From Wikipedia, the free encyclopedia
Կարմրախտ, հայտնի նաև «Գերմանական կարմրուկ» կամ «Երեքօրյա կարմրուկ» անվանմամբ[1], վարակիչ հիվանդություն, հարուցիչ՝ ռուբելա վիրուս[2]։ Այս հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև և մարդկանց գերակշիռ մասը չի նկատում, որ վարակվել է[3][4]։ Ցանավորումը սկսվում է վարակվելուց հետո 2 շաբաթ անց և տևում է 3 օր[3]։ Այն սկսվում է սովորաբար դեմքից և այնուհետև տարածվում մարմնի մնացած հատվածներ[3]։ Երբեմն ցանը ուղեկցվում է քորով, բայց ոչ այնքան արտահայտված, որքան կարմրուկի ժամանակ[3]։ Ավշային հանգույցները մեծանում են և կարող է պահպանվել մի քանի շաբաթ[3]։ Կարող է դիտվել ջերմության բարձրացում, կոկորդի ցավ և թուլություն[3][5]։ Մեծահասակների մոտ ցավը հաճախ տեղակայվում է հոդերում[3]։ Բարդություններն են՝ արյունահոսություն, ամորձիների ցավ և նյարդաբորբ[3]։ Հղիության սկզբնական շրջանում վարակը կարող է հանգեցնել վիժման կամ երեխան կարող է ծնվել բնածին կարմրախտով[2]։ Բնածին կարմրախտի ժամանակ կարող է ախտահարվել տեսողությունը՝ կատարակտ (աչքի ոսպնյակի մթագնում), լսողությունը, սիրտը և ուղեղը[2]։ Բարդություններն ավելի հազվադեպ են հանդիպում հղության 20 շաբաթականից հետո վարակվելու դեպքում[2]։
Կարմրախտ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, notifiable disease?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Rubella virus? |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | Պապուլա, տենդ, կոկորդի ցավ և հոգնածություն |
Հետևանք | Ոսպնյակի մթագնում և Forchheimer spots? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և Նեոնատոլոգիա |
Բուժում | supportive care? |
Rubella Վիքիպահեստում |
Կարմրախտը փոխանցվում է հիվանդ մարդուց օդակաթիլային եղանակով՝ հազի միջոցով[2][6]։ Հիվանդ մարդը սկսում է արտազատել վիրուսը ցանավորումից 5-7 օր առաջ և մնում է վարակիչ 5-7 օրվա ընթացքում ցանավորման շրջանից հետո[3]։ Բնածին կարմրախտով ծնված երեխաները կարող են վիրուսը արտազատել ավելի քան մեկ տարի[3]։ Կարմրախտով հիվանդանում են միայն մարդիկ[2]։ Միջատները հիվանդությունը չեն փոխանցում[3]։ Հիվանդանալուց հետո մարդիկ ձեռք են բերում կայուն իմունիտետ[2]։ Գոյություն ունեն ախտորոշման թեստեր, որոնց միջոցով կարող են ստուգել իմունիտետի (անընկալունակություն) առկայությունը[2]։ Ախտորոշումն հաստատվում է, եթե վիրուսը հայտնաբերվում է հիվանդի արյան մեջ, մեզում կամ կոկորդում[3]։ Արյան մեջ հակամարմինների հայտնաբերումը ունի ախտորոշիչ նշանակություն[3]։
Կարմրախտը կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով, որի էֆեկտիվությունը 95% է[2]։ Պատվաստանյութը հայտնի է ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) անվանմամբ[3]։ Երբ պատվաստվում են բնակչության 80%-ից քիչ, ապա այն ժամանակ երբ կանայք հասնում են վերարտադրողական տարիքի և չունեն հակամարմիններ ռուբելայի նկատմամբ՝ չեն պատվաստվել կամ չեն հիվանդացել, այդ ժամանակ մեծանում է ռիսկը Բնածին կարմրախտային համախտանիշի զարգացման[2]։ Կարմրախտի համար յուրահատուկ բուժում գոյություն չունի[5]։
