լեհական ծագմամբ ռուս լեզվաբան From Wikipedia, the free encyclopedia
Իվան Ալեքսանդրովիչ Բոդուեն դե Կուրտենե (ռուս.՝ Иван Александрович Бодуэн де Куртенэ, կամ Յան Նեցիսլավ Իգնացի Բոդուեն դե Կուրտենե, լեհ.՝ Jan Niecisław Ignacy Baudouin de Courtenay, մարտի 13, 1845[1][2][3][…] կամ մարտի 13, 1846[4], Ռաձիմին, Q11825720?[5] - նոյեմբերի 3, 1929[5][1][2][…], Վարշավա, Լեհաստան[5] և Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ[10] և ռուս[11] լեզվաբան։ Կազանի, Պետերբուրգի և Լեհաստանի լեզվաբանական դպրոցների հիմնադիր։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1897 թվականից)։ Եղել է Կազանի (1875-83), Յուրևի (այժմ՝ Տարտու, 1883-93), Կրակովի (1893-99), Պետերբուրգի (1900-18), Վարշավայի (1918-29) համալսարանների պրոֆեսոր[12]։ Քննադատել է «նախալեզվի» հարցում ցուցաբերվող քարացած մոտեցումը, լեգվի ուսումնասիրության համար կարևոր համարել թե՛ տարաժամանակյա (դիախրոնիկ) և թե՛ համաժամանակյա (սինխրոնիկ) հայեցակետերը։ Լեզվի պատմական զարգացումը դիտել է որպես ընդհատականի և անընդհատականի հակադրամիասնություն, առանձին լեզուները՝ որպես պատմականորեն փոփոխվող համակարգեր, ցույց տվել լեզվական երևույթների ներքին կապն ու պատճառականությունը բացահայտելու տեսակետից կենդանի լեզուների ու բարբառների ուսումնասիրության առավել կարևորությունը։ Ստեղծել է հնչույթի և հնչյունական հերթագայությունների տեսությունը, ձևաբանորեն ու ստուգաբանորեն հիմնավորել հնչույթի (ֆոնեմա) գաղափարը։ Ռուսերենի և լեհերենի վերաբերյալ թողել է արժեքավոր աշխատություններ, խմբագրել ու համալրել Վլադիմիր Դալի «Կենդանի վելիկոռուսական լեզվի բացատրական բառարանը» (3-րդ հրտ., 1903–09, 4-րդ հրտ., 1912-1914)[12]։
Ըստ տոհմաբանական լեգենդի՝ սերում է հին ֆրանսիական Կուրտենե ազնվականական տոհմից, որ ծագել է Լյուդովիկոս VI թագավորից, և որին պատկանել են նաև Լատինական (Հռոմեական) կայսրութան կայսրերը։ Բոդուեն դե Կուրտենեի նախնին Լեհաստան է տեղափոխվել XVII-XVIII դարերի սահմանագծին[13]։
1866 թվականին Բոդուեն դե Կուրտենեն ավարտել է Վարշավայի գլխավոր դպրոցը՝ ստանալով մագիստրոսի կոչում։ Լեզվաբանության վերաբերյալ իր գիտելիքները կատարելագործել է արտասահմանում (1867-1868), ապա Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում (1868-1870)։ 1870 թվականին Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, իսկ 1870 թվականի նոյեմբերի 9-ին Պետերբուրգի համալսարանում նրան շնորհվել է համեմատական լեզվաբանության մագիստրոսի կոչում։ Նույն թվականի դեկտեմբերի 13-ին նա հաստատվել է պրիվատ-դոցենտի պաշտոնում։
Իր գիտական գործունեությունը Բոդուեն դե Կուրտենեն սկսել է Իզմաիլ Սրեզնևսկու ղեկավարությամբ։ Սրեզնևսկու նման նա նույնպես ակտիվորեն ուսումնասիրել է սլովենական լեզուն ու Սլովենիայի մշակույթը։ 1871 թվականի դեկտեմբերի 3-ից ավելի քան երեք տարի նա գործուղման մեջ է եղել արտասահմանում։ 1872-1873 թվականներին Գորիցիայում վարել է ռուսերենի խմբակ. ընդ որում, աշակերտները նրա համար հավաքել են գրություններ տեղի սլովենական զրույցներով։ Հետագայում Բոդուեն դե Կուրտենեն տեղի զրւյցների հավաքման նպատակով այցելել է սլովենական տարածքներ 1877, 1890, 1892, 1893 և 1901 թվականներին[14]։
