Գահերի խաղը
From Wikipedia, the free encyclopedia
«Գահերի խաղ» (անգլ.՝ Game of Thrones), ամերիկյան ֆենտեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ՝ ստեղծված գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։ 2011 թվականի ապրիլի 19-ին՝ առաջին եթերաշրջանի ցուցադրումից հետո, արդեն իսկ հաստատվել է երկրորդ եթերաշրջանի նկարահանումը[2]։ 2012 թվականի ապրիլի 1-ին տեղի է ունեցել երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Երրորդ եթերաշրջանը հեռուստատեսային էկրաններին է բարձրանում 2013 թվականի մարտի 31-ին, իսկ 2014 թվականի ապրիլի 6-ին ցուցադրվեց չորրորդ եթերաշրջանի անդրանիկ սերիան։ Պրեմիերայից երկու օր անց «HBO»-ն հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանները[3]։ Հինգերորդ եթերաշրջանի վերջին սերիան հեռարձակվեց 2015 թվականի հունիսի 14-ին, որից հետո հայտարարվեց վեցերորդի նկարահանումների մասին[4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։
Հեռուստասերիալը համընդհանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների խոշոր բանակ։ Քննադատների շրջանում այն մեծ մասամբ դրական արձագանքների է արժանացել, թեև առանձնակի քննադատության են արժանացել հեռուստասերիալում առկա մերկության և բռնության (այդ թվում՝ սեռական ոտնձգության) բավականին արտահայտիչ տեսարանները։
Արժանացել է ռեկորդային 38 պրայմթայմ Էմմի մրցանակի (այդ թվում երկու տարի անընդմեջ՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում)։ Արժանացել է նաև Հյուգոյի երեք մրցանակի՝ «լավագույն դրամատիկական ներկայացում» (2012-2014) անվանակարգում, Փիբոդիի մրցանակի (2011), ինչպես նաև չորս անգամ առաջադրվել Ոսկե գլոբուսի՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում (2012, 2015, 2016, 2017)։ Անհատական մրցանակների են արժանացել բազմաթիվ դերասաններ։ Թիրիոն Լանիստերին մարմնավորելու համար, Փիթեր Դինքլեյջը 2011 և 2015 թվականներին արժանացել է պրայմթայմ Էմմի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստադրամայում», իսկ 2012 թվականին՝ Ոսկե գլոբուսի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգերում։ Պրայմթայմ Էմմի մրցանակի են առաջադրվել նաև Լինա Հիդին, Քիթ Հարինգթոնը, Մեյզի Ուիլյամսը, Դայանա Ռիգը և Մաքս ֆոն Սյուդովը։