Հեզբոլլահ
From Wikipedia, the free encyclopedia
Հեզբոլլահ (/ˌhɛzbəˈlɑː/;[2] արաբ․՝ حزب الله Ḥizbu 'llāh, բառացի՝ «Ալլահի կուսակցություն», տառադարձվում է նաև Հիզբուլլահ կամ Հիզբալլահ)[3], շիա իսլամիստական քաղաքական կուսակցություն և զինյալ խումբ՝ տեղակայված Լիբանանում[4][5]։ Հեզբոլլահի ռազմական թևը Ջիհադի խորհուրդն է[6], իսկ քաղաքական թևը՝ Լիբանանի խորհրդարանի «Հավատարմություն» դիմադրության դաշինքը։ 1992 թվականին Աբբաս ալ-Մուսավի մահից հետո խումբը ղեկավարում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։ Ամբողջ կազմակերպությունը կամ միայն ռազմական թևը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն առնվազն 21 պետությունների կողմից, ԵՄ-ի կողմից և 2017 թվականից ի վեր Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մեծամասնության կողմից, բացառությամբ Իրաքի և Լիբանանի, որտեղ Հեզբոլլահը հզոր քաղաքական կուսակցությունն է։ Հեզբոլլահը պնդում է, որ այն օրինական դիմադրության շարժում է, որը պայքարում է հանուն Լիբանանի տարածքի ազատագրության։
Հեզբոլլահ արաբ․՝ حزب الله | |
---|---|
Պատկեր:Funeral of Mohsen Hojaji in Tehran 09.jpg | |
Տեսակ | կուսակցություն, զինված կազմակերպություն, ահաբեկչական կազմակերպություն և ոչ պետական դերակատար |
Երկիր | Լիբանան[1] |
Առաջնորդ | Հասան Նասրալլահ |
Հիմնադիր | Մուհամմադ Հուսեյն Ֆադլալլահ, Ալի Ակբար Մոհտաշամիպուր և Իմադ Ֆեյեզ Մուղնիյ |
Հիմնադրված | 1980 |
Գաղափարախոսություն | Շիա իսլամ Իսլամիստ ընկերվարություն Ազգայնականություն |
Կրոնք | Շիա իսլամ |
Պաշտոնական գույն(եր) | դեղին և կանաչ |
Շտաբ | Բեյրութ, Լիբանան |
Լիբանանի խորհրդարան | 12 / 128 |
Լիբանանի կառավարություն | 2 / 30 |
Hezbollah Վիքիպահեստում |
1982 թվականին Իսրայելի՝ Լիբանան ներխուժելուց հետո, Հեզբոլլահի գաղափարը սկսել է աճել լիբանանցի հոգևոր ներկայացուցիչների մոտ, ովքեր կրթվել էին Նաջաֆում և յուրացրել Այաթոլլահ Խոմեյնիի՝ 1979 թվականին տեղի ունեցած Իրանի իսլամական հեղափոխության մոդելը։ Կազմակերպության ստեղծմանը մեծ աջակցություն է ցույց տվել հենց Իրանը՝ ինչպես ֆինանսական տեսանկյունից, այնպես էլ գաղափարական՝ այնտեղ ուղարկելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մի խումբ հրահանգիչների։ Նպատակն էր համախմբել Լիբանանի շիա խմբերին՝ դիմադրելու Իսրայելի օկուպացիային[7][8][9] և բարելավելու Լիբանանում մարգինալացված շիա համայնքի կարգավիճակը[10]։ ԻՀՊԿ-ի 1500 հոգանոց հրահանգիչների խումբը ժամանել է Լիբանան այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարությունը, որը օկուպացրել էր Լիբանանի արևելյան բարձրավանդակը, թույլ է տվել նրանց անցնել Բեկաայի հովիտ[11]։
Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1985 թվականին, Հեզբոլլահը ներկայացրել է իր մանիֆեստը, որտեղ սահմանված էին նրա նպատակները՝ «Լիբանանից վտարել ամերիկացիներին, ֆրանսիացիներին և նրանց դաշնակիցներին, վերացնել հողում գտնվող ցանկացած գաղութարար կառույց», Լիբանանի Փաղանգ կուսակցության քրիստոնյա ներկայացուցիչներին ենթարկեցնել «արդար իշխանության», պատասխանատվության ենթարկել նրանց «այն հանցանքների համար, որ նրանք իրագործել են մուսուլմանների և քրիստոնյաների