Վաշինգտոն ԿՇ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) (Վաշինգտոն ԴիՍի) (անգլ.՝ Washington, District of Columbia), Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքը։ Պաշտոնական անվանումը` Կոլումբիա շրջան (անգլ.՝ District of Columbia, կրճատ` D.C): Որպեսզի քաղաքը չշփոթեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի հետ, ամերիկացիներն իրենց խոսակցական լեզվում այն ավանում են «Դի Սի» կամ «Վաշինգտոն Դի Սի»։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վաշինգտոն ԿՇ | |||||
անգլ.՝ Washington, District of Columbia | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Կոլումբիայի շրջան[1][2][3] | ||||
Հիմնադրված է | հուլիսի 16, 1790[2][4] թ. | ||||
Մակերես | 177 կմ² | ||||
ԲԾՄ | 72 մետր | ||||
Բնակչություն | ▼689 545 մարդ (ապրիլի 1, 2020)[5] | ||||
Ժամային գոտի | EDT?, UTC-5, UTC−4 և Ամերիկա/Նյու Յորք | ||||
Հեռախոսային կոդ | 202 | ||||
Փոստային դասիչ | 20001–20098 և 20201–20599 | ||||
Պաշտոնական կայք | dc.gov(անգլ.) | ||||
| |||||
Կոլումբիա շրջանն ինքնուրույն տարածք է, որ չի մտնում ոչ մի նահանգի կազմում։ Այն ձևավորվել է 1790 թվականին հատուկ ակտով և ներառել է Ջորջթաուն, ինչպես նաև Ալեքսանդրիա (մինչև 1846 թվականը) քաղաքները։ Վաշինգտոն քաղաքը հիմնադրվել է 1791 թվականին և անվանակոչվել ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատվին։ 1871 թվականին Վաշինգտոն և Ջորջթաուն քաղաքները, ինչպես նաև Վաշինգտոն կոմսությունը հռչակվում են որպես ինքնուրույն վարչական միավոր`միավորվելով Կոլումբիա շրջանում։
Քաղաքը գտնվում է Պոտոմակ գետի հյուսիսային ափին։ Այն հարավ-արևմուտքում սահմանակցում է Վիրջինիա և մնացած բոլոր կողմերից` Մերիլենդ նահանգների հետ։ Քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 600.000 մարդ, սակայն աշխատանքային շաբաթվա ընթացքում քաղաքամերձ բնակավայրերի բնակիչների հաշվին այն աճում է` հասնելով մինչև մեկ միլիոնի։ Վաշինգտոնի ագլոմերացիայի բնակչությունը կազմում է մոտ 5.4 միլիոն մարդ. այդ ցուցանիշով այն ութերորդն է երկրում։
Վաշինգտոնում են գտնվում նահանգային կառավարության երեք ճյուղերի գլխավոր ներկայացուցչությունները` ներառյալ ԱՄՆ-ի նախագահի նստավայրը Սպիտակ տունը, ինչպես նաև համազգային նշանակության բազմաթիվ հուշարձաններ ու թանգարաններ։ Քաղաքում տեղակայված են բազմաթիվ դեսպանություններ, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Միջամերիկյան զարգացման բանկի, Առողջապահության համաամերկյան կազմակերպության գլխավոր գրասենյակները։
Վաշինգտոնը ղեկավարում է քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 13 անդամից՝ քաղաքապետի գլխավորությամբ, սակայն ԱՄՆ Կոնգրեսն ունի գերակա իշխանություն քաղաքի նկատմամբ և կարող է փոփոխել խորհրդի ընդունած օրենքները։ Այդ իսկ պատճառով քաղաքի բնակիչներն ունեն ինքնակառավարման ավելի քիչ օրենքներ, քան այլ նահանգների բնակիչները։ Կոլումբիա շրջանն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ունի ձայնի իրավունք չունեցող ներկայացուցիչ։ 1961 թվականին՝ մինչև ԱՄՆ Սահմանադրության 23-րդ բարեփոխման վավերացումը, շրջանի բնակիչները ձայնի իրավունք չունեին նաև նախագահական ընտրություններում։
Քաղաքի նշանաբանն է Արդարադատությունը բոլորի համար (լատին․՝ Justitia Omnibus, անգլ.՝ Justice for All):
Հնագիտական տվյալների համաձայն` ժամանակակից Անակոստիա գետի մոտ առնվազն 4.000 տարի առաջ ապրել են ամերիկյան բնիկները[6]։ Եվրոպացիները հետազոտել են այս տարածքները 17-րդ դարի սկզբից. նրանցից առաջիններից մեկը կապիտան Ջոն Սմիթն էր[7][8]։ Ժամանակակից Վաշինգտոն քաղաքի տեղում եղել են մի քանի բնակավայրեր, գյուղեր։
Ժամանակակից Կոլումբիա շրջանի առաջին գաղութարար հողատերերը եղել են Ջորջ Թոմփսոնը և Թոմաս Ջերարդը։ 1662 թվականին նրանք որպես նվեր ստացել են Կապիտոլիում բլրի շրջակա հողերը և այլ հողատարածքներ Պոտոմակ գետի ստորին հատվածում։ Թոմփսոնը 1670 թվականին Կապիտոլիում բլրին առընթեր իր հողատարածքները վաճառել է Թոմաս Նոթլիին, ինչից հետո տարածքն անցել է Դենիել Քերոլին[9]։ 1697 թվականին Մերիլենդի իշխանությունները կառուցեցին ամրություն` բնիկ ամեիկացիներին քշելով արևմուտք[10]։
1751 թվականին, երբ Մերիլենդի օրենսդիր իշխանությունը 280 ֆունտով 60 ակր հողատարածք է գնել Ջորջ Գորդոնից և Ջորջ Բիելից, հիմնադրվել է Ջորջթաունը[11]։ Մոտավորապես նույն ժամանակ` 1749 թվականին, հիմնադրվել է Ալեքսանդրիան։ Ջորջթաունը Պոտոմակ գետի հոսանքի ուղղությամբ ամենաբարձր բնակավայրն էր, որի մոտ օվկիանոսից կարելի էր հասնել առևտրական նավերով։ Ջորջթաունը, գաղութային Մերիլենդից ծխախոտի և այլ ապրանքների առևտրի շնորհիվ, վերածվել է ծաղկուն նավահանգստի[12]։
Մայրցամաքային Առաջին կոնգրեսից սկսած և Երկրորդ կոնգրեսի կողմից անկախության հռչակումից հետո նոր պետության մայրաքաղաքը Ֆիլադելֆիան էր։ Տարբեր հանգամանքներով պայմանավորված` ԱՄՆ-ի գոյության առաջին տարիներին երկրի գլխավոր քաղաքի կարգավիճակն անցնում էր տարբեր քաղաքներին` ամեն անգամ, սակայն, կրկին այդ դերը զիջելով Ֆիլադելֆիային։ Վերջին ժամանակահատվածը, երբ Ֆիլադելֆիան ունեցել է ամերիկյան մայրաքաղաքի կարգավիճակ, եղել է 1778-1783 թվականների հատվածը։ 1783 թվականի հունիսին Անկախության սրահի (անգլ.՝ Independence Hall) պատերի տակ հավաքվել է դժգոհ զինվորների բազմություն` պահանջելով վճարել Անկախության պատերազմի ծառայության համար։ Կոնգրեսի պատվիրակներն իրենց հերթին Փենսիլվանիայի նահանգապետ Ջոն Դիկինսոնին պահանջ են ներկայացնում, որ նա ապահովի ազգային խորհրդարանի անվտանգ աշխատանքը, և աշխարհազոր է հավաքում այն պաշտպանելու նպատակով։ Սակայն Դիքինսոնը հրաժարվում է ճնշել բողոքի ցույցը։ Այս իրադարձությունը ստանում է «Փենսիլվանյան փոթորիկ» անվանումը, ինչի արդյունքում հունիսի 21-ին Կոնգրեսը ստիպված է լինում փախչել Փրինսթոն` Նյու Ջերսի նահանգ[13]։
Դիքինսոնի` ազգային կառավարությանը պաշտպանելու մտքից հրաժարվելը քննարկման նյութ է դարձել 1787 թվականի Ֆիլադելֆիայի կոնվենտում, որտեղ ընդունվել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։ Առաջին հոդվածի 8-րդ մասը Կոնգրեսին իշխանություն է տալիս.
