարող է բարձրացնել քաղաքական լեգիտիմությունը: Խորհրդի ստեղծումից հետո կառավարության գործունեության նկատմամբ և՛ արդյունավետության, և՛ հանրային հետաքրքրության աճ է արձանագրվել, ինչպես նաև գրանցվել են հասարակական կարծիքի նկատելի փոփոխություններ վիճելի թեմաների շուրջ, օրինակ՝ հարկման[17]:
Ֆրանսիայի կառավարությունը 2019 թվականի սկզբին կազմակերպեց «le grand débat national» (Ազգային մեծ բանավեճ) հանրային բանավեճերի շարքը՝ ի պատասխան «Դեղին բաճկոնների» շարժման։ Դրան մասնակցում էր 18 տարածաշրջանային խորհուրդ, որոնցից յուրաքանչյուրը ներառում էր պատահականության սկզբունքով ընտրված 100 քաղաքացու[18]։ Վերջիններիս առաջարկվել էր քննարկել այն խնդիրները, որոնք նրանք համարում էին ամենակարևորը, որպեսզի հնարավոր լինի ազդել կառավարության գործողությունների վրա: Բանավեճից հետո ստեղծվեց քաղաքացիների կոնվենցիա՝ «la Convention citoyenne pour le climat»-ը (Քաղաքացիների կոնվենցիա՝ հանուն կլիմայի): Դրա նպատակն էր հանդես գալ որպես օրենսդիր մարմին, որի խնդիրն էր որոշել երկրի համար ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղիները՝ միաժամանակ առաջնահերթություն տալով սոցիալական արդարությանը[19]: Այն ներառում էր 150 քաղաքացու, որոնք ընտրվել էին պատահական ընտրության և ստրատիֆիկացված (շերտավորված) ընտրանքի միջոցով։ Այդ անձինք այնուհետև բաժանվեցին հինգ փոքր խմբերի՝ կոնկրետ թեմաներ քննարկելու համար: Անդամներին աջակցում էին ղեկավար կոմիտեների փորձագետները: Կոնվենցիայի գործունեությունը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը։ Ինը ամիս անց կոնվենցիան պատրաստեց 460 էջանոց զեկույց, որտեղ ներկայացված էր 149 առաջարկ, իսկ նախագահ Մակրոնը խոստացավ աջակցել դրանցից 146-ին: Այս առաջարկները պարունակող օրինագիծը խորհրդարան ներկայացվեց 2020 թվականի վերջին[18]։
Վերջին տարիներին սոցիալական մեդիան ազդել է մասնակցային ժողովրդավարության իրականացման վրա: Տարբեր տեսակետներ ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցել քննարկումներին՝ հիմնականում օգտագործելով հեշթեգներ[20]: Հանրային հետաքրքրությունը և ներգրավվածությունը խթանելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները սկսել են օգտագործել սոցիալական մեդիա հարթակները՝ հանրային արձագանքների հիման վրա որոշումներ կայացնելու համար[21]: Օգտատերերը նաև առցանց կոմիտեներ են ստեղծել՝ ընդգծելու տեղական կարիքները և ընտրելու բյուջեի գծով ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքային իշխանությունների հետ[22]:
Մասնակցային ժողովրդավարությունը նշանակալի դեր է խաղացել 2011 թվականի «Գրավի՛ր» շարժման մեջ։ Շարժման «ճամբարները» գլոբալ կերպով որոշումներ էին կայացնում՝ հիմնվելով աշխատանքային խմբերի արդյունքների վրա, որտեղ յուրաքանչյուր ցուցարար հնարավորություն ուներ բարձրաձայնելու իր կարծիքը։ Աշխատանքային խմբերի կողմից ընդունված որոշումներն այնուհետև ի մի բերվեցին ընդհանուր խորհուրդների կողմից: Այս գործընթացը համատեղում էր հավասարությունը, զանգվածային մասնակցությունը և քննարկումները[23]:
Մասնակցային ժողովրդավարության օգտին հիմնական փաստարկն այն է, որ այն ավելի է խթանում ժողովրդավարացման գործընթացը:
Փաստարկը վերաբերում է փոփոխություններին, որոնք մեր հասարակական և քաղաքական կյանքը կդարձնեն ավելի ժողովրդավարական, որոնք հնարավորություն կտան անհատներին մասնակցել որոշումների կայացմանն ինչպես իրենց առօրյա կյանքում, այնպես էլ ավելի լայն քաղաքական շրջանակներում: Խոսքը ժողովրդավարության դեմոկրատիզացման մասին է[24]։ - Քերոլ Փեյթման |
Մասնակցային ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս անհատներին կամ խմբերին իրատեսորեն հետապնդել իրենց շահերը: Ի տարբերություն համակարգերի, որոնց նպատակն է պահպանել իրերի գոյություն ունեցող վիճակը, մասնակցային ժողովրդավարությունը ուղի է առաջարկում ավելի արդար և լիարժեք հասարակություն ստեղծելու համար[7]:
Մասնակցային ժողովրդավարությունը կարող է նաև նպաստել կրթությանը: Ավելի մեծ քաղաքական մասնակցությունը հանրությանը կարող է ոգեշնչել բարձրացնելու իր որակն ու արդյունավետությունը. «որքան շատ մարդիկ մասնակցեն, այնքան ավելի հմուտ և արդյունավետ կդառնան մասնակցության մեջ»[7]. գաղափար, որը նախկինում առաջ են քաշել Ռուսոն, Միլը և Քոուլը[8]: Փեյթմանն ընդգծում է մասնակցային ժողովրդավարության ներուժը՝ պայքարելու այն ընդհանուր համոզմունքի դեմ, որ քաղաքացիները բավականաչափ ունակություն և կարողություն չունեն քաղաքական գործընթացներում իմաստալից ներգրավվելու համար: Այս կասկածը հատկապես ուժեղ է բարդ կառուցվածք ունեցող հասարակություններում[8]: Ջոել Դ. Վոլֆը պնդում է, որ այս մոդելները կարող են կիրառվել նույնիսկ խոշոր կազմակերպություններում՝ աստիճանաբար նվազեցնելով պետական միջամտության անհրաժեշտությունը[7]:
Մասնակցային ժողովրդավարության քննադատությունները հիմնականում համընկնում են ժողովրդավարության քննադատության հետ: Հիմնական խնդիրն այն համոզմունքն է, որ քաղաքացիներն ի վիճակի չեն ավելի մեծ պատասխանատվություն կրել: Ոմանք չեն հավատում, որ մասնակցային մոդելներն իրագործելի են, և վիճարկում են այն գաղափարը, որ նման մոդելները կրթական առավելություններ են տալիս։
Ի սկզբանե, շահագրգիռ, ռացիոնալ անհատները քաղաքական գործընթացներում ներգրավվելու քիչ մոտիվացիա ունեն, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ բովանդակալից ներդրում անելու համար։ Հետևաբար, նրանց համար ավելի ծախսարդյունավետ է ապավինել պետական պաշտոնյաների փորձին, այլ ոչ թե ժամանակ և ջանք ներդնել իրենց մասնակցության մեջ[25]: |
Քննադատները պնդում են, որ քաղաքացիներն անտարբեր են և ապավինում են առաջնորդներին, ինչը նրանց ստիպում է ենթադրել, որ մասնակցային ժողովրդավարության մեխանիզմը սկզբունքորեն անհամատեղելի է զարգացած հասարակությունների հետ:
Մյուս մտահոգություններն այն են, թե արդյոք նման զանգվածային քաղաքական ներդրումը կարելի է կառավարել և վերածել շոշափելի արդյունքի: Քաղաքագիտության պրոֆեսոր Դևիդ Փլոթքեն կարծում է, որ քաղաքականության մեջ ավելի լայն մասնակցություն ապահովելու համար անհրաժեշտ է մեխանիզմ, որպեսզի անհատները ներկայացված լինեն որոշումների կայացման գործընթացներում: Հետևաբար, և՛ ուղիղ, և՛ մասնակցային ժողովրդավարությունը պահանջում է որոշակի ներկայացուցչություն՝ կայուն համակարգ պահպանելու համար: Նա նաև պնդում է, որ մեծ և խիտ բնակեցված շրջաններում հավասար ուղիղ մասնակցության ապահովումը դժվար է։ Ի վերջո, նա հանդես է գալիս հիբրիդային մոդելի օգտին, որը միավորում է մասնակցային և ներկայացուցչական տարրերը՝ ներկայացուցչությունը գերադասելով ուղիղ մասնակցությունից[26]:
