հայ փիլիսոփա, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Ղուկաս Վանանդեցի, հայտնի է նաև որպես Ղուկաս Նուրիջանյան (ծնվել է մոտ 1650-ական թթ. սկզբներին - մահվան թվականն անհայտ է[2]), XVII դարի երկրորդ կեսի և XVIII դ. առաջին քառորդի հայ մատենագիր, թարգմանիչ, փիլիսոփա, գրահրատարակիչ, մշակութային գործիչ, դպիր։
Ղուկաս Վանանդեցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1650-ականներ[1] |
Ծննդավայր | Վանանդ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Կրթություն | Greek Pontifical College of Saint Athanasius? (1682)[1] |
Մասնագիտություն | մատենագիր, թարգմանիչ, փիլիսոփա, հրատարակիչ և մշակութային գործիչ |
Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ինքնավար մարզում) Վանանդ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա 1679 - 1682 թթ. ուսումը շարունակել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։ 1690 թվականին Ամստերդամում միացել է իր ազգական տպագրիչ Մատթեոս Վանանդեցուն ն գործուն մասնակցություն բերել հայկական տպարանի աշխատանքին։ 1706 թվականին տպարանի տնօրեն Թովմաս Վանանդեցու հետ մեկնել է Անգլիա նյութական միջոցներ հայթայթելու։ 1707 թվականին Օքսֆորդի համալսարանում ստացել է արվեստի մագիստրոսի գիտական աստիճան[3]։ Թովմասի մահից (1708) հետո եղել է Ամստերդամի տպարանի տնօրենը (մինչև փակվելը՝ 1717 թվականը)։ Կատարելով խմբագրական, գրաշարական, սրբագրական աշխատանքներ՝ լույս է ընծայել գրքեր, այդ թվում՝ «Համառօտ քերականութիւն» (1711), Շարակնոց (1712), Սաղմոսարան (1713, 1714), «Պարզատումար» (1714), «Կարճառօտ ժամագիրք» (1717)։
Ղուկաս Վանանդեցին հեղինակ է փիլիսոփայական, կրոնական, աշխարհագրական, վաճառականական երկերի, դասագրքերի։ Դրանց մի մասը տպագրվել է Ամստերդամի հայկական տպարանում։ Տպագրվել են «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), որ հայկական առաջին տպագիր քարտեզի՝ «Համատարած աշխարհացույց»-ի ուսումնական ուղեցույցն է, «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց...» (1698) տոմարագրական աշխատությունը, «Գանձ. Չափոյ՝ Կշռոյ՝ Թուոյ՝ և Դրամից բոլոր աշխարհի» (1699), որ երրորդ աշխարհաբար գիրք է, նախատեսված վաճառականների համար, «Դուռն իմաստութեան» կամ «Ոսկեայ դուռն դպրատան» (1699), դասագիրք է, «Բնաբանութիւն իմաստասիրական կամ Տարերաբանութիւն» (1702) փիլիսոփայական, բնագիտական, օդերևութաբանական երկը (այս երկուսի հեղինակակիցն է Մատթեոս Վանանդեցին), «Համբոյր սրբութեան» (1704) և այլն։
Նրա թարգմանական գործերից է «Յօգնադիմի աստուածաբանական բարոյական և քաղաքական իրողութեանց սահմանք» ժողովածուն (1704)։ Ղուկաս Վանանդեցին գրել է նաև բանաստեղծություններ, որոնց մի մասը տեղ է գտել ամստերդամյան հրատարակություններում։
Ղուկաս Վանանդեցու մոտ հայերեն է սովորել գերմանացի ականավոր արևելագետ Յոհան Շրյոդերը, որն իր հայագիտական (լատիներեն) նշանավոր երկը՝ «Արամեան լեզուին գանձ»-ը, գրել և հրատարակել է Ղուկաս Վանանդեցու օգնությամբ։ Ղուկաս Վանանդեցու բարեկամն է եղել և նրան այցելել է գերմանացի մեծ մտածող Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը։
Հետևելով հին հունական փիլիսոփաներին՝ Ղուկաս Վանանդեցին ընդունում էր, որ մեզ շրջապատող առարկաները չորս տարրերի՝ հողի, ջրի, օդի և հրի տարբեր զուգակցություններ են։ Ղուկաս Վանանդեցին պատրաստել է հայկական աստղագիտական-գեոդեզիական գործիք՝ աստրոլաբ (պահպանվում է Բյուրականի աստղադիտարանում), որով որոշվում էին երկնային մարմինների կոորդինատները, համաստեղությունների դիրքը երկնոլորտում, Արեգակի դիրքը խավարածրի վրա, տեղի աշխարհագրական լայնությունը, օրվա ժամը, գիշերվա ու ցերեկվա տևողությունները, անմատչելի առարկաների բարձրությունն ու հեռավորությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.