From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ջեյմս Փոլ ՄաքՔարթնի (անգլ.՝ Sir James Paul McCartney, հունիսի 18, 1942[11][12][13][…], Walton Hospital, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի ռոք երգիչ,երգահան և մուլտիգործիքավորող, որ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես The Beatles-ի հիմնադիրներից մեկը։ Ջոն Լենոնի հետ նա ստեղծեց աշխարհի ամենահաջողակ հորինողական համագործակցություններից մեկը և ստեղծեց ռոքի և փոփի պատմության ամենասիրված երգերի մի ստվար մասը։ ՄաքՔարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 միլիոն վաճառված սինգլներով։ Նրա և Լեննոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը։ Եղել է Wings խմբի ղեկավարը։
Փոլ ՄաքՔարթնին ծնվել է 1942 թվականի հունիսի 18-ին Լիվերպուլի Ուոլթոն հիվանդանոցում (Walton Hospital), Ռայս Լեյնում, որտեղ նրա մայրը՝ Մերին, բուժքույր էր ծննդատանը։ Թե՛ հայրական, թե՛ մայրական գծով իռլանդացի Փոլը մկրտվել է կաթոլիկ եկեղեցում, բայց Մերին (կաթոլիկ) և հայր Ջեյմս ՄաքՔարթնին (բողոքական, ավելի ուշ՝ ագնոստիկ) դաստիարակում էին իրենց որդուն կրոնական ավանդույթներից դուրս։ 1947 թվականին Մերի ՄաքՔարթնին դարձավ կանչով գինեկոլոգ։ Դա բավականին բարդ ու ծանր աշխատանք էր, նրանք կարող էին կանչել օրվա ցանկացած ժամի, բայց դա թույլ տվեց ընտանիքին տեղափոխվել սըր Թոմաս Ուայթի Էվերտոնում գտնվող Այգիների շրջանը. Մերին այդ բնակարանը ստացավ նոր աշխատանքի հետ միասին։ Ընտանիքը աղքատ չէր, բայց շատ համեստ էր ապրում. Ջեյմս ՄաքՔարթնին պատերազմի ընթացքում աշխատում էր զինամթերքի գործարանում, բայց պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ բամբակի բորսան, որտեղ շաբաթական 6 ֆունտ էր վաստակում, ավելի քիչ, քան կինը, որը անհանգստության առիթ էր դառնում։ Հեռուստացույցը, ինչպես հիշում էր Փոլը, հայտնվեց միայն 1953 թվականին։
1947 թվականին Փոլը ընդունվեց Սթոքթոն Վուդ Ռոուդի նախնական դպրոց(անգլ.՝ Stockton Wood Road)։ Չափից շատ աշակերտներ ունենալու պատճառով նրանց մի մասին տեղափոխեցին Ջոզեֆ Ուիլյամսի նախնական դպրոց (անգլ.՝ Joseph Williams Primary School) Բել Վեյլում։ Այստեղ Փոլը առաջին անգամ բեմ դուրս եկավ՝ կատարելով ինչ-որ երգ (կոնկրետ՝ ինչ նա այդպես էլ չկարողացավ հիշել)՝ կապված Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թագադրման հետո։ Կատարման համար նա արժանացավ մրցանակի և վերապրեց բեմի առաջին վախը։ 1954 թվականին հանձնելով քննությունները 11+՝ նա հնարավորություն ստացավ շարունակել կրթությունը տղաների՝ Լիվերպուլյան համալսարան անվամբ միջնակարգ դպրոցում։
