From Wikipedia, the free encyclopedia
«Կիլիկիա» նավ, առագաստանավ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի կողմից կառուցված առագաստանավ։ «Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով։ Նավը ամբողջովին կրկնում է հին նավերին՝ սկսած ընդհանուր տեսքից մինչև ամենափոքրիկ ձևավորումը, որոնց մանրամասները Այաս ակումբի անդամները ուսումնասիրել են ձեռագրերից, մանրանկարներից։ Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները։ Նավարշավի ընթացքում «Կիլիկիա» առագաստանավը այցելել է 65 նավահանգիստ Եվրոպայի և Ասիայի 25 երկրներում։
«Կիլիկիա» | |
---|---|
«Կիլիկիա» նավ | |
Հայաստան | |
Պատկանելիություն | Հայաստան |
Նավի տեսակը | առագաստանավ |
Նավի երկարությունը | 20 մետր |
Անձնակազմի թիվը | 12-14 |
Հայաստանն ունի նավարկության և նավաշինության հարուստ պատմություն։ Դարեր շարունակ Հայկական թագավորությունները հայտնի էին իրենց հզոր նավատորմով։ 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին նշում է, որ Արտաշես I-ի թագավորության ներքո սկսվեցին նավարկությունները գետերում և լճերում։
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը հիմնվել է 1985 թվականին Հայաստանի նավաշինության և նավագնացության պատմության ուսումնասիրության, հայկական նավատորմի ավանդույթների վերականգնման նպատակով։ Արդեն ավելի քան 37 տարի ակումբը հավաքում է պատմական նշանակություն ունեցող իրեր և վերականգնել է ավելի քան 26 տեսակի նավ, որոնք կառուցվել էին պատմական Հայաստանում։ Ակումբի լայն գործունեությունը ներառում է Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության նավաշինության, նավագնացության և նավատորմի մասին պատմական փաստերի հավաքումն և ուսումնասիրությունը, ինչպես նաև պատմական նավերի վերականգնումն ու ստորջրյա հնէաբանական ուսումնասիրությունների իրականացումը։ Իր գոյության ավելի քան երեք ու կես տասնամյակների ընթացքում ակումբը հավաքագրել է շուրջ բազմաթիվ պատմական կարևոր նշանակություն ունեցող առարկաներ։ Ակումբի անդամները կատարել են հսկայական գիտահետազոտական աշխատանք, հրատարակել բազմաթիվ գիտական աշխատություններ եւ մասնակցել տարբեր գիտաժողովների, այդ թվում՝ միջազգային։ Այդ աշխատանքը շարունակվում է[1]։
1991թ. մայիսին ակումբը սկսել է կառուցել 13-րդ դարի առեւտրային նավի իրական չափերով կրկնօրինակը, որն անվանել է ԿԻԼԻԿԻԱ` ի պատիվ Կիլիկիայի հայկական թագավորությանը, որտեղ 800 տարի առաջ կառուցվել է բնօրինակը։ «Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է միջնադարյան մեթոդների համապատասխանությամբ։ 2002թ. Նավը ջրարկվել է Սևանա լճում, որտեղ եւ փորձարկվել է շուրջ 2 տարի։ 2004թ.-ին նավը տեղափոխվել է Վրաստանի Փոթի նավահանգիստ, որտեղից սկսվել է առաջին ծովային արշավը Եվրոպայի շուրջ փակ օղակով 2004-2006թ, -ին «Կիլիկիա»-ն անցել է ավելի քան 15000 ծովային մղոն (28000 կմ.)` այցելելով 65 նավահանգիստ 25 երկրներում։ Նավը ճանապարհորդելիս կրել է Հայաստանի եւ Արցախի դրոշները, ինչը քաղաքական կարեւոր հաղորդագրություն էր։ «Կիլիկիա» նավը աշխարհում Հայաստանի ճանաչելիությունը մեծացնելուն զուգահեռ` հանդիսանում է համայն հայությանը միավորող պարծանքի խորհրդանիշ[փա՞ստ]։
«Կիլիկիա» նավը կառուցվել է միջնադարյան մանրանկարչությունների, նկարազարդումների և ձեռագրերի հիման վրա, և հանդիսանում է 13-րդ դարի Կիլիկիայի հայկական թագավորության առևտրական նավի կրկնօրինակը։ Այաս ակումբը նավը կառուցել է նույն չափսերով և օգտագործելով նույն կառուցման միջոցները։ Ակումբի անդամները հսակայան աշխատանք են իրականացրել ուսումնասիրել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում առկա միջնադարյան հայկական մանրանկարչություններ, նկարազարդումներ և ձեռագրեր, ինչպես նաև այցելել են Մոսկվայի, Լոնդոնի և Վենետիկի թանգարաններ ավելի շատ տեղեկություն հավաքելու համար։ Հայկական նավերի օրինակներ գտնելու նպատակով ակումբի անդամները ուսումնասիրել են Աստվածաշնչում առկա մանրանկարչությունները, որտեղ պատկերված էին հայ ձկնորսներ կամ առևտրականներ։
