From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդին VII Ծիրանածին (հին հունարեն՝ Κωνσταντῖνος Ζ΄ ὁ Πορφυρογέννητος, մայիսի 18, 905[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - նոյեմբերի 9, 959, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր Մակեդոնական (Հայկական) արքայատոհմից։ Անվանապես թագավորել է 913 թվականից, իսկ փաստացի՝ 945 թվականից։
Կոստանդին Ծիրանածին հին հունարեն՝ Κωνσταντῖνος Ζ΄ ὁ Πορφυρογέννητος | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 905[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 9, 959 (54 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Գերեզման | Սուրբ Առաքյալների եկեղեցի |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Ամուսին | Հելենա Լակապինա |
Ծնողներ | հայր՝ Լևոն VI Իմաստասեր, մայր՝ Zoe Karbonopsina? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | Ռոմանոս II, Theodora?, Agatha?, Zoe?, Anna? և Theophano? |
Konstantinos VII Porphyrogennetos Վիքիպահեստում |
Կոստանդինը Լևոն VI Իմաստունի և նրա չորրորդ կնոջ՝ Զոյայի որդին էր։ Չորրորդ ամուսնությունը չէր թույլատրվում եկեղեցու կողմից և ծնված երեխան համարվեց ապօրինի, թեև Լևոն VI-ի միակ զավակն էր։ Միայն 906 թվականի հունվարին Կոստանդինը մկրտվեց, իսկ 906 թվականի ապրիլին, պատրիարք Նիկոլայ Միստիկոսի կամքին հակառակ, Լևոնը և Զոյան ամուսնացան։ Ծիրանածին մականունը ծագում է կայսերական պալատի Ծիրանի (բոսորագույն) դահլիճից, որտեղ ծննդաբերում էին կայսրուհիները, և տրվում էր ընդգծելու համար արքայական ծագումը։
Կոստանդին Ծիրանածին բարձրահասակ էր, ուներ կաթի նման սպիտակ մորթի, երկար դեմք, վարդագույն այտեր, գեղեցիկ, ուրախ աչքեր։ Նա արծվաքիթ էր, երկարավիղ։ Նա նոճիի նման ուղիղ հասակ և լայն ուսեր ուներ[2]։
908 թվականի մայիսի 15-ին Լևոն VI-ը Կոստանդինին դարձրեց իր իշխանակիցը, սակայն 912 թվականին մահանում է, և գահն անցնում է եղբորը՝ Ալեքսանդրին։ Սակայն նա ևս մահանում է մի տարի հետո՝ 8-ամյա Կոստանդինին թողնելով խնամակալների հոգածությանը։ Կոստանդին Դուկասի ձախողված խռովությունից հետո 913 թվականին, խնամակալների խորհրդի գլուխ է կանգնում Կոստանդնուպոլսի պատրարք Նիկոլայ Միստիկոսը։ Կոստանդին Ծիրանածին առաջին մենիշխանությունը տևեց 913 թվականի հունիսի 7-ից մինչև 920 թվականի դոկտեմբերի 17-ը[3]։
920 թվականին իշխանությունը բռնագրավում է բյուզանդական նավատորմի հրամանատար Ռոմանոս I Լեկափենոսը և հռչակվում իշխանակից։ Դեռևս 919 թվականին նա14-ամյա Կոստանդինին ամուսնացրել էր իր դուստր Ելենայի հետ։ Կոստանդինը, հեռացված լինելով իշխանությունից, զբաղվում է ինքնակրթությամբ և գիտությամբ։
Ռոմանոսը շտապեց կայսերակից հռչակել իր որդիներին՝ Քրիստափորին, Ստեփանոսին և Կոստանդինին։ Կազմակերպվեց մի դավադրություն, որը ունեցավ հաջողություն։ Դրա կազմակերպիչները Ռոմանոսի որդիներն էին։ Նրանց, ամենայն հավանականությամբ, դրդել էր Կոստանդին Ծիրանածինը։ Գահընկեց անելով իրենց հորը, աքսորում են Պրոտե կղզին։ Այս ամենից հետո Կոստանդին Ծիրանածին մի քանի օր թագավորեց Ռոմանոսի որդիների հետ, բայց շուտով նրանց ձերբակալեց և մայրաքաղաքից աքսերեց:Այսպիսով, 945 թվականից հունվարի 27-ին Կոստանդինը, Կոստանդին VII անվան տակ ստանձնեց միանձնյա իշխանությունը։
Կոստանդինը մահանում է 959 թվականին նոյեմբերի 15-ին։ Որոշ տվյալների համաձայն՝ նա թունավորվել է որդու՝ Ռոմանոս II Կրտսերի կողմից;
