From Wikipedia, the free encyclopedia
Օսկար Ֆինգալ Օ'Ֆլայերտի Ուիլս Ուայլդ (անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, հոկտեմբերի 16, 1854[1][2][3][…], Դուբլին, Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 30, 1900[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[6][4]), ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, գրաքննադատ, մոդեռնիզմի և դեկադենտական (անկումային) արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկը եվրոպական գրականության մեջ։
Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդենտության առավել հայտնի ներկայացուցիչներից է։
Օսկար Ուայլդը 1864-1871 թվականներին սովորել է Պորտորի թագավորական դպրոցում, 1871-1874 թվականներին՝ Դուբլինի Տրինիտի քոլեջում։ 1874 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ 1879 թվականին ավարտել է Օքսֆորդի Մագդալեն քոլեջը։
1881 թվականին հրատարակել է առաջին՝ «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը հաջողություն է ունեցել։
1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքներում, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» (1882) հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895-1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» (1898) պոեմում և հետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։
Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղամանուկը») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քենթերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ 19-րդ դարավերջի ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891)։ Ուայլդի «Պադուայի դքսուհին», «Սալոմե» (1893), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895) ողբերգությունները մեծ կրքերը բանաստեղծական դրամայի վերածելու փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգությունները, որոնք լի են սրամիտ պարադոքսներով և տիրող դասակարգերի բարքերի դեմ ուղղված էպիգրամներով («Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (1899)։ Սոցիալ-քննադատական մոտիվներն ուժեղ են «Իդեալական ամուսինը» (1895) կատակերգությունում։
1880-ական թվականներին քննադատական հոդվածներում («Մտահղացումներ» ժողովածու, 1891) Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել հոգեհարազատ ու քաջածանոթ երևույթները։
Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն[9][10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.