Կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հազվադեպ հիվանդություն, որը արտահայտվում է անցանկալի խորեիկ շարժումներով, վարքագծային From Wikipedia, the free encyclopedia
Հենտինգտոնի հիվանդություն,հայտնի նաև որպես Հենտինգտոնի խորեա, ժառանգական նեյրոդեգեներատիվ հիվանդություն, որի արդյունքում ուղեղի բջիջները մահանում են[5]։ Ամենավաղ ախտանիշներից են տրամադրության, մտավոր կարողությունների հետ կապված խնդիրները[4]։ Հաճախ նաև առկա է լինում կողմնորոշման բացակայություն և անկայուն քայլվածք[6]։ Հիվանդության զարգացման հետ մեկտեղ ավելի ակնհայտ են դառնում ապակողմնորոշված և ցնցումային շարժումները[4]։ Ֆիզիկական կարողությունները շարունակաբար թուլանում են, ինչի արդյունքում հիվանդի շարժումները դառնում են անկառավարելի և կորցնում են անգամ խոսելու կարողությունը[6][4]։ Մտավոր ունակությունների թուլացման արդյունքում զարգանում է թուլամտություն[3]։ Տարբեր մարդկանց մոտ կարող են դիտվել սպեցիֆիկ ախտանիշներ[4]։ Սովորաբար հիվանդությունը ի հայտ է գալիս 30-50 տարեկանում, բայց կարող է սկսվել ցանկացած տարիքում[3][5]։ Մոտավորապես 8 % դեպքերում հիվանդությունը սկսվում է 20 տարեկանում և ախտանիշներն ավելի նման են լինում Պարկինսոնի հիվանդությանը[3]։ Այս հիվանդությունով տառապող մարդիկ հաճախ թերագնահատում են իրենց խնդիրները[4]։
Հենտինգտոնի հիվանդություն | |
---|---|
Նեյրոնների պատկեր (դեղին)։ Երևում են կորիզային ներառուկները (նարնջագույն), ինչը բնորոշ է այս հիվանդությանը։ | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | եռանուկլեոտիդների կրկնության շատացում |
Հիվանդության ախտանշաններ | անձի փոփոխություններ, Խորեա, մարմնի քաշի կորուստ և դեմենցիա |
Բուժաքննություն | գենետիկ թեստ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
Հայտնաբերող | Ջորջ Հենտինգտոն[1] |
ՀՄԴ-9 | 333.4333.4,294.1294.1 |
ՀՄԴ-10 | G10 և F02.2 |
Անվանվել է | Ջորջ Հենտինգտոն |
Հոմանիշներ | Հենտինգտոնի խորեա |
Տարբերակիչ ախտորոշում | Սիդենհամի խորեա, գայլախտ, պարանեոպլաստիկ համախտանիշ, Վիլսոնի հիվանդություն[2] |
Բուժում | Տետրաբենազին[3] |
Բարդություններ | Թոքաբորբ, Սրտային հիվանդություն, վնասվածքներ վայր ընկնելուց, ինքնասպանություն[3] |
Հաճախություն | 4-15 դեպք 100,000 մարդու հաշվարկով[4] |
Սկիզբը | 30-50 տարեկանում[5] |
Huntington's disease Վիքիպահեստում |
Հենտինգտոնի հիվանդությունը ժառանգական հիվանդություն է, որը հիմնականում ժառանգվում է ծնողներից, բայց 10 % դեպքերում առաջանում է նոր մուտացիայի արդյունքում[4]։ Հիվանդությունն առաջանում է Հենտինգտին գենի երկու օրինակներից մեկում առաջացող դոմինանտ մուտացիայի արդյունքում[5]։ Դա նշանակում է, որ հիվանդի երեխան ունի 50 % հավանականություն այդ գենը ժառանգելու[5]։ Հենտինգտին գենը կրում է ինֆորմացիա Հենտինգտին սպիտակուցի մասին[4]։ Ցիտոզին-ադենին-գուանին տրիպլետների կրկնությունը հենտինգտին սպիտակուցը կոդավորող գենում ստեղծում է անոմալ կառուցվածքով սպիտակուց, որն անհայտ մեխանիզմներով վնասում է ուղեղի բջիջները[5]։
Այս հիվանդությունը չունի բուժում[5]։ Հիվանդության ուշ ստադիաներում անհրաժեշտ է լիարժեք հսկողություն[6]։ Կարելի է անցկացնել ախտանշանային բուժում և որոշ չափով լավացնել կյանքի որակը[3]։ Շարժումների հետ կապված խնդիրները լուծվում են տետրաբենազինով[3]։ Եվրոպայում կա 4-15 հիվանդ` 100,000 մարդու հաշվարկով[3][4]։ Հիվանդությունը ախտահարում է կանանց և տղամարդկանց հավասարապես[3]։ Բարդությունները, որոնցից են թոքաբորբը, սրտի հիվանդությունը և տրավման՝ վայր ընկնելու պատճառով, իջեցնում են կյանքի տևողությունը[3]։ Ինքնասպանությունը մահվան պատճառն է 9 % դեպքերում[3]։ Սովորաբար հիվանդները մահանում են հիվանդության ի հայտ գալուց 15-20 տարի հետո[5]։
