Հայերն ԱՄՆ-ում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերն ԱՄՆ-ում (անգլ.՝ Armenian Americans), հայկական սփյուռքի՝ թվաքանակով երկրորդ գաղթօջախը։ Տարբեր տվյալներով՝ նրանց թիվը տատանվում է 483,366-ից (ԱՄՆ-ի 2011 թվականի մարդահամար) մինչև 1,500,000 (այդ թվում՝ հայկական ծագմամբ ամերիկացիներ)։ Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա (մոտ 900 հազար) նահանգում, որը երբեմն անվանում են «Ամերիկյան Հայաստան»։
Ամերիկահայեր Armenian Americans | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||
մինչև 1 500 000 |
||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
հայերեն, անգլերեն | ||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
Քրիստոնեություն (հայ առաքելական, հայ կաթողիկե և հայ ավետարանական), անկրոն |
ԱՄՆ-ում հայերի հաստատման պատմությունն ընդունված է բաժանել 4 փուլի։ Առաջին փուլում՝ մինչև 20-րդ դարի սկզիբը, ԱՄՆ-ում ձևավորվել էին փոքրաթիվ հայկական համայնքներ։ Այդ ժամանակահատվածում երկրում հաստատվում էին եվրոպացի, ասիացի ու աֆրիկացի գաղթականների տարբեր խմբեր, որոնք ձևավորում էին ամերիկյան հասարակությունը։ Նախքան 20-րդ դարը հայերը փոքրաթիվ համայնքներով հաստատվել են նաև Եվրոպայի ու Ասիայի մի քանի երկրներում։ Երկրորդ փուլում՝ առաջին համաշխարհային պատերազմից ու հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արևմտյան Հայաստանից ու Թուրքիայի հայաշատ վայրերից։ Այդ ժամանակ ձևավորվում է հայկական սփյուռքը։ Երրորդ փուլն ընդգրկում է երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև Արցախյան շարժումն ընկած ժամանակահատվածը, երբ ԱՄՆ են տեղափոխվում հարյուր հազարավոր հայեր՝ հիմնականում Մերձավոր Արևելքի երկրներում (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրան և այլն) տեղի ունեցած քաղաքական անկայունության պատճառով։ Չորրորդ փուլի ընթացքում (1990-ականներից մինչև մեր օրեր) ԱՄՆ են տեղափոխվում Հայաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ, ովքեր գաղթական էին դարձել Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախյան պատերազմի, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման հետևանքով։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաստատվել են 1992 թվականին։
Ամերիկահայերը ակտիվ ներգրավվածություն ունեն պետության բոլոր մակարդակներում։ Գաղթականների առաջին ալիքը ունեցել է զգալի դժվարություններ, սակայն վերաբնակների երկրորդ, երրրոդ և չորրորդ սերունդներից սկսած՝ ԱՄՆ-ում և հայկական սփյուռքում սկսում են հանրահայտ դառնալ ամերիկահայ գործարարները, քաղաքական ու ռազմական, հասարակական ու մշակութային գործիչները, գիտնականներն ու մարզիկները։ 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարի սկզբին այստեղ հիմնադրվել են 50-ի հասնող հայկական բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ, որոնք կարգավորում են ամերիկահայերի կյանքը և օգնում նրանց՝ ինտեգրվել ամերիկյան հասարակությանը։
Ամերիկահայ գաղութի ստվարացման՝ որպես ցեղասպանությունից փրկված հայերին ամերիկյան հասարակության մեջ առավելագույնս ինտեգրման և միաժամանակ հայապահպանման գործում մեծ դեր են խաղացել սփյուռքահայ կուսակցությունները (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար ազատական, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան) և հայ առաքելական եկեղեցին։ Նրանց ջանքերով բացվել են տարբեր կազմակերպություններ, որոնք պետության աջակցությամբ հիմնել են տասնյակ դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու հասարակական շինություններ։ Աշխուժանում է ինչպես գիտական, այնպես էլ մշակութային ու մարզական կյանքը։ Հայաստան-սփյուռք և միջպետական հարաբերություններում իր ուրույն տեղն է գրավում ամերիկահայ մամուլը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հայկական լոբբին։
Ամերիկահայերի խոսակցական և գործնական լեզուն հիմնականում անգլերենն է, կենցաղային լեզուն՝ հայերենը։ Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը կրոնական տեսանկյունից հարում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Արևելյան և Արևմտյան թեմեր), կան նաև ավետարանականներ, կաթոլիկներ ու բողոքականներ։ Ամերիկահայ գաղութը եզակի է այն տեսանկյունից, որ այստեղից արտագաղթ հիմնականում չկա։