From Wikipedia, the free encyclopedia
Սարսափ ֆիլմ կամ հորոր (անգլ.՝ horror film, horror movie), գեղարվեստական ֆիլմի ժանր է։ Նման ֆիլմերը նպատակավորված են վախեցնել դիտողին, լարված մթնոլորտ ստեղծել, վախ ու տագնապ ներշնչել, ստեղծել «սասպենս»-ի (անսպասելիության) զգացում[1]։ Հայտնի սարսափ ժանրի դերասան Քրիստոֆեր Լին 1975 թվականին տված հարցազրույցներից մեկում ասում էր, որ ժանրի անվանումը չպետք է լինի «horror», քանի որ սարսափն ավելի շատ բերում է զզվանքի զգացում, իսկ այս ժանրի ֆիլմերում դա այդքան էլ պարտադիր չէ։ Նա ժանրը անվանեց «film du fantastique»[Մ 1]: Այդ անվանումով են ֆրանսիացիները կոչում սարսափի առանձին ճյուղերից մեկը։
Սարսափ ֆիլմերի հիմնական նպատակը հանդիսատեսի մոտ վախ առաջացնելն է, որը հանդես է գալիս սյուժեում, կերպարներում, դեպքերում և այլն։ Նշված զգացումը կարող է առաջանալ որևէ ֆանտաստիկ իրադարձության ժամանակ[Մ 2], ինչպես նաև հոգեբանական գործողությունների, մարդու անմիջական գործողությունների, բնության երևույթների, բռնության տեսարանների ընթացքում և այլն։ Սակայն սարսափ ֆիլմերը կարող են լինել նաև առանց այս ամենի առկայության։
Ինչպես կինեմատոգրաֆիայի շատ ժանրերի, այդպես էլ սարսափի նախնական տարբերակներում ցուցադրվում էր բարու և չարի պայքարը և «դահիճ-զոհ» հարաբերությունները[4], որտեղ դահիճի դերում կարող է հանդես գալ որևէ հրեշ, այլ մտացածին հերոս կամ հիվանդագին շեղումներով մարդ[Մ 3]: Նման ֆիլմերում ոչ միշտ էր հաղթում բարին՝ ի տարբերություն շատ այլ ֆիլմերի, որոնք ստեղծվում էին այդ ժամանակաշրջանում։ Քառասունական թվականներին ստեղծվեցին սարսափ ֆիլմեր, որտեղ բացակայում էր հրեշի կերպարը։ Դրա հետ միասին կան շատ ֆիլմեր, որտեղ կան հրեշներ՝ վամպիրներ, մարդասպաններ, սակայն դրանք չեն հանդիսանում սարսափ ֆիլմեր[5]։
Առաջին ֆիլմերը, որտեղ առկա են գերբնական իրադարձություններ, և դրանք կարելի է համարել սարսափ ֆիլմեր, ստեղծեց Ժորժ Մելյեսը 1890-ական թվականներին։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը 1896 թվականին նկարահանված «Սատանայի կողպեքը» ֆիլմն է, որը հաճախ կոչում են առաջին սարսափ ֆիլմը պատմության մեջ[6]։ Այն առաջին ֆիլմն է, որտեղ կիրառվել են ամենապարզունակ հատուկ էֆեկտները (ստոպ-կադր, կադրի դանդաղեցում և արագացում)։ Նրա հաջորդ հիշատակության արժանի աշխատանքը 1898 թվականին նկարահանված «La Caverne» ֆիլմն է[Մ 4]: Ճապոնիայում առաջին սարսափ ֆիլմերից էին «Bake Jizo» և «Shinin no Sosei», որոնք երկուսն