Այս հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1841 թվականին՝ Չարլզ Օսկար Ուոթերսի (անգլ.՝ Charles Oscar Waters) կողմից[7]։ Հետագայում ավելի մանրամասնորեն նկարագրվել է 1872 թվականին՝ Ջորջ Հենտինգտոնի կողմից, ում անունով էլ կոչվել է այս հիվանդությունը[7]։ Գենետիկ հիմքը հայտնաբերվել է միջազգային միացյալ ուժերով, որոնք ղեկավարվում էին ժառանգական հիվանդությունների ֆոնդի կողմից[8][9]։ Հետազոտական խմբերը սկսել են կազմավորվել 1960-ական թվականներին, որոնց նպատակն էր բարձրացնել հանրության տեղեկացվածությունը, առանձին մարդկանց և իրենց ընտանիքներին օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև հետազոտություններին աջակցելը[9][10]։ Հետազոտությունների ներկայիս ուղղություններից են հիվանդության կոնկրետ մեխանիզմի պարզաբանումը, կենդանիների վրա մոդելների կատարելագործումը, դեղորայքների փորձարկումը, որոնք ազդում են ախտանիշների վրա և դանդաղեցնում են հիվանդության ընթացքը, ինչպես նաև ցողունային բջիջների կիրառումը, որոնք կարող են վերականգնել կորցրած հյուսվածքը[8]։
Անհանգստություն | 38–73 % |
Ապաթիա | 34–76 % |
Տրամադրության անկում | 33–69 % |
Օբսեսիվ և կոմպուլսիվ խանգարում | 10–52 % |
Փսիխոզ | 3–11 % |
Հենտինգտոնի հիվանդության ախտանիշները ակնհայտ են դառնում 35-44 տարեկաններում, բայց կարող են սկիզբ առնել ցանկացած տարիքում[12][13]։ Վաղ փուլերում լինում են անձի, ճանաչաղության և ֆիզիկական կարողությունների թեթև փոփոխություններ[12] Ֆիզիկական կարողությունների խանգարումները հաճախ նկատվում են սկզբում[14]։ Հիմնականում բոլոր հիվանդները ունենում են նմանատիպ խանգարումներ, բայց վարքագծի, ճանաչողության խանգարումները որոշակիորեն տարբերվում են առանձին հիվանդների մոտ[15][16]։
Ամենաբնորոշ նախնական ախտանիշներն են ցնցումային, պատահական և անկառավարելի շարժումները, որոնք կոչվում են խորեա[12] Խորեան սկզբում արտահայտվում է ընդհանուր անհանգստությամբ, անիմաստ և անավարտ շարժումներով, կողմնորոշման թուլացմամբ, աչքերի թռիչքաձև շարժումով[12]։ Այս ախտանիշները վերածվում են շարժողական ավելի ակնհայտ խանգարումների մոտ երեք տարում[15]։ Այնպիսի ախտանիշների ի հայտ գալը, ինչպիսիք են ռիգիդությունը, գրելու հետ կապված խնդիրները, ոչ նորմալ կեծվածքը խոսում են հիվանդության պրոգրեսիվման մասին[17]։ Այս ախտանիշները խոսում են նրա մասին, որ ուղեղի շարժման համար պատասխանատու մասերը ախտահարվել են[18]։ Ժամանակի հետ բոլոր մկանների աշխատանքը խանգարվում է։ Առաջանում են դժվարություններ կուլ տալու, ծամելու, խոսելու հետ կապված, դժվարությամբ են կծկվում միմիկայի մկանները[17] Ուտելու հետ կապված դժվարությունների արդյունքում հիվանդը թերի է սնվում և կորցնում է քաշ[19][20]։ Քնի խանգարումները նույնպես բնորոշ նշաններ են[21]։ Անչափահասների մոտ այս հիվանդությունը զարգանում է ավելի արագ և խորեան ավելի ակնհայտ է լինում, իսկ ռիգիդությունը լինում է հիմնական ախտանիշը։
Ճանաչողական ունակությունները նույնպես սկսում են թուլանալ[18]։ Առանձնապես թուլանում է պլանավորումը, աբստրակտ մտածելակերպը և այլն[18]։ Հիվանդության զարգացման հետ վատանում է նաև հիշողությունը։ Խանգարումների աստիճանը տատանվում է կարճատև հիշողության կորստից մինչև երկարատև հիշողության կորուստը[18]։ Ճանաչողական ունակությունների թուլացումը բերում է թուլամտության[18]։ Սա թուլամտության ենթակեղևային տեսակ է, որը պետք է տարբերել կեղևային թուլամտությունից, վերջինս դիտվում էր Ալցհեյմերի հիվանդության ժամանակ[18]։
