հայ հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia
Արամայիս Հարությունի Երզնկյան (մայիսի 2, 1879[1], Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1937[2]), հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1898)։
Արամայիս Երզնկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1879[1] |
Ծննդավայր | Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1937[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1898)[1] և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | հեղափոխական և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Կայծ[1] և Պայքար[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխաներ | Յուրի Երզնկյան |
Aramais Erzinkyan Վիքիպահեստում |
Հմայակ Երզնկյանի եղբայրը։
Արամայիս Երզնկյանը ծնվել է 1879 թվականին Հաղպատ գյուղում, քահանա Տեր Հարությունի և Կատերինայի ընտանիքում[3]։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1898), մեկնել Ժնև, սովորել Ժնևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներից ծանոթացել է Պլեխանովի հետ, հարել մարքսիզմին, Ժնևում հիմնել «Կովկաս» մարքսիստական խմբակը, որում համախմբված են եղել Եվրոպայում ուսանող կովկասահայերը։ Խմբակի աշխատանքներին ներգրավված էին նաև Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը, Մելիք Մելիքյանը (Դեդուշկա)։ 1898 թվականին մտել է ՌՍԴ/բ/Կ շարքերը։ 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը»։ 1903 թվականին, ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից հետո, կանգնել է մենշևիկյան դիրքերում՝ մնալով նրա ձախ թևում մինչև 1920 թվականի վերջը։ 1907 թվականին մասնակցել է ՌՍԴԲԿ 5-րդ (Լոնդոնյան) համագումարին։ 1906 թվականին խմբագրել է բոլշևիկյան «Կայծ», 1915 թվականի դեկտեմբերից՝ ս-դ․ «Պայքար» թերթերը։ 1916 թվականին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի, 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ բանվորական խորհրդի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ Այդ խորհուրդը կազմված էր 15 անդամներից, որոնցից վեցը ՀՅԴ անդամներ էին (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազազյան), երկուսը` սոցիալիստ-հեղափոխական` էսէռ (Հովհաննես Տեր-Օհանյան, Լևոն Աթաբեկյան), մեկը` հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), մեկը` մենշևիկ (Արամայիս Երզնկյան)։ Հայ ժողովրդական կուսակցությունն ուներ երկու ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) և երեք անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան)[3]։ 1920 թվականին Երզնկյանը, որպես մենշևիկ-ինտերնացիոնալիստների խմբի լիազոր-ներկայացուցիչ, բանակցություններ է վարել ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի հետ՝ խումբը կոմունիստական կուսակցությանը ձուլելու համար։ 1921 թվականից պատասխանատու աշխատանքներ է վարել Վրաստանում, ապա՝ Հայաստանում։ Եղել է ՀԽՍՀ Հողժողկոմ, Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 1922 թվականից անընդմեջ ընտրվել է Հայաստանի և Անդրկովկասի կուսակցական և խորհրդային ղեկավար մարմիններում։
1921-1929 թվականներին եղել է ՀՍԽՀ հողագործության ժողովրդական կոմիսար։ 1930 թվականից աշխատել է Անդրկովկասյան դաշնության հողագործության ժողկոմ։ 1931-1935 թվականներին եղել է ՀՍԽՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ՝ 1931-1933 թվականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 1935-1936 թվականներին աշխատել է ՀՍԽՀ կոմունալ տնտեսության ժողկոմ[4]։
1935 թվականին Աղասի Խանջյանը Արամայիս Երզնկյանին ազատել է Ժողկոմխորհի քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Ի պատասխան նա նամակով դիմել է Անդրոկովկասի մարզկոմի քարտուղար Լավրենտի Բերիային։ Նամակում նա Խանջյանին անվանում է երկերեսանի, հակապետական գործունեություն ծավալող, ով տատանվում է նացիոնալ-դեմոկրատիզմի ու ձախակողմյան քյալլագյոզության միջև։ Ըստ նրա՝ Խանջյանը մի կողմից պատսպարում է ազգայնականորեն տրամադրված ինտելիգենցիային, մյուս կողմից հանրային հայտարարություններում կոչ է անում վերջ դնել ազգայնականությանը։ Որպես հիմնավորում նա բերում է Խանջյանի պնդումը, որ Արցախը, Կարսն ու Նախիջևանը պետք է միացվեն Հայաստանին[5]։
1936 թվականին նա ձերբակալվում է որպես ձախակողմյան հակահեղափոխական տրոցկիստական կազմակերպության անդամ ու 1937 թվականի օգոստոսին[5] անհայտ պայմաններում մահացել է Ներքին գործերի ժողկոմիսարիատի բանտախցում։
Ժնևում ուսանելու տարիներին հանդիպել է իր ապագա կնոջը՝ Աննային, ով սովորում էր Ժնևի կոնսերվատորիայում։ Արամայիսն ու Աննան ունեցել են չորս զավակ։ Նրանց զավակներից են կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը, պետական գործիչ Լևոն Երզինկյանը։
Երևանի թիվ 118 ավագ դպրոցը կրում է Արամայիս Երզնկյանի անունը։ Գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց, 8 շենք հասցեում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.