Կոստանդին Ծիրանածինի օրոք մեծ զարգացում են ապրում գիտությունները, առաջին հերթին հռետորությունը, փիլիսոփայությունը, երկրաչափությոնը, աստղաբաշխությունը, արվեստը:Նա աչքի ընկավ նաև շինարարական գործունեությամբ։
Արտաքին քաղաքականության մեջ կայսրությունը շարունակեց արաբների դեմ մղվող պատերազմը, և՛ Ասորիքում, և՛ Աֆրիկայում։ Իր քաղաքականության մեջ Կոստանդին VII-ը արտահայտում էր մայրաքաղաքի չինովնիկների շահերը՝ պայքարելով գավառների կենտրոնախույս ազնվականների դեմ։ Ռազմական ակտիվ գործողություններ է ծավալել արաբների դեմ։ Սակայն սկզբում նա ձախողվում է, և Կրետե ուղարկված զորաջոկատը ջախջախվում է 949 թվականին։ Ձգտելով ամրապնդել Բյուզանդիայի դիրքը Հայաստանում՝ Ատրպատականի ամիրա Յուսուֆի արշավանքի ժամանակ, Կոստանդին Ծիրանածինը և պատրիարքը Աշոտ Բ Երկաթին և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցուն հրավիրել են Կոստանդնուպոլիս և օգնական զորք տվել Հայոց թագավորին։
Բյուզանդական զորքերն անցնում են Եփրատը (952 թվական), սակայն հետ են շպրտվում։ Արևելքում նվաճումները վերսկսվում են Նիկեփոր Փոկասի և Հովհաննես Չմշկիկի շնորհիվ։ Բյուզանդական զորքի կարևոր հաղթանակներից էր Սոմոսատի գրավումը (958)։ Կոստանդին VII-ը առաջին նախարար է նշանակում ներքինի Վասիլ Լեկափենոսին (գահընկեց կայսեր՝ Ռոմանոս I-ի որդուն), որը մեծ ազդեցություն է ձեռք բերում և պահպանում է հաջորդ կայսրերի օրոք։
Կոստանդին Ծիրանածին, որը Բյուզանդիայի պատմության մեջ հռչակված էր որպես գրական խոշոր դեմք, թողել է մի քանի աշխատություններ, որոնք ունեն պատմագիտական մեծ արժեք:Նա դարաշրջանի կրթված մարդկանից մեկն էր հանրագիտարանային աշխատանքների հեղինակ և հովանավոր։ Նրա «Թեմերի մասին», «Արարողությունների մասին», «Կայսրության կառավարման մասին» (որի 43–46 գլուխները վերաբերում են Հայաստանին), աշխատությունները կարևոր աղբյուր են հանդիսանում Բյուզանդիայի, Կիևյան Ռուսիայի և այլ երկրների պատմության ուսումնասիրման համար։ Կոստանդինի գրչին է պատկանում Ֆեոֆանին Շարունակողի ժամանակագրության բաժիններից մեկը՝ Բարսեղ I Մակեդոնացու կենսագրությունը։ «Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին» գրքում նկարագրում է Օլգա իշխանուհու այցը Կոստանդնուպոլիս (957) և նրա մկրտությունը։ «Կայսրության կառավարման մասին» աշխատության իններորդ գլուխը համառոտ նկարագրում է Ռուսիայի տնտեսական և քաղաքական կարգը։ Նրա մասնակցությամբ կազմվել են «Վասիլիկա» օրենսգիրքը, «Գեոպոնիկա» գյուղատնտեսական հանրագիտարանը (հայերեն հրտ. «Գիրք վաստակոց», 1877) և այլ գործեր։
Այս աշխատություններից ամենից առաջ ուշադրության արժանի է <<Կայսրության կառավարման մասին>> գիրքը, որը հեղինակը գրել էր հատուկ իր որդու համար, որպեսզի տրված ցուցումներով և առաջադրանքներով նա կարողանա իրենից հետո կառավարել երկիրը։ Այս աշխատության համար Կոստանդին Ծիրանածին Թեոփանես Խոստովանողի և Գեորգիոս Վանականի Ժամանակագրություններից ու Ստեփանոս Բյուզանդացու աշխարհագրական բառարանից բացի, օգտագործել է նաև իր տրամադրության տակ գտնվող արքունի դիվանատան փաստաթղթերը:Հեղինակի թերությունն այն էր, որ նա աղբյուրներն օգտագործել է գրեթե անքննադատ ձևով։ Կայսրության կառավարման մասին գիրքը բաժանվում է 52 գլուխների։ Հայաստանի և հայ ժողովրդի մասին նյութերը հիմնականում զետեղված են 43-46-րդ գլուխներում:Այստեղ հեղինակը հատկապես արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Տարոնի հայկական իշխանության ու նրա ներքին անկայուն դրության մասին, որը պայմանավորված էր երկրամասը երկու խոշոր մրցակիցների՝ բյուզանդացիների և արաբների միջև գտնվելու և մեծ մասամբ սրանց գործուն միջամտությամբ Տարոնում բորբոքվող ներքին անհամաձայնությամբ ու պայքարով, որն ի վերջո հանգեցրեց Տարոնի գրավմանը Բյուզանդիայի կողմից։ Իր գրքի վերոհիշյալ գլուխներում Կոստանդին Ծիրանածինը պատմում է նաև Ապահունիքի կայսիկ ամիրայության մասին, որը արդեն Աշոտ I Բագրատունու ժամանակներում վասալական կախման մեջ էր գտնվում հայոց թագավորից և հարկատու էր նրան։ Հեղինակը պատմում է, որ Սմբատ I-ի ողբերգական մահվանից հետո հայկական այդ երկրամասը նույնպես ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ։ Դրանից հետո, 949 թվականին բյուզանդացիները գրավեցին նաև Կարինը (Թեսդոսուպոլիս)։ Աշխատության մյուս մասերում եղած նյութերով հնարավոր է պարզել կայսրության արևելյան շրջաններում հայերի տարածման ոլորտները և նրանց խաղացած ռազմաքաղաքական դերի մանրամասնությունները։ Այստեղից պարզվում է, որ հայերը շատ գործուն մասնակցություն են ունեցել նաև բյուզանդական ռազմական նավատորմիղում և հասել նույնիսկ ծովակալի բարձր աստիճանի։
Աղբյուրագիտական առումով լուրջ հետաքրքրություն է ներկայացնում նաև Կոստանդինի գրած մյուս գիրքը նվիրված իր պապի՝ Բարսեղ I–ի կենսագրությանը։ Շատ թերություններով հանդերձ, այս աշխատությունը հույժ կարևոր սկզբնաղբյուր է Բարսեղ I–ի քաղաքական գործունեության պատմությունը ուսումնասիրելու համար։ Աշխատությունը կարևոր է նաև հայկական գաղթօջախների և առաջին հերթին Ադրիանապոլսի ու նրա շրջակայքի գաղթօջախների պատմության ուսումնասիրության համար։ Այստեղ հեղինակը շեշտում է, որ հայերը օտարության մեջ նույնիսկ անաղարտ էին պահում ազգային դեմքը, որ Բարսեղ կայսեր նախնիները թեև խնամիանում էին տեղացիների հետ, բայց և մեկուսացած տոհմի նման էին ապրում։ Թվարկելով իր պապի մերձավոր ազգականներին ու համախոհներին և հատկապես շեշտելով, որ նրանք խոսում էին իրենց լեզվով Կոստանդին Ծիրանածին ցույց է տալիս, որ Բյուզանդիայում ապրող հայերը ամենևին էլ չէին ապազգայնացվել, այլ պահպանելով իրենց ազգային դիմագիծը, համախմբված ու հավաքական ուժ էին կազմում, որի շնորհիվ էլ կարողանում էին ձեռք բերել ամենաբարձր պաշտոններ և մասնակից դառնում կայսրության ներքին և արտաքին կյանքին։
Արևմտյան Հայաստանի, նրա պատմական աշխարհագրության և ռազմավարչական դրության պատմության ուսումնասիրության համար արժեքավոր նյութեր կան նաև <<Բանակաթեմերի մասին>> աշխատության մեջ։ Այն բաժանված է երկու մեծ հատվածների, ընդ որում առաջին հատվածը, որ 17 ենթամասի է բաժանված, վերաբերում է Ասիային։ Երկրորդ բաժինը վերաբերում է՝ Արևմուտքի, այն է <<Եվրոպայի բանակաթեմերի մասին>>, որտեղ խոսվում է կայսրության եվրոպական 12 բանակաթեմերի մասին, այդ թվում և Խերսոնի:Հայոց պատմության համար կարևոր էր աշխատության առաջին հատվածը, նվիրված Փոքր Ասիային, այդ թվում Բյուզանդական կայսրության սահմաններում գտնվող հայկական հողերին Փոքր Հայք, Բարձր Հայք և Չորրորդ Հայք[4]։
Կոստանդին Ծիրանածինի նշված աշխատությունները հայերեն լույս են տեսել Երևանում, 1970 թվականին, Հ.Բարթիկյանի աշխատությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.