From Wikipedia, the free encyclopedia
Ինտելեկտի գործակից (անգլ.՝ IQ — intelligence quotient, կարդացվում է «այ քյու»), անձի ինտելեկտի մակարդակի քանակական գնահատականը (մտավոր զարգացման գործակից), ինտելեկտի մակարդակը միջին վիճակագրական անձի ինտելեկտի մակարդակի համեմատությամբ (նույն կամ միջին տարիքի), ավելի նեղ իմաստով՝ այսպես կոչված մտավոր տարիքի հարաբերակցությունը տվյալ անձի իրական կենսաբանական տարիքին։ Այն որոշվում է հատուկ թեստերի կիրառմամբ։ Ինտելեկտի գործակցի չափումը հնարավորություն է տալիս գնահատել ընդհանուր ինտելեկտի գործակիցը՝ «g գործոնը»։
«Ինտելեկտի գործակից» հասկացությունը ներմուծել է գերմանացի գիտնական Վիլյամ Շտեռնը 1912 թվականին։ Նա ուշադրություն է դարձրել Բինեի սանդղակով մտավոր տարիքի լուրջ թերություներին։ IQ-ն առաջին անգամ կիրառվել է Ստենֆորդ-Բինեի ինտելեկտի սանդղակում 1916 թվականին (ի սկզբանե Բինեի կողմից 1903 թվականին)[1]։
Ներկայումս IQ թեստերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, ինչի արդյունքում ի հայտ են եկել նոր թեստեր և սանդղակներ։ Այդ է պատճառը, որ դժվարություն է առաջանում համեմատել տարբեր թեստերի արդյունքները։
IQ թեստերը մշակված են այնպես, որպեսզի արդյունքները նորմալ համարվեն 100-ի հավասար IQ֊ի միջին նշանակության համեմատությամբ, և այնպիսի բաշխվածությամբ, որ մարդկանց 50 %֊ի IQ-ն լինի 90-110-ի միջև, իսկ 25֊ական % -ը՝ 90-ից ցածր և 110-ից բարձր։ 70-ից ցածր IQ-ն հաճախ որակվում է որպես մտավոր հետամնացություն։ Թեստերը բաղկացած են աճող բարդությամբ բազմաթիվ առաջադրանքներից։ Դրանք հիմնականում ներառում են թվաբանական և տրամաբանական խնդիրներ, գործնական իրավիճակներում կողմնորոշումն ստուգող վարժություններ, խնդիրներ, որոնք ստուգում են ոչ ստանդարտ մտածողությունը, օպերատիվ հիշողությունը և այլ որակներ։ Թեստի արդյունքներով որոշվում է IQ-ն, ընդ որում, որքան թեստի շատ տարբերակներ է անցնում հետազոտվողը, այնքան ավելի լավ արդյունքներ է նա դրսևորում։ Առավել հայտնի է Այզենկի թեստը։ Համեմատաբար ճշգրիտ են նաև Վեքսլերի թեստը, Ռավենի թեստը, Կետտելի թեստը։ Այզենկի թեստը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց համար և սահմանում է IQ-ի 180 միավոր առավելագույն մակարդակ։
Թեստերը բաժանվում են ըստ տարիքային խմբերի և մատնանշում են անձի զարգացումը նրա տարիքին համապատասխան։
IQ֊ի մակարդակի կանխատեսման գործընթացում գենետիկայի և շրջապատող միջավայրի դերը դիտարկվել է Plomin et al֊ում (2001, 2003)[2]։ Մինչև վերջին ժամանակները ժառանգականության դերն ուսումնասիրվել է հիմնականում երեխաների շրջանում։ ԱՄՆ֊ում անցկացված տարբեր հետազոտությունները ցույց են տվել, որ IQ֊ի մակարդակի վրա ժառանգականության ազդեցությունը տատանվում է 0,4֊ից մինչև 0,8[3][4][5]։ Դա նշանակում է, որ հետազոտված երեխաների շրջանում ժառանգականությունից IQ-ի կախվածության տարբերությունը կազմում է 40֊80 %։ Մնացած մասը կախված է երեխայի կենսապայմաններից և չափման սխալներից։ Ժառանգականությունը 0,4-0,8-ի սահմաններում նշանակում է, որ IQ֊ն մեծ մասամբ ժառանգական ցուցանիշ է[6][7][8]։