Կարմրախտը տարածված հիվանդություն է, որը հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում[5]։ Ամեն տարի գրանցվում է մոտ 100 000 դեպք բնածին կարմրախտային համախտանիշի[2]։ Պատվաստումներից հետո հիվանդացության մակարդակը զգալի նվազել է[4][5]։ Աշխարհում ներկայումս շարունակվում են աշխատանքները հիվանդության վերացման ուղղությամբ[2]։ 2015 թվականի ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում կարմրախտի դեպք չի արձանագրվել[7][8]։ Կարմրախտ անվանումը ծագել է լատիներենից և թարգմանաբար նշանակում է «փոքր կարմիր»[3]։ Այն առաջին անգամ նկարագրվել է գերմանացի գիտնականների կողմից 1814 թվականին և ստացել է "Գերմանական կարմրուկ" անվանումը[3]։
Կարմրախտը ունի գրիպին բնորոշ ախտանշաններ, յուրահատուկ ախտանշանը ցանն է (էկզանթեման), որը սկսվում է դեմքի շրջանից այնուհետև տարածվում մարմնի և վերջույթների վրա, սովորաբար ցանը տևում է 3 օր (այդ պատճառով են այն հաճախ անվանում Երեքօրյա կարմրուկ)։ Դեմքի ցանավորումը հաճախ անցնում է այն ժամանակ, երբ այն տարածվում է մարմնի այլ մասեր։ Այլ ախտանշաններն են՝ ջերմության բարձրացումը, ավշային հանգույցների մեծացումը (ենթածոծրակային և հետին պարանոցային), հոդացավերը, գլխացավը և շաղկապենաբորբը (կոնյուկտիվիտ)[10]։
Ավշային հանգույցների մեծացումը կարող է պահպանվել մի քանի շաբաթ։ Ջերմությունը հաճախ բարձրանում է 38 °C (100.4 °F) և ավելի։ "Գերմանական կարմրուկ"-ի ցանը հաճախ վարդագույն է կամ բաց կարմիր։ Ցանը վերանում է մի քանի օրվա ընթացքում և հետք չի թողնում։ Երբ ցանն անցնում է, մաշկի վրա կարող է դիտվել թեփոտում, այն վայրերում որտեղ եղել է ցանային տարր։ Ֆորչեյմերի նշանը հանդիպում է հիվանդության 20% դեպքերում և բնորոշվում է փոքր, կարմիր հանգույցիկների (պապուլա) առկայություն փափուկ քիմքին[11]։
Կարմրախտով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ցանկացած տարիքում։ Մեծ տարիքով կանայք հակված են հոդաբորբերի և հոդացավերի[12]։
Երեխաների մոտ կարմրախտի ախտանշանները պահպանվում են հիմնականում 2 օր։ Դրանք են[13]՝
Մեծահասակների և տարեցների մոտ կարող է դիտվել նաև լրացուցիչ ախտանշաններ[13]՝
Ծանր բարդություններն են՝
Ռինիտը կարմրախտի ժամանակ կարող է բարդանալ թոքաբորբով (առաջնային վիրուսային թոքաբորբ կամ երկրորդային բակտերիալ թոքաբորբ) և բրոնխիտներ (առաջնային վիրուսային բրոնխիտ կամ երկրորդային բակտերիալ բրոնխիտ)[16]։
Կարմրախտը նորածինների մոտ կարող է առաջացնել բնածին կարմրախտային համախտանիշ, որը հանդիսանում է կարմրախտի ամենածանր բարդությունը։ Կարմրախտի վիրուսով ներարգանդային վարակման արդյունքում զարգացող Բնածին կարմրախտային համախտանիշը ներառում է սրտային, ուղեղային, ակնային և լսողական թերություններ[17]։ Դիտվող բարդություններն են՝ վիժում, նորածին՝ ծնված ցածր քաշով, նորածնային թրոմբոցիտոպենիա, սակավարյունություն և հեպատիտ։ Օրգանոգենեզի խանգարման և ծանր արատների առաջացման ռիսկը մեծանում է հղիության առաջին եռամսյակում կարմրախտով հիվանդանալիս։ Բնածին կարմրախտային համախտանիշը հիմնական խթանն է հանդիսացել կարմրախտի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար[18]։