Նկարագրված նյարդահոգեբանական արտահայտություններից են տագնապայնությունը, դեպրեսիան (ընկճախտ), հույզերի արտահայտման թուլացումը, էգոցենտրիզմը, ագրեսիան, տարբեր կախվածությունները, հիպերսեքսուալությունը[11]։ Նաև նկարագրվել են այլ մարդկանց նեգատիվ արտահայտությունները ճանաչելու դժվարություններ[18]։ Տարբեր հետազոտություններում տարածվածության արդյունքները տարբեր են, բայց այս հիվանդության դեպքում հոգեկան խանգարումները հանդիպում են 33%-76% տոկոսով[11]։ Շատ հիվանդների և իրենց հարազատների համար այս ախտանիշները լինում են ամենատհաճը[11]։ Ինքնասպանության մտքերը ավելի հաճախ են լինում այս հիվանդների մոտ[12]։ Հաճախ անհատների խորեայի, ճանաչողական և հուզական խանգարումների գիտակցումը իջած է[22]։
Մուտանտ հենտինգտին սպիտակուցը առաջանում է ամբողջ մարմնում և խանգարումներ լինում են ոչ միայն ուղեղի հյուսվածքում։ Արտաուղեղային խանգարումներից են մկանային ատրոֆիան, սրտային անբավարարությունը, քաշի կորուստը, օստեոպորոզը, ամորձիների ատրոֆիան[23]։
Բոլոր մարդիկ ունեն հենտինգտին գենի երկու պատճեն, որոնք կոդավորում են հենտինգտին սպիտակուցը։ Այս գենը ունի հատված, որտեղ ցիտոզին-ադենին-գուանին տրիպլետները կրկնվում են։ Այդ կրկնությունների քանակը տարբերվում է առանձին մարդկանց մոտ։ Երբ կրկնությունները հասնում են որոշակի սահմանային քանակի, այդ ժամանակ սկսվում է սինթեզվել մուտանտ հենտինգտին սպիտակուցը։ Հենց այդ սպիտակուցով են պայմանավորված այս հիվանդության ախտանիշները։ Հենտինգտոնի հիվանդության մուտացիան դոմինանտ է և բնութագրական է լրիվ պենետրանտությունը, ուստի երկու ալելներից մեկի մուտացվելու դեպքում կզարգանա հիվանդությունը։ Այս հիվանդությունը ժառանգվում է անկախ սեռից, բայց տարբեր սեռերի մոտ կարող են տարբերվել գենի կրկնվող հատվածի չափսերը[24]։
Հենտինգտոնի հիվանդությունը եռնուկլեոտիդների կրկնման հիվանդություններից է և արտահայտման աստիճանը կախված է կրկնվող հատվածի չափերից[25]։ Հենտինգտին գենը տեղակայված է մարդու չորրորդ քրոմոսոմի կարճ թևի վրա։ Այդ գենը ունի իր վրա ցիտոզին-ադենին-գուանին (ՑԱԳ) կրկնողությունների հատված։ ՑԱԳ նուկլեոտիդները կոդավորում են գլուտամին ամինաթթուն։ Այդ ամինաթթուների շարունակվող սինթեզը առաջացնում է պոլիգլուտամինային շղթա (անգլ.՝ polyQ tract)[26]:
Կրկնությունների քանակ | Դասակարգում | Արտահայտվածության աստիճան | Սերնդին փոխանցելու հավանականություն |
---|---|---|---|
<26 | Նորմալ | Չի արտահայտվի | Չկա |
27-35 | Միջին | Չի արտահայտվի | Բարձր, բայց <<50 % |
36-39 | Բարձր պենետրանտ | Կամ արտահայտվում է կամ ոչ | 50 % |
40+ | Լրիվ պենետրանտ | Կարտահայտվի | 50 % |
Հիմնականում մարդիկ ունեն 36-ից քիչ կրկնվող գլուտամին polyQ հատվածում, ինչի արդյունքում սինթեզվում է ցիտոպլազմատիկ հենտինգտին սպիտակուցը[25] Այնուամենայնիվ 36 և ավել գլուտամինների սինթեզի դեպքում սինթեզվում է սովորական հենտինգտինից տարբերվող մուտանտ հետնտինգտին սպիտակուցը[25]։ Մուտացված հենտինգտին սպիտակուցը արագացնում է նեյրոնների որոշակի տիպերի (ողնուղեղի ԳԱԿԹ-էրգիկ արգելակիչ նեյրոններ) քայքայումը։ Ընդհանուր առմամբ ՑԱԳ տրիպլետների կրկնությունների քանակից է կախված, թե ինչ աստիճանի կարտահայտվի հենտինգտոնի հիվանդությունը։ Հիվանդության արտահայտվածությունը նաև կախված է տարիքից, արտաքին միջավայրի ազդեցությունից, այլ գեների ազդեցությունից, որոնք փոփոխում են հենտինգտոնի հիվանդության մեխանիզմները[25]։ 36-39 կրկնությունների դեպքում լինում է բարձր պենետրանտություն, ախտանիշների ուշ և դանդաղ զարգացում։ Երբեմն ախտանիշները այնքան ուշ են սկսում ի հայտ գալ, որ նույնիսկ չեն նկատվում[27]։ Ավելի շատ քանակի կրկնությունների դեպքում հիվանդությունը լրիվ պենետրանտ է և կարող է արտահայտվել մինչև 20 տարեկանը։ Այդ դեպքում դասակարգվում է որպես յուվենիլ հենտինգտոնի հիվանդություն։ Հանդիպում է հենտինգտոնի հիվանդությունը կրողների 7%-ի մոտ[28]։
