Էլց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էլց ամրոց (գերմ.՝ Burg Eltz), գտնվում է Գերմանիայում, Ռայնլանդ Պֆալց հողում[2]։ 12-րդ դարից մինչև հիմա, արդեն 33 սերունդ, ամրոցը պատկանում է Էլց տոհմին։ Գերմանական այն ամրոցներից է, որը երբեք չի զավթվել և ավերվել։ Կանգուն է մնացել անգամ XVII և XVIII դարերի պատերազմների և Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և թանգարան |
Հասցե | Burg Eltz 1, 56294 Wierschem[1] |
Վարչական միավոր | Wierschem? |
Երկիր | Գերմանիա |
Կառուցված | մինչև 1157 թվականը |
Բարձրություն | 320 մ |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | Կարլ Էլցի կոմս |
Կայք | burg-eltz.de |
Burg Eltz Վիքիպահեստում |
Ամրոցը երեք կողմերից շրջապատված է Էլզ գետով։ Գտնվում է 70 մետր բարձրությամբ ժայռի վրա` բաժանելով Մեյֆիլդը Էյֆելի ստրոտներից։
IX դարից սկսած Ռոմանական ոճով կառուցված Պլաթէլցը՝ գլխավոր աշտարակը, համարվում է ամրոցի հնագույն մասը։ 1157 թվականից ամրոցը եղել է Ֆրիդրիխ I Շիկամորուսի կայսրության կարևորագույն կենտրոնը[3]։
Էլց ամրոցը շուրջ 800 տարի պատկանում է Էլց տոհմին։ Այն բաժանված է եղել երեք եղբայրների միջև, որտեղ նրանք ապրել են բոլորը միասին՝ իրենց ընտանիքներով և սպասավորներով։
Ամրոցը պահպանվել է մինչ օրս, այժմյան սեփականատերը՝ կոմս Կարլ Էլցը, ապրում է Մայնի Ֆրանկֆուրտում, իսկ ամրոցը բաց է հանրության համար՝ ապրիլից հոկտեմբեր ամիսներին։ Այցելուները կարող են տեսնել գանձարանը, զինապահեստը և զենք ու զրահը[4]։
Շրջապատված է գեղատեսիլ բնությամբ։
2000 թվականից Էլց անտառը դարձել է արգելոց[5]։
1965–1992 թվականներին Էլց ամրոցը պատկերվել է գերմանական 500-անոց մարկի դարսերեսին[6]
Էլց ամրոցի մոդելը օգտագործվել է World of Tanks համակարգչային խաղում[7]։
1472 թվականին, Վիլհելմ Ֆոն Էլցի և իր կնոջ՝ Կատարինի ժամանակ (նկարները կարելի է տեսնել վերևի հարկի ննջարանում), գոթական ոճով, կառուցվել է Ռուբենախյան (Rübenach) տունը։ Ութ հարկանի շինության դահլիճում զետեղված է զինանոցը, որտեղ ցուցադրված է միջնադարյան զենքի հավաքածուն (բնօրինակները)։ Միջնադարում զենքերը, որպես ամրոցի հարստություն, պահել են լավ պաշտպանված տարածքում։
Այսօր զինանոցում կարելի է տեսնել XV-XVI դարերի օղազրահների և սաղավարտների ամբողջական հավաքածու, նետերի հավաքածու, որոնք օգտագործել են ամրոցի պահապանները 1333 թվականին, հրաձիգ զենքերի հավաքածու, կացիններ և նիզակներ։ Այստեղ ցուցադրված են նաև XVII-XVIII դարերի արևելյան զենքերի հավաքածու, որոնք օգտագործել են թուրքերը 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում։ Այդ ռազմաավարը բերել է Էլցերի ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, որ մասնակցել էր այդ հաղթական ճակատամարտին։
Տան ստորին սրահի կաղնու հեծանները և բուխարիները պահպանվել են բնօրինակ տեսքով։ Պատերը ծածկված են XVI դարի գորգերով և կտորներով՝ էկզոտիկ կենդաննիների պատկերներով (ընձառյուծներ, ջայլամներ, կոկորդիլոսներ և ուղտեր)։ Դահլիճը զարդարված է մեծ քանակությամբ թանկարժեք նկարներով։ Հատուկ տեղ է զբաղեցնում "Տիրամայրը մանկան և խաղողի ողկյուզի հետ" նկարը (հեղինակ՝ Լուկաս Կրանախ Ավագ, XVI դար)։ Պատուհանների արանքում զետեղված է "Խաչելության տեսարանը"՝ ստեղծված 1495 թվականին։
Տան վերին սրահում ամբողջովին պահպանվել է բնակելի տարածքի սկզբնական կառուցվածքը։ Հարյուրավոր տարիների ընթացքում այն եղել է իշխանների ննջարանը։ Պահպանվել է 1520 թվականի մահճակալը, որը հատակից փոքր-ինչ բարձր է, որպեսզի լավ պահպանի տաքությունը։ Սենյակի պատերը զարդարված են XV դարի որմնանկարներով։ Որմնանկարների վրա վերջին աշխատանքները կատարվել են XVI դարում և շուրջ 300 տարի է ինչ ռեստավրացիայի կարիք չունեն։ Սենյակի գոթական ոճով բազմանկյունանի կարկառամասում զետեղված է ընտանեկան կապելլան։ Հյուգո Էլցը օծել է կապելլան ի հիշատակ իր ծնողների՝ Վիլհելմ և Կատերին Էլցերի։
Տան շինարարությունը (գոթական ոճով) սկսվել է 1477 թվականին, Ֆիլիպ Էլցի ժամանակ։ Տաս հարկանի Մեծ ռոդենդորֆյան տունը իր անվանումը ստացել է Լոտարինգում ժառանգական տարածքներից։ Փոքր ռոդենդորֆյան տունը գտնվում է ամրոցի հարավային կողմում, կառուցվել է XVI դարի կեսերին։
Տան մեծ սրահը նախատեսված է եղել ընտանեկան տոների, պարահանդեսների, ընտանեկան խորհուրդների համար, որտեղ հավաքվել են Էլցերի տոհմի երեք ճյուղերի բոլոր մեծահասակ ներկայացուցիչները։ Կենտրոնական հեծանների և դահլիճի անկյունների հիմարների դիմակները խորհրդանշում են խոսքի ազատությունը, իսկ մուտքի դռան կամարին փորագրված վարդը, լռության այլաբանական խորհրդանիշը, նշանակում է, որ այն ինչի մասին խոսվում է դահլիճի պատերից ներս, չի կարելի բարձրաձայնել նրա սահմաններից դուրս։ Այստեղ նույնպես ցուցադրված են զենքեր և ասպետական զրահներ, այդ թվում XIX դարի 3 շքեղ հավաքածու։
Գանձանոցում կա ավելի քան 500 ցուցանմուշ։ Դրանք թանկարժեք կռածո աշխատանքներ են ոսկուց և արծաթից, փղոսկյա մանրակերտեր, ոսկերչական իրեր, ակնեղեն, գոհարեղեն, ճենապակի, փորագրություններ ապակու վրա, բյուրեղապակյա սկահակներ, թրեր, սուսերներ, դաշույներ և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.