Շատ մայրեր, երբ նրանք հիվանդացել են կարմրախտով հղիության առաջին վտանգավոր եռամսյակում վիժել են իրենց երեխային կամ երեխան ծնվել է մահացած։ Երբ պտուղը կենդանի է մնում, նա կարող է ծնվել ծանր սրտային արատով (բաց զարկերակային ծորանը ամենահաճախ հանդիպողն արատն է), երեխայի մոտ կարող է դիտվել նաև՝ կուրություն, խլություն կամ կյանքի համար վտանգավոր այլ օրգան համակարգերի հիվանդություններ։ Մաշկային դրսևորումները անվանվում է "հապալասային կեքսի վնասվածք"[18]։ Կարմրախտը մտնում է շուրջծնական վարակների շարքում՝ TORCH համախտանիշ (Т՝ տոքսոպլազմոզ, О՝ այլ վարակներ, R ՝ կարմրախտ, C՝ ցիտոմեգալովիրուս, H՝ հասարակ հերպես վիրուս)։
Ամեն տարի գրանցվում է այս համախտանիշի 100,000 դեպք[2]։
Կարմրախտի հարուցիչը պատկանում է Տոգավիրիդե ընտանիքին, Ռուբիվիրուս ցեղին, վիրիոնի գենոմում պարունակում է միաթել ՌՆԹ կապսիդը[19]։ Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և ներթափանցում քիթ-ըմպանային հատված և ավշային հանգույցներ։ Վարակվելուց 5-7 օր անց վիրուսը հայտնվում է հիվանդի արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմով։ Վիրուսն ունի տերատոգեն (հրեշածին) ազդեցություն և կարող է թափանցել պլացենտայով և ախտահարել պտղին, որտեղ այն ախտահարում և ոչնչացնում է զարգացող բջիջներին[10]։ Հիվանդը վարակիչ է կլինիկական առաջին ախտանիշների դրսևորումից 1 շաբաթ առաջ (գաղտնի շրջան) և դրանից 1 շաբաթ հետո։
Հիվանդության նկատմամբ բարձր զգայունությունը կարող է փոխանցվել ժառանգաբար, դրա մասին են վկայում այն փաստերը, որ HLA-A1-ը կամ տարածված հապլոտիպերի վրա A1-ը շրջապատող գործոնները կապված են վիրուսային վարակի կամ հիվանդության ինքնալավացման բացակայության հետ[20][21]։
Ռուբելա վիրուսի հանդեպ յուրահատուկ հակամարմիններ՝ IgM հայտնաբերվում է այն մարդկանց շրջանում, ովքեր վերջերս հիվանդացել են կարմրախտով։ Այդ հակամարմինները պահպանվում են մոտ մեկ տարի։ Թեստի դրական արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ[22]։ Այս հակամարմինների հայտնաբերումը և այնուհետև կլինիկական ախտանշանների դրսևորումը հաստատում է ախտորոշումը[23]։
Յուրահատուկ կանխարգելման համար ներկայումս կիրառվում է կենդանի թուլացված պատվաստանյութ՝ համակցված կարմրուկի և էպիդեմիկ պարօտիտի պատվաստանյութի հետ։ Երկու կենդանի ատենուացված պատվաստանյութ՝ RA 27/3 և Ցենդհելի շտամը, արդյունավետ են եղել մեծահասակների հիվանդության կանխարգելման գործում։ Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիայում համատարած պատվաստումները նախահասունացման շրջանում գտնվող աղջիկների շրջանում էապես չնվազեցրեցին բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի թիվը[24]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս ԿԿԽ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալ 12-18 ամսական հասակում, երկրորդ դեղաչափը՝ 36 ամիս անց։ Հղի կանայք հղիության վաղ շրջանում սովորաբար ստուգվում են ռուբելայի հանդեպ անընկալունակության առկայության կամ բացակայության հաստատման համար։ Այն կանայք, որոնց մոտ հայտնաբերվում է բարձր զգայունություն կարմախտի հանդեպ չեն պատվաստվում հղիության ընթացքում, քանի որ պատվաստանյութը պարունակում է կենդանի վիրուս[25]։