բոլոր դեպքերում իրականացնել օրենսդրական լիազորությունները շրջանի նկատմամբ (ոչ ավելի մեծ, քան ամեն կողմը տասը մղոն տարածությամբ), ինչը զիջվում է առանձին նահանգների կողմից և հաստատվում է Կոնգրեսի կողմից` դառնալով ԱՄՆ կառավարության գործունեության վայրը, նման իշխանություն իրականացնել բոլոր հողերի նկատմամբ, որոնք ձեռք են բերվել նահանգի օրենսդիր ժողովների համաձայնությամբ, որտեղ այդ տարածքներն ամրությունների, պահեստների, զինանոցի և համանման այլ նշանակություն ունեն։ - ԱՄՆ Սահմանադրություն, հոդված 1, բաժին 8[14] |
1788 թվականի հունվարի 23-ին Ջեյմս Մեդիսոնը «Ֆեդերալիստի» № 43 հոդվածում նաև նշել է, որ ազգային մայրաքաղաքը պետք է անկախ լինի նահանգներից հենց իր իսկ անվտանգության ու սպասարկման համար[15]։ Սահմանադրությունը, սակայն, չէր սահմանում նոր մայրաքաղաքի գտնվելու վայրը։ Մերիլենդ, Նյու Ջերսի, Նյու Յորք և Վիրջինիա նահանգներն առաջարկում էին իրենց տարածքները նոր մայրաքաղաքի համար։ Հյուսիսային նահանգները նախընտրում էին, որ մայրաքաղաք հռչակվի իրենց խոշոր քաղաքներից մեկը, իսկ հարավային նահանգները, ընդհակառակը, ցանկանում էին, որ նոր մայրաքաղաքը կինի իրենց տարածքում[16]։ Ավելի ուշ 1790 թվականի համաձայնագրով, որը ստորագրել են Ջեյմս Մեդիսոնը, Ալեքսանդր Համիլթոնը և Թոմաս Ջեֆերսոնը, նոր մայրաքաղաքը պետք է գտնվեր Պոտոմակ գետի ափին` Վիրջինիայի ու Մերիլենդի սահմանին։ Համիլտոնն առաջարկում էր, որ դաշնային նոր կառավարությունն իր վրա վերցնի պարտքերը, որոնք նահանգները հավաքել էին անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։ Սակայն 1790 թվականին հարավային նահանգները զգալիորեն փոխհատուցում են իրենց պարտքերը։ Համիլտոնի առաջարկը պահանջում էր, որ հարավային նահանգները վճարեն հյուսիսային նահանգների պարտքի մի մասը` փոխարենը մայրաքաղաքը կառուցելով իրենց տարածքում։ Ջեֆերսոնն ու Մեդիսոնը սատարում են այդ առաջարկը` ապահովելով նոր մայրաքաղաքի տեղը հարավային նահանգներում[17]։
1790 թվականի հուլիսի 16-ի օրենքը նախատեսում էր նոր մայրաքաղաքի գտնվելը այն շրջանում, որը կհռչակի նախագահ Ջորջ Վաշինգտոնը[18]։ Դաշնային շրջանի սկզբնական ձևը քառակուսի էր` ամեն կողմը տասը մղոն երկարությամբ, և Վաշինգտոնն ուզում էր մայրաքաղաքի մեջ ներառել Ալեքսանդրիան։ 1791 թվականին Կոնգրեսը դաշնային շրջանի մեջ Ալեքսանդրիան ներառելու համար ուղղում է արել օրենքում։ Այս օրենքի համաձայն` նախագահ Վաշինգտոնը 1791 թվականին երեք լիազոր (Թոմաս Ջոնսոն, Դենիել Քերոլ և Դևիդ Ստյուարտ) է նշանակում, որպեսզի վերահսկեն դաշնային շրջանի ու մայրաքաղաքի հատակագծումը, դիզայնը և սեփականության ձեռքբերումը այդ տարածքում[19]։ 1791 թվականի սեպտեմբերի 9-ին նրանք համաձայնում են քաղաքն անվանել Ջորջ Վաշինգտոնի պատվին, իսկ շրջանն անվանում են Կոլումբիա` ի պատիվ ԱՄՆ-ն խորհրդանշող կերպարի[20][21]։ 1791-1792 թվականներին ճարտարապետ Էնդրյու Էլիքոթը և նրա օգնականները սահմանում են քաղաքի սահմանները` 40 մեծ քար դնելով նրա պարագծով։ Այդ քարերից շատերը մինչ օրս էլ նույն տեղում են մնացել և այժմ համարվում են ազգային հուշարձաններ[22]։ Այդպիսով, նոր քաղաքը սկսում են կառուցել Պոտոմակ գետի հյուսիսային ափին` Ջորջթաունից արևելք։
1800 թվականի նոյեմբերի 17-ից ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատվում է Վաշինգտոնում[23]։
1801 թվականին ընդունված որոշման համաձայն` ձևավորվել է Կոլումբիա շրջանը, որի մեջ մտել են Վաշինգտոնը, Ջորջթաունը և Ալեքսանդրիան։ Այնուհետև տվյալ տարածքը բաժանվել է երկու շրջանի` Վաշինգտոն (Պոտոմակից հյուսիս և արևելք) և Ալեքսանդրիա (գետից հարավ և արևմուտք)[24]։ Այս օրենքն ընդունելուց հետո Վաշինգտոնի քաղաքացիները արդեն չեն համարվել Մերիլենդի և Վիրջինիայի բնակիչներ։
1814 թվականի օգոստոսի 24-25-ին անգլո-ամերիկյան պատերազմի շրջանակներում ծովակալ Ջորջ Քոբերնի գլխավորությամբ անգլիացիները գրավում և հրդեհի են մատնում Վաշինգտոնը, ինչի արդյունքում այրվում են Կապիտոլիումը, գանձարանը և Սպիտակ տունը[25]։ Կառավարական շինությունների մեծ մասը վերականգնում են, սակայն Կապիտոլիումը, որը դեռևս վերականգնման շրջանում էր, ներկայիս տեսքն ստացել է միայն 1868 թվականին[26]։
1830-1840-ական թվականներին Ալեքսանդրիայի հարավային շրջանում սկսվում է տնտեսական անկումը, որի պատճառ են հանդիսանում տեղի աբոլիցիոնիստների գործողությունները, ովքեր հասնում են այն բանին, որ վերանա ստրկատիրությունը այն ժամանակ, երբ ստրկավաճառությունը հանդիսանում էր շրջանի տնտեսության հենքը[27]։ 1840 թվականին Ալեքսանդրիայի բնակիչները դիմում են Կոնգրեսին խնդրանքով, որ իրենց հողատարածքները հետ ընդգրկվեն Վիրջինիա նահանգի կազմի մեջ։ 1846 թվականի հուլիսի 9-ին Կոնգրեսը բավարարում է այդ պահանջը[28]։
1850 թվականի համաձայնագրով քաղաքում արգելվում է ստրկավաճառութունը (բայց ոչ ստրկությունը)[29]։ 1860 թվականին քաղաքի սևամորթ բնակչությունը մոտ 80 %-ով բաղկացած էր ազատ բնակիչներից։ 1861 թվականի Ամերիկայի քաղաքացիական պատերազմը հանգեցրեց բնակչության աճին հիմնականում ազատագրված ստրուկների հոսքի հաշվին։ 1862 թվականին ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը ստորագրել է ակտ, որով ազդարարվում էր ստրկության վերջը մայրաքաղաքում։ Դրանից հետո ազատ է հռչակվում մոտ 3.100 մարդ[30]. К 1870 году население города увеличилось почти до 132 000 человек[31]: 1870 թվականին քաղաքի բնակչությունը հասնում էր 132.000-ի։ Չնայած քաղաքի աճին` Վաշինգտոնի փողոցները մնում էին չսալահատակված, ինչի հետևանքով հաճախ անձրևից հետո անհնար էր դառնում դրանցով քայլելը խիստ ցեխի պատճառով։ Ճանապարհների վիճակն այնքան վատ էր, որ Կոնգրեսի մի քանի անդամներ առաջարկում են նույնիսկ տեղափոխել մայրաքաղաքը մեկ այլ վայր[32]։
1871 թվականին ընդունված օրենքով Կոնգրեսը ստեղծում է կառավարություն ամբողջ շրջանի ղեկավարումն իրականացնելու համար` դրա հետ մեկտեղ միավորելով Վաշինգտոն, Ջորջթաուն քաղաքները մեկ միավորում, որը ստանում է Կոլումբիայի շրջան պաշտոնական անվանումը[33]։ Նույնիսկ այն բանից հետո, երբ իրավական տեսանկյունից Վաշինգտոն քաղաքի գոյությունը դադարեցվել էր 1871 թվականին, այդ անունը շարունակվում է կիրառվել ամբողջ շրջանը մատնանշելու համար։ Նույն օրենքով Կոնգրեսը հանձնաժողով է նշանակում քաղաքը մոդեռնացնելու նպատակով։ 1873 թվականին նախագահ Ուլիսես Ս. Գրանթը նահանգապետ է նշանակում Ալեքսանդր Շեփարդին։ Նույն թվականին Շեփարդը 20 միլիոն դոլար (2007 թվականի հաշվարկով` 357 միլիոն դոլար[34]) է ծախսում հասարակական աշխատանքների վրա։ Վաշինգտոնը մոդեռնացվում է քաղաքային բյուջեի նյութական սպառման հաշվին։ 1874 թվականին Կոնգրեսը պաշտոնանկ է անում Շեփարդին, և քաղաքի վերազինման փորձեր այլևս չեն ձեռնարկվում ընդհուպ մինչև 1901 թվականը։
Քաղաքի բնակչության թվաքանակը համեմատաբար կայուն էր մինչև 1930-ական թվականների Մեծ ճգնաժամը, երն Ֆրանկլին Ռուզվելտի Նոր կուրսի օրենսդրությամբ ավելացավ պետական ծառայողների թիվը Վաշինգտոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ակտիվացրեց կառավարության գործունեությունը` լրացնելով մայրաքաղաքում քաղծառայողների թիվը[35]։ 1950 թվականին քաղաքի բնակչությունը հասավ իր գագաթնակետին` 802.178 բնակիչ[36]։ 1961 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Սահմանադրության 23-րդ բարեփոխումը, որը Վաշինգտոնին տրամադրում էր երեք ձայն ընտրողների կոլեգիայում նախագահի ընտրության համար, սակայն դարձյալ կոնգրեսմեն ընտրելու հնարավորություն չէր ընձեռում։
1968 թվականի ապրիլի 4-ին, կապված քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի սպանության հետ, քաղաքում` հատկապես աֆրոամերիկյան և առևտրական թաղամասերում, անկարգություններ են տեղի ունենում, որոնք շարունակվում են երեք օր, քանի դեռ չի հաջողվում այն ճնշել 13.000-անոց դաշնային և ազգային գվարդիայի զորաբանակի միջոցով։ Այրվում են շատ խանութներ, տարբեր շինություններ, որոնց վերականգնումը ձգձգվում է մինչև 1990-ական թվականների վերջերը[37]։