1875 թվականի մայիսի 12-ին Բոդուեն դե Կուրտենեն Պետերբուրգի համալսարանում ստացել է համեմատական լեզվաբանության դոկտորի աստիճան և հոկտեմբերին սկսել է դասավանդել Կազանի համալսարանում։ 1875 թվականի դեկտեմբերի 20-ից եղել է արտահաստիքային պրոֆեսոր, իսկ 1876 թվականի հոկտեմբերի 9-ից՝ իսկական պրոֆեսոր։
Կազանի համալսարանից հետո նա դասավանդել է Յուրևի (1883-1893), Կրակովի Յագելոնյան (1893-1899), Պետերբուրգի (1900-1918), Վարշավայի (1918 թվականից) համալսարաններում։
1887 թվականին ընտրվել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1897 թվականին՝ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Բադուեն դը Կուրտենեն ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա երկրորդ կինը եղել է լեհ գրող Ռոմուալդա Բագնիցկայան, ով հոդվածներ էր տպագրում ռուսական, լեհական ու չեխական մամուլում։ Նրանց դուստրը՝ Սոֆյա Իվանովնա Բոդուեն դե Կուրտենեն (1887-1967), եղել է նկարիչ, մասնակցել է ռուս ավանգարդիստների ցուցահանդեսներին։ Մյուս դուստրը՝ Ցեզարիա Էրենկրեյցը (երկրորդ ամուսնու ազգանունով՝ Ենջեևիչ, 1885-1967), դարձել է հայտնի ազգագրագետ։
1910-ական թվականներից Բոդուեն դե Կուրտենեն ակտիվորեն զբաղվել է քաղաքականությամբ։ Պատկանել է կադետական կենտրոնին, սակայն քաղաքական հայացքներով հարել է այսպես կոչված ֆեդերալիստ-ինքնավարերին։
Հանդես է եկել հօգուտ Լեհաստանի մշակութային ինքնուրույնության և լեհերենի հավասարության ռուսերենի հետ։ Ձերբակալվել է Ռուսական կայսրության իշխանությունների կողմից:
Լեհական հանրապետության անկախության վերականգնումից հետո բնակություն է հաստատել այնտեղ և շարունակել իր քաղաքական գործունեությունը՝ կրկին պաշտպանելով ազգային փոքրամասնությունների իրավունքները, սակայն այս անգամ ոչ թե լեհերի, այլ ուրիշ ազգերի ներկայացուցիչների, այդ թվում նաև ռուսների։ 1922 թվականին ազգային փոքրամասնությունների կողմից առաջադրվել է Լեհաստանի նախագահի թեկնածու։ Դեկտեմբերի 9-ին կայացած առաջին փուլում Բոդուեն դը Կուրտենեն հավաքել է 103 ձայն (19,04 %) և զբաղեցրել երրորդ տեղը՝ առաջ անցնելով ընտրությունների վերջնական արդյունքում նախագահ ընտրված Գաբրիել Նարուտովիչից։ Երկրորդ փուլում Բոդուեն դը Կուրտենեն Գաբրիել Նարուտովիչից առաջ է անցել 10, իսկ երրորդ փուլում՝ 5 ձայնով։ Հինգերորդ փուլում Նարուտովիչն ստացել է ընտրողների մեծ մասի ձայները, որ նախկինում տրվել էին Բոդուեն դը Կուրտենեին։ Սակայն ձախ ուժերի ու ազգային փոքրամասնությունների աջակցության շնորհվ ընտրված նախագահն արժանացել է աջ ուժերի ատելությանն ու սպանվել պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց։