Իմունացման ծրագիրը բավականին հաջողված է։ Կուբան հայտարարեց, որ հիվանդությունը վերացել է 1990 թվականին, 2004 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարեց, որ սույն թվականից կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքեր չեն գրանցվել ԱՄՆ-ում[26][27]։ 2018 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Ավստրալիան հանդիսանում է կարմրախտից ազատ երկիր[28]։
ԱՄՆ-ն առաջարկում է կատարել սկրինինգ կարմրախտի նկատմամբ զգայունությունը որոշելու համար մինչև վերարտադրողական տարիքում գտնվող աղջիկների շրջանում, որպեսզի նվազեցվի Բնածին կարմրախտային համախտանիշի գրանցման դեպքերի թիվ[29]։ Խորհուրդ է տրվում, որ վերարտադրողական տարիքի բոլոր ոչ հղի կանայք պատվաստվեն կարմրախտի դեմ[29]։ Հաշվի առնելով հնարավոր տերատոգեն ազդեցությունը խորհուրդ չի տրվում պատվաստվել հղիության ընթացքում[29]։ Փոխարենը, կարմրախտի նկատմամբ բարձր զգայունություն ունեցող հղի կանայք պետք է հնարավորինս շուտ պատվաստվեն հետծննդաբերական շրջանում[29]։
Կարմրախտի համար յուրահատուկ բուժում գոյություն չունի, բուժումը հիմնականում սիմպտոմատիկ է։ Նորածինների բուժումը ուղղված է բարդությունները կանխարգելելու։ Սրտի արատը և կատարակտան շտկվում է վիրահատական բուժման եղանակով[12][30]։
Բնածին ակնային կարմրախտային համախտանիշի վարումը նման է տարիքային մակուլյար դեգեներացիայի վարմանը, ներառյալ խորհրդատվությունը, մշտական հսկողությունը և անհրաժեշտության դեպքում տեսողական սարքերի օգտագործումը[31]։
Երեխաների և մեծահասակների շրջանում կարմրախտը հիմնականում թեթև ընթացք ունի, ինքնալավացող է, կարող է ընթանալ առանց ախտանիշների դրսևորման։ Բնածին կարմրախտով ծնված նորածինների մոտ ելքը անբարենպաստ է[32]։
Կարմրախտը տարածված է ամբողջ աշխարհով։ Հիվանդության պիկը գրանցվում է գարնան ամիսներին՝ բարեխառն կլիմա ունեցող երկրներում։ Մինչև պատվաստանյութի հայտնաբերվելը 1969 թվականին ամեն 6-9 տարին մեկ ԱՄՆ-ում գրանցվում էին հիվանդության բռնկումներ, 3-5 տարին մեկ Եվրոպայում հիմնականում 5-9 տարեկան երեխաների շրջանում[33]։ Պատվաստանյութի հայտնաբերումից հետո սկսեց հիվանդության դեպքերի թիվը նվազել։
Պատվաստանյութը հանգեցրեց վարակի տարածման նվազման, որի շնորհիվ ԱՄՆ-ում 2009 թվականի փետրվարից հիվանդության դեպք չի արձանագրվել[34]։ Սակայն խորհուրդ է տրվում շարունակել կանոնավոր ստանալ պատվաստումները, քանի որ հիվանդացության դեպքեր կրկին կարող են գրանցվել այլ երկրներից վիրուսի տարածման պայմաններում և եթե պատվաստման մակարդակը նվազի Հյուսիսային և Հարավային Ամերիկայում[35]։1962-1965 թվականներին ԱՄն-ում գրանցված համաճարակի ժամանակ գրանցվել է 30 000 մեռելածնության դեմք և 20 000 երեխա ծնվել է Բնածին կարմրախտային համախտանիշով[36][37]։ Կանոնավոր, մասայական իմունիզացիան շատ մեծ դեր ունի համաճարակների դեմ պայքարի գործում[38]։