էլ նկարահանվել էին 1898 թվականին[7]։ 1910 թվականին Edison Manufacturing Company ընկերությունը ստեղծում է Մերի Շելլիի «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» գոթական վեպի առաջին էկրանավորումը։ Ֆիլմը կոչվում է «Ֆրանկենշթեյն» և տևում է ընդամենը 12 րոպե։ Այն տասը տարի շարունակ համարվում էր կորսված, և ֆիլմից պահպանվել էր միայն հրեշի լուսանկարը։ 1950-ականներին ֆիլմի պատճենը ձեռք բերեց Ալոիզ Դեթլաֆը, որը այդքան էլ կարևորություն չէր տալիս ֆիլմին և միայն 1970-ականներին հայտնաբերեց, որ եզակի պատճեն ունի։ 1993 թվականին ֆիլմը վերահրատարակվեց[8]։
Որոշ հետազոտողներ սարսափ ժանրի առաջին ֆիլմերից են համարում 1913 թվականի օգոստոսի 22-ին Գերմանիայում ստեղծված «Ուսանողը Պրահայից» ֆիլմը[9]։ Հենց այդ օրը բեռլինյան Mozart Saal կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան։ 20-րդ դարի սարսափ ֆիլմերում իր մեծ ներդրումն ունեցավ լիամետրաժ սարսափի առաջին հրեշը՝ Կվազիմոդոն՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպի գլխավոր կերպարը։ «Էսմերալդա» (1905), «Կուզիկը» (1909), «Կուզիկի սերը» (1910), «Նոտր Դամ դե Պարի» (1911) այն ֆիլմերն են, որտեղ հայտնվել է Կվազիմոդոն[10]։
Առաջին սարսափ լիամետրաժ ֆիլմերի մեծ մասը պատկանում է Գերմանիային. նրանց մեջ կան այնպիսիները, որոնք իրենց մեծ ազդեցությունն են ունեցել հոլիվուդյան կինոարտադրության վրա։ Գերմանական սարսափների ոճն իր ներգործությունն ունեցավ այնպիսի ռեժիսորների վրա, ինչպիսիք են Օրսոն Ուելսը և Թիմ Բարթոնը։ 1920-ական թվականներին Ֆրիդրիխ Մուրնաուն ստեղծեց վամպիրի ամենահիշվող կերպարը՝ իր «Նոսֆերատու։ Սարսափի սիմֆոնիա» ֆիլմում, որը Բրեմ Սթոքերի «Դրակուլա» հանրահայտ վեպի էկրանավորումն է[11]։
1920-ական թվականներին հոլիվուդյան դրամաներում օգտագործվում էին սարսափի առանձնահատկություններ։ Վառ օրինակներ են «Կուզիկը Նոտր-Դամից» (1923) և «Հրեշը» (1925) ֆիլմերը, որտեղ գլխավոր կերպարը մարմնավորում էր համր սարսափ ֆիլերի հայտնի աստղ Լոն Չեյնին։ Նրա ամենահայտնի կերպարներից է ուրվականի դերը «Օպերայի ուրվականը» (1925) ֆիլմում, որը մտնում է Universal ընկերության դասական սարսափ ֆիլմերի շարքի մեջ[12]։
Ժանրի մեջ, ինչպես նաև ամբողջ կինոարտադրությունում, մեծ հեղափոխություն էր ձայնի հայտնվելը։ Նոր ձայնային սարսափներից առաջինը «Ահաբեկչություն» (1928) ֆիլմն էր, որն այժմ համարվում է կորսված[13]։