1973 թվականին Կոնգրեսը որոշում է ընդունում Կոլումբիա շրջանի ինքնակառավարման մասին, որով նախատեսվում էր քաղաքի կառավարումը քաղաքային խորհրդի կողմից` ընտրված քաղաքապետի գլխավորությամբ[38]։ 1975 թվականին Ուոլթեր Վաշինգտոնը դառնում է առաջին ընտրված և միաժամանակ ԱՄՆ-ի մայրաքաղաքի առաջին սևամորթ քաղաքապետը[39]։ Սակայն 1980-1990-ական թվականներին քաղաքային խորհուրդը քննադատվում է ոչ հմուտ ղեկավարման և բյուջեի միջոցները անտեղի վատնելու պատճառով[40]։ Քաղաքը վերականգնում էր մինչև 2001 թվականն ունեցած իր ֆինանսական վիճակը, երբ Սենատի գործունեությունը վերահսկման ուղղությամբ կասեցվել էր։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Վաշիգտոնի հարևան Արլինգտոնում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն. «Ամերիկյան ավիաընկերությունների» (անգլ.՝ American Airlines) № 77 չվերթի ինքնաթիռը մխրճվել է Պենտագոնի արտաքին ձախ թևի մեջ։ Արաբ մահապարտ ահաբեկիչների խումբը, առգրավելով քաղաքացիական ինքնաթիռը, այն ուղղել է պաշտպանության նախարարության շենքի վրա։ Արդյունքում մահացել է 189 մարդ` ներառյալ հինգ ահաբեկիչները, ինքնաթիռի 59 ուղևորները և Պենտագոնի 125 աշխատակիցները[41]։ Ահաբեկչությունից հետո սկսվել է հուշահամալիրի կառուցումը` նվիրված զոհերի հիշատակին։ Այն բացվել է 2008 թվականի սեպտեմբերի 11-ին` ողբերգության 7-րդ տարելիցին[42]։
Վաշինգտոնը գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում` Ատլանտյան օվկիանոսի ափից մոտ 53 կմ հեռավորության վրա[43]։ Քաղաքի մակերեսը 177 կմ² է, որից 159 կմ²-ն բաժին է ընկնում ցամաքին, իսկ 18 կմ²-ն` ջրին[44]։ Ցամաքային հատվածում քաղաքը գտնվում է Մերիլենդ նահանգի տարածքում. այն շրջապատված է նրանով ամեն կողմից` բացի հարավ-արևմուտքից։ Քաղաքը գտնվում է երեք գետերի մոտ` Պոտոմակ` և նրա երկու վտակների` Անակոստիայի և Ռոկ Կրիկի[45]։ Մեկ այլ վտակ` Թայբեր Կրիկը, որն անցնում էր Ազգային ծառուղով, 1870-ական թվականներին ամբողջովին իջեցվել է քաղաքի տակ[46]։ Պոտոմակին զուգահեռ քաղաքով անցնում է Վաշինգտոնի ջրանցքը, որը թափվում է Անակոստիայի մեջ։ Վտակ է ձևավորել նաև ներկայումս գերլցված Վաշինգտոն Սիթի ջրանցքը, որի միջոցով 1815-1850-ական թվականներին քաղաքի միջով Անակոստիա գետին են հասել[47]։ Չեսապիկ և Օհայո ջրանցքները սկիզբ են առել Ջորջթաունում և 19-րդ դարում օգտագործվել են Պոտոմակ գետի Փոքր ջրանցքները շրջանցելու համար, որոնք գտնվում էին Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում` Ատլանտյան ափի եզրագծին[48]։
Քաղաքի սահմաններում տեղակայված են մի քանի կղզիներ։ Պոտոմակի վրա են գտնվում Թեոդոր Ռուզվելտի, Կոլումբիայի, Երեք քույրերի և մի քանի այլ մանր կղզիներ։ Անակոստիայի խոշորագույն կղզին Քինգմենի կղզին է։
Ի հեճուկս քաղաքային լեգենդի` Վաշինգտոնը չի կառուցվել չորացված ճահիճների վրա։ Այն ժամանակ, երբ, իրոք, ճահճուտները շրջապատում էին այս գետերի հարակից տարածքները, քաղաքի տարածքի մեծ մասը կազմում էին գյուղատնտեսական նշանակության տարածքներն ու բլուրները։ Քաղաքի ամենաբարձր կետը Ռենո կետն է, որ գտնվում է Ֆորտ Ռենոյի այգում` ծովի մակարդակից 125 մ բարձրության վրա[49]։ Ամենացածր կետը Պոտոմակ գետի հունն է[50]։ Վաշինգտոնի աշխարհագրական կենտրոնը գտնվում է 4-րդ և Էլ սթրիթ (անգլ.՝ L Street) փողոցների հատման կետում[51][52][53]։
Վաշինգտոնի տարածքի մոտ 20 %-ը` 7.464 ակր, կազմում են այգիների տնկարկները։ Բնակչության խտության մեծությամբ այն երկրորդն է Նահանգներում[54]։ Ազգային պարկերի ամերիկյան ծառայությունը տնօրինում է քաղաքի բնական միջավայրի մեծ մասը` ներառյալ այնպիսի պարկեր, ինչպիսիք են Ազգային ծառուղին, Ռոկ Կրիկը, Թեոդոր Ռուզվելտի կղզու պարկը, Սահմանադրության այգիները և այլն[55]։ Ռոկ Կրիկ քաղաքյին այգին, որ հիմնադրվել է 1890 թվականին և ունի 1.754 ակր (7.10 կմ²) մակերես, մեծությամբ չորրորդ ազգային պարկն է երկրում։ Այստեղ հաստատվել են տարբեր կենդանիներ ու թռչուններ` եղջերու, կուղբ, բու, շնագայլ, աճում են տարատեսակ բույսեր[56]։ Բնական միջավայրի միակ մասը, որը չի գտնվում Ազգային պարկերի ծառայության ենթակայության տակ, Ազգային դենդրարիումն է, որ գտնվում է ամերիկյան գյուղատնտեսության նախարարության տնօրինման ներքո։
Վաշինգտոն քաղաքի տեսքը Վաշինգտոնի կոթողից
Վաշինգտոնը գտնվում է մերձարևադարձային խոնավ կլիմայական գոտու հյուսիսային շրջանում, սակայն համաձայն Trewartha կլիմայական դասակարգման` քաղաքն ունի չափավոր ծովային կլիմա[57][58]։ Ձմեռները սովորաբար ցուրտ են, թուլյ ձյունով, որ սովորաբար տարեկան կազմում է 37 սմ։ Ձմեռային միջին ջերմաստիճանը կազմում է 3.3 °C դեկտեմբերի կեսից մինչև փետրվարի կեսը[59]։ Ձյունամրրիկները Վաշինգտոնին անհանգստացնում են միջին հաշվարկով 4-6 տարին մեկ։ Ամենաուժեղ փոթորիկներն անվանում են նորդիստեր, որոնք, որպես կանոն, ուղեկցվում են ուժգին քամով, հորդառատ անձրևով կամ ձյունով։ Այս փոթորիկները հաճախ բնորոշ են լինում Ամերիկայի արևելյան ափին[60]։
Ամառները շոգ են ու խոնավ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 26.4 °C է, օրական միջին խոնավությունը` մոտ 66 %[59][59][61]։ Ամառային բարձր ջերմաստիճանի և խոնավության միագումարը հանգեցնում է հաճախակի ամպրոպների, ինչն էլ երբեմն հանգեցնում է պտտահողմերի առաջացման։
Վաշինգտոնում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1918 թվականի օգոստոսի 6-ին և 1930 թվականի հուլիսի 20-ին` +41 °C, մինչդեռ ամենացածր ջերմաստիճանը` −26 °C, գրանցվել է 1899 թվականի փետրվարին` Մեծ ձյունամրրիկի ժամանակ[60]։
Գարունն ու աշունը մեղմ են և տաք։
Վաշինգտոն ԿՇ-ն պլանային քաղաք է։ 1791 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Վաշինգտոնը ֆրանսիացի ճարտարապետ, քաղաքաշինարար Պիեր Շարլ Լ'Էֆանտին հանձնարարում է մշակել նոր մայրաքաղաքի հատակագիծը, իսկ շոտլանդացի տեղագրագետ Ալեքսանդր Ռալսթոնին նշանակում է նրան օգնական քաղաքի հատակագիծը կազմելու գործում[62]։ Լ'Էֆանտի ծրագիրն առանձնանում էր լայն փողոցներով և ծառուղիներով, որոնք սկիզբ էին առնում ուղղանկյուն հատվածներից` տարածություն ապահովելով բաց տարածքների և լանդշաֆտային դիզայնի համար[63]։ Նա քաղաքի հատակագիծը մշակելիս հաշվի էր առել այնպիսի քաղաքների հատակագծեր, ինչպիսիք են Փարիզը, Ամստերդամը, Կարլսրուեն և Միլանը, ուր նրան ուղարկել էր Թոմաս Ջեֆերսոնը[64]։ Ճարտարապետի դիզայնում նախատեսված էր հսկա ծառուղի` մոտ մեկ մղոն (1.6 կմ) և 400 ֆուտ (120 մ) երկարությամբ, այն շրջանում, որտեղ այժմ Ազգային մոլն է[65]։
Լ'Էֆանտի ծրագիրը 1792 թվականի մարտին վերանայել է Էնդրյու Էլիքոտը։ Նախագահ Վաշինգտոնը Լ'Էֆանտին պաշտոնից հեռացրել է 1792 թվականին երեք կոմիսարների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, ովքեր նշանակված էին վերահսկելու մայրաքաղաքի կառուցումը։ Էլիքոթին, ով աշխատել էր Լ'Էֆանտի հետ` նկարելով քաղաքը, հանձնարարվում է ավարտին հասցնել նախագիծը։ Չնայած Էլիքոթը փոփոխություններ է մտցնում նախնական ծրագրում` այդ թվում փոխելով որոշ փողոցների մոդելները, այնուամենայնիվ Լ'Էֆանտին է վերագրվում քաղաքի ընդհանուր դիզայնը[66]։
1900-ական թվականների սկզբին Լ'Էֆանտի` ազգային խոշոր մայրաքաղաք ստեղծելու ծրագիրը մթագնեցին արվարձաններն ու պատահականորեն կառուցված շինությունները` ներառյալ երկաթուղային կայարանը Ազգային մոլում։ Կոնգրեսը ձևավորում է հատուկ կոմիտե, որ մեղադրվում է Վաշինգտոնի հանդիսավոր կենտրոնը զարդարելու մեջ։ Այն, ինչ հայտնի դարձավ Մաքմիլանի հատակագիծ անվանումով, ավարտին է հասցվել 1901 թվականին և ներառում է Կապիտոլիումի և Ազգային առևտրի կենտրոնի տարածքների վերաիմաստավորումը, արվարձանների մաքրումը և պարկի նոր համակարգի ստեղծումը։ Ենթադրվում է, որ այս ծրագիրը հիմնականում պահպանել էր Լ'Էֆանտի նախագծի դիզայնը[63]։
