From Wikipedia, the free encyclopedia
Ավտսրիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն, Ավստրիայի փոստային պատմությունը, որն ընդգրկում է Հռոմեական կայսրությունից մինչև մեր օրերն ընդգրկող ժամանակաշրջանը։ Պատվերային փոստային ծառայությունը ավստրիական պետության շրջանակներում սկսել է գործել 16-րդ դարից, իսկ փոստային նամականիշների թողարկումը՝ 1850 թվականից[1] Ներկայում Ավստրիայի փոստային ոլորտը ներկայացնում է «Österreichische Post» ընկերությունը։
Ավստրիայի տարածքում փոստի պատմությունն ունի բազմադարյա ավանդույթներ։ Ինչպես ցույց են տվել գիտական հետազոտությունները հին հռոմեացիները այստեղ կառուցել են ճանապարհների և փոստային կայարանների ցանց։ Այս հիմնավորման ապացույց է հանդիսացել այն, որ ներկայիս Ավստրիայի տարածքում հայտնաբերվել են հռոմեական ժամանակաշրջանի փոստային սյուներ։ Վերջիններս նախատեսված են եղել մոտակա փոստային բաժանմունքի տեղը ցույց տալու համար։
Միջնադարում փոստային ծառայությունը ի հայտ է եկել Ստիրի կոմսությունում և գործել է սայլերի ու սուրհանդակների միջոցով։ Պատահել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ միջնադարյան սուրհանդակները անցել են երկար ճանապարհ, որպեսզի հասցեատիրոջը ինչպես օրինակ Ադմոնտում գտնվող Բենեդիկտյան միաբանությանը փոխանցեն թղթե կամ կաշվե կտորի վրա գրված ուղերձը[1]։
Մեր օրերում պահպանվել են 1495-1916 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանի ուղեցույց գրքեր։ Այդպիսիններից է 1506 թվականով թվագրվող գիրքը, որը պարունակում է նշումներ Ինսբրուքից մինչև Զագհարթսկիրհեն։ Գրքի նշումները կատարվել են նամակները հանձնելուց անմիջապես հետո։ Նշվել է վայրը, տեղ հասնելու ժամանակը և այլն։ Այս տվյալներից կարելի է իմանալ, որ նամակների տեղափոխումն ու հանձնումը հասցեատիրոջը կատարվել է բավականին արագ։ Օրինակ նշումներից մեկը պատմում է, որ 8 օր 21 ժամում սուրհանդակը անցել է 750 մղոն։ Այդ ժամանակվա փոստային կապերի մասին պատմում են հին գրքերը[1]։
Հարյուրամյակներ շարունակ ավստրիական փոստային ծառայությունները իրականացվել են հիմնականում ի շնորհիվ փոստմաստերների (Postmaster): Թագավորական գրություններից հայտնի է դարձել, որ փոստմաստերի կոչումը փոխանցվել է ժառանգաբար[1]։
16-րդ դարում Ավստրիայում միաժամանակ գործել են Տուրն ընդ Տակսիսի և կառավարական փոստի բաժանմունքներ։ Որոշ ժամանակ անց Վերջինս ոլորտից հեռացնում է Տուրն ընդ Տակսիսին։ 1623 թվականից ավստրիական փոստը ղեկավարվում էր գրաֆների կողմից, ովքեր այդ իրավունքը ժառանգաբար փոխանցում էին։ 1722 թվականի փոստային կապուղիների շահագործումը անցնում էկառավարությանը[2]։
18-րդ դարի վերջերին (սկսած 1772թ.-ից) և 19-րդ դարի սկզբներին Վիեննայում և Ավստրիայի մի շարք այլ քաղաքներում տարածված էր այսպես կոչված «չխչխկան փոստը»։ Այն իր անվանումը ստացել է տնից տուն գնացող և նամակները փոխանցող փոստատարի ուսից կախված փայտյա կամ մետաղական սարքից առաջացող ձայնից[1]։