Լիամետրաժ հնչունային սարսափ ֆիլմ նկարահանելու առաջին հաջողված փորձը կատարեց Universal Pictures Co. Inc. կինոընկերությունը 1931 թվականին։ Այդ ֆիլմը Թոդ Բրոունինգի «Դրակուլա»-ն էր, որը Բրեմ Սթոքերի վեպի հերթական էկրանավորումն էր։ Այն միանգամից դարձավ հանրահայտ ամբողջ աշխարհում[14]։ Կինոընկերությունում հասկանում են, որ պետք է շարունակել հրեշներին վերաբերող ֆիլմերի նկարահանումները և ստեղծում են Մերի Շելլիի գոթական վեպի՝ «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս»-ի հերթական էկրանավորումը՝ «Ֆրանկենշթեյն»-ը, որի ռեժիսորն է դառնում Ջեյմս Ուեյլը։ Ֆիլմը նույնպես մեծ հաջողություն է ունենում, այնուհետև նկարահանվում են «Մումիա», (Ջեյմս Ուեյլ, 1932) «Անտեսանելի մարդը» (Ջեյմս Ուեյլ, 1933) և «Դրակուլայի դուստրը» (Լամբերտ Հիլայեր, 1936) ֆիլմերը[14]։
«Դրակուլա»-ի ռեժիսոր Թոդ Բրոունինգը նկարահանում է «Այլանդակները» ֆիլմը՝ Թեդ Ռոբինսի գրքի էկրանավորումը, որն այնքան վիճելի ստացվեց, որ արգելվեց ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, սակայն հետագայում կոչվեց որպես ազգային սեփականություն և 1994 թվականին ընդգրկվեց Կոնգրեսի գրադարանի Ազգային կինոպահեստում։ Եթե «Այլանդակները» չստացավ սպասված հաջողությունը, ապա «Դրակուլա»-ն, «Ֆրանկենշթեյն»-ը, «Մումիա»-ն և մի քանի այլ ֆիլմեր ունեցան իրենց շարունակությունները։ Այդ ֆիլմերի շնորհիվ ի հայտ եկան այնպիսի սարսափ ժանրի դերասաններ, ինչպիսիք են՝ Բորիս Կարլոֆը, Բելա Լուգոշին և Լոն Չեյնի կրտսերը[14]։
Այս ամենի հետ համատեղ Universal կինոընկերության ֆիլմերը ունեին թույլ սյուժե՝ նրանց հիմքում ընկած էին ոչ թե բնօրինակ ստեղծագործությունները, այլ մշակված սցենարները, որոնք սյուժեով զիջում էին ստեղծագործություններին։ Մի քանի տարի անց, երբ հանդիսատեսը հոգնեց այդ ֆիլմերից, Universal կինոընկերությունը սկսեց արտադրել այնպիսի ինքնածաղրական ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Անտեսանելի մարդը վերադառնում է», «Մումիայի ձեռքը» և «Ֆրանկենշթեյնի տունը»։ Չնայած ընկերության ֆիլմերի որակն ընկավ, սակայն այն իր մեծ ներդրումն ունեցավ ժանրի հետագա զարգացման վրա, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում փրկեց ընկերությունը կործանումից։
1931 թվականին Ֆրից Լանգը թողարկում է «М» ֆիլմը, որը պատմում է երեխաների սերիական մարդասպանի մասին, որին մարմնավորում է Պետեր Լորրեն։ Նացիստական Գերմանիայում ֆիլմը հաջողություն չունեցավ, քանզի այդ ժամանակաշրջանում հանրահայտ էին կինոկատակերգությունները, ռազմական և երաժշտական ֆիլմերը, որոնք բարձրացնում էին մարտական ոգին։ Այն ռեժիսորներն ու դերասանները, որոնք աշխատում էին սարսափ ֆիլմերի վրա, լքեցին երկիրը։