Հենտինգտոնի հիվանդությունը ժառանգվում է աուտոսոմ-դոմինանտ տիպով, ինչը նշանակում է, որ հիվանդը փոխանցում է ՑԱԳ կրկնությունների մեծ քանակ ունեցող գեներից մեկը (մուտանտ ալելը) իր սերնդին[12]։
28-ից ավել ՑԱԳ տրիպլետների կրկնությունները անկայուն են ԴՆԹ-ի կրկնապատկման ժամանակ և անկայունությունը մեծանում է կրկնողությունների քանակի հետ[27]։ Սրա արդյունքում հենտինգտին գենի ՑԱԳ կրկնվող տրիպլետներ պարունակող մասը կարող է ավելի մեծանալ սերունդների մոտ (դինամիկ մուտացիա), ինչի արդյունքում սերնդի մոտ չի լինում կրկնողությունների նույն քանակը, որը եղել է ծնողի մոտ[25]։ Անկայունությունը ավելի բարձր է սպերմատոգենեզի ժամանակ, ի տարբերություն օվոգենեզի։ Մորից ժառանգված ալելները սովորաբար չեն տարբերվում, բայց հորից ժառանգելու դեպքում կրկնվող հատվածի շատանալու հավանականությունը մեծ է[25][29]։
Հազվագյուտ դեպքերում, երբ երկու ծնողներն էլ ունեն մուտանտ հենտինգտին գեն, սերնդին փոխանցելու ռիսկը բարձրանում է մինչև 75 %, իսկ եթե ծնողներից մեկը երկու ալելները մուտացված են, ուրեմն ռիսկը 100 % է, այսինքն` սերնդում բոլորը հիվանդ կլինեն։ Հազվադեպ է լինում, որ երկու գեներն էլ մուտացված լինեն։ Կար միտք, որ երկրորդ մուտացված գենի առկայությունը չի ազդում հիվանդության զարգացման և նրա ախտանիշների վրա[30], բայց հայտնաբերվեց, որ երկրորդ մուտացված գենի առկայությունը փոխում է ֆենոտիպը և ազդում հիվանդության զարգացման վրա[25][31]։
Հենտինգտին սպիտակուցը համագործակցում է մոտ 100 այլ սպիտակուցների հետ և ունի տարբեր կենսաբանական ֆունկցիաներ[32]։ Մուտանտ սպիտակուցի ազդեցությունը անհայտ է, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ այն վնասում է ուղեղի յուրահատուկ բջիջներ։ Վնասումը սկզբում լինում է զոլավոր մարմնում, բայց հիվանդության զարգացման հետ մեկտեղ վնասվում են ուղեղի այլ հատվածներ։ Սկզբնական ախտանիշները կապված են զոլավոր մարմնի ֆունկցիաների խանգարման հետ և արտահայտվում են շարժման խանգարումներով, տրամադրության, ճանաչողական ունակությունների խանգարումով[24] ԴՆԹ մեթիլացումը նույնպես փոփոխված է հենտինգտոնի հիվանդության ժամանակ[33]։
Հենտինգտին գենը առկա է կաթնասունների բոլոր բջիջներում։ Ամենամեծ քանակները առկա են ուղեղում և ամորձիներում, նաև չափավոր քանակներով առկա է լյարդում, սրտում և թոքերում[24] Հենտինգտինի գործառույթը մարդու մոտ պարզ չէ։ Այս փոխազդում է սպիտակուցների հետ, որոնք մասնակցում են տրանսկրիպցիային, բջջի ազդակի փոխանցմանը և ներբջջային տրանսպորտին[24][34]։ Գենետիկորեն մոդիֆիկացված կենդանիների մոտ հենտինգտոնի հիվանդություն առաջացնելու շնորհիվ հետազոտվել են հենտինգտինի որոշակի ֆունկցիաներ[35]։ Այս կենդանիների մոտ հենտինգտինը մասնակցում է էմբրիոնի զարգացմանը, իսկ դրա բացակայությունը բերում է էմբրիոնի մահվան։ Կասպազները կատալիզում են ապոպտոզը և ակտիվացվում են մուտացված հենտինգտինով, որը ազդում է ուբիքվիտին-պրոտեազային համակարգի վրա։ Նորմալ հենտինգտինը գործում է որպես հակա-ապոպտոտիկ ագենտ և կանխարգելում է բջջի ծրագրավորված մահը։ Այն նաև կարգավորում է նեյրոտրոֆիկ գործոնի արտադրությունը, որը պաշտպանում է նեյրոնները և կարգավորում է նրանց առաջացումը։ Հենտինգտինը ազդում է ներբջջային տրանսպորտի վրա, սինապսների գործառույթի վրա և նեյրոնների գեների տրանսկրիպցիայի վրա[35]։ Եթե ավելի շատ արտադրվում է նորմալ հենտինգտին և մուտացված հենտինգտինի քանակները պակասում են, ապա ուղեղի բջիջները գոյատևում են, իսկ մուտացված հենտինգտինի շատ քանակների դեպքում նեյրոնները մահանում են[35]։