Լորենց Կոշիրը (1804—1879), ով ծագումով սլովենացի էր, ավստրիացի պետական պաշտոնեա և փոստային հաշվապահի օգնական, առաջարկում է փոստային նամականիշների գնման միջոցով նախօրոք վճարել փոստային ծառայության դիմաց։ Նրա առաջարկը չի ընդունվում, և ավստրիական առաջին նամականիշը լույս է տեսնում միայն 1850 թվականին։
Ավստրիական փոստը մեծ զարգացում է ապրում 1850 թվականին Պրուսիայի, Ավստրիայի և գերմանական այլ պետական կազմավորումների միջև «Ավստրո-գերմանական փոստային համաձայնագրի» կնքումով, որով էլ փոստային ծառայությունների մատուցումը հանձնվեց Տակսիսների փոստին։ 1866 թվականին տեղի ունեցած ավստրո-պրուսական պատերազմից հետո դաշինքը դադարեց գոյություն ունենալ[2][3]։
Աշխարհում առաջին նավային փոստը ստեղծվել է 19-րդ դարում (1851 թվական) Ավստրիայում «Österreichischer Lloyd» (Ավստրիական Լլոյդ) նավագնացության ընկերության կողմից. Այդ նպատակով օգտագործվում էր Ադրիատիկ ծովը։ Փոստային ծառայություններ մատուցվում էին Եվրոպայի և Օսմանյան կայսրության տարածքում[2][4]։
Հետևելով Անգլիայի օրինակին՝ 1861 թվականին Ավստրիայում իրականացրեցին փոստային բարեփոխումներ, որն իրենից ենթադրում էր նամակների համար նախնական վճար։ Այսուհետ գումարը պետք է գանձվեր ոչ թե հաշվի առնելով նամակի անցնելու տարածության հեռավորությունը, այլ կշիռը[2];
Մինչև 1867 թվականը ավստրիական և հունգարական փոստերը ունեին ղեկավարման ընդհանուր մեկ մարմին։ Որոշ ժամանակ անց Ցիսլեյտանիայում ներառվեց Առևտրի նախարարության կազմում՝ ձուլվելով հեռախոսային ծառայությանը։ Փոստային բաժանմունքները բաժանված էին 10 փոստային-հեռախոսային շրջանների, որոնք կառավարվում էին փոստային տնօրենների կողմից։ Փոստային գործառնությունների համար ստեղծվեցին փոստային հիմնարկներ, որոնք երկու տեսակ էին՝ պետական սեփականություն հանդիսացող և մասնավոր։ Վերջիններս գործում էին քիչ նշանակալի կետերում և ղեկավարվում պետական պաշտոն չզբաղեցնող գանձապահների կողմից[2]։
Ավստրո-Հունգարիական կայսրության երկու հատվածները՝ Ավստրիան և Հունգարին, չնայած 1871 թվականից սկսած փոստային նշանների տարբերությանն ու փոստային ղեկավարման առանձնացմանը, իրենցից ներկայացնում էին փոստային մեկ ընդհանրական տարածք։ Այնուամենայնիվ, Ֆինանսների առումով նույնպես տարբերություններ կային։ 1874 թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրվեց Համաշխարհային փոստային համաձայնագիրը, որը տարածվեց ամբողջ Ավստրո-հունգարական կայսրության տարածքում, սակայն միապետության յուրաքանչյուր հատված Համաշխարհային փոստային միությունում ուներ ձայնի իր առանձին իրավունքը[2]։
Ավստրիային է պատկանում բաց նամակի, կամ ինչպես մեր օրերում են ասում՝ բացիկի ներդրումը։ Փոստային քարտերը առաջին անգամ կիրառվեցին հենց Ավստրիայում 1869 թվականի հոկտեմբերի 1-ին[1][4]։