Ժամանակի հանրահայտ սարսափ ֆիլմերից էին նաև Warner Brothers կինոընկերության «Սվենգալի» և «Խելագար հանճարը» (1931) ֆիլմերը, ինչպես նաև Paramount կինոընկերության «Դոկտոր Ջեկիլը և միստր Հայդը» (1931) ֆիլմը, որն արժանացել է «Օսկար» մրցանակի։ Warner Brothers կինոընկերությունը թողարկեց առաջին հաջողված գունավոր սարսափ ֆիլմերը՝ «Դոկտոր Իքս» (1932) և «Մոմե արձանների թանգարանի առեղծվածը» (1933)
1941 թվականին Universal կինոընկերությունը թողարկեց «Մարդագայլ» ֆիլմը, որը ավելացվեց դասական սարսափների շարքին։ Ֆիլմն այնքան էլ մեծ հաջողություն չունեցավ, ինչպես ժամանակի այլ սարսափները, սակայն դարձավ իր ժամանակի ամենահաջողված ֆիլմը մարդագայլերի մասին։ 1940-ականների վերջին ընկերությունը սկսեց մեկ ֆիլմում զետեղել մի քանի հրեշ։ Այդպիսիք են՝ «Ֆրանկենշթեյնը հանդիպում է Մարդագայլին» (1943), «Դրակուլայի տունը» (1945) ֆիլմերը և այլն։ Ինչքան շատ էին նկարահանվում այդ ֆիլմերը, այնքան շատ էր զգացվում, որ ընկերությունն այլևս սյուժե չունի և նկարահանում է իր իսկ ֆիլմերի պարոդիաները՝ «Էբբոթը և Կոսթելլոն հանդիպում են Ֆրանկենշթեյնին» (1948), «Էբբոթը և Կոսթելլոն հանդիպում են Անտեսանելի մարդուն» (1951) և այլն։
1940-ականներին սարսափները Երկրորդ համաշխաևրհային պատերազմի ազդեցության ներքո կողմնորոշվում են դեպի սարսափի ներշնչմանը, ի տարբերություն նախկին սարսափի ցուցադրմանը[14]։ Այդ շրջանում Վել Լյութոնը RKO Pictures կինոընկերության համար նկարահանեց մի քանի սարսափ ֆիլմեր, որոնք շատ ազդեցիկ ստացվեցին։ Դրանք էին «Մարդ-կատուներ»-ը (1942), «Ես զբոսնում էի զոմբիի հետ» (1943), «Մարմիններ գողացողները» (1945) ֆիլմերը, իսկ Մարկ Ռոբսոնը թողարկեց «Յոթերորդ զոհը» (1943) ֆիլմը[14]։
Հնդկաստանում թողարկված առաջին սարսափ ֆիլմը «Մահալ»-ն է (1949), որը հանդիսանում է գերբնական թրիլեր և առաջին հայտնի ֆիլմն է վերամարմնավորման մասին։
1960-ական թվականներին սարսափ ժանրի ֆիլմերը սկսեցին տարբերվել ժանրի նախորդ ֆիլմերից։ Գիտա-տեխնիկական հեղափոխությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող իրավիճակը, նացիստական բժիշկների փորձարկումներն ու նացիստական ճամբարները դուրս եկան նույնիսկ ամենահամարձակ ֆիլմարտադրողի երևակայության սահմաններից և վախի նոր պատճառ դարձան։ Սարսափ ֆիլմերը ստացան ավելի գոթական մթնոլորտ և բաժանվում էին երեք խմբի.
