հայ գրականագետ, գրող From Wikiquote, the free quote compendium
Լևոն Մկրտչի Մկրտչյան (մարտի 2, 1933, Ախալցխա - օգոստոսի 22, 2001, Երևան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, հայ դասական քնարերգության ուսումնասիրության և պրոպագանդման բնագավառում կատարած աշխատանքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996):
Ժողովրդական էպոսը, որպես կանոն, իր ձևավորման ժամանակից շատ ավելի մեծ տարիք է ունենում։ (էջ 17)
Արդարությունը պահանջում է, որ պատերազմից ու արյունահեղությունից հրաժարվեն նվաճողները, և ոչ թե ժողովուրդները, որոնք կռվում են այդ նվաճողների դեմ։ (էջ 50)
Հերոսությունն այն բանի մեջ է, որ թույլ չտաս քեզ ստրկացնել, թույլ չտաս նվաստացնել, այն բանի մեջ, որ պաշտպանես սեփական ակութի կրակը` կյանքի հավերժ կանաչ ծառը։ (էջ 76)
Առանց հայրենիքի, առանց հայրենի տան մարդը ոչինչ է։ (էջ 121)
Մենախոսությունը միշտ ենթադրում է մեկին, որին դիմում է խոսողը։ (էջ 131)
Ողբերգականը այն չէ, որ մարդն իր բնությամբ չնչին է, այլ այն, որ նրա գործերն են չնչին։ (էջ 139, Գրիգոր Նարեկացի)
Եվ եթե կրակը միանում է կրակին, այնժամ ծագում է գիտությունը։ (էջ 141, Հովհան Որոտնեցի)
Հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրում է երկիրը բռնած,տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք։ (էջ 141, Թումանյան)
Հետևել բնությանը, նշանակում է ապրել նրան համապատասխան, ապրել առաքինի կյանքով։ (էջ 149)
Միտքը հանդուգն և աներկյուղ դատավոր է, նա չի երկնչում աստծուց, որովհետև անձնիշխան է։ Չի կաշառվում, որովհետև անկարոտ է։ Եվ տգետ չէ, որովհետև միշտ իմաստուն է, այդ պատճառով էլ դատում է ճշգրիտ և ուղիղ՚: (էջ 168, Գրիգոր Տաթևացի)
Մարդը մահկանացու է, և սա պետք է նրան նախազգուշացնող հանգամանք լինի, բարիք գործելու, հոգին մեղքով չապականելու կոչ։ (էջ 171)
Սէրն որ դրամով լինի, զինքն էրել պիտի կրակով:(էջ 178, Նահապետ Քուչակ)
Ով որ սիրո տէր մարդոյն մեղադրէ` ինքն է ատելուն։ (էջ 178, Նահապետ Քուչակ)
Ան սէրն որ ճորով լինի, հետ անոր խաղալն է մահալ։ (էջ 178, Նահապետ Քուչակ)
Սերը մեծ զգացում է, սերը հենց կյանքն ինքն է, կյանքի հաղթանակն ու իմաստը; (էջ 182)
Անպատասխան սերը ոչ այնքան բյուրեղացնում է զգացմունքները, որքան չարչարանք է պատճառում։ (էջ 183)
Սերն, ամենից հաճախ, համեմատվում է սիրտն ու հոգին այրող կրակի հետ; (էջ 184)
Ընթերցելով բանաստեղծին` ընթերցում ես մարդու կյանքը։ (էջ 216)
Պոեզիան կյանքի նման բազմազան է և կյանքի պես էլ բնորոշում չի ընդունում։ (էջ 216)
Գեղարվեստական արժեքներն ստեղծում են նրանք, ովքեր, այնուամենայնիվ, չեն կարողանում հարմարվել այն ամենին ինչը վայել չէ հասարակությանն ու կյանքին։ (էջ 224)
Բանաստեղծները խոցելի են, քանզի զուրկ են առօրյա կյանքում կողմնորոշվելու ունակությունից, նրանք չեն կարող ապրել իրենց համար, հանուն իրենց շահի։ (էջ 225)
Չարը չար է ծնում, չարիքը` չարիք։ (էջ 227)
Ով քեզ չար կամենայ, պարտ է բարի հատուցանել։ (էջ 227, Կ. Երզնկացի)
Կսիրես քո թշնամուն, փոխարենը սիրուդ սիրով կպատասխանեն։ (էջ 227, Կ. Երզնկացի)
Հումանիզմը, ավաղ, միշտ էլ խոցելի է։ (էջ 227)
Բառապղծությունը միշտ պատժվում է։ (էջ 294)
Ով խաղում է բառերի հետ, խաղում է կյանքի հետ։ Եվ ոչ միայն ուրիշի կյանքի, այլև իր… Բառը բումերանգ է:(էջ 294)
Նպատակը երբեք չի արդարացնում միջոցը, եթե այդ միջոցը հանցագործությունն է։ (էջ 305)
Իմանալ զբանս հանճարոյ (գրականագիտական էսսեներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 416 էջ։