1919-1929 թվականներին Բադուեն դե Կուրտենեն եղել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր և համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչ։ Մահացել է 1929 թվականի նոյեմբերի 3-ին Վարշավայում։ Թաղվել է Վարշավայի կալվինական (ավետարանական-ռեֆորմատական) գերեզմանատանը։
Ժամանակակիցները նշում են Բոդուեն դե Կուրտենեի վաղ հասունացումը որպես գիտնական։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի՝ 1891 թվականին լույս տեղած հատորում Բոդուեն դե Կուրտենեն բնութագրված է որպես «ժամանակակից ամենաականավոր լեզվաբաններից մեկը»։ Բոդուեն դե Կուրտենեն եղել է չափազանց համեստ մարդ և իր մասին գրել է, թե «աչքի է ընկել անբավարար գիտական պատրաստությամբ և գիտելիքների ոչ մեծ պաշարով»։
Բոդուեն դե Կուրտենեն հեղաշրջում է կատարել լեզվաբանության մեջ. նրանից առաջ[15] լեզվաբանության մեջ գերիշխող էր պատմական ուղղությունը, և լեզուներն ուսումնասիրվում էին բացառապես գրավոր հուշարձաններով։ Բոդուեն դե Կուրտենեն իր աշխատություններում ապացուցել է, որ լեզվի էությունը խոսքային գործունեության մեջ է, այսինքն՝ անհրաժեշտ է ուսումնասիրել կենդանի լեզուներն ու բարբառները։ Միայն այդպես կարելի է հասկանալ լեզվի գործելու մեխանիզմն ու ստուգել լեզվաբանական տեսությունների ճշտությունը։
Բադուեն դե Կուրտենեն երկար տարիներ ուսումնասիրել է տարբեր հնդեվրոպական լեզուներ, իր գիտական աշխատությունները գրել է ոչ միայն ռուսերեն ու լեհերեն, այլև գերմաներեն, ֆրանսերեն, չեխերեն, իտալերեն, լիտվերեն և այլ լեզուներով։ Աշխատելով սլավոնական լեզուների ու բարբառների ուսումնասիրությամբ զբաղվող արշավախմբերում՝ նա գրանցել է դրանց հնչյունաբանական առանձնահատկությունները։ Սլավոնական լեզուների զուգադրական (տիպաբանական) վերլուծության բնագավառում նրա հայտնագործությունները կանխագուշակել են այնպիսի գաղափարներ, որոնց հետագայում իրենց արտահայտությունն են գտել տիպաբան-սլավոնագետ Ռոման Յակոբսոնի աշխատություններում։
Այդ ուսումնասիրությունները Բոդուեն դե Կուրտենեին թույլ են տվել (հաշվի առնելով իր վաղամեռիկ գործընկերոջ՝ Նիկոլայ Կրուշևսկու գաղափարները, ով նույնպես եղել է լեհ և աշխատել է Կազանում) ստեղծել հնչույթների և հնչյունափոխությունների տեսությունը, որ ներկայացված է նևա «Հնչյունափոխությունների փորձ» աշխատությունում (1895)։ Դրա տրամաբանական շարունակությունն է դարձել գիտնականի ստեղծած գրի տեսությունը։ Այսպիսով՝ Բոդուեն դե Կուրտենեն հանդես է եկել որպես հնչույթաբանության հիմնադիր և Նիկոլայ Տրուբեցկոյի տեսության նախակարապետ։
Բոդուեն դե Կուրտենեն առաջինն է սկսել լեզվաբանության մեջ կիրառել մաթեմատիկական մոդելները։ Նա ապացուցել է, որ լեզուների զարգացման վրա կարելի է ազդել, ոչ թե միայն պասիվ կերպով գրանցել նրանում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները։ Նրա աշխատանքների հիման վրա սկիզբ է առել նոր ուղղություն՝ փորձարարական հնչյունաբանությունը։
