շաբաթաթերթ From Wikipedia, the free encyclopedia
«Վրաստան», Վրաստանում լույս տեսնող հայալեզու հասարակական-քաղաքական հանրապետական շաբաթաթերթ։ Թերթը լուսաբանում է Վրաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները։
Թերթը հիմնադրվել է 1920 թվականին «Կարմիր աստղ» անվանումով։ 1923 թվականին անվանափոխվել է «Մարտակոչ» անունով։ Խմբագիրներ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Հարություն Սուրխաթյան, Աշոտ Խումարյան, Արամայիս Երզնկյան, Սարգիս Խանոյան։ Պրոպագանդել է խորհրդային գաղափարախոսություն, քննադատել մենշևիկյան և բոլշևիզմին դեմ արտահայտված այլ կուսակցությունների գաղափարախոսությունը։ Տպագրել է մարքսիզմ–լենինիզմի դասական համարվողների աշխատությունները։ Մեծ ուշադրություն է նվիրել Անդրկովկասի և միութենական մյուս հանրապետությունների արդյունաբերության և գյուղատնտեսության՝ խորհրդային ստանդարտներով զարգացման հարցերին, կարևորել աշխատավորության գեղագիտական դաստիարակությունն ու անգրագիտության վերացումը։ Ներկայացրել է երկրամասի մշակութային կյանքը, գրականության և արվեստի նորությունները։ Թերթում հոդվածներով և այլ նյութերով հանդես են եկել կուսակցական և պետական գործիչներ, գիտնականներ, աշխատավորության ներկայացուցիչներ։ Տպագրել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Հակոբյանի, Եղիշե Չարենցի և ուրիշների ստեղծագործությունները։ «Մարտակոչ»-ին զուգահեռ՝ որպես գրական–գեղարվեստական հավելված, լույս է տեսել նույնանուն շաբաթական պատկերազարդ հանդեսը (խմբագիր՝ Հարություն Սուրխաթյան), ուր լուսաբանվել են գրականության ու արվեստի տեսական հարցեր, պարբերաբար տպագրվել հայ խորհրդային հեղինակների նոր գործերը, թարգմանություններ ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունից։
1927 թվականին թերթը անվանափոխվել է «Պրոլետար», 1939 թվականին՝ «Խորհրդային Վրաստան»։ 1940 թվականից այն կոչվում էր «Սովետական Վրաստան», իսկ 1990-ական թվականների սկզբից թերթը կոչվել է «Վրաստան»։
1970-ական թվականներին թերթը լույս էր տեսնում շաբաթական 3 անգամ՝ 40 հազար օրինակ տպաքանակով[1]։ 1990-ական թվականներին տպաքանակը մոտ 2 000 օրինակ էր[2]։
2010 թվականի դեկտեմբերի 29-ին թերթը դարձել է 90 տարեկան։ Հոբելյանի առթիվ «Վրաստան» թերթի խմբագրակազմին շնորհավորել են Հայաստանի և Վրաստանի նախագահները, ովքեր բարձր են գնահատել խմբագրության և Վրաստանի հայալեզու թերթի լրագրողական կազմի աշխատանքը։
Միխեիլ Սաակաշվիլին իր շնորհավորական ուղերձում հայտարարել էր.
Հատուկ հարկավոր է նշել «Վրաստան»-ի կոլեկտիվի պրոֆեսիոնալիզմն ու քաղաքացիական դիրքորոշումը, որն արժանիորեն ծառայում է երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։ |
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս շնորհավորել է թերթի 90-ամյակի առթիվ և ընդգծել է, որ «Վրաստան» թերթի 90-ամյա պատմությունը երկու ժողովուրդների անկեղծ եղբայրական հարաբերությունների օրինակ է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.