Օրենքի համաձայն` Վաշինգտոնի հորիզոնը ցածր է և ձգված։ Շինությունների բարձրության մասին 1910 թվականի դաշնային օրենքը թույլատրում է հարակից փողոցի լայնությունից ավելի բարձր չեղող շենքերի բարձրությունը ավելացնել ևս 20 ֆուտով (6.1 մ)[67]։ Չնայած տարածում գտած կարծիքին` ոչ մի օրենքով երբեք չի սահմանափակվել շենքերի բարձրությունը` Կապիտոլիումի կամ Վաշինգտոնի հուշակոթողի բարձրությունը (169 մ) գերազանցելու. հուշակոթողը շարունակում է մնալ շրջանի ամենաբարձր կառույցը[53]։ Քաղաքի ղեկավարները քննադատել են բարձրության սահմանափակումը, որ դարձել է շրջանի բնակարանային ֆոնդի սակավության, տրանսպորտային դժվարությունների պատճառ, որոնցով էլ պայմանավորվել է քաղաքի ընդարձակումը[67]։
Կոլումբիա շրջանը բաժանված է ոչ հավասար չորս քառորդի` հյուսիս-արևմուտք, հյուսիս-արևելք, հարավ-արևելք, հարավ-արևմուտք։ Քառորդները սահմանափակող առանցքները ճառագայթում են Կապիտոլիումի շենքից։ Ճանապարհների բոլոր անվանումները պարունակում են քառորդի հապավում. որպեսզի մատնանշվեն դրանց տեղն և տների համարները, որպես կանոն, համապատասխանում են Կապիտոլիումից հեռու գտնվող թաղամասերի քանակին։ Փողոցների մեծ մասը ցանցի նման ձգվում է արևելքից արևմուտք ուղղությամբ և նշվում է տառերով (օրինակ` C Street SW), իսկ հարավից հյուսիս ձգվող փողոցները` թվերով (օրինակ` 4-րդ փողոց NW): Տրամագծով տեղաբաշխված են մայրուղիները, որոնցից շատերն անվանված են նահանգների պատվին[68]։
Վաշինգտոնի տարածքը հյուսիսում սահմանափակված է Հյուսիսային փողոցով (1890 թվականին անվանակոչվել է Ֆլորիդայի պողոտա), արևմուտքում` Ռոկ Կրիկով և արևելքում` Անակուսիա գետով։ Վաշինգտոնի փողոցային ցանցը հնարավորինս ընդարձակվել է ամբողջ շրջանում` սկսած 1888 թվականից[69]։ Ջորջթաունի փողոցները վերանվանվել են 1895 թվականին։ Հատուկ ուշադրության են արժանի որոշ փողոցներ, օրինակ` Փենսիլվանիայի պողոտան, որը Սպիտակ տունը միացնում է Կապիտոլիումին և K փողոցին, որտեղ տեղակայված են լոբիստական մի շարք խմբավորումների գրասենյակները[70]։ Վաշինգտոնում հաշվվում է 177 դեսպանատուն, որոնք կազմում են մոտավորապես 297 շենք. դրանք գտնվում են 1.600 բնակելի տների շրջանից դուրս, որոնք պատկանում են այլ երկրների։ Դրանցից շատերը գտնվում են Մասաչուսեթս պողոտայի շրջանում, որը ոչ պաշտոնապես հայտնի է որպես Ռոու դեսպանություն[71]։
Վաշինգտոնի ճարտարապետությունը խիստ տարբեր է։ Ըստ Ամերիկյան ճարտարապետական ինստիտուտի 2007 թվականին կազմած վարկանիշային աղյուսակի` «Ամերիկայի սիրված ճարտարապետություն» մրցույթի տասը լավագույն շենքերից վեցը գտնվում են Կոլումբիա շրջանում[72]։ Դրանք են Սպիտակ տունը, Վաշինգտոնի ազգային տաճարը, Թոմաս Ջեֆերսոնի հուշահամալիրը, ԱՄՆ-ի Կապիտոլիումը, Լինքոլնի և Վիետնամի վետերանների հուշահամալիրները։ Նորդասական, գոթական, վրացական և ժամանակակից այլ ոճեր արտացոլված են վաշիգտոնյան այս վեց և ակնառու այլ կառույցներում։ Հայտնի բացառություն են ֆրանսիական երկրորդ կայսրության ոճով կառուցված շենքերը, օրինակ` Էյզենհաուերի գրասենյակը[73]։
Վաշինգտոնի կենտրոնից դուրս ճարտարապետական ոճերն առավել բազմազան են։ Պատմական շինությունները հիմնականում նախագծված են թագուհի Աննայի, ռոմանական, վրացական վերածննդի, բոզ-արի, վիկտորյանական տարատեսակ ոճերով։ Դրանք առավել աչքի են ընկնում այն շրջաններում, որոնք ստեղծվել են քաղաքացիական պատերազմից հետո և սովորաբար հետևում են դաշնային և ուշ վիկտորյանական նախագծերին։ Ջորջթաունի Հին քարե տունը կառուցվել է 1765 թվականին, ինչի շնորհիվ այն ամենահին ինքնատիպ շինությունն է քաղաքում[74]։ 1789 թվականին հիմնադրված Ջորջթաունի համալսարանն առանձնանում է ռոմանական, գոթական ու վերածննդի ոճերի միախառնումով[73]։ Ռոլանդ Ռեյգանի շինությունը (անգլ.՝ Ronald Reagan Building ) ամենախոշոր կառույցն է շրջանում` 288.000 մ² ընդհանուր մակերեսով[75]։
Քաղաքի բնակչությունը միշտ եղել է ոչ բազմամարդ ամերիկյան մնացած մեգապոլիսների համեմատությամբ։ 1860 թվականին՝ անմիջապես ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից առաջ, Վաշինգտոնում ապրում էր մոտ 75.000 մարդ, շատ ավելի քիչ, քան ամերիկյան այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքն ու Ֆիլադելֆիան[76]։ Քաղաքացիական պատերազմից հետո քաղաքի բնակչությունն աճեց մոտ 75 %-ով և հարաբերականորեն կայուն էր մինչև 1930-ական թվականների Մեծ ճգնաժամը[76]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի բնակչությունն աճել է դաշնային մարմիններում ընդգրկված քաղծառայողների հաշվին[77]։ 1950 թվականին քաղաքի բնակչության թիվը հասել է իր առավելագույն ցուցանիշին` 802.178 մարդ[78]։ Սակայն շուտով քաղաքն սկսում է կորցնել իր բնակիչներին նրանց` արվարձաններում հաստատվելու պատճառով, քանի որ ճանապարհային ընդարձակված ցանցը մատչելի էր դարձրել քաղաքից դուրս բնակարանները։ 1960-ական թվականների հասարակական անկարգությունները և հանցագործությունների քանակի աճը հանգեցրին նրան, որ 1980 թվականին քաղաքի բնակչությունը նվազեց մեկ քառորդով[76]։ Քաղաքի բնակչությունը նվազել է մինչև 1990-ական թվականները, սակայն 2000 թվականին առաջին անգամ նկատվեց բնակչության աճ, իսկ 2010 թվականի մարդահամարի տվյալներով տասը տարվա ընթացքում բնակչության թվի աճը կազմել է 5.2 %[79][80]:
Բնակչության 1800-2020 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Վաշինգտոնում իր հիմնադրման ժամանակներից մինչ օրս միշտ մեծ թվով աֆրոամերիկացիներ են ապրել. Անկախության պատերազմից հետո Վերին հարավի ստրուկները հաստատվել են քաղաքում։ Եթե մինչ պատերազմը սևամորթ ազատ բնակչությունը կազմում էր բնակչության 1 %-ը, ապա 1810 թվականին այն արդեն կազմում էր 10 %[89]։ 1800-1940 թվականների ընթացքում աֆրոամերիակացիները կազմել են ամբողջ բնակչության մոտ 30 %-ը[36]։
Աֆրոամերիկացի բնակչության թվաքանակը Վաշինգտոնում իր գագաթնակետին է հասել 1970 թվականին, սակայն այդ ժամանակվանից էլ այն սկսել է նվազել դեպի արվարձաններ հոսքի պատճառով, մինչդեռ սպիտակամորթ բնակչության թվաքանակն սկսել է աճել[90]։
2000 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ Վաշինգտոնի բնակիչներից մոտ 33.000 մարդ հոմոսեքսուալ է կամ բիսեքսուալ. այդ ցուցանիշը կազմում է քաղաքի չափահաս բնակչության 8.1 %-ը[91]։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով այդ ցուցանիշը հասել է 10 %-ի[92]։ Այդ թվաքանակի աճը կարելի է բացատրել Վաշինգտոնի լիբերալ քաղաքական տրամադրությամբ, որտեղ միասեռ ամուսնությունները հաստատող օրինագիծն ընդունվել է 2009 թվականին քաղաքապետի կողմից[92][93]։
2010 թվականի մարդահամարի տվյալներով Վաշինգտոնի բնակչությունը 601.657 մարդ է։ Վերջին տարիներին նկատվում է բնակչության թվաքանակի աճ. 2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ուներ 572.059 բնակիչ[94]։ Աշխատանքային շաբաթվա ընթացքում բնակիչների թիվն աճում է մոտ միլիոնով արվարձաններից մարդկանց ներհոսքի հաշվին[95]։ Վաշինգտոնի ագլոմերացիան` ավելի քան 5 միլիոն բնակչով, հարակից Մերիլենդի և Վիրջինիայի շրջանների հետ երկրում ութերորդն է իր թվաքանակով։ Եթե հաշվենք նաև Բալթիմորի ագլոմերացիան, ապա բնակչության թիվը կկազմի 8 միլիոն, ինչի շնորհիվ այն չորրորդը կլինի երկրում այդ ցուցանիշով[96]։
2007 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ մայրաքաղաքի բնակչության մոտ մեկ երրորդը գործնականում անգրագետ է։ Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ ներգաղթյալները (մոտ 74.000 մարդ) վատ գիտեն անգլերեն[97][98]։ Քաղաքի բնակչության 85.16 %-ը խոսում է անգլերեն, 8.78 %-ը` իսպաներեն և 1.35 %-ը` ֆրանսերեն[99]։ Չնայած գործնական անգրագիտության բարձր ցուցանիշին` բնակիչների մոտ 46 %-ն ունի աստիճան, որը ստացել է քոլեջում չորսամյա ուսումնառությունից հետո[100]։
Համաձայն ԱՄՆ-ի մարդահամարի գրասենյակի` 2010 թվականի տվյալների` քաղաքում բնակվում էին 50.7 % աֆրոամերիկացիներ, 38.5 %` սպիտակամորթներ, 3.5 %` ասիացիներ և 0.3 % բնիկ ամերիկացիներ։ Այլ ռասաների ներկայացուցիչները կազմել են 4.1 %, իսկ խառնածինները` 2.9 %: Լատինական Ամերիկայից ներգաղթածների թիվը կազմել է 9.1 %[101]:
Հանցագործությունը Վաշինգտոնում կենտրոնացված է այն շրջաններում, որոնք աչքի են ընկնում չքավորությամբ, թմրանյութերի չարաշահումով։ 2010 թվականին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքի թաղամասերի 5 %-ին բաժին է ընկնում շրջանի հանցագործության մեկ քառորդ մասը[102]։ Վաշինգտոնի առավել բարեկեցիկ հյուսիս-արևմտյան թաղամասերը, որպես կանոն, անվտանգ են, իսկ բռնություններ ու հանցագործություններ ավելի շատ կատարվում են առավել աղքատ թաղամասերում, որոնք կենտրոնացված են քաղաքի արևելյան հատվածում։ Քաղաքի մոտ 60.000 բնակիչ նախկին դատապարտյալներ են[103]։
Վաշինգտոնը հաճախ է հիշատակվում որպես 1990-ական թվականների սկզբի ԱՄՆ-ի «սպանությունների մայրաքաղաք»[104]։ Սպանությունների քանակն իր առավելագույն ցուցանիշին է հասել 1991 թվականին՝ տարեկան 479, սակայն աստիճանաբար այս ցուցանիշը սկսել է նվազել[105]։ 2012 թվականին տարեկան սպանությունների թիվը հասել է 88-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է` սկսած 1961 թվականից[106]։ Սպանությունների թիվն այդ ժամանակից ի վեր աճել է մինչև պատմական այդ նվազագույնը, չնայած այն մոտ է մնում 2000-ական թվականների կեսերի տեմպերին[107]։ 2016 թվականին մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքը գրանցել է 135 սպանություն, ինչը 53 %-ով ավելի է, քան 2012 թվականի ցուցանիշը, սակայն 17 %-ով քիչ, քան 2015 թվականի ցուցանիշը[108]։ Մի շարք թաղամասեր (Columbia Heights և Logan Circle) առավել ապահով են դարձել, սակայն գողությունների ու հափշտակությունների ցուցանիշն այդ թաղամասերում բարձր է` պայմանավորված գիշերային կյանքի ակտիվությամբ և հարուստ բնակիչների մեծ թվաքանակով[109]։ Համենայն դեպս, հանցագործությունների ընդհանուր թվաքանակը գրեթե կիսով չափ կրճատվել է 1990-ական թվականներին գրանցված առավելագույն ցուցանիշների համեմատությամբ[110]։
2008 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սատարել է հակընդդեմ դատը։ Երկու դատարանն էլ հանգել են այն տեսակետին, որ զենքի արգելքը հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրության երկրորդ բարեփոխմանը[111]։ Սակայն դատարանի որոշումը չի նշանակել զենքի վերահսկումից հրաժարումը. օրենքները, որոնք պահանջում են զենքի գրանցում, մնում են ուժի մեջ ճիշտ այնպես, ինչպես քաղաքի վրա հարձակման արգելքը[112]։ Ի լրումն շրջանային ոստիկանական բաժանմունքի` դաշնային իրավապաշտպան մարմինները քաղաքում ունեն իրավասություն. դա առավել նկատելի է 1791 թվականին հիմնադրված պարկում։
Վաշինգտոնի տնտեսությունն առաջին հերթին բնորոշվում է քաղաքական կառավարման ոլորտում զբաղվածությամբ, ինչպես նաև ծառայությունների մատուցմամբ։ Մեծ տոկոս է կազմում քաղաքի բնակչության այն մասը, որն աշխատում է կառավարման համակարգում, այսինքն` հանդիսանում է դաշնային աշխատող։ Նրանց տոկոսը տարեցտարի փոփոխվում է. դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը երբեմն կրճատում, երբեմն էլ ավելացնում է աշխատատեղերը։ 2007 թվականի հունվարին դաշնային ծառայողների թիվը կազմում էր ամբողջ բնակչության 14 %-ը, 2008 թվականին դաշնային կառավարությունը այդ թիվն ավելացրել է` հասցնելով 27 %-ի, քանի որ տրամադրել է լրացուցիչ աշխատատեղեր[113][114]։ Քաղաքի ՀՆԱ-ն 2008 թվականին կազմել է 97.2 միլիարդ դոլար. այս ցուցանիշով շրջանը 35-րդն է ամերիկյան 50 նահանգների մեջ[115]։
Շատ կազմակերպություններ, ֆիրմաներ, անկախ կազմակերպություններ, ոչ առևտրային կազմակերպություններ, պրոֆմիություններ, առևտրային խմբեր իրենց շտաբ-գրասենյակներն ունեն Վաշինգտոնում կամ նրա մերձակայքում դաշնային կառավարությանն ավելի մոտ լինելու նպատակով` զբաղվելով իրենց հետաքրքրությունների լոբբինգով[116]։
2010 թվականի հունվարին Վաշինգտոնի ագլոմերացիայում գործազրկության տոկոսը կազմել է 6.9 %. դա երկրորդ արդյունքն է ամերիկյան բոլոր առավել մեծ 49 ագլոմերացիաներում[117]։ Անմիջապես Վաշինգտոնում այդ ցուցանիշը կազմում էր 12 %[118]։
Քաղաքում առկա են արդյունաբերության ճյուղեր, որոնք սերտորեն առնչվում են դաշնային կառավարման հետ. դա առաջին հերթին վերաբերում է կրթությանը, ֆինանսներին, պետական քաղաքականությանն ու գիտական հետազոտություններին։ Իրենց եկամուտների ցուցանիշով աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից (ըստ Fortune ամսագրի) երկուսը գտնվում են Վաշինգտոնում։ Դրանք են ԱՄՆ-ի փոստային ծառայությունը (68 միլիարդ դոլար շրջանառությամբ զբաղեցնում է 92-րդ տեղը) և «Fannie Mae» գործակալությունը (29 միլիարդ դոլար շրջանառությամբ զբաղեցնում է 270-րդ տեղը)[119]։ Քաղաքում քիչ են արդյունաբերական ձեռնարկությունները։ Այս ոլորտը գլխավորապես ներկայացված է սպառողական ապրանքների արտադրությամբ, ինչպես նաև տպագրությամբ. այստեղ են գտնվում մեծ թվով տպագրական ընկերություններ, կառավարական տպագրություններ։ Լավ զարգացած է հյուրանոցային բիզնեսը. քաղաքում կա մոտ 130 հյուրանոց[120]։
Համաձայն 2009 շինարարական ընկերությունների ամփոփիչ եզրակացության` 2009 թվականին անշարժ գույքի ներդրումների ծավալով Վաշինգտոնը առաջինն է` գերազանցելով Լոնդոնին ու Նյու Յորքին[121]։ Expansion ամսագիրը 2006 թվականին քաղաքը երկրի տասը շրջաններից լավագույնն է համարել առավել բարեհաջող գործարար մթնոլորտի և տնտեսական աճի ցուցանիշներով[122]։ Վաշինգտոնը ԱՄՆ-ի քաղաքների թվում երրորդն է Նյու Յորքից և Չիկագոյից հետո առևտրային ընկերութունների գրասենյակների թվով[123]։ 2008 թվականին, չնայած ազգային տնտեսական ճգնաժամին և բնակարանների գների անկմանը, քաղաքը երկրորդ տեղն է զբաղեցրել անշարժ գույքի ամերիկյան երկարաժամկետ շուկայի ցանկում, որ հրապարակել է Forbes ամսագիրը[124]։
2006 թվականին մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմել է 55.755 դոլար. դա ավելի բարձր է, քան ԱՄՆ-ի ցանկացած նահանգում[125]։ Սակայն 2005 թվականի տվյալներով քաղաքի բնակիչների 19 %-ը ապրուստի համար անհրաժեշտ նվազագույն մակարդակից ցածր մակարդակով են ապրում. այս ցուցանիշով Վաշինգտոնը գլխավորում է համապատասխան ցուցակը` զիջելով միայն Միսսիսիպի նահանգին[126]։
Ազգային ծառուղին բաց ընդարձակ այգի է Վաշինգտոնի կենտրոնում` Լինքոլնի հուշահամալիրի և Կապիտոլիումի միջև։ Հաշվի առնելով նրա հայտնի լինելու հանգամանքը` ծառուղին հաճախ դառնում է քաղաքական բողոքների, համերգների, փառատոների ու տոնական արարողությունների անցկացման վայր։ Վաշինգտոնի և Ջեֆերսոնի հուշարձանները գտնվում են ծառուղու կենտրոնում` Սպիտակ տնից հարավ։ Այստեղ` Լինքոլնի հուշարձանից արևելք, գտնվում են նաև Երկրորդ աշխարհամարտին նվիրված ազգային համալիրը և Կորեայի ու Վիետնամի պատերազմի վետերանների պատվին կառուցված հուշահամալիրները։
Ազգային ծառուղուց հարավ շատրվանն է (Tidal Basin), որի շուրջը ճապոնական սակուրաների շարք է. դա ճապոնացի ժողովրդի նվերն է։ Շատրվանի մոտ են գտնվում Ֆրանկլինի, Ռուզվելտի, Ջորջ Մեյսոնի, Ջեֆերսոնի, Մարտին Լյութեր Քինգի հուշահամալիրները[127]։
Ազգային արխիվում պահպանվում են հազարավոր փաստաթղթեր, որոնք առնչվում են ամերիկյան պատմության կարևորագույն էջերին, այդ թվում Անկախության հռչակագիրը, ԱՄՆ-ի Սահմանադրությունն ու օրենսգիրքը։ Կապիտոլիումի բլրի երեք շինություններում տեղակայված է Կոնգրեսի գրադարանը, որի հավաքածուն կազմում է մոտ 147 միլիոն գիրք, ձեռագիր և այլ նյութեր[128]։ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի շենքը կառուցվել է 1935 թվականին, իսկ մինչ այդ դատարանն իր նիստերն էր անցկացնում Կապիտոլիումի հին պալատում[129]։
