Remove ads
բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Թուզ, կամ թզենի, կամ բանիան, (լատին․՝ Fícus cárica), մերձարևադարձային տերևաթափ ֆիկուս։ Կարիական ֆիկուս անվանվել է այն վայրի անունով, որը համարվում է թզի հայրենիքը՝ Փոքր Ասիայի հնագույն Կարի պրովինցիայի լեռնային մարզը։ Միջին Ասիայում, Կովկասում և Ղրիմում աճեցնում են այն որպես թանկարժեք պտղատու բույս, որը տալիս է պտուղներ՝ գինու հատապտուղներ։ Լայն տարածում ունի միջերկրածովյան երկրներում, Վրաստանում, Հայաստանի լեռներում, Ապշերոնյան թերակղզում, Ադրբեջանի կենտրոնական շրջաններում, Կրասնոդարի մարզում և Աբխազիայում։
Թուզ | |
Թուզ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թթազգիներ (Moraceae) |
Ցեղ | Թզենի (Ficus) |
Տեսակ | Թուզ (F. carica) |
Միջազգային անվանում | |
Ficus carica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Թուզը համարվում է ամենահին մշակովի բույսերից մեկը, ըստ որոշ տվյալների՝ հավանաբար ամենահինը[1]։ Թզի մշակմամբ սկզբում զբաղվել են Արաբիայում, որտեղից էլ տարածվել է Փյունիկիա, Սիրիա և Եգիպտոս։ Մ․թ․ա․ 13-րդ դարում կարևոր դեր է ունեցել Պիլոսի թագավորության գյուղատնտեսության մեջ։ Ամերիկա է հասել միայն 16-րդ դարում։ Աստվածաշնչում հիշատակվող թզենու տերևը Ադամն ու Եվան օգտագործել են իրենց մերկությունը ծածկելու համար։
Անվանումը ծագել է որպես փոխառություն միջերկրածովյան կամ փոքրասիական աղբյուրից՝ *tugho-(՞). հմմտ. հունարեն σüκον (բեովտ. τüκον), լատիներեն fīcus։
Բաց մոխրագույն հարթ կեղևով ծառ է, տերևները խոշոր են, հերթադիր, բլթակավոր, արտաքինից՝ մուգ կանաչ, ստորին մակերեսից՝ բաց գունավորված, խավապատ, ունեն յուրահատուկ հոտ, պոկելիս նկատվում է կաթնահյութի արտահոսք, որը որոշ ազգերի մոտ պտղաբերություն է խորհրդանշում։ Ծաղկի բանաձևն է՝ [2] թզի իգական գլխավոր ծաղիկներն ունեն կարճ ցողուն։ [2], ինչպես նաև խոշոր ծաղկաբույլ, որում արական ծաղիկները ռեդուկցված են, իսկ իգականներն ունեն երկար սյուներ, և բեղմնավորումից հետո առաջացնում են միակի սերմով պտուղներ՝ ընկույզի ձևով Թուզը հյութալի, քաղցր, տանձանման, ներսում կորիզներով միրգ է։ Ծածկված է բարակ, փոքր մազիկներ ունեցող կեղևով։ Վերին մասում ունի փոսիկ և աչքեր։ Թուզը, կախված տեսակից, ունի տարբեր գունավորումներ՝ դեղինից մինչև սև և կապույտ։ Ավելի շատ տարածված են դեղին և կանաչ պտուղներով թուզը։
