միջնադարյան հայ պատմիչ From Wikipedia, the free encyclopedia
Ղազար Փարպեցի (442[1], Փարպի, Այրարատ, Մեծ Հայք[1] - 510, Փարպի, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), միջնադարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։
Ղազար Փարպեցի | |
---|---|
Ծնվել է | 442[1] |
Ծննդավայր | Փարպի, Այրարատ, Մեծ Հայք[1] |
Մահացել է | 510 |
Մահվան վայր | Փարպի, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան |
Ազգություն | հայ |
Երկեր | History of the Armenians? |
Մասնագիտություն | պատմաբան |
Ghazar Parpetsi Վիքիպահեստում |
Ղազար Փարպեցին 5-րդ դարի հայ մատենագիրներից միակն է, որի անձի շուրջ վեճեր կամ առարկություններ չեն եղել հայ բանասիրության ու պատմագրության մեջ։ Նրա կարգախոսը եղել է «պատմության եղելության մեջ ոչինչ չավելացնել և ոչ մի դրվագ չպակասեցնել»[2]։
Ղազար Փարպեցին ծնվել է 440-443 թվականների միջակայքերում Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Փարպի գյուղում / այստեղից էլ Փարպեցի մականունը/։ Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ[2]։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Մոտ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486 թվականներին եղել է Սյունիքում և այստեղ զբաղվել է եկեղեցական ու կրթական գործերով։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Վահան Մամիկոնյանը հին անշուք եկեղեցու փոխարեն նրա տեղում կառուցել է տվել քարակերտ մի հոյակապ շինություն, իսկ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Հովհան Մանդակունի կաթողիկոսի մահից հետո՝ 490 թվականին, կաթողիկոս է ընտրվում Բաբգեն Ա Ութմսեցին /490-516/։ Նա չի կարողանում հարթել Փարպեցու ու նրա հակառակորդների վեճերը։ Փարպեցին ստիպված հեռացել է Ամիդ (մոտ 490-492 թվականներին), որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը, որը կոչվում է նաև «Մեղադրություն ստախոս աբեղայից»[2]։ Նամակը Վահան Մամիկոնյանին է հասցրել Համազասպ Մամիկոնյանը։ Թվով 80 փաստաթղթից բաղկացած նամակի մեջ Փարպեցին իր տրամաբանությամբ մերկացնում է իր անձը նվաստացնողներին, ցույց է տալիս նրանց տգիտությունը ու նենգամտությունը, ապացուցում իր անմեղությունը։ Նամակը կարդալուց հետո հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Պատմություն Հայոց»-ը։
Ղազար Փարպեցու Ամիդ մեկնելու ստույգ թվականը մեզ հայտնի չէ, սակայն պետք է, որ եղած լինի 490-492 թվականների միջակայքում։ «Պատմություն Հայոց»-ը գրելու առաջարկը պետք է ստացած լինի 493 թվականին, իսկ գրելու համար, առնվազն, պետք էր 3-5 տարի ժամանակ։ «Պատմություն Հայոց»-ից հետո երկար չի ապրում և մահանում է 5-րդ դարի վերջին կամ էլ 6-րդ դարի սկզբին։ Թաղված է Ղազարավան գյուղի հարավում գտնվող Լազարու կամ Ղազարու վանք եկեղեցու ներսում, որը պահպանվել է մինչև XIX դարի երկրորդ կեսը[3]։ Մեկ այլ տվյալների համաձայն թաղվել է Մշո Սբ․ Առաքելոց վանքի բակում։
«Թուղթ առ Վահան Մամիկոնյանը» կարևոր տեղեկություններ է հաղորդում V դարի 2-րդ կեսին հայ եկեղեցական շրջանակներում առկա հունասեր և պարսկասեր խմբավորումների, նրանց փոխադարձ բանակռիվների ու բախումների մասին։ Այն հրապարակախոսական-քննադատական երկ է, որտեղ հեղինակի անձնականը ետին պլան է մղված, առաջնային նշանակություն ունեն հասարակական-քաղաքական, եկեղեցական կյանքին վերաբերող հարցերը։ Այստեղ Փարպեցին խոսում է նաև այն մասին, որ միայն իր նկատմամբ չի եղել հալածանքները ու զրպարտությունները, այլև հայ առաջավոր մտավորականների ու եկեղեցականների դեմ։ Այն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1853 թվականին, իսկ 1868 թվականին Միքայել Նալբանդյանը փոխադրել է աշխարհաբարի։
Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո։ Վահան Մամիկոնյանը աշխատությունը պատվիրելուց բացի Փարպեցուն տվել է գրքի ծրագիրն ու նպատակը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է 387 թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից։ Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը(428) և ավարտել է Սահակ Պարթևի (439 թվական) ու Մեսրոպ Մաշտոցի (440 թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Մանրամասնորեն նկարագրել է նաև Սասանյաններին ու նրանց վարած դավադիր քաղաքականությունը։ Նրանց վարած քաղաքականության շնորհիվ պարսկական արքունիքին հաջողվում է հայոց մեծամեծերից ոմանց ոտքի հանել Արշակունիների գահակալներ Արշակի, Խոսրովի և մյուսների դեմ։ Նրանք նույն քաղաքականությունն էին վարում նաև հայոց եկեղեցու նկատմամբ։ Սահակ Պարթևից հետո իրար փոխարինում են դավադիր և բանսարկու Սուրմակ Արծկեցին, ասորի կրոնավոր Բրքիշոնու Շամուելը։
Երկրորդ՝ Բ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։
Երրորդ՝ Գ դրվագը ամենաարժեքավորն է, որովհետև Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480–ական թվականների հայ–պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484 թվականների հակապարսկական ապստամբության պատմությունը։ Ներկայացված է Գյուտ կաթողիկոսի /461-478/ ունեցած ներդրումը այդ ծավալվող գործընթացներում, 482 թվականի Ներսեհապատի ճակատամարտի դրվագները։ Երրորդ դրվագը ավարտում է Վահան Մամիկոնյանի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ։
Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թվականին, Վենետիկում, աշխարհաբարը՝ 1895 թվականին, Ալեքսանդրապոլում։ Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թվական)։ «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է 1904 թվականին, Թիֆլիսում։
Ղազար Փարպեցու «Թուղթ»–ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղազար Փարպեցին հրաժարվում է աղանդավորների հետ կապերի խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործունեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղազար Փարպեցու չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.