Սմիթսոնյան ինստիտուտը միավորում է 19 թանգարան և Ազգային կենդանաբանական այգին, որոնք անվճար են հասարակության համար։ Սմիթսոնյան ինստիտուտը կրթական ֆոնդ է, որ հաստատվել է Կոնգրեսի կողմից 1846 թվականին։ Այն վերահսկում է Վաշինգտոնի շրջանի պետական թանգարանների ու պատկերասրահների մեծ մասը, որոնց հավաքածուները հասանելի են հանրությանը[130]։ 2013 թվականին Սմիթսոնյան շրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է 30 միլիոն այցելություն։ Ամենից շատ այցելուներ ունեցող թանգարանը Բնական գիտությունների ազգային թանգարանն է Ազգային ծառուղում։ Ազգային ծառուղում գտնվում են ինստիտուտի այլ թանգարաններ ևս` Ավիացիայի ու տիեզերագիտության ազգային թանգարանը, Աֆրիկյան արվեստի, Ամերիկյան պատմության, Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանները, Սակլիրի ու Ֆրիրի պատկերասրահները, որոնք կենտրոնացած են ասիական արվեստի ու մշակույթի շուրջ, Հիրշհորնի թանգարանը, Քանդակների այգին, Արվեստի ու արդյունաբերության շենքը (հայտնի է նաև «Ամրոց» անունով), որը հաստատության շտաբ-բնակարանն է։ Սմիթսոնյան ամերիկյան գեղարվեստական թանգարանը և Ազգային պատկերասրահը գտնվում են Հին պատենտի գրասենյակում, որը տեղակայված է Վաշինգտոնի Չինական թաղամասի մոտ[131]։ Ռենվիկի պատկերասրահը պաշտոնապես մտնում է Սմիթսոնյան ամերիկյան գեղարվեստական թանգարանների մեջ, բայց գործում է Սպիտակ տան հարևանությամբ գտնվող առանձին շենքում։ Սմիթսոնյան թանգարանների մեջ են ներառված նաև Ազգային փոստային թանգարանը Դաշնության կայարանի մոտ, Անակուսիա համայնքի թանգարանը Վաշինգտոնի հարավ-արևելյան մասում և Վուդլի պարկում գտնվող Ազգային կենդանաբանական այգին[132]։
Արվեստի ազգային պատկերասրահը գտնվում է Ազգային ծառուղում` Կապիտոլիումից ոչ հեռու, և ներկայացնում է ամերիկյան ու եվրոպական արվեստի ստեղծագործություններ։ Պատկերասրահն ու նրա հավաքածուն պատկանում են ԱՄՆ-ին, սակայն Սմիթսոնյան ինստիտուտի մաս չեն կազմում[133]։ Ազգային շինարարական թանգարանը, որը զբաղեցնում է նախկին դատական հրապարակի շենքը, կառուցվել է քաղաքի նախագծման դիզայնով[134]։
Կոլումբիա շրջանում բազմաթիվ մասնավոր գեղարվեստական թանգարաններ կան, որոնք ունեն խոշոր հավաքածուներ։ Այդպիսին է, օրինակ, Կանացի արվեստի ազգային թանգարանը, Կորկորան պատկերասրահը, որը Վաշինգտոնի մասնավոր խոշորագույն թանգարանն է, Ֆիլիպսի հավաքածուն (անգլ.՝ The Phillips Collection) Դյուպոնի շրջանում, որը ԱՄՆ-ի առաջին գեղարվեստական թանգարանն է[135]։ Վաշինգտոնի մասնավոր այլ թանգարաններից են Լրագրության ու նորությունների թանգարանը, O Street, Աշխարհագրական ընկերության ազգային թանգարանը, Հոլոքոստի հուշաթանգարանը Ազգային ծառուղու հարևանությամբ, որ ներկայացնում է Հոլոքոստի հետ կապված վավերագրություն, ցուցանմուշներ[136]։
Վաշինգտոն ԿՇ-ն արվեստի ազգային կենտրոն է։ Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնը Ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Ազգային օպերայի ու Վաշինգտոնի բալետի գործունեության հարազատ վայրն է։ Քենեդու կոչումների կենտրոնը ԱՄՆ-ի մշակութային կյանքի մի մասն է[137]։ Ֆորդի պատմական թատրոնը, որը ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանության վայրն է, շարունակում է իր գործունեությունը որպես թատերական միջավայր[138]։
Կապիտոլիումի բլրի մերձակա ծովային զորանոցներում է հաստատվել ԱՄՆ-ի ծովային ուժերի նվագախումբը, որը հիմնադրվել է 1798 թվականին. այն երկրի երաժշտական ամենահին արհեստավարժ կազմակերպությունն է։
Ամերիկյան մարշերի հեղինակ, կոմպոզիտոր Ջոն Ֆիլիպ Սոուզան գլխավորել է նվագախումբը 1880-1892 թվականներին[139]։ ԱՄՆ-ի` 1925 թվականին հիմնադրված ռազմածովային նվագախմբի շտաբ-գրասենյակը գտնվում է Վաշինգտոնի ռազմածովային պալատում. այն ելույթ է ունենում քաղաքի տարածքում կազմակերպվող պաշտոնական միջոցառումներում և հասարակական համերգներում[140]։
Վաշինգտոնն ունի խիստ տեղային թատերական ավանդույթ, որը ձևավորվել է 1950 թվականին և զարգացման միտումներ ունի։ Շարժման մեջ են մտնում թատերական այնպիսի խմբեր, ինչպիսիք են Շեքսպիրյան թատերական ընկերությունը (անգլ.՝ Shakespeare Theatre Company), Թատերական ստուդիան (անգլ.՝ Studio Theatre), Woolly Mammoth Theatre Company թատերական ընկերությունը[141]։ Arena Stage-ը 2010 թվականին բացել է նոր վերանորոգված տարածք ափամերձ շրջանում։ Իսպանական GALA թատրոնը, որ ներկայումս տեղակայված է Կոլումբիա շրջանի բարձունքների վրա գտնվող Տիոլի պատմական թատրոնում, հիմնադրվել է 1976 թվականին և հանդիսանում է կատարողական արվեստի ազգային կենտրոն[142][143]։
U Street-ի միջանցքը Վաշինգտոնի հյուսիսարևմտյան հատվածում հայտնի է «Վաշինգտոնյան սև Բրոդվեյ» անունով։ Այստեղ են գտնվում մշակութային մի շարք կազմակերպություններ` Հովարդ թատրոնը, Բոհեմական պանդոկ ջազ ակումբը և Լինքոլնի թատրոնը, որոնք աչքի են ընկել երաժշտական այնպիսի լեգենդների ելույթներով, ինչպիսիք են Դաք Էլինգտոնը, Ջոն Կոլտրանեն, Մայլս Դևիսը[144]։ Վաշինգտոնն ունի իր երաժշտական սեփական ժանրը, որ կոչվում է գո-գո. այն ներկայացնում է փոստ-ֆանկ ոճը, հարվածային ռիթմն ու բյլուզը, որ հանրահռչակվել է 1970-ական թվականների վերջերին D.C. խմբի առաջնորդ Չակ Բրաունի կողմից[145]։
Կոլումբիա շրջանը հնդկացիական մշակույթի, երաժշտության կարևոր կենտրոն է ԱՄՆ-ում։ Dischord Records լեյբլը, որ ստեղծել է Յան ՄաքՔեյը, ամենակարևոր անկախ լեյբլներից էր 1980-ական թվականների պանկ և 1990-ական թվականների ռոք ոճերում[146]։ Ժամանակակից այլընտրանքային և հնդկացիական երաժշտությունը ներկայացվում է Սև կատու և 9:30 Club ակումբներում, որոնք հայտնի են U Street-ի շրջանում[147]։
Վաշինգտոնը ԱՄՆ-ի 13 քաղաքներից մեկն է, որն արհեստավարժ թիմեր ունի կանանց ու տղամարդկանց հիմնական չորս մարզաձևերում։ Washington Wizards (Հոկեյի ազգային լիգա), Washington Capitals (Հոկեյի ազգային լիգա), Washington Mystics (Կանանց բասկետբոլի ազգային միավորում) թիմերը հանդես են գալիս Մայրաքաղաքի առաջին մրցասպարեզում (անգլ.՝ Capital One Arena), որը գտնվում է Չինական թաղամասում։ Ազգային պարկը, որը բացվել է 2008 թվականին, Washington Nationals (Բեյսբոլի գլխավոր լիգա) ակումբի հարազատ մրցասպարեզն է։ D.C. United (Ֆուտբոլի բարձրագույն լիգա) թիմը հանդես է գալիս Ռոբերտ Քենեդու անվան RFK մարզադաշտում։ Washington Redskins (Ազգային ֆուտբոլի լիգա) խաղում է Ֆեդեքս ֆիլդ մարզադաշտում, որը գտնվում է Լանդովերի մոտ` Մերիլենդում։
Կոլումբիա շրջանի ներկայիս թիմերն ընդհանուր առմամբ հաղթել են ազգային արհեստավարժ չեմպիոնատների տասը առաջնություններում, այդ թվում հինգ առաջնությունում հաղթող է ճանաչվել Washington Redskins թիմը, չորս անգամ` D.C. United թիմը և մեկ անգամ` Washington Wizards (հետագայում` Washington Bullets) թիմը[148][149][150]։
Արհեստավարժ և կիսաարհեստավարժ մյուս թիմերից են` Washington Kastles (թենիսի առաջնություն), Washington D.C. Slayers (ԱՄՆ-ի ռեգբիի լիգա), Baltimore Washington Eagles (ԱՄՆ-ի ավստրալիական ֆուտբոլի լիգա), D.C. Divas (Կանանց ֆուտբոլի լիգայի առաջնություն), Potomac Athletic Club RFC (Ռեգբիի սուպերառաջնություն)։
Վիլյամ Ֆիցջերալդի անվան թենիսի կենտրոնում կազմակերպվում է քաղաքի բաց առաջնությունը։ Վաշինգտոնում կազմակերպվում է ամենամյա երկու խոշոր մարաթոնյան վազք` Ծովային զորամիավորումների մարաթոնը, որն անցկացվում է ամեն աշուն, և ԱՄՆ-ի ռոքն ռոլ մարաթոնը, որը կազմակերպվում է գարնանը։ Ծովային զորամիավորումների մարաթոնն առաջին անգամ կազմակերպվել է 1976 թվականին և երբեմն կոչվում է «Ժողովրդական մարաթոն», քանի որ այն ամենամեծ մարաթոնն է, որը մրցանակային գումար չի տրամադրում հաղթողներին[151]։
Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի առաջին դիվիզիոնի թիմերը` American Eagles, George Washington Colonials, Georgetown Hoyas և Howard Bison and Lady Bison, մեծ ընդունելության են արժանանում։ Բասկետբոլի տղամարդկանց Georgetown Hoyas թիմը մեծ ճանաչում ունի և հանդես է գալիս Մայրաքաղաքի առաջին մրցասպարեզում (անգլ.՝ Capital One Arena): 2008-2012 թվականներին շրջանում կազմակերպվել է ամենամյա մրցաշար ֆուտբոլից քոլեջների միջև RFK մրցադաշտում և կոչվել է Military Bowl[152]: Վաշինգտոն ԿՇ-ում է անցկացվում շրջանային մարզական մեծ միջոցառումներից մեկը` Comcast SportsNet (CSN):