Թզի թարմ պտուղները պարունակում են մինչև 24 % (այլ տվյալներով մինչև 75 %[3]) շաքար (գլյուկոզ, ֆրուկտոզ), իսկ չոր պտուղները՝ մինչև 37 %։ Պտուղները պարունակում են օրգանական թթուներ, դաբաղանյութեր, սպիտակուցներ, ճարպեր։ Թզի թարմ պտուղները պարունակում են մինչև 1,3 % սպիտակուցներ, 11․2 շաքար, թթուներ՝ միայն 0․5 %: Չոր պտուղներում սպիտակուցների պարունակությունն ավելանում է մինչև 3-6%, շաքարը՝ մինչև 40-50 %, ինչը նրանց տալիս է շատ քաղցր համ և դառնում է շատ հագեցնող (չոր պտուղների կալորիականությունը՝ 214 կկալ․ 100 գրամում)։ Պտուղները պարունակում են նաև վիտամիններ (β-կարոտին B1, B3, PP, C), հանքային նյութեր (նատրիում՝ 18 մգ 100 գրամում, կալիում՝ 268, կալցիում՝ մինչև 34, մագնեզիում՝ մինչև 20, ֆոսֆոր՝ մինչև 32)։ Կալիումի պարունակություն այնքան շատ է, որ զիջում է միայն ընկույզին։ Չհասունացած պտուղները պարունակում են դառը կաթնային համ և պիտանի չեն ուտելու համար [3]։
Չոր պտուղներն առանձնանում են բարձր կալորիականությամբ և պարունակում են 50-77% շաքար։ [4]
Թուզը օգտագործում են թարմ, չոր և պահածոյացված վիճակում։ Թարմ պտուղներից պատրաստում են մուրաբա և ջեմ։ Պտուղներում կան բազմաթիվ մանր կորիզներ։ Թզի պուղները հիմնականում չափավոր քաղցր են, երբեմն էլ՝ չափազանց քաղցր։ Չորացնելու համար պիտանի են փայլուն, ոսկեգույն կաշվով և սպիտակ միջուկով, մոտավորապես 5 սմ տրամագիծ ունեցող պտուղները։ Չորացնում են արևի տակ 3-4 օր։ Ինչքան փոքր են պտուղները, այնքան համեղ են։ Եթե պտուղն ունի 900-ից ավելի կորիզ, ուրեմն այն շատ լավն է ու նուրբ, իսկ եթե 500-ից քիչ՝ միջին։ Գոյություն ունի նաև թզի անկորիզ տեսակը, որը, սակայն, այնքան էլ համեղ և հյութալի չէ։ Անդալուզիայում պատրաստվում է թզից հաց։ Թզի բերքը առատ է՝ մինչև 20 տ հեկտարից։ Թզենին կարող է աճել ոչ պարարտ հողերում, քարքարոտ վայրերում, ծերպերում, անգամ քարերի վրա։ Սակայն փարթամ ծառեր հանդիպում են գետերի ափերին, արգավանդ, ջրվող հողերում։ Թզենին բերք տալիս է երկրորդ-երրորդ տարում, ապրում է 30-60, երբեմն էլ նույնիսկ՝ մինչև 300 տարի։
Դեղագործության մեջ օգտագործվում են թզի տերևները (լատին․՝ Folium Ficusi caricae), որոնք հավաքում են բերքահավաքից հետո՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և չորացնում [3]։
Շատ վաղ ժամանակներից թուզն օգտագործվում է բժշկության մեջ։ Այն օգտագործվել է որպես դեղամիջոց հազի և կոկորդի հիվանդությունների դեմ, դրա համար թուզը թրմում էին եռացրած ջրում կամ կաթում։ Պտուղների միջուկը քրտնարտադրության և ջերմիջեցնող հատկություն ունի։ Բացի այդ երկաթի պարունակությունը թզի պտուղներում ավելի շատ է, քան խնձորի մեջ, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում երկաթի պակասություն ունեցող մարդկանց մոտ։ Քանի որ թզենու տերևներում պարունակվում է կումարին (նյութ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արևի ճառագայթների դեմ), դրանք էլ են օգտագործվում դեղաբուժության մեջ։ Թուզն ունի սնուցող հատկություն, կարգավորում է մարմնի ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Թուզը օգտակար է սրտխփոցի դեմ, բրոնխային ասթմայի, հազի, սրտի ցավերի, թոքաբորբի ժամանակ, իսկ նրա օգտագործումը կերակրի մեջ նշի հետ օգտակար է հյուծվածության ժամանակ։ Չորացրած թուզն ունի թուլացնող հատկություն։ Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը, լավացնում է մարսողությունը։ Թզի հյութը օգտակար է նաև մկանային և հոդային ցավերի, մաշկի հիվանդությունների, երիկամների և միզասեռական օրգանների քարերի, լյարդի մեծացման և ցավերի ժամանակ։