1954 թվականին ՄաքՔարթնի ընտանիքը տեղափոխվեց Ուոլեսի շրջան, ապա՝ Սպիկ, իսկ 1955 թվականին՝ Ալերթոն, որտեղ նրանք տեղավորվեցին Ֆորթլին Ռոուդի № 20 տանը[14]։ Փոլը ծանր ցնցում ապրեց 1956 թվականին մոր մահից հետո (կրծքագեղձի քաղցկեղից)։ Վաղ կորստյան արդյունքը դարձավ Փոլի և Ջոն Լենոնի ծանոթությունը. վերջինիս մայրը՝ Ջուլին, մահացավ, երբ Ջոնը 17 տարեկան էր[15]։ Փոլը մեծ տեղ էր հատկացնում մոր բազում հատկությունների և ցանկությունների, որոնցից մեկն էլ որդու՝ իսկապես լավ մարդ դառնալու ցանկությունն էր։ Մայրը գեղեցիկ և գրագետ գրում և խոսում էր՝ համառելով, որպեսզի և Փոլը խոսեր «արքայական անգլերենով». շնորհիվ մոր՝ Փոլը գրեթե չէր խոսում Լիվերպուլի բարբառով։
Տասնչորսամյակի կապակցությամբ հայրը որդուն հնամյա շեփոր նվիրեց[16], որը նա (ավագ ՄաքՔարթնիի համաձայնությամբ) փոխանակեց ակուստիկ կիթառի՝ Framus Zenith-ի հետ։ Ձախլիկ Փոլը նվագել սովորեց՝ հետևելով Սլիմ Ուիթմանի օրինակին, որը տեղադրում էր լարերը հակառակ դասավորությամբ։ Նվագելով կիթառը՝ Փոլը գրեց իր առաջին երգը՝ «I Lost My Little Girl» անվամբ[17]։ Ինչպես հետագայում վերհիշում էր ՄաքՔարթնին, հենց հայրը իր նվերով օգնեց իրեն կազդուրվել մոր մահի շոկից։ Փոլը այդ ժամանակներից սկսած՝ բաց չէր թողնում սքիֆլ խմբերի ոչ մի համերգ, ժամերով լսում էր Radio Luxembourg ռադիոյի ծրագրերը, սովորում էր Էլվիս Փրեսլիի և Ռիչարդ Լիթլի հիթերը, պատճենում էր աստղերի երգերն ու տեսքը։
Փոլի հայրը, որ նախկինում շեփորահար և դաշնակահար էր (1920-ական թվականներին նվագում էր սեփական Jim Mac’s Jazz Band խմբում)[18], իր որդիներին ընկերական և ստեղծագործական միջավայրում էր դաստիարակում. հազվադեպ չէին բոլոր երեքի միասին երգելն ու նվագելը և տեղական համերգներին հաճախելը։ Ջեյմս ՄաքՔարթնին, որ 14 տարեկանից սկսել էր աշխատել, 62 տարեկանում թոշակի անցավ և շաբաթական 10 ֆունտ էր ստանում։ Դա չխանգարեց նրան «…հիանալի հայր լինել, որի համար երեխաների կրթությունն առաջնային նշանակություն ուներ»[19]։ Կնոջ մահից հետո Ջեյմս ՄաքՔարթնին որդիներին միանգամից ակտիվ գործունեության մղեց։ «Նա մեզ արագորեն դուրս բերեց երեխայական հոգեվիճակից։ 12 տարեկան հասակում ես արդեն վաճառական էի։ «Տուկ-տուկ, չէի՞ք ցանկանա դառնալ մեր այգեգործական ակումբի հաճախորդը», - վերհիշում էր Փոլը։ Նման դաստիարակությունը կարևոր դեր խաղաց նրա կյանքում. ՄաքՔարթնին միշտ հեշտությամբ կարողանում էր լեզու գտնել մարդկանց հետ։ Ինչպես գրում էր Ա. Գոլդմանը.