Կատարվում են բազմաթիվ բջջային փոփոխություններ, որոնց միջացով լինում է մուտացված հենտինգտինի ազդեցությունը և զարգանում է հենտինգտոնի հիվանդությունը[36][37]։ Մուտացված (պոլիգլուտամինային) տեսակը ավելի է հակված ճեղքվելու, որի արդյունքում առաջանում են ավելի կարճ պոլիգլուտամինային ֆրագմենտներ[36]։ Այս ֆրագմենտները ավելի հակված են միսֆոլդինգի ենթարկվելու և ագրեգացվելու, որի արդյունքում առաջանում են ֆիբրիլյար ագրեգատներ։ Ագրեգատների պոլիգլուտամինային շղթաները իրար են կապված ջրածնային կապերի միջոցով[38]։ Այս ագրեգատների կառուցվածքները նման են սպիտակուցի կուտակումով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում հայտնաբերված ագրեգատների կառուցվածքին։ Ժամանակի ընթացքում այս ագրեգատները առաջացնում են բջջային ներառուկներ, որոնք ազդում են նեյրոնի ֆունկցիայի վրա[36][38]։ Ներառուկներ հայտնաբերվում են և բջջի կորիզում և ցիտոպլազմայում[36]։ Ուղեղի բջիջներում հայտնաբերվող ներառուկները ամենավաղ պաթոլոգիական փոփոխություններն են։ Որոշ փորձեր ցույց են տվել, որ ներառուկները դրսևորում են նեյրոտոքսիկություն, բայց այլ փորձերով ապացուցվել է, որ նրանք կարող են բջջի պաշտպանողական մեխանիզմների մաս կազմել[36]։
Տարբեր մեխանիզմներ են հայտնաբերվել, որոնց միջոցով մուտացված հենտինգտինը կարող է առաջացնել բջջի մահ։ Այդ էֆֆեկտներից են շապերոնների վրա ազդեցությունը, որոնք մասնակցում են սպիտակուցների կառուցվածքի ձևավորմանը և սխալ կառուցվածքով սպիտակուցները հեռացնելուն։ Մուտացված հենտինգտինը ազդում է կասպազների վրա, որոնք մասնակցում են բջջի ապոպտոզին։ Մուտացված հենտինգտինը նաև ազդում է գեների էքսպրեսիայի վրա[38][39]։
Մեկ այլ թեորիայով բացատրվում է հենտինգտոնի հիվանդության այլ մեխանիզմ, ըստ որի վնասվում են զոլավոր մարմնի նեյրոնների միտոքոնդրիումները։ Հայտնաբերվել է, որ մուտանտ հենտինգտինը կարևոր դեր է խաղում միտոքոնդրիումների վնասման գործում[40]։ Միտոքոնդրիումներում էլեկտրոնների փոխադրման խանգարման պատճառով կարող են արտադրվել մեծ քանակով թթվածնի ակտիվ ձևեր և կդիտվի օքսիդատիվ սթրես[41]։
Փոփոխված հենտինգտին սպիտակուցը մի քանի այլ սպիտակուցների հետ միասին նեյրոններում մեծացնում է գլուտամինի ազդեցությունը, որը մեծ քանակներով գործում է որպես էքսայտոտոքսին։ Էքսայտոտոքսինները մեծ քանակով կարող են վնասել տարբեր կառուցվածքներ։ Գլուտամինը չի հայտնաբերվում շատ մեծ քանակներով, բայց գլուտամինի ուժեղացած ազդեցության պատճառով այն գործում է որպես էքսայտոտոքսին նույնիսկ նորմալ քանակներով[38]։
Հենտինգտոնի հիվանդությունը ախտահարում է ողջ ուղեղը, բայց որոշ մասեր ավելի խոցելի են մնացածից։ Ամենավաղ էֆֆեկտները հիմային հանգույցի վնասման պատճառով են, որը կազմված է պոչավոր կորիզից և ծածկից[24] Այլ հատվածներից են սև նյութը, գլխուղեղի կեղևի 3-րդ, 5-րդ և 6-րդ շերտերը, հիպոկամպը, ուղեղիկի պուրկինյեի բջիջները, տեսաթմբի և ենթատեսաթմբի որոշ կորիզներ[25]։ Այս մասերը ախտահարվում են կապված իրենց կառուցվածքի և բջիջների հետ և բջիջները կորցնելու հետ մեկտեղ ավելի են փոքրանում չափով[25]։ Զոլավոր մարմնի նեյրոնները ամենախոցելին են[25][42]։ Հենտինգտոնի հիվանդության ժամանակ դիտվում է նաև աստրոցիտների քանակի մեծացում և ուղեղի իմունային բջիջների՝ միկրոգլիայի ակտիվացում[43]։