Թզի պտուղները մտնում են «Կաֆիոլ» դեղանյութի կազմի մեջ [3]։
Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ ամենաարժեքավորը սպիտակ թուզն է, այնուհետև՝ կարմիրը, սևը։ Տերևներից, պտուղներից արտադրվող սպիտակ հյութը՝ «կաթը», ըստ նրա, բուժում է գորտնուկներից, վիտիլիգոյից (մաշկի պիգմենտացիայի կորուստ)` քսելու ձևով, օգտակար է երիկամային ու միզապարկի հիվանդությունների դեպքում։ Ճյուղերից ստացված մոխիրով հոգնա են անում դիզենտերիայի, լուծի դեմ։ Բույսի կաթը խմում են նաև կարիճի խայթոցի, շան կծածի դեմ (մեղրի հետ)։ Տերևները ծամելը մաքրում է ստամոքսը։ «Կաթի» և մեղրի խառնուրդի կաթեցումը՝ աչքի մեջ, կանխում է կատարակտով հիվանդանալուց։ Չափազանց արժեքավոր սնունդ է թզի չիրը։ Չիրը՝ անանուխի, ուրցի հետ ուտելու դեպքում, մաքրում է միզապարկը, երիկամները։ Թզի չիրը շատ օգտակար է ուտել ընկույզի հետ։ Իսկ եթե չիրը եփվի 1 լ գինու քացախի հետ և 1 օր թողնվի, այնուհետև թրջոց դրվի փայծաղի շրջանում, շատ կօգնի բուժմանը։
Ռուսաստանի միջին և հյուսիսային շրջաններում թուզը աճում է սենյակային պայմաններում։ Նա ունի մեծ բլթակավոր գեղեցիկ տերևներ, որոնք ձմռանը թափվում են։ Սենյակային բույսը կարող է պտուղներ տալ, որոնք հաճախ հասունանաում են ամռանը կամ աշնանը երբեմն էլ նաև գարնանը։ Թուզը բազմացնում են ձմեռային (առանց տերևների) և ամառային (կանաչ) տնկիներով։ Ձմեռային տնկիները հասունանում են մեկ-երկու տարում, տնկում են վաղ գարնանը՝ մինչև բողբոջների բացվելը, փխրեցված հողում։ Կանաչ տնկիները տնկում են գարնան վերջին, ամռան սկզբին ավազի մեջ և պահում են խոնավ պայմաններում ապակե տարայի տակ։ Տաք պայմաններում տնկիները արագ արմատակալվում են։ Արմատակալված տնկիները տեղավորում են ծաղկամանների մեջ։
Ամռանը պահում են լուսավոր լուսամուտագոգերին՝ հաճախակի ջրելով։ Ձմռանը՝ սառը միջավայրում, քիչ են ջրում, այնքան, որ հողը չչորանա։ Երկու-երեք տարուց փարթամ բույսերը տեղափոխում են ավելի մեծ ամանի մեջ։
Համար | Երկիր | Արտադրություն (տոննա) |
---|---|---|
1 | Թուրքիա | 274,535 |
2 | Եգիպտոս | 171,062 |
3 | Ալժիր | 110,058 |
4 | Մարոկկո | 102,694 |
5 | Իրան | 78,000 |
6 | Սիրիա | 41,224 |
7 | ԱՄՆ | 35,072 |
8 | Բրազիլիա | 28,010 |
9 | Ալբանիա | 27,255 |
10 | Թունիս | 25,000 |
Ընդամենը | 1,031,391 | |
Աղբյուր։ ՄԱԿ - ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[5]
Տեսակներ
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.