Երեք տղամարդ միմյանց միջև բաժանել էին աշխատանքը։ Փոլը և Մայքլը կրակ էին անում և սեղանը գցում, Ջիմը պատրաստություններ էր տեսնում։ Միաժամանակ երեքն էլ պիտի տնտեսեին… Մանկուց աղքատության մեջ ապրած Փոլը, նույնիսկ միլիոնատեր դառնալով, շատ տնտեսող էր մնում։ Սակայն ամենազարմանալին Ջիմի դաստիարակության մեջ այն էր, որ նա կարողացավ որդուն հավասարակշռված մարդ դարձնել։ Դեռ շատ երիտասարդ տարիքից լինելով շոու բիզնեսի աշխարհում, որտեղ շատերը պարզապես իրենց կորցնում են, Փոլ ՄաքՔարթնին իր ողջ կյանքի ընթացքում չարեց ոչ մի այնպիսի բան, ինչը վտանգի տակ կդներ իր հաջողակ կարիերան[19]։ |
Մոր մահից հետո ՄաքՔարթնիի բնակարանը բարեկամներով լցվեց։ Ամենահոգատարը տիկին Ջինն էր, որը հետագայում հիշատակվել է ՄաքՔարթնիի երգացանկում («Let 'Em In»)։ Այնուամենայնիվ Փոլի համար տանը «սարսափելի դատարկություն» էր։ Չնայած իր անմիջականությանը՝ դպրոցական տարիներին Փոլի ժամանակի մեծ մասը միայնակ էր անցնում, հաճախ՝ բնության գրկում, թափառում էր դաշտերով կամ ծառ էր բարձրանում (նման կերպ պատկերացնելով, թե իբր իրեն բանակի է պատրաստում. այդ հիշողությունները կիսով չափ արտահայտվել են «Mother Nature’s Son» երգում)։ Նրա մեկ այլ հետաքրքրությունը դարձավ ավտոբուսի երկրորդ հարկով քաղաքի կենտրոնով շրջագայելը. այդ տպավորությունները իրենց արտահայտությունն են գտել The Beatles-ի մի շարք հանրահայտ երգերում, մասնավորապես՝ «A Day in the Life»-ում (որտեղ հերոսը նստում է վերևում, ծխում և քնում) կամ «Penny Lane»-ում. ուր էլ որ գնար Փոլը՝ դպրոց, հյուր կամ ընկերների մոտ, նա առաջին հերթին հենց այդ փողոցն էր գնում։
Փոլը չկարողացավ համալսարան ընդունվել. նա ծանոթ չէր փաստաթղթերի հանձնման կարգին։ Իր գրական կրթությամբ նա պարտական է իր դպրոցի ուսուցչին, ինչպես նաև հայտնի թատերական գործիչ Ալան Դյորբանդին, որն իր աշակերտի մեջ հետաքրքրություն առաջացրեց դեպի Չոսերը և Շեքսպիրը[20]։ Կարդալով «Համլետը»՝ Փոլը իրեն ռեժիսոր պատկերացրեց. նա սկսեց թատրոններ հաճախել («Liverpool Playhouse», «Royal Court») և հաջորդաբար կարդալ Օսկար Ուայլդի, Թենեսի Ուիլյամսի, Բերնարդ Շոուի, Ռիչարդ Շերիդանի և Թոմաս Հարդիի ստեղծագործությունները։ Իր միակ հինգը ավարտական քննությունների ժամանակ նա հենց գրականությունից ստացավ։
Փոլի դպրոցական ընկերներից մեկը՝ Էվեն Վոուենը, որ ժամանակ առ ժամանակ նվագում էր Ջոն Լենոնի The Quarrymen խմբում, հրավիրեց Փոլին անսամբլում հանդես գալու համար Ուոլթոնի Սուրբ Պետրոս եկեղեցում։ ՄաքՔարթնիի առաջին հանդիպումը Լենոնի հետ տեղի ունեցավ 1957 թվականի հուլիսի 6-ին։ Ինքը ՄաքՔարթնին այսպես էր պատմում անսպասելի ունկդրման մասին, որ կազմակերպվել էր անսամբլի անդամներից կողմից[21]։