Վաշինգտոն ԿՇ-ն ազգային ու միջազգային ԶԼՄ-ների նշանավոր կենտրոն է։ 1877 թվականին հիմնադրված Վաշինգտոն Փոստ թերթն ամենահին և ամենաընթերցվող տեղական օրաթերթն է Վաշինգտոնում[153]։ Դա հավանաբար առավել նկատելի է ազգային ու միջազգային քաղաքականությունը, մասնավորապես Ուոթերգեյթյան սկանդալը լուսաբանելիս[154]։ «Փոստը», ինչպես այն անվանում են լայն զանգվածները, 2011 թվականին ընթերցողների թվաքանակի մեծությամբ վեցերորդն է եղել երկրում բոլոր համանման թերթերի մեջ[155]։ «Վաշինգտոն Փոստ» ընկերությունը հրապարակում է նաև «Էքսպրես» անվճար օրաթերթը, որտեղ ներկայացվում են իրադարձություններ, սպորտային և ժամանցային նյութեր, ինչպես նաև իսպանալեզու «El Tiempo Latino» թերթը։
The Washington Times թերթը կարևորությամբ երկրորդն է և աչքի է ընկնում քաղաքականության մասին իր ազդեցիկ հոդվածներով[156]։ Այլընտրանքային Washington City Paper նույնպես մեծ լսարան ունի Վաշինգտոնի շրջանում[157][158]։
Համայնքային ու մասնագիտական նշանակության մամուլում ուշադրության են արժանանում մշակութային, դրացիական հարցերը։ Դրանցից են` Washington Blade, Metro Weekly, որոնք լուսաբանում են ԼԳԲՏ-ի հետաքրքրություններ, Washington Informer, The Washington Afro American, որոնցում լուսաբանվում են հասարակության սևամորթ շերտի հետաքրքրությունները ներկայացնող թեմաներ, և դրացիական հարաբերությունները լուսաբանող The Current Newspapers: Congressional Quarterly, The Hill, Politico and Roll Call թերթերը բացառապես մեկնաբանում են Կոնգրեսին ու դաշնային իշխանությունների գործունեությանը վերաբերող թեմաներ։ Վաշինգտոնյան այլ թերթերից են` National Geographic, The Washington Examiner, The New Republic և Washington Monthly:
Վաշինգտոն մայրաքաղաքի շրջանը հեռուստատեսային լրատվության դաշտում իններորդն է, որ ներառում է երկու միլիոն տուն` բնակչության մոտ 2 %-ը[159]։ Որոշ հեռուստաընկերություններ և կաբելային հեռուստաալիքներ տեղակայված են այս շրջանում։ Դրանցից են` C-SPAN, Black Entertainment Television (BET), Radio One, the National Geographic Channel, Smithsonian Networks, National Public Radio (NPR), Travel Channel (Մերիլենդ), Discovery Communications (Մերիլենդ, Սիլվեր Սփրինգ) և the Public Broadcasting Service (PBS) (Վիրջինիա, Արլինգտոն)։ Կապիտոլիումից ոչ հեռու` Վաշինգտոնի հարավ-արևմտյան մասում են գտնվում «Ամերիկայի ձայնի» շտաբ-բնակարանը, ԱՄՆ կառավարության միջազգային տեղեկատվական ծառայությունը[160]։
ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին մասի ութերորդ բաժինը սահմանում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը «բացառիկ իրավասություն» ունի քաղաքի նկատմամբ։ Շրջանը չի ունեցել ընտրված ինքնակառավարման մարմիններ մինչև 1973 թվականի օրենքի ընդունումը։ Օրենքը Կոնգրեսի որոշակի լիազորությունները փոխանցել է քաղաքապետին, որի պաշտոնակատարը ներկայումս Մերիել Բոուզերն է, և Կոլումբիա շրջանի խորհրդի 13 անդամներին։ Սակայն Կոնգրեսը պահպանում է օրենքները վերանայելու ու դրանք փոփոխելու իր իրավունքը[161]։
Քաղաքի ութ լիազորներից յուրաքանչյուրն ընտրվում է խորհրդի և շրջանի անդամների կողմից։ Խորհրդի քարտուղարը ընտրվում է ձայների մեծամասնությամբ[162]։ Կան 37 Խորհրդակցական դրացիական հանձնաժողովներ (անգլ.՝ Advisory Neighborhood Commissions, կրճատ` ANCs), որոնք ընտրվում են տարածքային ոչ մեծ շրջանների կողմից։ Հանձնաժողովները կարող են խորհրդատվություն տալ բոլոր հարցերով, որոնք վերաբերում են բնակիչներին, իսկ կառավարական հաստատությունները ուշադիր վերահսկում են նրանց խորհուրդները[163]։ Կոլումբիա շրջանի գլխավոր դատախազը (ներկայումս` Կարլ Ռասին) ընտրվում է չորսամյա ժամկետով[164]։
Վաշինգտոնը հետևում է դաշնային բոլոր տոներին և ապրիլի 16-ին նշում Ազատագրման օրը, որը խորհրդանշում է շրջանում ստրկության ավարտը։ Վաշինգտոնի դրոշն ընդունվել է 1938 թվականին։ Այն Ջորջ Վաշինգտոնի գերբի ինքնատիպ տարբերակն է[165]։
Քաղաքապետն ու խորհուրդը հաստատում են տեղական բյուջեն ու հարկաչափերը, որոնք հաստատվում են Կոնգրեսի կողմից։ Կառավարական հաշվետվական ընկերության և այլ վերլուծաբանների տվյալներով գույքի` բարձր տոկոսադրույքով հարկաչափերը, մերձքաղաքային հարկերի արգելքը Կոնգրեսում կազմում են տարեկան 470 միլիոնից 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Կոնգրեսը սովորաբար տրամադրում է լրացուցիչ միջոցներ դաշնային ծրագրերով, ինչպիսին, օրինակ, Մեդիքեյդն է, և արդարադատության տեղական համակարգին, սակայն վերլուծաբանները պնդում են, որ հատկացումները ոչ ամբողջությամբ են լրացնում դիսբալանսը[166][167]։
Քաղաքի տեղական ինքնակառավարումը, հատկապես Մերիոն Բարիի քաղաքապետ եղած տարիներին, քննադատության է ենթարկվել անխելամիտ տնտեսվարման և միջոցների վատնման մեղադրանքով[168]։ Նրա կառավարման ժամանակ` 1989 թվականին, «The Washington Monthly» ամսագիրը պնդում էր, որ շրջանը ԱՄՆ-ի քաղաքային ամենավատ կառավարումն ունի[169]։ 1995 թվականին՝ Բարիի կառավարման չորրորդ շրջանի սկզբին, Կոնգրեսը ստեղծել է ֆինանսական հանձնաժողով քաղաքային բոլոր ծախսերը վերահսկելու նպատակով[170]։ Քաղաքապետ Էնթոնի Ուիլյամսը հաղթել է 1998 թվականների ընտրություններում և հետևել քաղաքի բարեկարգմանն ու բյուջեի ավելացմանը։ Շրջանն իր ֆինանսական ցուցանիշները վերականգնել է 2001 թվականին, որից հետո վերահսկող հանձանաժողովի գործունեությունը դադարեցվել է[171]։
ԱՄՆ-ի Կոնգրեսը բարձրագույն հեղինակություն ունի շրջանի հանդեպ։ Վաշինգտոն ԿՇ-ն առանձին նահանգ չէ և հետևաբար Կոնգրեսում ներկայացուցչություն չունի։ Ներկայումս Վաշինգտոնի ներկայացուցիչը Կոնգրեսում Էլեանոր Հոլմս Նորթոնն է, ով մասնակցում է կոմիտեների աշխատանքին, քննարկումների և օրենսդրական աշխատանքներին, բայց առանց ձայնի իրավունքի։ Վաշինգտոնի շրջանը չունի պաշտոնական ներկայացուցչություն ԱՄՆ-ի Սենատում։ Ի տարբերություն Վաշինգտոնի` ԱՄՆ-ի ենթակայության տակ գտնվող այլ վայրերում, ինչպիսիք են Պուերտո Ռիկոն և Գուամը, որոնք նույնպես ունեն ներկայացուցիչներ` առանց ձայնի իրավունքի, տարածվում են դաշնային բոլոր հարկերը[172]։ 2012 ֆինանսական տարեթվին Վաշինգտոն ԿՇ-ն 20.7 միլիարդ դոլար մուծում է կատարել դաշնային հարկերի ձևով, որն ավելին է, քան 19 նահանգներից հավաքված դաշնային հարկերը բնակչության մեկ շնչի հաշվով[173]։
2005 թվականի հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 78 %-ը չի իմացել, որ Վաշինգտոնն ավելի քիչ ներկայացուցիչներ ունի, քան 50 նահանգները[174]։ «Հարկադրում առանց կառավարության» ծրագիրը խնդիրն իրազեկելու նպատակ է հետապնդում[175]։ Կան տվյալներ, որոնց համաձայն խրախուսվում է շրջանի` ձայնի իրավունք ունենալը։ Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ ամերիկացիների 82 %-ը կարծում է, որ մայրաքաղաքի շրջանը պետք է ձայնի իրավունք ունենա Կոնգրեսում[176]։ Չնայած հասարակության աջակցությանը` շրջանի քվեարկման իրավունք ունենալու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
Ձայնի իրավունք ունենալու հակառակորդները ենթադրում են, որ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը երբեք չեն նախատեսել Կոլումբիա շրջանի` Կոնգրեսում ձայնի իրավունք ստանալը` սկսած Սահմանադրության հաստատումից։ Հակառակորդները կարծում են, որ ձայնի իրավունք ստանալով` քաղաքը կարող է առանձնանալ, իսկ պետականությունը կարող է անարդար գործել։
Վաշինգտոն ԿՇ-ն պաշտոնապես համագործակցում է 15 քաղաքների հետ։
Վերոնշյալ քաղաքներից յուրաքանչյուրը ազգային մայրաքաղաք է` բացի Սանդերլենդից, որտեղից եղել է Ջորջ Վաշինգտոնի ընտանիքը։ Փարիզն ու Հռոմը պաշտոնապես ճանաչված են գործընկեր քաղաքներ իրենց վարած առանձնահատուկ քաղաքականության համար[189]։