Ստեղծվեց նաև «monster movie» ենթաժանրը, որտեղ պատմվում էին մարդկության վրա հարձակվող հսկայական կենդանիների (սարդեր, մրջյուններ և այլն) մասին։ Այս ժանրի առաջին ֆիլմը 1953 թվականին նկարահանված «Հրեշը 20000 ծովային մղոն խորությունից» ֆիլմն էր, որտեղ հսկայական հրեշը վերակենդանացել էր միջուկային պայթյունից հետո և հարձակվել էր Նյու Յորքի վրա[14]։ Սա դարձավ Գոձիլայի մասին պատմող ֆիլմերի հիմնադիրը։ Գոձիլան առաջին անգամ էկրաններին հայտնվեց 1954 թվականին[14]։
Թրիլեր ֆիլմերի հայտնի ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքն այս շրջանում նկարահանում է իր հայտնի «Պսիխո» ֆիլմը, որտեղ շոշափվում է մարդասպանի թեման։ Այս և հետագա ֆիլմերի գլխավոր սյուժետային գիծը «փորձանքի մեջ գտնվող կնոջ» մասին է[14]։
60-ականների սկիզբը նշանավորվեց բրիտանական Hammer Film Productions ընկերության ստեղծմամբ, որն արտադրում էր ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր։ Այս ընկերությունը նոր շունչ տվեց նախկին հրեշներին և նկարահանեց այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ֆրանկենշթեյնի անեծքը» (1957), «Դրակուլա»-ն (1958) և «Մումիա»-ն (1959)։ Երևան եկան այնպիսի տաղանդավոր դերասաններ, ինչպիսիք են՝ Փիթեր Քաշինգը և Քրիստոֆեր Լին։
Մարքեթինգային ընկերությունները ցույց տվեցին, որ սարսափ ֆիլմերը հիմնականում հետաքրքրում են դեռահասներին և երիտասարդներին։ Այդ իսկ պատճառով՝ այս շրջանում ամերիկյան սարսափ ֆիլմերը ստեղծվում էին այդ տարիքային խմբի համար։
1990-ականների սկզբին երիտասարդական սարսափ ֆիլմերի արտադրությունը դադարում է։ Ուես Քրեյվենի «Ճիչ» ֆիլմի անսպասելի հաջողությունից հետո, սարսափ ժանրը կրկին «հարություն է առնում»[16]։
2000-ական թվականներին սարսափ ֆիլմերը ձեռք են բերում մի քանի բնորոշ գծեր։ Դրանցից առաջինը բազմաթիվ ռիմեյքներով ֆիլմերի ստեղծումն էր։ Ճապոնական «Զանգը» ֆիլմի ամերիկյան ռիմեյքի հաջողությունից հետո սկսվեցին նկարահանվել ասիական սարսափ ֆիլմերի ռիմեյքներ («Անեծք», «Մուգ ջուրը», «Մեկ բաց թողնված զանգ», «Աչքը» և այլն)։ Երկրորդ գիծը էկրաններին բռնության չափից դուրս պատկերումն էր՝ այդպիսով երեխաներին հեռացնելով էկրանների առջևից։ Երրորդ հատկանիշը «found footage» ֆորմատի ֆիլմերի նկարահանումն էր, որտեղ ֆիլմի տեսարանները ցուցադրվում են ինչ-որ նկարահանման սարքի միջոցով, որի տերը ֆիլմի կերպարներից մեկն է[17][18][19]։ Շուտով սա դառնում է առանձին ենթաժանր՝ անդրադառնալով պարանորմալ ակտիվությանը, կախարդներին և վամպիրներին՝ կապելով այս ամենը համացանցի, ՅուԹյուբի և Սկայպի հետ։ Այս ենթաժանրի ֆիլմերից հայտնի են՝ «Վհուկը Բլերից» (1999), «Պարանորմալ ակտիվություն» (2007), «Թողարկում» (2007) և «Քլովերֆիլդ» (2008) ֆիլմերը[20]։