Մեծ Բրիտանիայում կան մեծ թվով տղամարդիկ, որոնք զգայուն են ռուբելայի հանդեպ, բայց չեն ստացել հակակարմրախտային պատվաստանյութը։ 1993 թվականին Մեծ Բրիտանիայում գրանցվել է կարմրուկի բռնկում երիտասարդների շրջանում և 1996 թվականին վարակը տարածվել է նաև հղիների շրջանում, որոնցից շատերը եղել են էմիգրանտներ, որոնք զգայուն են եղել ռուբելայի նկատմամբ։ Բռնկումերը շարունակվում են գրանցվել զարգացող երկրներում, որտեղ պատվաստանյութը դեռևս այդքան էլ հասանելի չէ[39]։
Ճապոնիայում 2012 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի մարտի 2-ը կարմրախտի համաճարակի ժամանակ 15 000 հիվանդացության և 43 բնածին կարմրախտային համախտանիշի դեպք է գրանցվել։ Հատկապես հիվանդացությունը գրանցվել է 31-51 տարեկան տղամարդկանց և 24-34 տարեկան երիտասարդների շրջանում[40]։
Ռուբելան առաջին անգամ նկարագրվել է տասնութերորդ դարի կեսերին։ Ֆրիդրիխ Հոֆմանը առաջինը 1740 թվականին տվեց կարմրախտի կլինիկական նկարագիրը[41], որը հաստատվեց 1752 թվականին Բերգենի և 1758 թվականին Օռլովի կողմից[42]։
1814 թվականին Գեորգ դե Մաթոն առաջարկեց տարանջատել կարմրախտը կարմրուկից և քութեշից։ Բոլոր այդ բժիշկները եղել են գերմանացիներ, այդ պատճառով հիվանդությունը անվանվեց Rötheln (գերմաներենից թարգմանաբար նշանակում է կարմրախտ), այստեղից էլ եկել է ընդհանուր անվանումը «Գերմանական կարմրուկ»[43]։ Անգլիացի վիրաբույժ Հենրի Վեյլը նկարագրեց հիվանդության բռնկման մասին Հնդկաստանում։1866 թվականին նա առաջարկեց կարմրախտ անվանումը (լատիներեն բառից, որը նշանակում է "փոքր կարմիր")[41][44][45][46]։
Այն պաշտոնապես ճանաչվեց որպես առանձին հիվանդություն 1881 թվականին Լոնդոնի Բժշկության միջազգային կոնգրեսում[47]։ 1914 թվականին Ալֆրեդ Ֆաբիան Հեսը նկատեց, որ կարմրախտը հարուցված է վիրուսով, որը նա հայտնաբերել է կապիկների հետ աշխատելու ժամանակ[48]։
1940 թվականին Ավստրալիայում գրանցվեց կարմրախտի էպիդեմիա։ Ակնաբույժ Նորման Մակալիստեր Գրեգը հայտնաբերել է 78 բնածին կատարակտայի դեպք, որից 68-ը ծնված են եղել այն մայրերից, որոնք հղիության ընթացքում հիվանդացել են կարմրախտով[44][45]։ Գրեգը 1941 թվականին հրապարակեց հաշիվ «Բնածին կատարակտան գերմանական կարմրուկով հիվանդ մայրերից ծնված երեխաների մոտ», նա նկարագրեց մի շարք խնդիրների մասին, որոնցից մեկը հիմա հայտնի է Բնածին կարմրախտային համախտանիշ անվամբ և նկատեց որքան հղիության վաղ շրջանում է հիվանդացել մայրը, այնքան արդյունքը վատ է եղել։ Քանի դեռ պատվաստանյութը հասանելի չէր, որոշ հայտնի ամսագրեր կազմակերպեցին վարակված երեխաների համար «գերմանական կարմրուկի խնջույքներ» միջոցառումը, որպեսզի վարակվեն նաև այլ երեխաներ (հատկապես աղջիկները), որպեսզի նրանք ձեռք բերեն կայուն իմունիտետ հիվանդության նկատմամբ և խուսափեն հետագայում հղիության ընթացքում վարակվելուց[49]։ Վիրուսը մեկուսացվել է հյուսվածքային կուլտուրայից 1962 թվականին Փոլ Դուգլասի և Թոմաս Վելլերի կողմից[44][46]։