Մարդու ուղեղի աշխատանքի համար պատասխանատու է ավելի քան 17 000 գեների մեծ մասը[9]։ Թեև որոշ հետազոտություններ ցույց են տալիս առանձին գեների ազդեցությունը IQ-ի վրա, սակայն դրանցից ոչ մեկը նշանակալի ազդեցություն չունի[10]։ Գեների և IQ-ի միջև բացահայտված կապը հիմնականում եղել է սխալ դրական[11]։ Վերջին հետազոտություները թույլ կապ են հայտնաբերել առանձին գեների և ինտելեկտի գործակցի մակարդակի միջև ինչպես մեծահասակների[12], այնպես էլ երեխաների շրջանում[13]։
Հետազոտություններ են կատարվում՝ բացահայտելու բարձր և ցածր IQ ունեցող անձանց գենետիկական տարբերությունները[14][15][16]։
Շրջապատող միջավայրը, մասնավորապես ընտանիքը, էական ազդեցություն է գործում երեխայի ինտելեկտի զարգացման վրա։ Կապեր են հայտնաբերվել ինտելեկտի և ընտանիքի հետ կապված տարբեր գործոնների միջև, օրինակ՝ տան չափի և արժողության, ընտանիքի տարեկան եկամտի, ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունների, ընտանեկան դաստիարակության մեթոդների և այլն։ Այդպիսի ազդեցությունը ինտելեկտի գործակցին ապահովում է 0,25-0,35 բաժին։ Սակայն որքան մեծանում է երեխան, այնքան այդ կապն ավելի թույլ է դրսևորվում և գրեթե լիովին չեզոքանում է չափահաս դառնալիս։ Այդ հետազոտություններն անցկացվել են երկու ծնողներով ընտանիքներում[4][17][18][19]։
Ի հաշիվ անձի անհատական ժառանգական առանձնահատկությունների՝ միևնույն ընտանիքի երեխաները կարող են տարբեր կերպ արձագանքել շրջապատող միջավայրի միևնույն գործոններին[4][18]։
Ոչ առողջ, սահմանափակ սնունդը կարող է իջեցնել տեղեկատվությունը վերամշակելու ուղեղի կարողությունը։ 25 446 հետազոտվողի հետ Danish National Birth Cohort֊ի անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում ձկնամթերքով հարուստ սնունդ օգտագործելը և նորածնին մոր կաթով կերակրելը բարձրացնում են նրա IQ-ն[20]։
13 հազար երեխայի հետ անցկացված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել[21], որ կրծքով կերակրելը կարող է բարձրացնել երեխայի ինտելեկտի մակարդակը 7 միավորով։ Սակայն այդ արդյունքները հրապարակումից հետո ենթարկեցին սուր քննադատության։ Նշվում էր նախորդ հետազոտությունների ոչ լիարժեք վերլուծությունը և ընդունված տեսությունների ժխտումը[22], այն քննադատվեց տարբեր տեսանկյուններից[23], և, ընդհանուր առմամբ, արդյունքների արժանահավատությունը դրվեց կասկածի տակ[24]։
Մեծաթիվ հետազոտությունների տվյալներով ինտելեկտի միջին զարգացվածությունը հիմնականում նույնն է տղամարդկանց և կանանց շրջանում։ Միևնույն ժամանակ տղամարդկանց շրջանում առավել արտահայտված է ինտելեկտի մակարդակի ցրվածությունը․ նրանց մեջ շատ են ինչպես շատ խելացիները, այնպես էլ տգետները։ Այլ կերպ ասած՝ շատ բարձր և շատ ցածր ինտելեկտ ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում տղամարդիկ։ Տղամարդականց և կանանց ինտելեկտի տարբեր կողմերի արտահայտվածության մեջ ևս կան որոշակի տարբերություններ․ մինչև հինգ տարեկանն այդ տարբերությունները չեն նկատվում։ Դրանից հետո տղաներն սկսում են աղջիկներին գերազանցել տարածական ինտելեկտի և մանպուլյացիայի, իսկ աղջիկները՝ տղաներին՝ խոսքային կարողությունների ոլորտում։