Սլեշեր ենթաժանրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ գլխավոր չարագործը խելագար մարդասպան է[Մ 5], որը հետապնդում է մի խումբ դեռահասների և փորձում սպանել նրանց[21]։
Առաջին ֆիլմը, որտեղ բացահայտ ցուցադրվել է մարդակերություն, 1963 թվականի «Արյան խրախճանք» («Blood Feast») ֆիլմն է։ Իր հերթին՝ այս ենթաժանրը առանձնանում է զոմբիների մասին պատմող ֆիլմերից[22]։ Սակայն մարդակերների հայտնվելը էկրաններին մեծ կապ ունի զոմբիների հայտնվելու հետ։ Միակ տարբերությունն այն է, որ մարդակերները ֆիլմերում կենդանի արարածներ են, իսկ զոմբիները՝ մեռած։
Առաջին ֆիլմը, որտեղ պատմվում է մարդագայլերի մասին, 1913 թվականին նկարահանված «Մարդագայլ» համր ֆիլմն է։ Դրանից հետո նկարահանվեցին ևս մի քանի համր ֆիլմ մարդագայլերի մասին։ Այս ենթաժանրում առաջին հնչյունային ֆիլմը գերմանական «Le Loup Garou» ֆիլմն էր։ 1935 թվականին Universal Studios ընկերությունը նկարահանեց «Լոնդոնի մարդագայլը» ֆիլմը, իսկ 1941 թվականին՝ «Գայլ-մարդը»։ Մոտ 70 տսրի անց նկարահանվեց վերջին ֆիլմի ռիմեյքը[Մ 6]:
Սարսափ ֆիլմերի այն անմահ կերպարը, որը մարդկանց հիմնական հակառակորդներից է և ապրում է նրանց արյունով, հանդիսանում է վամպիրը։ Վամպիրների մասին պատմող առաջին լիամետրաժ ֆիլմը, որն ամբողջությամբ հասել է մեզ, «Նոսֆերատու։ Սարսափի սիմֆոնիա» ֆիլմն է (1922)։ 1927 թվականին նկարահանվեց վամպիրի մասին պատմող առաջին ամերիկյան ֆիլմը[23]՝ «Լոնդոնը կեսգիշերից հետո»։ Վամպիրի մասին պատմող ամենահանրահայտ ֆիլմերից մեկը «Դրակուլա» ֆիլմն է (1931), որտեղ Դրակուլայի դերում հանդես է գալիս Բելա Լուգոշին։
Սարսափ ֆիլմերի այն կերպարները, որոնք համարվում են կենդանի մահացածներ և հարձակվում են մարդկանց վրա՝ նրանց ուտելու նպատակով, կոչվում են զոմբիներ[24]։ Այս ենթաժանրի հիմնադիր ֆիլմերն են՝ Ջորջ Ռոմերոյի «Կենդանի դիակների գիշերը» և «Դիակների լուսաբացը» ֆիլմերը, որոնցից հետո կենդանի դիակների կերպարները սկսեցին լայնորեն օգտագործվել սարսափ ֆիլմերում։
Առաջին գոթական սարսափ ֆիլմերը ստեղծել է գերմանացի կինոռեժիսոր Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն։ Առավել ազդեցիկ գոթական ֆիլմերն են՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Բրեմ Սթոքերի Դրակուլան» և Վերներ Հերցոգի «Նոսֆերատու - գիշերվա ուրվականը»։
Նորման Բեյթս | «Պսիխո» | Ֆիլմի ավարտին պարզվում է, որ Նորմանն իր մոր մահվան պահից ունի հոգեկան խնդիրներ, պահում է նրա մարմինը, հագնում է նրա զգեստներն ու խոսում նրա ձայնով։ |
Ֆրեդի Կրյուգեր | «Էլմ փողոցի մղձավանջը» | Նրան կենդանի այրել էին, և նա սկսել էր հայտնվել դեռահասների և երեխաների մղձավանջներում։ Երբ նրանք մահանում էին քնի մեջ, մահանում էին նաև իրականում։ |
Վերզիլա կամ Բարձրահասակ մարդ | «Ֆանտազմ» | Դռնապան, որը զինված է թռչող արծաթե ոլորտով և կտրում է անկոչ հյուրերի գլուխները։ |