Լեզուն ուսումնասիրելիս Բոդուեն դե Կուրտենեն չի սահմանապակվել միայն լեզվաբանության շրջանակներում։ Նա կարծում էր, որ լեզվաբանությունը պիտի հենվի հոգեբանության ու սոցիոլոգիայի նվաճումների վրա, և որ լեզվական գործոնների ամբողջական ուսումնասիրությունն անհնար է առանց անդրադառնալու ազգագրության, մշակույթի պատմության, հնագիտության ու այլ գիտությունների նվաճումներին։ Այս ամենը Բաոդուեն դե Կուրտենեն ոչ միայն հայտարարել է, այլև իրականացրել իր աշխատանքներում։
Բոդուեն դե Կուրտենեն տպագրության է նախապատրաստել Դալի բառարանի երրորդ և չորրորդ հրատարակությունները՝ ճշտելով ստուգաբանությունները, ուղղելով բառաբների բաժանումները (Դալի մոտ դրանք հաճախ ինքնակամ են), ինչպես նաև լրացնելով նոր բառերով, այդ թվում նաև ավելացնելով Դալի մոտ բացակայող վուլգար-հայհոյական բառաշերտը։ Իր լրացումների համար Բոդուեն դե Կուրտենեն ենթարկվել է խիստ քննադատության, խորհրդային տարիներին «Դալի Բոդուենյան բառարանը» չի վերահրատարակվել։ Խորհրդային տարիներին վերահրատարելիս հիմք է ընդունվել Դալի բառարանի երկրորդ օրիգինալ տարբերակը, իսկ Բոդուենի տարբերակը հաճախ համարվում է ինքնուրույն բառարան։
Բոդուեն դե Կուրտենեն ակտիվորեն հետաքրքրվել է արհեստական լեզուներով, բազմիցս հանդես է եկել որպես էսպերանտոյի կողմնակից։ 1907 թվականի հոկտեմբերին նա Օտտո Էսպերսենի ու այլ գիտնականների հետ մասնակցել է միջազգային պատգամավորությանը, որի նպատակն էր ընդունել միջազգային օժանդակ լեզու (ֆր.՝ Délégation pour l'Adoption d'une Langue Auxiliaire Internationale). Բոդուեն դե Կուրտենեն եղել է նրա փոխնախագահը։ Նա ծանոթ է եղել էսպորանտոյի հիմնադիր Լյուդվիկ Զամենհոֆի հետ[16], սակայն իրեն չի համարել էսպերանտիստ[17]։
1874-1883 թվականներին աշխատելով Կազանում՝ Բոդուեն դե Կուրտենեն հիմնադրել է Կազանի լեզվաբանական դպրոցը, որի շրջանակներում ծաղկում է ապրել լեզվաբան Վասիլի Բոգորոդիցկու տաղանդ։ Պետերբուրգում նա ստեղծել է Պետերբուրգի լեզվաբանական դպրոցը, որի շրջանակներում նրա անմիջական ազդեցության տակ տեղի է ունեցել 20-րդ դարի ռուս լեզվաբաններ Լև Շչերբայի ու Եվգոնի Պոլիվանովի կայացումը։ Շատերը (հատկապես Ռուսաստանում) Բոդուեն դե Կուրտենեին համարում են ստրուկտուրալիզմի հիմնադիրը Ֆերդինանդ դը Սոսյուրի հետ միասին։ Պետերբուրգյան դպրոցի և հատկապես նրա հիմնադրի ազդեցությունը նկատելի է եղել և՛ Ռուսաստանում, և՛ ԽՍՀՄ-ում, և՛ Լեհաստանում ու Չեխոսլովակիայում։ Նրա առաջ քաշած մի շարք դրույթներ (հատկապես հնչակարգաբանության ոլորտում) Փարիզի դպրոցի շնորհիվ դարձել են անկյունաքարային համաշխարհային գիտության մեջ[18]։
Ռուս բազմաթիվ լեզվաբանների հետ Բոդուեն դե Կուրտենեն եղել է Ուղղագրական հանձնաժողովի (ռուս.՝ Орфографическая комиссия) անդամ, որի առաջ խնդիր էր դրված պարզեցնել ռուսերեն գիրը (1904-1918 թվականներ)։
Բոդուեն դե Կուրտենեի աշխատանքներից մի քանիսը տպագրվել են Վորոնեժի «Филологические записки» ամսագրում[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.