Ինչպես և միջնադարում մեծ ուշադրություն է դարձվել փայտի ընտրությանը, քանի որ այն պետք է լիներ հնարավորինս ճկուն և դիմացկուն։ Կառուցման ընթացքում օգտագործվել է միջնադարյան նավաշինության գործընթացում կիրառվող փայտ, որը երկարատև նավարկությունների և կիզիչ արևի տակ ավելի երկար կծառայեր։ Ավանդաբար Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում կիրառվում էր նավաշինության մեջ միջերկրածովյան մայրի, կաղնի և պինիա –միջերկրածովյան սոճի։ Հաշվի առնելով ծանր ժամանակաշրջանը և այդ պահին առկա հնարավորությունները Այաս ակումբի անդամները «Կիլիկիա» նավի կառուցման համար ընտրեցին կաղնի և սոճի։
Նավի կմախքը կառուցված է կաղնուց, որը պինդ է և չի նեխում։ Տախտակամածը և նավի իրանը սոճուց է։ «Կիլիկիա» նավի կառուցման գործընթացում կիրառվել են նույն գործիքները և տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են 13-րդ դարում։ Պահպանելով դարավոր նավաշինության ավանդույթները, «Կիլիկիա» նավի արտաքին երեսպատման գործում կիրառվել է փայտի խեժ և բուսական յուղ։ Այս կերպ Այաս ակումբի անդամները պաշտպանել են նավը նեխելուց և այն ավելի ամուր դարձրել։ «Կիլիկիա» նավը ունի 20 մետր երկարություն և 5 մետր լայնություն, ջրատարողությունը 50 տոննա,առագաստի մակերեսը՝100 քառակուսի մետր։ «Կիլիկիա» -ի անձնակազմը 12-14 մարդ։ «Կիլիկիա» նավի կառուցման համար պահանջվել է 11 տարի[2]։
«Կիլիկիա» նավի առաջին փորձարկումը տեղի է ունեցել Սևանա լճում՝ 2002թ․-ի մայիսի 25-ին։ Սևանա լճում նավարկելու ընթացքում՝ 2 տարի, նավի վրա պահպանվել են միջնադարյան պայմաններ սովորությներին համապատասխան և ոչ մի ժամանակակից սարքավորումներ չեն կիրառվել[3]։
2004թ․-ին նավը այցելել է 23 նավահանգիստ, Եվրոպայի և Ասիայի 12 երկիր։ 2005թ․-ին՝ 24 նավահանգիստ և 6 երկիր, 2006թ․-ին 18 նավահանգիստ, 20 երկիր։ Յուրաքանչյուր այցելած նավահանգիստ կապված է եղել որևէ պատմական իրադարձության հետ։ 2004 թ․-ին նավը Փոթիից հասել է Վենետիկ, 2005թ․-ին «Կիլիկիան» դուրս գալով Ատլանտյան օվկիանոս և հատելով Անգլիական նեղուցը հասել է Պորտսմութ։ 2006թ․-ին նավարկել է դեպի Սանկտ Պետերբուրգ, որից հետո Ռուսաստանի գետերով և նեղուցներով «Կիլիկիա» նավը շարունակել է նավարկությունը հասնելով Ազովի ծով, ապա նաև Սև ծով։ Նավարշավը ավարտվեց Փոթի նավահանգստում, որտեղից 3 տարի առաջ սկսվել էր ճամփորդությունը, որից հետո «Կիլիկիա» նավը ուղևորվել է Հայաստան ՝ ցամաքով[4]
2004թ.-ի հոկտեմբերից մինչ 2005թ.-ի մայիս ամիսը նավը կառանվել է Վենետիկի` Մխիթարյան Միաբանության Սուրբ Ղազար կղզում:[5] Շատ հայեր կարողացել են նավն այցելել հենց այնտեղ, քանի որ պատմականորեն կարևոր նշանակություն ունեցող հայկական այս կղզին հրաշալի հանգրվան էր հաղթանակած եւ վաստակաշատ նավի համար՝ ընդգծելով դրա կարեւորությունն ու խորքային արժեքը։ Ճանապարհորդությունների ընթացքում «Կիլիկիա» առագաստանավն այցելել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հայտնի մարդիկ, այդ թվում՝ ՀՀ նախագահներ, Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, Բրիտանական պառլամենտի փոխխոսնակ Բարոնուհի Քարոլայն Քոքսը, Ջիբրալթարի նահանգապետ Սէր Ֆրենսիս Ռոբերթսը, ճանապարհորդության ընթացքում այցելած քաղաքների բոլոր քաղաքապետերը, դերասան, ռեժիսոր եւ պրոդուսեր Դոլֆ Լունդգրենը, Ակոս ամսագրի խմբագիր Հրանտ Դինքը, և այլոք։ Ժամանակակից պատմության մեջ բացի «Կիլիկիա» նավից կրկնօրինակներ կառուցելու նմանատիպ դեպքերը սակավաթիվ են։ Այսօր «Կիլիկիա» առագաստանավը գտնվում է Գեղարքունիքի մարզում։[6]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիլիկիա (նավ) կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.