1962 և 1965 թվականներին գրանցվեց հիվանդության բռնկում, որը սկսվեց Եվրոպայից և տարածվեց դեպի ԱՄՆ[46]։ 1964-1965 թվականներին կարմրախտով հիվանդացել է 12,5 միլիոն մարդ։ Դա հանգեցրեց 11 000 վիժման կամ բժկական ցուցումով հղիության ընդհատման և 20 000 Բնածին կարմրախտային համախտանիշի առաջացման։ Նրանցից 2 100 նորածին մահացել է, 12 000 եղել են խուլ, 3 580՝ կույր և 1 800՝ մտավոր հետամնաց։ Միայն Նյու Յորքում բնածին կարմրախտային համախտանիշը դիտվել է բոլոր ծնվածների 1%-ի մոտ[50][51]։ 1969 թվականին հնարավորություն եղավ թույլտվություն ստանալ ստեղծելու կենդանի ատենուացված պատվաստանյութ[45]։ 1970 թվականին ստեղծվեց եռավալենտ կենդանի թուլացված պատվաստանյութ (ԿԿԽ)՝ կարմրուկ, կարմրախտ և էպիդեմիկ պարօտիտ[46]։
2006 թվականից Ամերիկայում կարմրախտի հաստատված դեպքերի թիվը նվազել տարեկան 3000-ից։ Այնուամենայնիվ, 2007 թվականին Արգենտինայում, Բրազիլիայում և Չիլիում գրանցվեց հիվանդության 13 000 դեպք[7]։
2014 թվականի հունվարի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Պանամերիկյան առողջապահական կազմակերպությունը հայտարարեց և հավաստագրեց Կոլումբիան առաջին լատինամերիկյան կարմրախտից ազատ երկիր[52][53]։ 2015 թվականի ապրիլի 29-ին Հյուսիսային և Հարավային Ամերիկան դարձան ԱՀԿ-ի առաջին տարածաշրջանը, որը պաշտոնապես վերացրեց հիվանդությունը իր տարածաշրջանից։ Վերջին ոչ բերովի դեպքերը գրանցվել է 2009 թվականին Արգենտինայում և Բրազիլիայում։ Պանամերիկյան առողջապահական կազմակերպության տնօրենը նշել է. «Կարմրախտի դեմ պայքարը տևել է ավելի քան 15 տարի, սակայն այն 21-րդ դարի ամենակարևոր պանամերիկյան առողջապահական ազմակերպության նվաճումներից մեկը է»[54]։ Հռչակագիրն ընդունվել է 165 միլիոն առողջապահական գրառումից հետո և գենետիկորեն հաստատեց, որ բոլոր վերջին դեպքերը հարուցված են եղել վիրուսի հայտնի շտամերով։ Կարմրախտը դեռևս տարածված է աշխարհի որոշ շրջաններում և Սուզան Ռեֆը կարմրախտի դեմ պայքարի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարեց, որ չկա ոչ մի շանս, որ 2020 թվականին կարմրախտը ամբողջ աշխարհում կվերանա[7]։ Կարմրախտը համարվում է երրորդ հիվանդությունը, որը կվերանա արևմտյան կիսագնդից պատվաստման միջոցով բնական ծաղկից և պոլիոմիելիտից հետո[7][8]։
Ռուբելա անվանումը հաճախ շփոթում են ռուբեոլայի հետ, դա անգլիախոս երկրներում կարմրուկի այլընտրանքային անունն է հանդիսանում, սակայն հիվանդությունները կապված չեն միմյանց հետ[55][56]։ Եվրոպական որոշ այլ լեզուներով, օր․ իսպաներենով ռուբելան և ռուբեոլան հոմանիշներ են և ռուբեոլան չի հանդիսանում կարմրուկի այլընտրանքային անվանում[57]։ Իսպաներենում "rubeola" ասելով հասկանում են կարմրախտ, իսկ "sarampión" ասելով՝ կարմրուկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.