19-րդ դարի վերջում սովորական փակ նամակներ ուղարկելը Ավստրո-հունգարիայում հասնում էր մինչև 5 կրեյցերի, ըդն որում, քաշային մեկ միավորը ընդունված էր համարել 15 գրամ։ Նամակները, որոնց քաշը հասնում էր մինչև 250 գրամի, վճարվում էին միայն կրկնակի փոստային հարկով (վճարով)։ Բացիկների համար գործել են զեղջեր՝ արժենալով 2 կրեյցեր։ Նախօրոք չվճարված նամակները ուղարկվում էին, սակայն հասցեատիրոջն էին տրամադրվում ծառայության դիմաց գումարը գանձելուց հետո։
Բանդերոլային նամակների ուղարկելու գինը սահմանված էր 2-ից 15 կրեյցերի սահմաններում, իսկ ապրանքներից, անկախ քաշից, գանձվում էր 5 կրեյցեր։
1891 թվականին Վիեննայում անցկացվեց Համաշխարհային փոստային համաժողով, որի ընթացքում առաջնային համարվեց թղթային փոստի գործառույթները։ Կառավարության ներկայացուցիչները, որոնք մասնակցում էին այդ նիստին, պարտավորվեցին կազմակերպել թղթային նամակների կանոնավոր տրամադրում և վաճառք երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր տարածքներում նույն գնով, ինչ երկրի ներսում՝ ավելացնելով ընդամենը տրանսպորտային ծախսեր։ Երկրում կարելի էր ավելացնել կոմիսիոն և նմանատիպ այլ գումարներ, սակայն դրանք չպետք է գերազանցեին ընդունված առավելագույն չափանիշները։ Այս համաձայնագրին միացել էր նաև Ավստրո-հունգարիան։
Ավստրիական փոստային ծառայություններից էին նաև փոստային հանձնարարությունների գործառույթները և ուղևորների տեղափոխումն այն վայրեր, որտեղ երկաթգիծը չի հասնում։
Ամբողջ երկրով սփռված փոստային բաժանմունքները ծառայում էին նաև սոցիալական որոշակի նպատակների, որոնք ուղղակիորեն կապ չունեին փոստային ծառայությունների հետ։ Այդպիսիններից էին ավստրիական փոստային խնայողական բանկային գործառույթները և այլն[2]։
Համաշխարհային փոստային միության միջազգային բաժանմունքի 1903 թվականի տվյալների համաձայն[5] Ավստրիայում փոստային բաժանմունքների սփռվածության խտությունը կազմում էր մեկ փոստային բաժանմունք յուրաքանչյուր 37 կմ² (աշխարհում 9-րդը), փոստային ուղիների երկարությունը՝ 196 հազար կմ (աշխարհում 4-րդը), ըդն որում, երկաթուղային փոստային ուղիները գերազանցում էին այլ տեսակի ուղիներին։ Տարեկան փոստի անցած ընդհանուր տարածությունը կազմում էր 101.000.000 կմ, որը համարվում էր աշխարհում 6-րդ ցուցանիշը Ճապոնիայի հետ հավասար։ 1903 թվականին երկրի ներսում առաքված նամակների քանակի մոտ 1 միլիարդի էր հասել, իսկ արտաքին շրջանառությունը՝ 246.000.000 ուղարկված և 221.000.000 ընդունած նամակներ։ Այս ցուցանիշով Ավստրիան զբաղեցնում էր աշխարհում երկրորդ տեղը՝ զիջելով միայն Գերմանիային (Անգլիայի մասին տվյալները բացակայում էին)։ Ավստրիայի ներքին շուկայում ծանրոցների առաքումը կազմել էր 39.000.000, որը համարվում էր աշխարհում 4-րդ ցուցանիշը[2]։