Բազալ հանգույցները ամենաշատ աչքի ընկնող ախտահարված մասերն են, որոնք մասնակցում են շարժումներին։ Բազալ հանգույցների ֆունկցիան դեռ լրիվ պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ նրանք պայմանավորում են ճանաչողական ունակությունները[18] և շարժումների կառավարմանն են մասնակցում[44]։ Բազալ հանգույցները նորմայում արգելակում են շարժման շատ ազդակներ։ Շարժում կատարելու համար կեղևը ուղարկում է ազդակ դեպի հիմային հանգույց, երտեղ որոշ ազդակներ արգելակվում են։ Հիմային հանգույցների վնասման պատճառով չի թուլանում կեղևից եկած ազդակը և շարժումները դառնում են անկառավարելի[44]։ Սպոնտան ֆիզիկական շարժումների պատճառով տուժում է հիվանդի խոսքը(դիզարթրիա), կուլ տալու ունակությունը(դիսֆագիա)[45]։
CREB-կապող սպիտակուցը անգլ.՝ CREB-binding protein (CBP) բջջի ֆունկցիայի համար շատ կարևոր տրանսկրիպցիոն կարգավորիչ է, քանզի պրոմոտերների մեծ քանակի ներկայությամբ այն ակտիվացնում է գեների տրանսկրիպցիան գոյատևման համար[39]։ Այս սպիտակուցի կազմում է 18 գլուտամիններից կազմված շղթան։ Այսպիսով, CBP սպիտակուցի գլուտամինները ուղիղ կերպով փոխազդում են HTT շղթայի գլուտամինների հետ և CBP-ն դուրս է մղվում իր սովորական տեղից[46]: CBP-ն ունի ացետիլտրասֆերազայի դոմեն, որին կապվում է HTT-ն իր պոլիգլուտամինային դոմենով[47]։ Մահացած մարդկանց ուղեղում հայտնաբերվել է ցածր քանակությամբ CBP[46]: Բացի այդ, երբ CBP-ն առաջանում է մեծ քանակով, գլուտամինից առաջացած մահի հավանականությունը իջնում է, ինչը ցույց է տալիս, որ CBP-ն շատ կարևոր դեր է խաղում Հենտինգտոնի հիվանդության առաջացման գործում և առհասարակ նեյրոնների աշխատանքի մեջ[39]։
Ախտորոշումը դրվում է հիվանդությանը յուրահատուկ ախտանիշներին հետևելով[12]։ Եթե չկա Հենտինգտոնի հիվանդության ընտանեկան պատմություն, ապա կարելի է օգտագործել գենետիկ թեստեր։ Մինչև ախտանիշների ի հայտ գալը հնարավոր է հայտնաբերել հենտինգտինի գենի անոմալիան գենետիկ թեստի միջոցով։
Ֆիզիկալ ախտորոշման մեթոդները հոգեբանական ախտորոշման մեթոդների հետ միասին կարող են ցույց տալ հիվանդության սկիզբը[12]։ Ավելորդ անկառավարելի շարժումները հիմք են բժշկի դիմելու համար։ Եթե այդ շարժումները կտրուկ են և առաջանում են պատահական ժամանակի, ապա կարող է ախտորոշվել Հենտինգտոնի հիվանդություն։ Ճանաչողական և բնավորության փոփոխությունները հազվադեպ են վաղ ախտորոշվում և ակնհայտ են դառնում հիվանդության հետագա զարգացման ժամանակ։ Հիվանդության զարգացման աստիճանը կարող է որոշվել հատուկ Հենտինգտոնի հիվանդության միասնականացված գնահատման սանդղակ-ով, որը գնահատում է մարդու ճանաչողական, շարժական, ֆունկցիոնալ վիճակները և բնավորության փոփոխությունները[49][50]։ ՀՇ և ՄՌՇ հետազոտություններով հիվանդության վաղ փուլերում կարելի է հայտնաբերել պոչավոր կորիզի ատրոֆիա, ինչպես երևում է աջ կողմում տրված պատկերի վրա, սակայն սա Հենտինգտոնի հիվանդության ախտորոշման հիմք չէ։ Ուղեղիկի ատրոֆիան հայտնաբերվում է հիվանդության ավելի ուշ փուլերում։ Ֆունկցիոնալ ՄՌՇ-ն և պոզիտրոն-էմիսիոն սկանավորումը կարող են ցույց տալ ուղեղի ակտիվության փոփոխությունները մինչև ախտանիշների ի հայտ գալը, սակայն դրանք փորձարարական մեթոդներ են և կլինիկայում չեն օգտագործվում[12]։