ԱՄՆ֊ում անցկացված հետազոտությունները էական կապ են բացահայտել IQ-ի միջին մակարդակի և տարբեր ռասայական խմբերի միջև։ Համաձայն The Bell Curve֊ի (1994)՝ աֆրոամերիկացիների միջին IQ֊ն կազմում է 85, լատինամերիկացիներինը՝ 89, եվրոպացիներինը՝ 103, ասիացիներինը՝ 106, հրեաներինը՝ 113։ Սակայն ըստ որոշ հետազոտությունների՝ այդ տարբերություններն աստիճանաբար փոքրանում են[25]։
Բացի այդ, հին թեստերով չափված միջին IQ֊ի մակարդակը ժամանակի ընթացքում ավելանում է։ Ֆլինի էֆեկտի արդյունքում պարզվել է, որ նեգրոիդների միջին IQ֊ն 1995 թվականին համապատասխանում էր 1945 թվականի եվրոպեոիդների միջին IQ֊ին[26]։ Մի քանի տասնամյակի ընթացքում կատարված այդպիսի էական փոփոխությունները չեն կարող բացատրվել միայն ժառանգական գործոնով։
IQ֊ի վրա սոցիալական գործոնների ազդեցությունը հաստատվում է որբ երեխաների հետ անկացված հետազոտություններով[27]։
Ըստ Ռիչարդ Լինի՝ ուղեղի չափերում ռասայական տարբերությունները բացատրում են ինտելեկտի տարբերությունների մոտ մեկ քառորդը[28]։
Տարբերություններ են բացահայտվել նաև տարբեր երկրների բնակիչների IQ-ի մակարդակների միջև։ Ուսումնասիրվել է հարաբերակցությունը երկրի IQ֊ի միջին մակարդակի և նրա տնտեսական զարգացվածության, ժողովրդավարության, հանցագործությունների թվի, ծնելիության մակարդակի և կրոնական պատկանելիության միջև։
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան «Ինտելեկտ․ հայտնի և անհայտ» (Intelligence: Knowns and Unknowns, 1995) զեկույցում նշում է, որ IQ թեստերով բարձր միավորներ հավաքած երեխաները սովորաբար ավելի լավ են յուրացնում դպրոցական ծրագիրը, քան ավելի ցածր ցուցանիշներով իրենց հասակակիցները։ IQ֊ի միավորների և գնահատականների միջև կոռելյացիան կազմում է գրեթե 0,5։ IQ թեստերը հնարավորություն են տալիս բացահայտել օժտված երեխաներին և նրանց համար կազմել համապատասխան ուսումնական ծրագրեր։
Հետազոտությունները ցույց են տվել, որ նպատակասլացությունը և օրիգինալությունը մեծ դեր են խաղում գիտության ոլորտում հաջողությունների հասնելու մեջ։ Այզենկն ուսումնասիրել է նշանավոր գիտնականների IQ-ի մակարդակը․ այն մի մակարդակ ցածր էր Նոբելյան մրցանակի դափնեկիրներից, ում միջին IQ-ն եղել է 166, թեև նրանցից ոմանք հավաքել էին 177՝ թեստի առավելագույն միավորը։ Նրանց միջին տարածական IQ-ն կազմել է 137, թեև կարող էր ավելի բարձր լինել ավելի երիտասարդ տարիքում։ Նրանց միջին մաթեմատիկական IQ-ն եղել է 154 (128-ից մինչև 194)։
Ըստ Ֆրանկ Շմիդտի և Ջոն Հանտերի՝ առանց աշխատանքային փորձի աշխատակիցներ որոնելիս աշխատանքի հավանական արդյունավետության կարևոր ցուցիչ է համարվում թեկնածուի ինտելեկտուալ մակարդակը։ Աշխատանքի արդյունավետության կանխատեսման ժամանակ IQ֊ն որոշակի ազդեցություն ունի գործունեության բոլոր տեսակների վրա, սակայն այդ հարաբերակցությունը փոփոխվում է՝ կախված աշխատանքի տեսակից։ Թեև IQ֊ն ավելի սերտորեն կապված է մտավոր կարողությունների հետ, սակայն IQ թեստերի միավորները կանխագուշակում են աշխատանքի արդյունավետությունը բոլոր մասնագիտությունների դեպքում։ Ընդհանուր առմամբ, IQ֊ի կանխագուշակող ուժը կապված է աշխատավայրում նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման հետ։