Փոստային կառքերի և սահնակների կիրառումը 20-րդ դարում փոխարինվեցին ավելի ժամանակակից փոխադրամիջոցներով, այդ թվում՝ փոստային ավտոբուսներով և թրթուրավոր սահնակներով։ Վերջինները փոստը հասցնում էին երկրի լեռնային շրջաններ։ Ավստրիական օդային փոստը աշխարհում իր տեսակի մեջ առաջինն էր և սկսել է գործել 1918 թվականի մարտի 18-ից՝ Վաշինգտոն - Լոնգ Այլենդ փոստային չվերթից 6 ամիս ավելի շուտ:Հետագա զարգացում ապրեցին նաև օդամղիչ,ծովային, երկաթուղային և ռազմական փոստային ծառայությունները։ Սկսեցին կիրառվել նամականիշների և բացիկների վաճառքի կիսաավտոմատ և ավտոմատ սարքավորումներ[1]։
Ավստրիան հանդիսանում է Եվրոպական Միության փոստային ադմինիստրացիայի և կապի ծառայության (CEPT) անդամ։
Ավստրիական փոստային նամականիշների ամենակարևոր թողարկումները տեղի են տեղի են ունեցել հետևյալ հերթականությամբ՝
1964 թվականին Վիեննայում Համաշխարհային փոստային համաժողովի 15-րդ նիստի անցկացման կապակցությամբ թողարկվեց «Փոստը արվեստում» ավստրիական փոստային նամականիշների շարք, որոնց վրա պատկերված էին եվրոպական նկարիչներ գործեր՝
20-րդ դարի երկրորդ կեսին ավստրիական պետական տպագրատունը, որը գտնվում է Վիեննայում, աշխարհի ամենախոշորներից էր և տպագրում էր նամականիշներ ոչ միայն Ավստրիայի համար, այլև Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի բազմաթիվ այլ երկրների համար։ Նամականիշների պատրաստման համար այստեղ օգտագործվել է խոր տպագրություն, մետաղագրություն և համակցված եղանակները[7]։
Ավստրիան հանդիսանում է «Եվրոպա» համատեղ փոստային թողարկում ծրագրի մասնակից։ Ծրագիրը սկզբնական շրջանում կազմակերպվում էր CEPT-ի հովանու ներքո։
1851 թվականից սկսած ավստրիական փոստը աշխարհում առաջինը թողարկում է թերթային նամականիշ[8], լրացուցիչ (1894 թվականից), ինչպես նաև փոստային-բարեգործական նամականիշներ, թերթ վճարային և հեռագրային նամականիշներ, ինչպես նաև հաշվարկային նամականիշներ։ Որպես օրինակ, 1916 թվականին թողարկվել է Ավստրիական նամականիշներ, որոնց վրա գրված է եղել «Porto»[9]: 1854-1857 թվականներին փոստային կարիքների համար թույլատրվում էր օգտագործել ֆիսկալ նամականիշներ։
1916 թվականին թողարկվում է հատուկ նշանակության եռանկյուն նամականիշներ։ 1918 թվականին թողարկվում է առաջին օդափոստային նամականիշը։ Այն օգտագործվում է 1918 թվականի մարտից իրականացվող Վեննա - Կրակով - Լվով - Կիև կանոնավոր փոստային չվերթի համար։
Քանի որ 19-րդ դարից 20-րդ դարի սկզբներում ավստրիական փոստային բաժանմունքներ էին գործում նաև արտասահմանում, այդ իսկ նպատակով թողարկվել են նաև նամականիշներ Բուլղարիայում, Օսմանյան կայսրությունում, Ռումինիայում, Կրետե կղզում ևմի շարք այլ երկրներում։
1918-1925 թվականներին և 1945 թվականին իրականացվել են ավստրիական տեղական թողարկումներ մի շարք բնակավայրերում։ Գոյություն ունի նաև Ավստրո-հունգարական դաշտային նամականիշներ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին և ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող ավստրիական խաղաղապահ ուժերի դաշտային նամականիշներ (1974 թվականից սկսած)։
1938-1945 թվականներին Ավստրիայի տարածքում շրջանառության մեջ են եղել Նացիստական Գերմանիայի նամականիշներ։