Առաջին հերթին Փոլը Ջոնին կիթառը լարել սովորեցրեց. մինչ այդ Ջոնը իր հարևանին գումար էր վճարում, որպեսզի նա իր փոխարեն կատարեր աշխատանքը։ Ջոնն օգտագործում էր երկմատանի ակորդները բանջոյի համար, որոնց նրան սովորեցրել էր մայրը՝ Ջուլիան։ Փոլն ավելի շատ ակորդներ գիտեր, բայց, քանի որ նա ձախլիկ էր, գործընկերը պիտի աներ աշխատանքի ավելի բարդ մասը։ ՄաքՔարթնիի և Լենոնի ընկերությունը բացասաբար ընդունվեց բարեկամների կողմից. Միմի մորաքույրը, որ դաստիարակել էր Ջոնին, Փոլին ցածր էր դասում, ՄաքՔարթնի ավագը զգուշությամբ էր վերաբերում Ջոնին («Օհ, որդի, նա քեզ ինչ-որ պատմության մեջ կգցի»)։ Բայց Ջոնի և Փոլի համագործակցությունն արագ առաջ էր ընթանում, իսկ արդեն 1957 թվականի ամառային արձակուրդների ժամանակ նրանք միասին սկսեցին երգ գրել. Ֆորթլին Ռոուդի տանը Ջեյմս ՄաքՔարթնիի աշխատանքից տուն վերադառնալուց երեք ժամ առաջ։ Փոլը վերհիշում էր, որ նրանք սկսեցին լրջորեն երգել ստեղծել և առաջին հերթին տետր ձեռք բերեցին, որի յուրաքանչյուր էջում գրեցին. «Լենոն-ՄաքՔարթնիի օրիգիալ ստեղծագործություն»։ «Մենք միանգամից մեզ սկսեցինք դիտարկել որպես նոր մեծագույն հեղինակային զույգ», - ասում էր նա։ Առաջին րգը, որի տեքստը և ակորդները հայտնվեցին տետրում, «Too Bad About Sorrows»-ն էր։ Հետագայում գրվեցին «Just Fun»-ը, «In Spite of All the Danger»-ը և «Like Dreamers Do»-ը (որը Փոլը համարում էր «շատ վատը» և տվեց կատարելու Applejacks խմբին)։ Նրա խոսքերով՝ մի փոքր ավելի լավն էին «One After 909»-ը, և, վերջապես, «Love Me Do»-ն, որը իր բնույթով գագաթնակետն էր. «վերջապես մի երգ, որը կարելի էր ձայնագրել»։
Դեռ 1954 թվականին ավտոբուսով դպրոց գնալիս Փոլը ծանոթացել էր Ջորջ Հարիսոնի հետ. վերջինս ոչ հեռու էր ապրում։ Նրանք ընկերացել էին։ Այժմ Փոլը համոզեց Ջոնին, որ իրենց խումբ ընդունեն պատանի Ջորջին։ 1960 թվականին ընտրելով մի քանի անուններ՝ The Silver Beatles անվամբ խումբը մեկնեց Համբուրգ, որտեղ կրճատեց անունը՝ դարձնելով The Beatles:
Ջիմ ՄաքՔարթնին չէր ցանկանում բաց թողնել որդուն, սակայն ստիպված էր համաձայնվել, երբ Փոլը հայտարարեց, որ օրական աշխատելու է 10 շիլինգ. փաստը հոր համար ընդունելի էր` պատերազմից հետո մեծ ծախսերի պատճառով[15]։ Համբուրգում, որտեղ The Beatles-ը հայտնվում է անտրեպրենյոր Բրունո Կոշմիդերա (նախկինում կրկեսի ծաղրածու) խնամակալության տակ, Փոլը ինքնուրույն երաժշտից դառնում է պրոֆեսիոնալ. համարվում է, որ 800 ժամերը, որ խումբը անցկացրեց քաղաք երեք ակումբների բեմում, The Beatles-ին բերեց համաշխարհային ճանաչում[22]։ Առաջինը խմբին որպես բնակիչ ընդունեց Indra-ն։ Պայմանները սարսափելի էին. երաժիշտները տեղավորվում էին լքված կինոթատրոններում, լվացվում էին զուգարաններում։ Սակայն շաբաթական յոթ օր ելույթները և խիստ գրաֆիկը նրանց կարիերայի մեջ մեծ դպրոցի դեր կատարեցին։ Բացի այդ,- «Մենք միշտ ցանկանում էինք գրավել անցորդների ուշադրությունը. դա իր դերի մեջ փորձ էր. ինչպես գրավել նրանց ուշադրությունը, ովքեր չեն ուզում