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի վերոնշյալ զեկույցում նաև նշվում է, որ քանի որ IQ֊ն բացատրում է աշխատանքի արդյունավետության տարբերությունների միայն 29 %-ը, անձնային մյուս բնութագրերը, ամենայն հավանականությամբ, ունեն նույնքան կարևորություն, սակայն տվյալ պահին դրանց վերաբերյալ արժանահավատ տվյալներ չկան։
Չարլզ Մյուրրեյն իր աշխատության մեջ (The Bell Curve) նշում է, որ IQ֊ն էական ազդեցություն է գործում նաև անձի եկամուտների վրա՝ անկախ նրա ընտանեկան դրությունից և սոցիալական կարգավիճակից։
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան վերոնշյալ զեկույցում նաև ցույց է տալիս IQ-ի և հանցավորության հարաբերակցությունը։ Այն կազմում է -0,2 (հակառակ կապ)։ 0,20 կոռելյացիան նշանակում է, որ հանցավորության մեջ մեկնաբանվող տարբերություները կազմում են 4 %-ից քիչ։ Կարևոր է հաշվի առնել, որ IQ թեստերի միավորների և սոցիալական գործոնների միջև պատճառահետևանքային կապերը կարող են լինել անուղղակի։ Դպրոցական ցածր առաջադիմությամբ աշակերտները կարող են իրենց օտարացած զգալ, և, հավանաբար, ավելի մեծ հավանականությամբ կարող են իրականացնել իրավախախտումներ, քան այն երեխաները, ովքեր լավ են սովորում։
Արթուր Ջենսենն իր «g-գործոն» (The g Factor, Arthur Jensen, 1998) գրքում մեջբերում է տվյալներ, որոնց համաձայն՝ 70-90 IQ ունեցող մարդիկ, անկախ ռասայական պատկանելիությունից, ավելի հաճախ են իրավախախտումներ կատարում, քան այն մարդիկ, ովքեր ունեն այդ շեմից բարձր կամ ցածր IQ, ընդ որում, հանցավորության գագաթնակետը գտնվում է 80-90-ի սահմանում[29]։
Ինտելեկտի գործակիցը որոշող թեստերը հաճախակի ենթարկվել են քննադատության տարբեր գիտնականների կողմից։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Վասիլևը հայտնաբերել է, որ ինտելեկտի գործակցի չափման Այզենկի թեստերում առաջադրանքների էական մասը կազմված է ոչ ճիշտ, կամ հեղինակի լուծման ուղիներն են սխալ։ Այդ առթիվ նա գրել է[30]․
IQ թեստերի առաջադրանքներն ստուգում են ոչ միայն տրամաբանական, դեդուկտիվ, այլև ինդուկտիվ մտածողությունը։ Որոշ IQ թեստերի դեպքում կանոնները նախապես տեղեկացվում են, զգուշացվում է, որ որոշ առաջադրանքների պատասխաններն անմիջականորեն չեն բխում հարցից, և հարկավոր է գտնել առավել խելամիտ կամ պարզ պատասխան։ Դա համապատասխանում է շատ կենսական իրավիճակներին, որոնց դեպքում միանշանակ պատասխան գոյություն չունի։
Սվետլանա Կուզինան նշում է․
Նպատակ չունենալով քննադատել IQ թեստերը՝ խորհրդային հոգեբան Լև Վիգոտսկին իր աշխատություններում ցույց է տվել, որ երեխայի ընթացիկ IQ֊ն քիչ տեղեկատվություն կարող է տալ նրա հետագա ուսուցման և մտավոր զարգացման մասին[31]։ Դրա հետ կապված՝ նա ներմուծել է «մերձավոր զարգացման գոտի» հասկացությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.