Քննադատությունների երրորդ խումբը, որը հիմնականում ներկայացվել է Ռոսլին Ֆուլերի կողմից, դեմ է Խորհրդակցական ժողովրդավարության գործիքները (օրինակ՝ քաղաքացիական խորհուրդները), որպես մասնակցային ժողովրդավարության մաս դասակարգելու գաղափարին: Քննադատները պնդում են, որ նման գործիքները խաթարում են քաղաքական հավասարության սկզբունքը (Մեկ մարդ, մեկ ձայն), քանի որ դրանք մասնակցության համար պատահականորեն ընտրվելու միայն փոքր հնարավորություն են տալիս և, հետևաբար, իրականում չեն ապահովում բովանդակալից մասնակցություն[27][28]:
Ֆուլերի խոսքով, խորհրդակցական դեմոկրատիայի կողմնակիցները սխալ են հասկանում հին աթենական ժողովրդավարության մեջ որոշակի պաշտոններ զբաղեցնելու համար մարդկանց պատահականորեն ընտրելու պրակտիկան: Նրա կարծիքով՝ պատահական ընտրությունը կիրառվել է միայն նվազագույն լիազորություններով որոշ պաշտոնների դեպքում, մինչդեռ ֆորումին մասնակցությունը, որտեղ կայացվում էին առաջնային որոշումները, բաց է եղել բոլոր քաղաքացիների համար[29][30]։
Ֆուլերի հիմնական քննադատությունն այն է, որ խորհրդակցական ժողովրդավարությունը որոշումների կայացումը միտումնավոր վստահում է միայն փոքր, արտաքինից կառավարելի խմբերի՝ անտեսելով էլեկտրոնային ժողովրդավարության բազմաթիվ գործիքները, որոնք հնարավորություն են տալիս ապահովել զանգվածային մասնակցություն և քննարկումներ[27][31]:
Իր «Ընդդեմ ժողովրդավարության» գրքում բիզնես փիլիսոփա Ջեյսոն Բրենանը հակասում է ժողովրդավարության գաղափարին և պնդում, որ քաղաքացիները պետք է ավելի քիչ ներգրավվածություն ունենան որոշումների կայացման մեջ: Նա կարծում է, որ ներկայացուցչական ժողովրդավարական երկրներում ընտրողները հաճախ իռացիոնալ ընտրություն են կատարում, և նրանց մասնակցության կրճատումը կարող է հասարակության համար ավելի լավ արդյունքների բերել: Նա առաջարկում է քաղաքացիների մասնակցությունը սահմանափակելու տարբեր ուղիներ՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով քվեարկության վրա հիմնված գործող ընտրական համակարգին[32]։ Զուգահեռ անցկացնելով «թեստ չհանձնած» ընտրողի և չլիցենզավորված վարորդի միջև՝ Բրենանը առաջարկում է, որ բոլոր քաղաքացիները պետք է քննություններ հանձնեն՝ գնահատելու նրանց գիտելիքի մակարդակը՝ նախքան նրանց թույլ կտրվի զբաղվել հանրային գործերով:
Այս համակարգի համաձայն՝ քաղաքացիները, կախված թեստի արդյունքներից, կունենան կամ մեկ, կամ զրո ձայն: Բրենանի քննադատները, այդ թվում՝ լրագրող Շոն Իլինգը, նմանություններ նկատեցին նրա առաջարկած համակարգի և գրագիտության թեստերի միջև, որոնք օգտագործվում էին Ջիմ Քրոուի օրենքներով՝ Միացյալ Նահանգներում սևամորթներին քվեարկության չթողնելու համար[33]: Բրենանն առաջարկում է երկրորդ ուղին, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար ձայնի իրավունքներ կամ կառավարությանը մասնակցելու հնարավորություններ, սակայն ընտրված ներկայացուցիչների որոշումները պետք է ուսումնասիրվեն էպիստոկրատական խորհրդի կողմից: Այս խորհուրդն իրավունք չի ունենա օրենքներ ստեղծել, այլ միայն չեղարկել, իսկ դրա կազմում կլինեն այն անձինք, որոնք հաջողությամբ կհանձնեն բարդ թեստեր։