Կոլումբիա շրջանում հասարակական հանրակրթական դպրոցները 123-ն են։ Այս դպրոցներում սովորողների քանակը անընդհատ կրճատվել է 2009 թվականից[190]։ 2010-2011 ուստարում դպրոցական պետական համակարգում ընդգրկված էր 46.191 մարդ[191]։ Վաշինգտոն ԿՇ-ի հասարակական դպրոցների համակարգը մեկն է առավել մատչելի, սակայն քիչ էֆեկտիվ համակարգերից ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սովորողների առաջադիմության առումով։ Քաղաքապետ Անդրիան Ֆենտի վարչակարգը արմատական փոփոխություններ է կատարել` փակելով դպրոցներ, հեռացնելով տնօրեններին, փոխելով ուսուցիչներին և ուսումնական ծրագրերը մշակելու համար կիրառելով մասնավոր կրթական ընկերությունների ներուժը։ Հասարակական դպրոցներում եղած խնդիրների պատճառով 2001 թվականից անընդհատ աճում է չարտերային դպրոցների քանակը, որոնց թիվը ներկայումս 52-ն է[192][193]։ 2010 թվականի աշնան դրությամբ չարտերային դպրոցներում գրանցված էին 32.000 սովորողներ, ինչը 9 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից[194]։ Շրջանում գործում է նաև 92 մասնավոր դպրոց, որտեղ 2008 թվականին սովորում էր մոտ 18.000 աշակերտ[195]։ Կոլումբիա շրջանի հասարակական գրադարանը ղեկավարում է հարևան 25 շրջանները` ներառյալ Մարտին Լյութեր Քինգի անվան գրադարանը[196]։
Շրջանի մասնավոր համալսարաններից են Ամերիկյան համալսարանը, Ամերիկայի կաթոլիկ համալսարանը, Գալոդետի համալսարանը, Ջորջ Վաշինգտոնի, Ջորջթաունի, համալսարանները, Ջոն Հոփքինսի անվան հեռանկարային միջազգային հետազոտությունների համալսարանը, Երրորդության համալսարանը։ Արվեստի ու դիզայնի Կորկորանի քոլեջը առաջարկում է մասնագիտական կրթություն արվեստի ոլորտում։ Կոլումբիայի շրջանի համալսարանը (UDC) պետական համալսարան է, որ տալիս է բարձրագույն կրթություն։ Վաշինգտոնի շրջանի բնակիչները իրավունք ունեն 10.000 դոլարի չափով ուսումնական կրթաթոշակ ստանալու` որպես երկրի ցանկացած պետական համալսարանում սովորելու փոխհատուցում[197]։
Շրջանը հայտնի է իր բժշկական հետազոտական ինստիտուտներով, ինչպիսիք են Վաշինգտոնի հիվանդանոցային կենտրոնը և Մանկան առողջության ազգային կենտրոնը Բետեսդում (Մերիլենդ)։ Բացի այդ` քաղաքում գործում են բժշկական երեք դպրոցներ, բժշկական բաժանմունքներ կան նաև Ջորջ Վաշինգտոնի, Ջորջթաունի և Հովարդի համալսարաններում[198]։
Վաշինգտոն ԿՇ-ն ունի ընդհանուր առմամբ 1.500 մղոն (2.400 կմ) երկարությամբ փողոցներ, պողոտաներ ու զբոսուղիներ[199]։ 1960-ական թվականներին ԱՄՆ-ի միջնահանգային ավտոմայրուղիների համակարգի` Վաշինգտոնի կենտրոնով անցնելիք նախատեսված հատվածը չի կառուցվել։ Այդ պատճառով երկրի արևելյան ափի հիմնական Interstate 95 (I-95) մայրուղին շրջանցում է շրջանը` ձևավորելով Վաշինգտոն ԿՇ-ն բոլորագծով շրջապատող Բելթվեյ մայրուղին։ Դրա փոխարեն նախատեսված ճանապարհները ծառայել են շրջանի հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքի զարգացմանը[200]։ Միջպետական I-66 և I-395 մայրուղիներն ավարտվում են քաղաքային մուտքի մոտ[201]։
Մետրոպոլիտենի վաշինգտոնյան կենտրոնը (WMATA) ղեկավարում է Վաշինգտոնի մետրոպոլիտենը, քաղաքի տրանզիտային ճեպընթաց համակարգը և Metrobus-ը։ Երկու համակարգերն էլ սպասարկում են շրջանն ու նրա արվարձանները։ Մետրոն բացվել է 1976 թվականի մարտի 27-ին և 2014 թվականի հուլիսի դրությամբ ունեցել է 91 կայարան և 188 կմ երկարությամբ ուղեգիծ[202]։ Միջին հաշվով օրական մեկ միլիոն ուղևոր սպասարկելու ցուցանիշով մետրոն երկրորդն է երկրի տրանզիտային համակարգում։ Metrobus-ը օրական սպասարկում է միջին հաշվով 400.000 ուղևորի և երկրի ավտոբուսային համակարգում մեծությամբ հինգերորոդն է[203]։ Քաղաքում նաև գործում է ավտոբուսների սպասարկման սեփական ցանց, որը կապում է արվարձանները քաղաքի կենտրոնին[204]։
Union Station կայարանը Վաշինգտոնի մետրոպոլիտենի և մերձքաղաքային գնացքների տրանսպորտային հանգույցն է։ Այն օրական սպասարկում է մոտ 70.000 մարդու։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղը երկրում զբաղեցնում է Ամթրաք (անգլ.՝ National Railroad Passenger Corporation, կրճատ` «America» և «track») երկաթուղային ընկերությունը, որը տարեկան սպասարկում է մոտ 4.6 միլիոն ուղևորի։ Մերիլենդի MARC և Վիրջինիայի VRE գծերի գնացքները նույնպես կառավարվում են Union Station-ի կողմից[205]։ 2011 թվականի բարեփոխումներից հետո Union Station-ը ղեկավարում է ներքաղաքային տրանսպորտային ցանցը[206]։
Երեք խոշոր օդանավակայաններ են սպասարկում Կոլումբիա շրջանը։ Դրանցից մեկը Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանն է, որը տեղակայված է Պոտոմակ գետի ափի ուղղությամբ Արլինգտոնում և հիմնականում սպասարկում է ներքին չվերթերը։ Միջազգային խոշոր չվերթերը սպասարկվում են Դալեսի միջազգային օդանավակայանից, որը գտնվում է Վիրջինիայում` Ֆերֆաքս և Լոուդուն կոմսություններում, իսկ Բալթիմոր-Վաշինգտոն օդանավակայանը գտնվում է Մերիլենդում` Վաշինգտոնից 42.3 կմ հարավ-արևելք։
2010 թվականի տվյալներով Վաշինգտոնի արվարձանի բնակիչները տարեկան 70 ժամ են կորցնում ճանապարհներին, ինչը հանդիսանում է վատագույն ցուցանիշը երկրում, սակայն միաժամանակ արվարձանային շրջանների բնակիչների 37 %-ը աշխատանքի գնալիս օգտվում է հասարակական տրանսպորտից, ինչը երկրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ում[207]։ 2010 թվականի տվյալներով բնակիչների 12 %-ը աշխատանքի է գնում ոտքով, 6 %-ը` ավտոմեքենայով և 3 %-ը` հեծանվով[208]։ Walk Score ընկերության անցկացրած հարցումների համաձայն` Վաշինգտոնը ամենաշատ քայլող բնակիչների թվով յոթերորդն է երկրում, որի արվարձաններում ապրող բնակիչների 80 %-ը չունեն կախում մեքենայից[209]։ 2013 թվականին Վաշինգտոն-Արլինգտոն-Ալեքսանդրիա ուղղության ուղևորների 8 %-ը երթևեկում էր երկաթուղային գնացքներով, ընդ որում դա ամենացածր ութերորդ ցուցանիշն է, որ անձնական մեքենաները փոխարինել են տրանսպորտային այլ միջոցներով[210]։
Տրանզիտի նախատեսված 32 % ավելացումը մինչև 2030 թվականը պայմանավորված է փողոցային երթևեկության նոր համակարգով, որը միացնելու է քաղաքի թաղամասերը[211][212]։ Կառուցվածքի բարեփոխումը սկսվում է մետրոյի գծի ավելացմամբ, որը կմիացնի Վաշինգտոնը Դալես օդանավակայանին։ Վաշինգտոն ԿՇ-ն մաս է կազմում մայրաքաղաքի Բայքշեյր ծրագրի, որ մեկնարկել է 2010 թվականին և երկրի ամենամեծ հեծանվային համակարգն է լինելու` 4.351 հեծանվով և ավելի քան 395 հեծանվային կայանով[213]։ 2012 թվականին մայրաքաղաքի հեծանվային գծերի երկարությունը կազմել է 90 կմ[214]։
Ջրամատակարարման և կոյուղու ծառայությունը (WASA) անկախ է Կոլումբիայի շրջանի ղեկավարումից և կազմակերպում է խմելու ջրի պաշարների ապահովումն ու մատակարարումը։ Ծառայությունը գնում է ջուրը Վաշինգտոնի պատմական ջրանցույցից, որը ղեկավարում է Ինժեներական կորպուսը։ Պոտոմակ գետից ստացված ջուրը վերամշակվում ու պահվում է Դալեկարլիայի, Ջորջթաունի ու ՄաքՄիլանի ջրամբարներում։ Ջրանցույցն ընդհանուր առմամբ ապահովում է մոտ 1.1 միլիոն բնակչի խմելու ջուրը Վաշինգտոնում և Վիրջինիայում` ներառյալ Արլինգտոնը, Ֆոլս Չրչը և Ֆերֆաքս շրջանը[215]։ Կազմակերպությունը զբաղվում է նաև Մերիլենդի և Վիրջինիայի չորս շրջանների 1.6 միլիոն բնակչի հաշվով կեղտաջրերի մաքրմամբ[216]։
Քաղաքի էլեկտրամատակարարմամբ զբաղվում է Pepco ընկերությունը, որը սպասարկում է մայրաքաղաքի ու Մերիլենդի 793.000 բաժանորդի[217]։ 1889 թվականի օրենքով արգելվում են էլեկտրականության օդային ցանց անցկացնել քաղաքի պատմական մասով, ինչի արդյունքում էլեկտրականության ու հեռահաղորդակցման բոլոր մալուխները գետնի տակով են ձգվում Վաշինգտոնի կենտրոն, իսկ ազդանշանների կառավարման համակարգերը տեղակայված են փողոցների ծայրամասերում[218]։ 2013 թվականին փոփոխված ծրագրի համաձայն` էլեկտրահորդման լրացուցիչ 97 կմ գծեր կանցկացվեն ամբողջ շրջանում[219]։
Շրջանի բնական գազի մատակարարմամբ զբաղվում է Washington Gas ընկերությունը, որը սպասարկում է մոտ մեկ միլիոն մարդու շրջանում ու նրա արվարձաններում։ 1848 թվականին Կոնգրեսի հավանությամբ տեղադրվել են գազային առաջին լույսերը Կապիտոլիումում, Սպիտակ տանը և Փենսիլվանիայի պողոտայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.