Անգլերեն
From Wikipedia, the free encyclopedia
Անգլերեն (անգլերեն՝ English), արևմտագերմանական լեզու, որով առաջին անգամ խոսել են վաղ միջնադարյան Անգլիայում, որն այսօր համարվում է գլոբալ լինգվա ֆրանկա[95][96]։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների պաշտոնական լեզուն է, համարվում է Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանագների, Կանադայի, Ավստրալիայի, Իռլանդիայի և Նոր Զելանդիայի ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են Կարիբյան կղզիներում, Աֆրիկայում և Հյուսիսային Ասիայում[97]։ Այն առավել տարածված երրորդ մայրենի լեզուն է աշխարհում մանդարինից և իսպաներենից հետո[98]։ Անգլերենը երկրորդ՝ լայնորեն ուսումնասիրվող լեզուն է Միանցյալ Ազգերի, Եվրոպական Միության և աշխարհի այլ երկրների, ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար։
Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում։ Լեզուն վաղ շրջաններում կոչվել է հին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն[99], երբ անգլո-ֆրանսիական բարբառները Մեծ Բրիտանիա են բերվել Անգլո-Սաքսոնական բնակիչների կողմից 5-րդ դարում։ Միջին անգլերենի սկիզբը համարվում է 11-րդ դարը, երբ նորմանդացիները զավթեցին Անգլիան[100]։ Վաղ ժամանակակից անգլերենի սկիզբը 15-րդ դարն է, որը հիշվել է տպագրական ներդրումներ բերելով Լոնդոն, Քինգ Ջեյմսի Աստվածաշնչի տարբերակով, ինչպես նաև ձայնավորների լայն փոփոխություններով[101]։ Բրիտանական կայսրության աշխարհահռչակ ազդեցության միջոցով ժամանակակից անգլերենը համաշխարհային տարածում գտավ 17-20-րդ դարերի կեսերին։ Անգլերենը դարձավ միջազգային ճառերի առաջատար լեզու, հաղորդակցման հիմնական լեզու է մի շարք տարածաշրջաններում և մասնագիտական ոլորտներում, ինչպիսին է գիտությունը և այդ ամենը թերթերի, գրքերի, հեռագրի, հեռախոսի, ձայնագրիչների, ռադիոյի, արբանյակային հեռուստատեսության ու համացանցի միջոցով, ինչպես նաև նպաստեց Միացյալ Նահանգների առաջացմանը՝ որպես համաշխարհային գերտերություն[102]։
Ժամանակակից անգլերենի մեջ կան քիչ ձևաբանական խոնարհումներ, իսկ շարահյուսությունը ընդհանուր առմամբ անջատ է դիտվում։ Անգլերենի հիմքում օժանդակ բայերն են, բարդ ժամանակաձևերի, բայի հիմքերի ու եղանակի ճիշտ շարադասությունը, ինչպես նաև կրավորական կառուցվածքը, հարցականի ու ժխտականի ձևերը։ Չնայած տարբեր շրջաններում խոսակցական անգլերենի նկատելի փոփոխություններին՝ ցանկացած անգլախոս աշխարհի տարբեր տեղերից ընդունակ է ազատ հաղորդակցման։ Շեշտերի տարբերությունները նկատվում են միայն անգլախոսների հնչյունային և հնչյունաբանական տարբերությունների մեջ, մինչդեռ բարբառները ևս արտացոլում են քերականական և բառային տարբերություններ։