հայ փիլիսոփա, հեղինակ, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Սվասյան (հունվարի 2, 1948, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 9, 2024, Բազել, Շվեյցարիա), ժամանակակից փիլիսոփա։ Նրա ուսումնասիրությունների առարկան փիլիսոփայության պատմությունն էր, մշակութաբանությունը և ճանաչողության տեսությունը։
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Ծնվել է | հունվարի 2, 1948 Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
---|---|
Մահացել է | սեպտեմբերի 9, 2024 (76 տարեկան) Բազել, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ուղղություն | anthroposophy?[1] |
Մասնագիտություն | հեղինակ, թարգմանիչ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, գրականագետ, պատմաբան և մշակույթի պատմաբան |
Հաստատություն(ներ) | Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, մշակութաբանություն[2], Մշակույթի պատմություն[2], Գրականության պատմություն[2] և anthroposophy?[2] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] և անգլերեն[2] |
1954-1965 թթ. սովորել է Երևանի միջնակարգ դպրոցներից մեկում։ 1965-1970 թթ. Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսանել է փիլիսոփայություն, ինչպես նաև անգլիական, ֆրանսիական և գերմանական բանասիրություն։ 1971 թվականից աշխատանքի է անցել ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ա. Բերգսոնի ինտուիտիվ փիլիսոփայության գեղագիտական էությունը» թեմայով, իսկ 1981 թվականին դարձել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր («Խորհրդանիշի խնդիրը ժամանակակից փիլիսոփայության մեջ»)։ 1985 թվականից Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր է։ 1990 թվականին կազմել, որոշ գործեր թարգմանել, ծանոթագրել և իր առաջաբանով Մոսկվայում հրատարակել է Ֆրիդրիխ Նիցշեի երկերի հանրահռչակ երկհատորյակը, որով նա սկիզբ է դրել ռուս իրականության մեջ հեղափոխությունից հետո ընդհատված նիցշեագիտության վերականգնմանը։ 1992 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա։ 1994 թ. Բոննում արժանացել է Ա. Ֆ. Հումբոլդտի անվան մրցանակին։ 1997 թվականին հրավիրվել է Ինսբրուքի համալսարան՝ իբրև պրոֆեսոր, ուր փիլիսոփայության և սլավիստիկայի ֆակուլտետում դասավանդել է ճանաչողության տեսություն, սիմվոլի և գեղարվեստական թարգմանության տեսություն։ Այժմ ապրում և ստեղծագործում է Բազելում։ Դասախոսություններ է կարդում Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ռուսաստանում։ Գրում է գերմաներեն և ռուսերեն։ Կ. Սվասյանի յուրաքանչյուր նոր գիրք փիլիսոփայական շրջանակներում ընդունվում է իբրև երևույթ։ Ուղենշային են նրա «Անասացության ձայներ» - «Голоса безмолвия» (Երևան 1984), «Եվրոպական գիտության գոյավորումը» - «Становление европейской науки» (Երևան, 1990), «Եվրոպա։ Երկու մահախոսական» - «Европа. Два некролога» (Մոսկվա, 2003), «Ապանույնականացումներ» - «Растождествления», (Մոսկվա, 2006), «Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» - «Человек в лабиринте идентичностей», (Մոսկվա, 2009) գրքերը։ Առաջինն է ամբողջությամբ ռուսերեն թարգմանել Ռ. Մ. Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին» շարքը։
