Սևանա լիճ
լիճ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Գեղարքունիքի մարզ Հայաստան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1900 մ | |
Երկարություն | 70 կմ | |
Լայնություն | 32 կմ | |
Ավազանի մակերեսը | 1260 կմ² | |
Ծավալը | 32.92 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 83 մ | |
Միջին խորությունը | 26.8 մ | |
Պարզությունը | 4.5 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 5000 կմ² | |
Թափվող գետերը | 28, որոնցից են՝ Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Աստղաձոր, Գավառագետ, Ձկնագետ | |
Սկիզբ առնող գետերը | Հրազդան գետ | |
Վիքիպահեստում |
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիաից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։