Վերջերս գիտնականները մի քանի մեխանիզմներ են առաջարկել ժողովրդավարական համակարգերում քաղաքացիների մասնակցությունը մեծացնելու համար: Այս մեթոդները նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների՝ քաղաքական օրակարգեր ձևավորելու և որոշումներ կայացնելու կարողությունը՝ նրանց տրամադրելով քաղաքական գործընթացներին մասնակցելու ավելի ուղիղ մեթոդներ[34]:
Քաղաքացիական խորհուրդները, որոնք հայտնի են նաև որպես մինի-հանրություններ, բնակչության ներկայացուցչական խմբեր են, որոնք հավաքվում են օրենքներ մշակելու կամ օրենսդիր մարմիններին ուղղորդելու համար: Երբ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար քաղաքացիներն ընտրվում են ստրատիֆիկացված (շերտավորված) ընտրանքի միջոցով, խորհուրդներում նրանց ներկայացվածությունն ավելի շատ է, քան ընտրված օրենսդիր մարմիններում[35]: Պատահական ընտրության միջոցով կազմված խորհուրդները սովորական քաղաքացիներին հնարավորություն են տալիս էական ազդեցություն ունենալ օրակարգեր ձևավորելու և/կամ որոշումներ կայացնելու վրա: Խորհրդի ողջ գործունեության ընթացքում քաղաքացիները ստանում են փորձագետների և ֆասիլիտատորների աջակցությունը, իսկ արդյունքները կամ դրվում են հանրաքվեի, կամ զեկուցվում կառավարությանը:
Քննադատները մտահոգություն են հայտնել քաղաքացիական խորհուրդների օրինականության վերաբերյալ: Քաղաքագետ Դաան Ջեյքոբսը նկատում է, որ թեև խորհուրդներն ավելի լեգիտիմ են համարվում, քան հանրային մասնակցություն չունեցող համակարգերը, նրանց ընկալվող լեգիտիմությունը ավելի բարձր չէ, քան այն համակարգերինը, որոնց քաղաքացիները միանում են կամավորաբար[36]: Չնայած քաղաքացիական խորհուրդների օրինականության վերաբերյալ մտահոգություններին` 21-րդ դարասկզբին դրանց թիվն ավելացավ։ Այս խորհուրդները հաճախ էին օգտագործվում սահմանադրական բարեփոխումների համար: Հատկանշական օրինակներից են Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Բրիտանական Կոլումբիայի քաղաքացիական խորհուրդը (2004 թվական) և Իռլանդիայի սահմանադրական կոնվենցիան (2012 թվական), որտեղ պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացիները ներգրավված էին ընտրական և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարևոր որոշումների և առաջարկությունների կայացման մեջ[37]:
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ֆիշքինի կողմից ստեղծված խորհրդակցական սոցհարցումները քաղաքացիներին հնարավորություն են տալիս ներգրավվել քննարկումների մեջ և քվեարկելուց առաջ ձևավորել իրազեկ կարծիքներ: Խորհրդակցական հարցումն սկսվում է նախապես կազմված ընտրանքի շրջանում՝ նրանց նախնական կարծիքն իմանալու համար[38]: Նույն անհատներն այնուհետև հանգստյան օրերին հրավիրվում են մասնակցելու քաղաքական առաջնորդների, փորձագետների և մոդերատորների ներկայությամբ քննարկման: Վերջում կրկին հարցում է անցկացվում խմբի շրջանում և վերջնական կարծիքները ներկայացվում են որպես եզրակացություններ՝ հանրության կարծիքներ[38]: Փիլիսոփա Քրիստինա Լաֆոնտը, որը խորհրդակցական սոցհարցումների քննադատ է, պնդում է, որ գործընթացի արդյունքում բխող «ֆիլտրված» (տեղեկացված) կարծիքը չափազանց հեռու է լայն հասարակության կարծիքից՝ այդպիսով խաթարելով այդ կարծիքների վրա հիմնված գործողությունների օրինականությունը[39]:
Հանրային խորհրդատվական հարցումները կարծիքներ են օրենսդիրների, պետական պաշտոնյաների կամ քաղաքականություն մշակողների կողմից ներկայացված քաղաքականության առաջարկների կամ դիրքորոշումների վերաբերյալ: Խորհրդատվական ողջ գործընթացը տեղի է ունենում հենց հարցման շրջանակներում: Յուրաքանչյուր հարցի համար մասնակիցներին տրվում են հակիրճ նյութեր, ինչպես նաև տարբեր առաջարկություններին սատարող և դեմ փաստարկներ: Հարցմանը մասնակցած անձինք այնուհետև ներկայացնում են իրենց վերջնական կարծիքը: Հանրային խորհրդատվական հարցումները սովորաբար ներառում են ընդարձակ ներկայացուցչական ընտրանք, որոնք հաճախ ներառում են մի քանի հազար հարցվող, երբ հարցումներն իրականացվում են ամբողջ երկրով մեկ և մի քանի հարյուր հարցվող, եթե հարցումներն իրականացվում են ավելի փոքր վարչական միավորներում:
Հանրային խորհրդատվական հարցումներն ԱՄՆ-ում օգտագործվել են 1990-ական թվականներից: Ալան Քեյի գլխավորած «American Talks Issue» հիմնադրամն առաջինն էր, որը կիրառեց այն[40]: Այս տեսակի ամենածավալուն ծրագիրը Մերիլենդի համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցի Հանրային խորհրդատվական ծրագիրն է, որը ղեկավարել է Սթիվեն Քալը: Ծրագրի շրջանակներում հանրային խորհրդատվական հարցումներ են անցկացվում ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ տարբեր նահանգներում և ընտրական շրջաններում: Նրանք ավելի քան 300 առաջարկվող քաղաքականությունների վերաբերյալ հավաքել են հասարակության կարծիքը[41]: Այս քաղաքականությունները, որոնք ներառել են տարբեր թեմաներ ու ոլորտներ, քննարկման են առաջադրվել ինչպես Կոնգրեսի անդամների, այնպես էլ Գործադիր իշխանության պաշտոնյաների կողմից: Ընտրական կոնկրետ շրջաններում անցկացված հարցումները հիմք են ծառայել այդ շրջաններում օֆլայն ֆորումներ կազմակերպելու համար: Այս ֆորումները ներառել են քննարկումներ հարցման մասնակիցների և Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականների միջև՝ առաջարկվող քաղաքականությունների և հարցման արդյունքների վերաբերյալ[42]:
Հանրային խորհրդատվական ծրագրի հարցումների ժամանակ օգտագործված հարցաթերթիկները, որոնք կազմակերպությունն անվանում է «քաղաքականություն մշակելու սիմուլյացիաներ», տրամադրվել են հանրային օգտագործման համար՝ որպես կրթական և ջատագովության ռեսուրսներ: Քաղաքացիները հնարավորություն ունեն ներգրավվել քաղաքականության մշակման սիմուլյացիաներում՝ առաջարկների վերաբերյալ ավելի խորը պատկերացում կազմելու համար[43]: Բացի այդ, նրանք ունեն ընտրություն՝ Կոնգրեսում ընտրված իրենց ներկայացուցիչներին փոխանցելու քաղաքականության վերաբերյալ սեփական առաջարկությունները:
Էլեկտրոնային ժողովրդավարությունը համապարփակ տերմին է, որը տրամադրում է մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են տեխնոլոգիական միջոցներով քաղաքական գործընթացներում քաղաքացիների մասնակցությունը բարձրացնելուն[44]: Առցանց քննարկումների հարթակները քաղաքացիներին հնարավորություն են ընձեռում ներգրավվել քաղաքականության վերաբերյալ բանավեճերում, որտեղ քննարկումները վարում են ֆասիլիտատորները: Սովորաբար, այս ֆորումները ծառայում են օրակարգեր ձևավորելու կամ երբեմն օրենսդիրներին լրացուցիչ կարծիքներ առաջարկելու համար: Փակ ֆորումները կարող են օգտագործվել զգայուն թեմաների քննարկման համար: Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում մի փակ ֆորումի ժամանակ ընտանեկան բռնության ենթարկված անձինք իրենց պատմություններով էին կիսվում Ընտանեկան բռնության և չարաշահման հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի հետ։ Նման քննարկումների ժամանակ ապահովվում է այս անձանց անանունությունը:
Հայաստանում էլ էլեկտրոնային ժողովրդավարության համակարգ է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը (e-draft.am-ը), որտեղ քաղաքացիները կարող են իրենց տեսակետն արտահայտել և կողմ կամ դեմ քվեարկել այս կամ այն օրենսդրական նախաձեռնությանը։
Էլեկտրոնային ժողովրդավարության մեկ այլ մեխանիզմ է առցանց խորհրդակցական հարցումը, որտեղ քաղաքացիները հարցմանը պատասխանելուց առաջ իրենց հասակակիցների հետ առցանց քննարկում են տվյալ հարցերը: Խորհրդակցական սոցհարցումների արդյունքներն ավելի հավանական է, որ արտացոլեն մարդկանց կշռադատված դատողությունները և խթանեն քաղաքացիական խնդիրների վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը[44]:
Պատվիրակային ժողովրդավարությունը, որն ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության խառնուրդ է, անհատներին թույլ է տալիս կամ քննարկումների ժամանակ ուղիղ քվեարկել հարցերի շուրջ, կամ ընտրել բանիմաց պատվիրակներ՝ իրենց անունից քվեարկելու համար[45]: Քաղաքագետներ Քրիստիան Բլումը և Քրիստինա Իզաբել Ցուբերը պնդում են, որ պատվիրակային ժողովրդավարությունը կարող է բարձրացնել օրենսդիր մարմնի արդյունավետությունը՝ հավաքելով պատվիրակներ, որոնք ավելի բանիմաց են կոնկրետ հարցերի վերաբերյալ՝ այդպիսով օգտագործելով բնակչության փորձը: Պատվիրակային ժողովրդավարությունն ավելի խորհրդակցական դարձնելու համար կարող է օգտագործվել հոգաբարձուների մոդելը, որտեղ պատվիրակները քվեարկում են այլ ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո:
Որոշ մտահոգություններ են հնչել պատվիրակային ժողովրդավարության իրականացման վերաբերյալ։ Բլումը և Ցուբերը, օրինակ, նշում են, որ այն ստեղծում է ընտրողների երկու խումբ՝ անհատներ՝ մեկ ձայնով և պատվիրակներ՝ երկու կամ ավելի ձայնով[45]: Նրանք նաև մտահոգություն են հայտնում, որ կոնկրետ խնդիրներին առնչվող օրենսդիր մարմիններում ձևակերպված քաղաքականությունները կարող են չհամապատասխանել միմյանց: Ցանցահենական կուսակցությունները կիրառում են պատվիրակային ժողովրդավարությունը ներկուսակցական որոշումներ կայացնելու համար:
Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիներին թույլ է տալիս որոշումներ կայացնել պետական բյուջեի բաշխման վերաբերյա[46] լ: Այս գաղափարը ստեղծվել է Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում. այն ենթադրում է հատուկ ֆինանսական պլանի մշակում, որը հետագայում հանդես է գալիս որպես ուղեցույց ընտրված պաշտոնյաների համար: Տեղական համայնքները իրավասու են մշակել բյուջեներ ավելի մեծ վարչական շրջանների համար, և տեղական առաջարկները ներկայացվում են ընտրված մարզային ժողովներին: Այս համակարգը հանգեցրեց հովանավորչության և կոռուպցիայի կրճատմանը և ներգրավվածության աճին, հատկապես մարգինալացված և տնտեսապես անապահով բնակիչների շրջանում: Տեսաբան Գրեհեմ Սմիթը նշում է, որ մասնակցային բյուջետավորումը դեռևս մարտահրավեր է ներկայացնում հասարակության տնտեսապես առավել անապահով անդամների համար, որպեսզի նրանք լիարժեք մասնակցեն գործընթացին[47]:
Պարտադիր հանրաքվեների ժամանակ քաղաքացիները քվեարկում են օրենսդիր մարմնի կողմից առաջարկվող օրենքների և/կամ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ[48]: Հանրաքվեները քաղաքացիներին տալիս են որոշումներ կայացնելու ավելի մեծ լիազորություններ՝ նրանց տալով վերջին խոսքի իրավունքը: Բացի այդ, քաղաքացիները կարող են օգտագործել հանրաքվեներն օրակարգեր ձևավորելու համար, եթե նրանց թույլատրվում է ձևակերպել առաջարկներ, որոնք ենթակա են դրվելու հանրաքվեի։ Նման նախաձեռնությունները կոչվում են համաժողովրդական նախաձեռնություններ: Պարտադիր քվեարկությունը կարող է էլ ավելի մեծացնել մասնակցությունը։ Քաղաքական տեսաբան Հելեն Լանդեմորը մտահոգություն է հայտնում հանրաքվեների խորհրդակցական բնույթի վերաբերյալ։ Նա նշում է, որ հանրաքվեները կարող են չունենալ մանրակրկիտ քննարկում, քանի որ մասնակիցները չեն կարողանում ներգրավվել քննարկումների և բանավեճերի մեջ, որոնք էական նշանակություն ունեն որոշումներ կայացնելու նրանց հմտությունները բարձրացնելու համար: Այս սահմանափակումը, ըստ Լանդեմորի, կարող է պոտենցիալ վտանգել հանրաքվեների միջոցով ընդունված որոշումների որակը[35]:
Ներկայումս Շվեյցարիան ունի խիստ հանրաքվեի համակարգ, որտեղ բոլոր օրենսդրական առաջարկները պետք է անցնեն հանրաքվեներ՝ նախքան օրենքի ուժ ստանալը: Շվեյցարիայի քաղաքացիները կարող են նաև ժողովրդական նախաձեռնություններ սկսել, որտեղ նրանք առաջարկում են փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ կամ չեղարկել գործող որևէ օրենք։ Որպեսզի ցանկացած առաջարկ անցնի քվեարկության և քվեարկվի ընտրություններում, այն պետք է հավաքի առնվազն 100,000 քաղաքացիների աջակցությունը, որոնք ստորագրում են դրա օգտին[49]:
Տեղական մասնակցային ժողովրդավարության պայմաններում քաղաքային ժողովները բոլոր բնակիչներին տալիս են օրենսդրական լիազորություններ[46]: ԱՄՆ-ում, հատկապես Նոր Անգլիայում, 17-րդ դարից ի վեր կազմակերպվող այս ժողովները երաշխավորում են, որ տեղական քաղաքականության վերաբերյալ որոշումները կայացվեն ուղիղ հասարակության կողմից։ Տեղական ժողովրդավարությունը հաճախ դիտվում է որպես դեպի մասնակցային համակարգ առաջին քայլ[50]: Տեսաբան Գրեհեմ Սմիթը, սակայն, մատնանշում է քաղաքային ժողովների սահմանափակ ազդեցությունը, որոնք չունեն ազգային խնդիրներ լուծելու կարողություն: Նա նաև նշում է, որ քաղաքային ժողովները ներկայացուցչական չեն, քանի որ դրանք հիմնականում ներառում են բավականաչափ ազատ ժամանակ ունեցողներին, ինչպիսիք են տարեցները և հարուստները:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.