Ախտանիշների արտահայտման տարիքային առաձնահատկությունները և ծանրության աստիճանը անմիջականորեն կախված են եռնուկլեոտիդների կրկնվող տեղամասի երկարությունից[12][51]։ 60 և ավելի կրկվող տրիպլետ ունեցող անձանց մոտ հիվանդությունը կարող է զարգանալ մինչև 20տարեկանը, մինչդեռ կրկնումների թիվը 40-ից ցածր լինելու դեպքում հիվանդությունը կարող է երբեք էլ խիստ արտահայտված ախտանիշներով չդրսևորվել[52]։ Արտահայտման վրա ազդող այլ գործոններից են շրջակա միջավայրը և այլ գեներ, որոնք ազդում են հիվանդության բուն մեխանիզմի վրա[12]։
Հանտինգտոնի հիվանդության դեպքում առաջին ախտանիշների դրսևորումից հետո կյանքի սպասվելիք միջին տևողությունը 20տարի է[12]։ Այս ցուցանիշի վրա ամենաշատ ազդում են մկանային կոորդինացիայի խանգարումները և ավելի քիչ վարքային փոփոխությունները, որոնք պայմանավորված են կոգնիտիվ ֆունկցիաների թուլացմամբ։ Մահվան ամենահաճախակի պատճառներից է թոքաբորբը, որից մահանում են Հանտինգտոնի հիվանդությամբ տառապողների 1/3-ը։ Քանի որ մկանների կոորդինացված և սինխրոն շարժումները տուժում են՝ այս հիվանդության ժամանակ սննունդով կամ հեղուկով ասպիրացիայի մեծ վտանգ է առաջանում, որն էլ պատճառ է դառնում թոքաբորբի զարգացման։ Երկրորդ մեծ վտանգը դա սրտի ախտահարումն է, որի պատճառով մահանում են Հանտինգտոնի հիվանդություն ունեցողների 1/4-ը[12]։ Ինքնասպանությունը գրավում է երրորդ տեղը։ ՀՀ ունեցողների 7,3 %-ը գործում է ինքնասպանություն, իսկ 27 % -ը կատարում է ինքնասպանության փորձ։ Ինքնասպանության դրդող մտքերի բովանդակությունը վերջնական պարզ չէ, բայց դա ամենայն հավանականությամբ կախված է ՀՀ ունեցողի ձգտումով խուսափել հիվանդության էլ ավելի առաջընթացից և էլ ավելի ծանր դրսևորումներից[53][54][55]։ Այլ ռիսկի գործոններից են խեղդվելը, մեխանիկական վնասվածքը վայր ընկնելուց և թերսնուցումը[12]
Հենտինգտանի հիվանդությունը սկսվում է ուշ տարիքում, ինչը նշանակում է, որ այն չի ազդում վերարտադրության վրա[12]։ Ամբողջ աշխարհում այն գրանցվում է 5-10 դեպք 100,000 մարդու հաշվարկով[56][57], բայց հաճախականությունը տարբերվում է կախված աշխարհամասից, որը պատճառներն են՝ էթնիկ պատկանելիությունը, միգրացիաները[12]։ Կանանց և տղամարդկանց մոտ հանդիպման հաճախականությունը հավասար է։ Ամենաշատը հանդիպում է ծագումով Արևմտյան Եվրոպայից մարդկանց մոտ, որոնց մոտ հաճախականությունը 7 դեպք է 100,000 մարդու հաշվարկով, իսկ մնացած աշխարհամասերում ցածր է, օրինակ՝ Ասիայում և Աֆրիկայում հաճախականությունը 1 դեպք է 100,000 մարդու հաշվարկով։ 2013 թվականին կատարված համաճարակաբանական հետազոտությունը ցույց տվեց, որ Մեծ Բրիտանիայում 1990 թվականից մինչև 2010 թվականը հաճախականությունը եղել է 12,3 դեպք 100,000 մարդու հաշվարկով[12][58]։ Բացի այդ, որոշ վայրերում տարածվածությունը միջինից շատ ավելի մեծ է[12]։ Վենեսուելայի Մարակաիբո լճի տարածքում բնակվող մարդկանց մոտ հաճախականությունը 700 դեպք է 100,000 մարդու հաշվարկով[12][59]։ Այլ մեծ տարածվածությունով վայրեր են հայտնաբերվել Տասմանիայում և Շոտլանդիայի, Ուելսի, Շվեդիայի որոշ տարածաշրջաններում[55]։ Հաճախականության մեծացումը որոշ դեպքերում լինում է այն պատճառով, որ հիվանդությունը կրողները կատարում են միգրացիա դեպի աշխարհագրորեն իզոլացված վայրեր[55][60]։ Այդ կրողներին հետևել են գենեալոգիական մեթոդի շնորհիվ[55]։ Ժառանգական հապլոտիպերը նույնպես կարող են տեղեկություն տալ հիվանդության տարածվածության մասին[55][61]։ Իսլանդիան ունի ցածր տարածվածություն (1 դեպք 100,000 մարդու հաշվարկով), չնայած նրա, որ Իսլանդացիների ծագումով Սկանդինավիայի գերմանական ցեղերից են, որոնցից առաջացել են նաև շվեդները։ Բոլոր դեպքերը, բացի երկու հարյուրամյակ առաջ եղած դեպքից, եկել են 1 զույգի սերունդից, որոնք ապրել են 19-րդ դարում[62]։ Ֆինլանդիայում նույնպես ցածր է հաճախականությունը՝ 2,2 դեպք 100,000 մարդու հաշվարկով[63]։