դեմ», և թույլ տալ «մեր ժողովրդի բոլոր զավակներին» ընտրել կառավարության այն ձևը, որը նրանք ցանկանում են՝ միևնույն ժամանակ կոչ անելով «ընտրել իսլամական կառավարության տարբերակը»[12]։ Հեզբոլլահը ձևավորել է կամավորների, որոնք Բոսնիական պատերազմի ժամանակ կռվել են Բոսնիա և Հերցոգովինայի բանակի համար[13]։ 1985-2000 թվականներին Հեզբոլլահը մասնակցել է Հարավաային Լիբանանի կոնֆլիկտին ընդդեմ Հարավային Լիբանանի բանակի (ՀԼԲ) և Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ), որը վերջապես 2000 թվականին հանգեցրել է ՀԼԲ-ի պարտությանը և ԻՊԲ-ի նահանջին։ Հեզբոլլահը և ԻՊԲ-ն իրար դեմ կռվել են նաև 2006 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ։
2006 թվականից ի վեր կազմակերպության ռազմական ուժն այնքան է մեծացել[14][15], որ ռազմական թևն ավելի հզոր է համարվում, քան Լիբանանի բանակը[16][17]։ Հեզբոլլահը հաճախ նկարագրում են իբրև «պետություն պետության մեջ»[18]․ այն տեղ է զբաղեցնում Լիբանանի կառավարությունում, ունի ռադիո և արբանյակային հեռուստաալիք, տրամադրում է սոցիալական ծառայություններ, Լիբանանի սահմաններից դուրս տեղակայում է մեծաքանակ ռազմական ուժեր[19][20][21]։ Հեզբոլլահը Լիբանանի Մարտի 8-ի դաշինքի մաս է կազմում՝ ընդդեմ Մարտի 14-ի դաշինքի։ Այն մեծ աջակցություն է վայելում Լիբանանի շիա մուսուլմանների շրջանում[22], մինչդեռ սուննիները համաձայն չեն նրա ներկայացրած օրակարգի հետ[23][24]։ Հեզբոլլահը նաև աջակցություն է ստանում Լիբանանի որոշ քրիստոնյա շրջանակներից[25]։ Կազմակերպությունը ռազմական վարժանք, զենքեր և ֆինանսական աջակցություն է ստանում Իրանից և քաղաքական աջակցություն՝ Սիրիայից[26]։
1990 թվականի ի վեր Հեզբոլլահը մասնակցում է Լիբանանի քաղաքական կյանքին, գործընթաց, որը կոչվում է Հեզբոլլահի լիբանանացում։ Այն ավելի ուշ միացել է քաղաքական դաշինքներին և մտել կառավարություն։ 2006-2008 թվականների Լիբանանի բողոքի ցույցերից[27] և բախումներից[28] հետո 2008 թվականին Հեզբոլլահը և նրա ընդդիմադիր դաշնակիցները ձևավորվել են ազգային միասնության կառավարություն՝ ստանալով կառավարության 30 մանդատներից 11-ը, որը բավարար էր վետոյի իրավունք ստանալու համար[5]։ 2008 թվականի օգոստոսին Լիբանանի նոր կառավարությունը միաձայն հաստատել է քաղաքական հայտարարության նախագիծ, ըստ որի ճանաչում է Հեզբոլլահի գոյությունը՝ որպես զինված կազմակերպություն և երաշխավորում է «օկուպացված հողերը ազատագրելու և վերականգնելու» նրա իրավունքները[29]։ 2012 թվականից ի վեր Հեզբոլլահը ներգրավվել է Սիրիական քաղաքացիական պատերազմի մեջ՝ աջակցելով Սիրիայի կառավարությանը սիրիական ընդդիմության դեմ կռվում։ Վերջինս Հեզբոլլահը դիտարկում էր որպես սիոնիստական և «վահաբիական-սիոնիստական դավադրություն», որի նպատակն է վերացնել Հեզբոլլահի և Բաշար ալ-Ասադի դաշինքն ընդդեմ Իսրայելի[30][31]։ Հեզբոլլահը տեղակայել է իր ռազմական ուժերին և՛ Սիրիայում, և՛ Իրաքում՝ տեղական ուժերին վարժեցնելու կամ կռվելու Իրաքի և Լևանտի իսլամական պետության դեմ[32][33]։ Լիբանանի 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հեզբոլլահը ստացել է 12 մանդատ և նրա դաշինքը հաղթել է ընտրություններում՝ ստանալով 128 մանդատներից 70-ը[34][35]։