քեզ տեսնել»,- հիշել է Փոլը։ Այնուհետև խումբը տեղափոխվում է Kaiserkeller. այստեղ աշխատանքի գրաֆիկն ավելի լավ էր (մեկ ժամ նվագ, մեկ ժամ հանգիստ` Rory Storm and the Hurricanes հետ փոխարինվելով), սակայն երաժիշտներին սկսեցին ատել տեղի երաժիշտները և ռոքերները։ Այսպիսով, «բիթլներին» պաշտպանեց լեգենդար գանգստեր Հյորստ Ֆաշերը իր թիմի հետ. «Ամենազարմանալին մեզ համար այն էր, երբ մենք սկսեցինք ճանաչել այդ մարդկանց (իսկ նրանց մենք ճանաչեցինք շատ լավ), այն, որ նրանք մեզ իսկապես սիրեցին պարզապես ինչպես եղբայրների»։ Փոլի խոսքերով նրանք գրեթե լացում էին երբ եկավ բաժանման պահը։
Կոշմիդերայի մոտ աշխատանքը ավարտվեց այն ժամանակ երբ խումբը տեղափոխվեց աշխատելու Top Ten ակումբում[23]։ Սա տեղի ունեցավ ի շնորհիվ ՄաքՔարթնիի, ով մեծ տպավորություն թողեց ակումբի ղեկավարների վրա։ Վերջին հաշվով, խումբը Լիվերպուլ վերադարձավ նույնպես Փոլի շնորհիվ, ով Փիթ Բեստի հետ կրակի էին տվել սենյակը։ Բրունո Կոշմիդերը նրանց ոստիկանություն էր գցել, որտեղ տղաները մնացել էին 3 ժամ, ինչից հետո էլ արտաքսվել էին։ 1960 թվականի դեկտեմբերին Beatles-ը սկսում է ելույթ ունենալ Լիվերպուլում, իսկ դեկտեմբերի 27-ի համերգը Litherland Town Hall-ում համարվում է շրջադարձային նրանց կարիերայի մեջ։ Փոլ ՄաքՔարթնին այստեղ ցնցել էր հանդիսատեսին իր ելույթով «Long Tall Sally» երգի կատարման ժամանակ։ 1961 թվականի մարտի 21-ին Փոլը The Beatles-ի հետ հանդես եկավ առաջին մենահամերգով լիվերպուլյան Cavern ակումբում։ Հասկանալով, որ մրցակիները երգում են այն երգերը ինչ որ նրանք, Փոլը Ջոնին առաջարկում է աշխատել օրիգինալ նյութի վրա։ 1961 թվականի ապրիլին խումբը վերադառնում է Համբուրգ և այստեղ կատարում է իր առաջին ձայնագրությւոնը. «My Bonnie»-ն Թոնի Շերիդանի հետ։ Մինչ 1961 թվականը Փոլը, ինչպես նաև Ջոնը նվագել են ռիթմ-կիթառի վրա, իսկ բաս-կիթառ նվագել է այն ժամանակ, երբ Ստյուարտ Սատկլիֆը չի կարողացել բեմ բարձրանալ։ Հիմնական բաս-կիթառիստ Փոլը դարձել է միայն 1961 թվականի ամռանը, երբ համբուրգյան պայմանագրի ավարտով Սատկլիֆը լքեց խումբը։ Ասում են սրա պատճառը եղել է մի համբուրգյան համերգի ժամանակ տեղի ունեցած դեպքի պատճառով. «...Ստյուն հանեց բաս-կիթառը, դրեց գետնին և հարձակվեց Փոլի վրա և նրանք սկսեցին կռվել հենց բեմի վրա»[24]։ «Ստեղծվել է մի միտք, թե ես Ստյուին հանել եմ խմբից, որովհետև ցանկանում էի տիրանալ նրա բաս-կիթառին։ Մոռացեք։ Ոչ ոք չի երազում նվագել բաս. ամեն դեպքում այն ժամանակ ես չէի երազում։ Բաս-կիթառը այն է, ինչով կանգնում է գեր տղաները բեմի խորքում...»,- ասել է Փոլը։ Ինչ էլ որ պատահած լինի հենց այս պահից Փոլը դարձավ բաս-կիթառիստ` ստանալով Ստյուարտի կիթառը` Hofner 500/5-ը։ Ավելի ուշ, 1962 թվականին, նա վերցնում է Hofner 500/1-ը, որը նախորդից էժան չէր[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.