Մինչ գենետիկ թեստի հայտնագործումը, վիճակագրության տվյալները ներառում էին միայն կլինիկական ախտորոշումը, որը հիմնվում էր ֆիզիկալ նշանների վրա և հիվանդության ընտանեկան պատմությունը, բացառությամբ նրանց, ովքեր մահացել էին այլ հիվանդությունից մինչև Հենտինգտոնի հիվանդություն ախտորոշվելը[55][64]։
Չնայած նրա, որ հենտինգտոնի հիվանդությունը հայտնի է եղել դեռ միջին դարերում, բայց պատճառը մինչ վերջերս անհայտ է եղել։ Հիվանդության մասին պատկերացումների փոխվելու հետ մեկտեղ նրա անվանումը նույնպես փոփոխվել է պատմության ընթացքում։ Այս հիվանդությանը անվանում էին ուղղակիորեն "խորեա" ՝ հիվանդության ժամանակ դիտվող պարելուն նմանակող շարժումների պատճառով։ Այն նաև անվանել են "ծերունական խորեա" և քրոնիկ պրոգրեսիվող "խորեա"[66]։ Առաջին անգամ հենտինգտոնի հիվանդությունը հիշատակվել է Չարլզ Օսկար Ուոթերսի կողմից՝ Ռոբլի Դենգլիսոնի Բժշկական պրակտիկա աշխատության առաջին հրատարակչությունում՝ 1842 թվականին։ Ուոթերսը նկարագրել էր խորեայի տեսակ, որը կոչել էր անգլ.՝ magrums և նկարագրել է այդ խորեայի մանրամասները, ընթացքը, հիվանդության ժառանգվող բնույթը[67]։ 1846 թվականին Չարլզ Գորմանը ցույց տվեց, որ որոշ տարածաշրջաններում այս հիվանդությունը ավելի շատ է տարածված[67]։ Գորմանից և Ուոթերսից անկախ, որոնք երկուսն էլ Դէնգլիսոնի ուսանողներն էին և սովորում էին Ֆիլադելֆիայում[68] գտնվող Ջեֆերսոնի բժշկական քոլեջում, Յոհան Քրիստիան Լունդը նույնպես տվեց հիվանդության նկարագիրը 1860 թվականին[67]։ Նա հատկապես նկատել էր, որ Նորվեգիայուն գտնվող Սետեսդալեն լեռնային գյուղում բավականին մեծ հաճախականությամբ դիտվում է քաոսային շարժումներով ուղեկցվող դեմենցիա[69]։
Առաջին մանրամասն բնութագիրը տրվել է Ջորջ Հենտինգտոնի կողմից 1872 թվականին։ Ուսումնասիրելով այդ հիվանդությունը կրող մարդկանց մի քանի սերնդի հիվանդության պատմությունները, նա նկատեց, որ նրանց մոտ դիտված ախտանիշները կարող են իրար հետ կապ ունենալ։ Նա ներկայացրեց հիվանդության մասին մանրամասն նկարագիրը իր աշխատանքի մեջ։ Հենտինգտոնը կոնկրետ նկարագրել էր հիվանդության աուտոսոմ-դոմինանտ ժառանգվող բնույթը
"Of its hereditary nature. When either or both the parents have shown manifestations of the disease ..., one or more of the offspring almost invariably suffer from the disease ... But if by any chance these children go through life without it, the thread is broken and the grandchildren and great-grandchildren of the original shakers may rest assured that they are free from the disease.".[65][70]
։ Վիլիամ Օսլերը հետաքրքրված էր այդ հիվանդությամբ և շատ էր տպավորվել Ջորջ Հենտինգտոնի աշխատանքով։ Նա ասել էր՝ "բժշկության պատմության ընթացքում շատ քիչ դեպքեր են եղել, որ հիվանդությունը այսպես մանրամասն նկարագրվի"[67][71]։ Օսլերը ուներ մեծ ազդեցություն բժշկական ոլորտում և օգնեց, որ այս հիվանդության մասին տեղեկությունը տարածվի ամբողջ աշխարհով մեկ[67]։ Մեծ հետաքրքրություն ցույց տվեցին Եվրոպայի գիտնականները և մինչև դարի վերջը կատարեցին մեծ քանակի հետազոտություններ այս հիվանդության վերաբերյալ[67]։ Մինչ 19-րդ դարի վերջը եղան շատ հետազոտություններ տարբեր երկրներում և այս հիվանդությունը միջազգայնորեն ճանաչվեց[67]։
20-րդ դարում Մենդելյան ժառանգման վերահայտնաբերման ընթացքում այս հիվանդությունը օգտագործվել է որպես աուտոսոմ-դոմինանտ ժառանգման օրինակ[67]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.