Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Զարավանդ, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է համանուն քաղաքը, որը համապատասխանում է ներկայիս Խոյի շրջանի Զարեան (պարս.՝ زارعان) բնակավայրին։ Այլ բնակավայրերից հայտնի է Փեռոտակը (պարս.՝ فیرورق՝ Ֆիրուրեղ) և Մաղխազանը (պարս.՝ مهلزان՝ Մահլազան), ինչպես նաև Ամբրիոտին բերդը[2]։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Պարսկահայք |
Վարչկենտրոն | Զարավանդ |
Հիմնական լեզու | հայերեն |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի |
Զարավանդ անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ հավանաբար պարսկերենից թարգմանաբար կարող է նշանակել «դեղին հարթավայր»։ Այդ անունն է կրում նաև գավառի վարչական կենտրոն հանդիսացող գյուղը։
Զարավանդը եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը՝ ամենահյուսիսայինը[3]։ Հարավում և հարավ-արևելքում սահմանակցել է Հեր գավառին։ Արևմուտքում ընդհանուր սահման ուներ Վասպուրական նահանգի Աղանդռոտ, հյուսիսում՝ Ճվաշռոտ, հյուսիս-արևելքում՝ Բաքրան գավառներին։
Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Տեղակայված է Կոտուր գետի հովտում։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյի շրջանի (պարս.՝ شهرستان خوی) մի մասին։
Գավառը Ասորեստանի թագավոր Սարգոն II-ի (մ․ թ․ ա․ 722-705) արձանագրություններում հիշատակվում է «Զարանդա երկիր» անունով։ Այն Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189-160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ի սկզբանե Հեր գավառի հետ միասին եղել է Նոր Շիրականի կազմում, սակայն հայոց արքունիքին Խորխոռունիների մատուցած ծառայության համար Հերի հետ միասին տրվել է նրանց մի ճյուղին՝ Մաղխազունիներին, և պատկանել իրենց նաև մարզպանական Հայաստանի ժամանակաշրջանում։ Արշակունիների օրոք Հեր գավառի հետ միասին հանդես է եկել որպես մեկ վարչական միավոր՝ «Ռոտկաաց»։ 870-ական թվականներին Զարավանդը մտել է Վասպուրականի իշխանության մեջ: Ըստ Կոստանդին Ծիրանածնի, 885 թվականից հետո գավառը մտել է Աշոտ Ա Բագրատունու տիրույթների մեջ:
Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի որոշ կենտրոնական և հյուսիսային բոլոր այլ գավառները, շարունակել են մնալ Արծրունիների կալվածքներում՝ Արմինիա կուսակալության ժամանակաշրջանում։ 9-րդ դարի սկզբին կարճ ժամանակով անցնում է Վասպուրականի թագավորությանը, ապա՝ վերջինիս ենթակայության Հերի ամիրայությանը։ Հեր և Զարավանդ գավառներում, ի տարբերություն Պարսկահայքի մյուս գավառների, մշտապես կար հոծ հայ բնակչություն։ Տեղի հայերը խոսել են Խոյի բարբառով։
17-րդ դարի սկզբին, կապված Սեֆյան շահ Աբբասի 1603-1604 թվականների բռնագաղթի հետ, գավառում հայտնվում են հայեր, որոնք հիմնում են նոր գյուղեր կամ ստվարացնում տեղի հայկական գյուղերը, այդտեղ բնակվում մինչև հայոց ցեղասպանությունը։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։ Հայերի արտագաղթը Զարավանդից տեղի է ունեցել երեք փուլով՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում պարսկահայերի ներգաղթով, 1946-1948 թվականների հայրենադարձությամբ և 1979 թվականի իսլամական հեղափոխությունից որոշ ժամանակ անց։ Ներկայումս ամբողջ Ատրպատականում բնակվում է շուրջ 2000 հայ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.