Ալիսա Բրիտանացի
From Wikipedia, the free encyclopedia
Ալիսա Բրիտանացի կամ Ալիսա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (անգլ.՝ Alice of the United Kingdom կամ անգլ.՝ Alice of Saxe-Coburg and Gotha, ապրիլի 25, 1843(1843-04-25)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 14, 1878(1878-12-14)[1], Դարմշտադտ, Գերմանական միություն[4]), Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի և կոնսորտ Արքայազն Ալբերտի երկրորդ դուստրը, ամուսնությամբ` Հեսսենի Մեծ դքսուհի։
Ալիսան իր վաղ մանկությունն անցկացրել է ծնողների, ինչպես նաև եղբայրների և քույրերի միջավայրում` ճանապարհորդելով Մեծ Բրիտանիայի թագավորական նստավայրերի միջև։ Ալիսան կրթվել է արքայազն Ալբերտի և վերջինիս մտերիմ ընկեր ու խորհրդական Ստոկմարի մշակած ծրագրով։ Ստոկմարի ղեկավարությամբ, ամեն ինչից բացի, Ալիսան սովորել է ձեռագործություն և փայտամշակում, ինչպես նաև ֆրանսերեն և գերմաներեն։
Ալիսան շատ հոգատար դուստր, կին և մայր է եղել։ 1861 թվականի դեկտեմբերին արքայազն Ալբերտի` որովայնային տիֆով հիվանդանալուց հետո Ալիսան շարունակ հոր կողքին է եղել և խնամել է նրան մինչև վախճանը։ Հոր մահից հետո, երբ Վիկտորիա թագուհին տարվել էր սգով, Ալիսան ոչ պաշտոնապես, բայց կատարում էր մոր անձնական քարտուղարի պարտականությունները։
1862 թվականի հուլիսի 1-ին, այն ժամանակ, երբ արքունիքը դեռևս սգի մեջ էր, Ալիսան ամուսնանում է գերմանական արքայազն Լյուդվիգի հետ, որը Հեսսենի Մեծ դքսի ժառանգն էր։ Արարողությունը անցել է Օսբորն հաուսում` նեղ շրջանակում և ինչպես թագուհին է բնութագրել` «ավելի շատ նման էր հուղարկավորության, քան` հարսանիքի»։ Արքայադստեր ընտանեկան կյանքը մռայլվել է աղքատացմամբ, պատերազմական վիճակով, ընտանեկան ողբերգություններով և ամուսնու և մոր հետ հարաբերությունների վատթարացմամբ։
Ալիսան ակտիվորեն հովանավորել է կանանց և հետաքրքրվել է քույրական գործով` մասնավորապես Նայթինգելի աշխատանքով։ Երբ Հեսսենի դքսությունը Ավստրո-պրուսական պատերազմի մեջ էր ներքաշվել, Դարմշտադտը լցվել էր վիրավորներով[6]։ Հղի Ալիսան իր ժամանակի մեծ մասը նվիրում էր դաշտային հիվանդանոցների կառավարման գործին։ Իր հիմնած կազմակերպություններից մեկը`«Արքայադուստր Ալիսայի կանանց գիլդիան», իր վրա էր վերցրել ռազմական հոսպիտալների առօրյա աշխատանքի մեծ մասը։ Այս գործունեությամբ, մասնավորապես, գինեկոլոգիական հարցերով խիստ անհանգստացած Վիկտորյա թագուհին 1871 թվականին Ալիսայի կրտսեր քրոջը՝ Լուիզային, որը նոր էր ամուսնացել, գրել է․ «Ալիսային թույլ մի տուր, որ շատ խորանա քո «ներքին աշխարհում», նրա հետ եղիր լռակյաց և շատ զգույշ»։
1877 թվականին Ալիսան դառնում է Հեսսենի Մեծ դքսուհի և ավելացած պարտականությունները բացասաբար են ազդեցում նրա հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ 1878 թվականի վերջին ամիսներին հեսսենյան արքունիքում բռնկված դիֆտերիայի համաճարակից հիվանդանում է գրեթե ամբողջ հեսսենյան ընտանիքը։ Ալիսան իր հիվանդ երեխաներին խնամելով, ի վերջո, ինքն էլ մահացու հիվանդանում է և հոր մահվան օրը հոգին ավանդում։
Ալիսան Վիկտորյա թագուհու երեխաներից առաջինն էր, որ մահացել է նրա կենդանության օրոք և մոր իշխանության շրջանում մահացած երեք երեխաներից առաջինը։
Ալիսան Միացյալ Թագավորության արքա Էդուարդ VII-ի և Գերմանիայի կայսրուհի Վիկտորյայի (Ֆրիդրիխ III-ի կինը) քույրն է, Ռուսաստանի կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի (Նիկոլայ II-ի կինը) մայրը, Բիրմայի առաջին կոմս Լուի Մաունտբետտենի (Հնդկաստանի վերջին փոխարքա) մայրական գծով տատիկը և Էդինբուրգի հերցոգ՝ Արքայազն Ֆիլիպի (Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսնու) մայրական գծով նախատատը։ Մյուս դուստրը՝ Մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնան, որն ամուսնացել էր մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի հետ (Ալեքսանդր II-ի որդու), սպանվել է բոլշևիկների կողմից, 1918 թվականի հուլիսին, ինչպես Ալեքսանդրան և նրա ընտանիքը։