Ավստրիական փոստային կապի պատմությանը նվիրված թանգարանը, որպես անկախ հաստատություն, գոյություն է ունեցել 1891-1980 թվականներին, որից հետո դարձել է Վիեննայի տեխնիկական թանգարան։ Այստեղ են գտնվում փոստային թղթի և ծրարների բոլոր տեսակներից նմուշներ, որոնք սկսել են թողարկվել 14-րդ դարից, ինչպես նաև փոստային բացիկներ, Ավստրիայի՝ 1850 թվականից թողարկվող փոստային նամականիշներ, հնագույն ավստրիական փոստային դրոշմակնիքներ։ Թանգարանի հատուկ սենյակում ներկայացված է փոստային նամականիշների թողարկման ամբողջ գործընթացը սկսած նկարչի աշխատանքից մինչև տպագրություն[1][10];
Ֆիլատելիստների կազմակերպված շարժումը Ավստրիայում ունեցավ մեծ առաջընթաց։ Աշխարհի հայտնի մասնավոր հավաքածուների շարքում հատուկ առանձնանում է լեգենդար Ֆիլիպ ֆոն Ֆերարիինը (1850-1917)։ Վերջինս հանդիսանում էր ավստրիահատակ և թաղված է Ավստրիայում։
Երկրում գերմաներեն լեզվով հրատարակվում է «Austria-Philatelist» և «Die Briefmarke» ֆիլատելիստական պարբերականներ։ Կանոնավոր հրատարակվում է Ավստրիայում և այլ երկրներում հայտնի «Աուստրիա Նետո համացուցակը»։ 1975 թվականին լույս տեսավ այդ կատալոգի 31-րդ համարը։ Այն ընդգրկում էր 1850-1899 և 1945 թվականներին տպագրված ավստրիական դասական նամականիշների նկարագրությունը։ Կատալոգում ներկայացված էին ծրարների վրայի դասական նամականիշների և թերթերի վրայի թերթային նամականիշների գները։ Կատալոգում թվարկված էին նաև սև տպագրերը, որոնք փոստային հաստատությունը օգտագործել էր գովազդային արշավների ժամանակ՝ նշելով խմբաքանակը։ Հրատարակությունը ներառում էր նաև 1848 թվականից ի վեր հատվող ավստրիական մետաղադրամների ցանկը։ 2015 թվականի դրությամբ կատալոգը ունի արդեն 70 հրատարակություն[11]։
1935 թվականի դեկտեմբերի 1-ին առաջին անգամ Ավստրիան է նշել Փոստային նամականիշի օրը։ Այդ օրվան նվիրված թողարկվում են ավստրիական նամականիշներ։ Օրինակ, այդպիսի նամականիշներից մեկի վրա, որը թողարկվել է 1972 թվականին, պատկերված է եղել այսպես կոչված «չխչխկան փոստը»։ 1975 թվականի նոյեմբերի 14-ին թողարկված երեք այլ նամականիշների վրա պատկերված է եղել Ավստրիայի տարբեր տարիների նամականիշներ (նամականիշ նամականիշի վրա)։ Այդ նամականիշների թողարկումով նշվել է նաև ավստրիական փոստի 125-ամյակը[12]։
Ավստրիացի կոլեկցիոներները մասնակցում են նաև տեղական և միջազգային ֆիլատելիստական տարբեր ցուցահանդեսների։ Օրինակ, 1970 թվականին ավստրո-խորհրդային բարեկամության խմբի կողմից Ինսբուրգի քաղաքային ցուցադրության դահլիճում անցկացվեց Լենինիանայի 100 ամյակին նվիրված ցուցադրություն։ Ցուցահանդեսի հրավիրատոմսերին փակցնելու նպատակով մարվել էին հատուկ նամականիշներ, որոնց վրա պատկերված էր Վլադիմիր Լենինի դիմապատկերը[13]։
Աշխարհում բավականին մեծ ճանաչում ունի Վիեննայում անցկացվող ֆիլատելիստական համաշխարհային ցուցահանդեսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.