Կ. Սվասյանի փիլիսոփայական հայացքների համար բնութագրական է դրանց առնչակցությունը մի կողմից փիլիսոփայության և մշակույթի պատմությանը, մյուս կողմից՝ փիլիսոփայական-անտրոպոլոգիական հիմնախնդրին։ Ըստ այդմ ինքը՝ փիլիսոփայության պատմությունը դիտարկվում է իբրև գիտակցության ճակատագրերի պատմություն, բայց ոչ թե՝ հեգելյան-երևույթաբանական հայեցակետով ընդհանրապես գիտակցության, այլ ավելի շուտ՝ Է. Հեկկելի՝ ինչ-որ հաջորդական և առավել բարձր՝ հոգևոր մակարդակով շարունակվող արարչության բնական պատմության իմաստով։ Այսպես հասկացված՝ նախասոկրատականներից և Պլատոնից մինչև Հարտման, Շտիռներ և Նիցշե ձգվող փիլիսոփայության նպատակը ոչ թե աշխարհը իմաստավորելն է, այլ – դրա միջոցով – մարդկային անհատականության ինքնաբացահայտումը և ինքնազարգացումը։ Եթե զարգացման տեսության իմաստով արարչագործության պսակը մարդն է՝ իբրև կենսաբանական առանձնյակ, ապա անխուսափելիորեն բարձրանում է մարդու՝ իբրև այդպիսինի մեջ արարչագործության պսակի հարցը։ Այդ հարցը՝ իր՝ մարդու մեջ, ի՞նչն է բարձրակետում բուն մարդկայինը, ինչպես որ բուն մարդկայինն է բարձրակետում զուտ բնութենականը, - մատնացուցում է բացառապես մի բան՝ մտածողությունը։ Մտածողությունը (հոգևորապես) բարձրագույնն է մարդու մեջ, այնպես, ինչպես (կենսաբանական) մարդը բարձրագույնն է բնության մեջ։ Այս առումով փիլիսոփայության պատմությունը հարում է արարման պատմությանը և շարունակում է այն։ Սա նշանակում է. եթե զարգացման տեսությունը (թեմատիկորեն) պատկանում է փիլիսոփայության պատմությանը, ապա սոսկ այն պատճառով, որ փիլիսոփայության պատմությունն էլ իր հերթին պատկանում է (գոյաբանորեն) զարգացմանը՝ իբրև նրա բարձրագույն և կատարյալ աստիճանը։ Այս կերպ շարունակված և հոգևոր անտրոպոլոգիայի մեջ դուրս բերված,- մարդը իբրև բնության բարձրագույն անդամ, մտածողությունը իբրև մարդու բարձրագույն անդամ,- վճռական է դուրս գալիս վերջին հարցը, որտեղ Հեկկելի բնական պատմության անտրոպոգենեզը` աճելով անցած փիլիսոփայության պատմության` իբրև այդպիսինի պնևմատոգենեզի մեջ, սրբագրվում և պոտենցավորվում է Մաքս Շտիռների բացարձակ անհատապաշտությամբ. եթե մտածողությունը բարձրագույնն է մարդու մեջ, ապա զարգացման ուղին Շտիռներից հետո,- ում համար մարդը կամ դատարկ բան է, կամ կոնկրետ ոմն,- սրվում է հետևյալ հարցով. ո՞ւմ մտածողությունը։ Պատասխանը նույնական է Պարմենիդեսից մինչև Սարտր փիլիսոփայության պատմության կենտրոնական խնդրի լուծմանը. փիլիսոփայի մտածողությունը, որը կկարողանար հաղթահարել մտածողության և գոյության միջև, էսսենցիայի և էկզիստենցիայի միջև hiatus-ը,- նրա միջև, ինչը նա մտածում է, և նրա, ինչ նա կա։ Նման փիլիսոփայի որոնումը, որ որոշարկում է Կարեն Սվասյանի փիլիսոփայական հետաքրքրությունների ողջ շրջանակը, պատմա-փիլիսոփայական տարածությունում երկար դեգերումներից հետո (հիմնական փուլերը. Հերակլիտոս, Պլատոն, Արիստոտել, Որոգինես, նեոպլատոնականություն, Աբելյար, Աքվինացի, Դեկարտ, Լայբնից, Կանտ, գերմանական իդեալիզմ, Շտիրներ, Հարտման, Նիցշե, Հուսեռլ) նրան հանգեցրեց Ռուդոլֆ Շտայների աշխարհայեցողությանը, ում «փիլիսոփայական» ճակատագիրը համընկավ նրա «մասնավոր» ճակատագրին։ Այս խնդիրը իր առավել արտահայտիչ արտահայտությունն է գտել Փիլիսոփայական հանրագիտարանի համար գրված նրա «Անտրոպոսոֆիա» հոդվածում։
Ռուսերեն
Գերմաներեն
Անգլերեն
Հայերեն
ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆ< ՀՈԴՎԱԾՆԵՐ< < ԵՐԵՎԱՆ< ԱՆՏԱՐԵՍ< 2014
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.