Արմաղան
լեռ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում (Գեղամա լեռներ) / From Wikipedia, the free encyclopedia
Արմաղան, Արմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է[1]։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում[2][3]։
Արմաղան | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Գեղարքունիքի մարզ |
Լեռնաշղթա | Գեղամա լեռնաշղթա |
Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[4][5]։
Լեռան վրա է գտնվում 2009 թվականին բազալտից կառուցված եկեղեցին, որի մուտքը սխալ տեղից է կառուցված։ Եկեղեցու տեղում նախկինում եղել է հին մատուռի ավերակներ։
Արմաղանը հանդիսանում է սկսնակ լեռնագնացների սիրված վայրերից մեկը։