Թելքաօպտիկական կապ
տեղեկության փոխանցման եղանակ՝ օպտիկական թելքով լույսի իմպուլսներ ուղարկելու միջոցով / From Wikipedia, the free encyclopedia
Թելքաօպտիկական կապ[1][2][3], օպտիկաթելքային կապ, տեղեկության փոխանցման եղանակ, որը որպես տեղեկատվական ազդանշանի կրիչ օգտագործում է օպտիկական տիրույթի (մոտակա ինֆրակարմիր) էլեկտրամագնիսական ճառագայթումը, իսկ որպես ուղորդող համակարգեր՝ թելքաօպտիկական մալուխներ։ Բարձր հաճախության և մուլտիպլեքսավորման լայն հնարավորությունների շնորհիվ թելքաօպտիկական գծերի թողունակությունը բազմակի անգամ գերազանցում է կապի բոլոր այլ միջոցների թողունակության հնարավորությունը և կարող է չափվել վայրկյան/տերաբիթներով։ Օպտիկական թելքում լույսի փոքր մարումը թույլ է տալիս կիրառել թելքաօպտիկական կապը զգալի հեռավորության վրա առանց ուժեղարարների օգտագործման։ Թելքաօպտիկական կապը զերծ է էլեկտրամագնիսական խանգարումներից և դժվարամատչելի է չարտոնված օգտագործման համար. աննկատ որսալ ազդանշանը, որը հաղորդվում է օպտիկական մալուխի միջոցով, տեխնիկապես բավական բարդ է։