Մայքլ Մայերս | «Հելոին» | Փոքր տարիքից հետաքրքրվում էր մահվամբ և սպանություններով։ Կյանքի մեծ մասը անց է կացրել հոգեբուժարանում, սակայն փախել է և սկսել սպանել դեռահասներին։ |
Թոմաս Հյուիթ (Կաշվե դեմք) | «Տեխասյան սպանդ բենզասղոցով» | Ֆիլմաշարի գլխավոր բացասական կերպարը։ |
Վլադ Դրակուլա | «Դրակուլա» վեպի մի շարք էկրանավորումներում | Աշխարհի ամենահայտնի վամպիրներից մեկը։ |
Էլիզաբեթ Բեթորի | «Արյունոտ լեդի Բեթորի» | Հունգարական կոմսուհի, որը հայտնի է որպես «Արյունոտ կոմսուհի»։ Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ հանդիսանում է ամենադաժան կին սերիական մարդասպանը։ |
Ֆրանկենշթեյնի հրեշ | «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպի մի շարք էկրանավորումներում | Կենդանի արարած, որը ստեղծվել է մահացածների մարմնի մասերից։ |
Կրիպեր | «Ջիպերս Կրիպերս» | Արթնանում է 23 տարին մեկ և ուտում է մարդկանց մարմնի տարբեր մասերը, որոնցով վերակենդանացնում է իր տվյալ մասը։ Դրանից հետո մարդկային մարմինները թաքցնում է լքված վայրերում և կարում է միմյանց։ |
Ջեյսոն Վուրհիզ | «Ուրբաթ, 13» | Մարդասպան, որը հայտնի է իր դաժան հաշվեհարդարներով։ |
Դեմիեն Թորն | «Օմեն» | Նեռ |
Չակի | «Մանկական խաղ» | Տիկնիկ, որի մեջ մտել էր մահացած մարդասպան Չարլզ Լի Ռեյի հոգին։ |
Փինհեդ | «Դժողքից ապստամբողները» | Մարդանման սատանա |
Սամարա Մորգան
(Սադակո Յամամուրա) |
«Զանգը» | Մարդասպան-աղջիկ, որը մահացել էր ջրհորում և սպանում է մահաբեր տեսաերիզի միջոցով։ |
Փենիվայզ | «Այն» | Դաժան մարդասպան-ծաղրածու, որը նաև ուրվական է։ |
Լուսնային մարդասպան | «Դոկտոր Իքս» | Մարդասպան |
Կայակո Սաեկի | «Անեծք» | Սպանված աղջկա վրեժխնդիր ոգի։ |
Դեդայթ | «Չարագործ մեռյալներ» | Ագրեսիվ, չար, սատանայական կերպարներ, որոնք կանչվել են «Մեռյալների գրքի» օգնությամբ։ |
Ուրվականի դեմք | «Ճիչ» | Ուրվականի դեմքի միակ նպատակն է սպանել գլխավոր հերոսուհի Սիդնի Պրեսքոտին։ |
Ինչ-որ բան | «Ինչ-որ բան» | Այլմոլորակային օրգանիզմ, որը մտնում է մարդկային օրգանիզմների մեջ։ |
Ջեք Տորենս | «Փայլատակում» | Գրքի և ֆիլմի գլխավոր հերոսը, այնուհետև՝ չարագործը։ |
Ջոն Կրամեր | «Սղոց» | Կերպարի հիմնական նպատակը մարդկանց սովորեցնելն է գնահատել կյանքը։ Անձամբ չի սպանում զոհերին, այլ ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ նրանք սպանեն իրենց։ |
Պազուզու | «Սատանա քշողը» | Սատանան «Սատանա քշողը» ֆիլմից։ |
Քրիստինա | «Քրիստինա» | Քրիստինան մեքենա է, որը խանդում է իր տիրոջը և սպանում է բոլորին, ովքեր խանգարում են իրենց։ |
Քերրի Ուայթ | «Քերրի» վեպի մի շարք էկրանավորումներում | Քերրին դպրոցում տառապում է համադասարանցիների ծաղրանքներից, իսկ տանը՝ մոր դաժանությունից։ Իր մոտ հայտնաբերելով Տելեկինեզի ընդունակություններ՝ նա դպրոցում սպանում է բոլորին, իսկ տանը նրան սպանում է մայրը։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.