հայ լեզվաբան, վիպագիր, խմբագիր, թարգմանիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Երվանդ Խաչիկի Օտյան (սեպտեմբերի 19, 1869[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 3, 1926[2][3][1], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[1]), հայ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր։
Երվանդ Օտյան արմտ. հայ.՝ Երուանդ Օտեան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1869[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1926[2][3][1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[1] |
Գերեզման | Monastery of Saint Mina |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, վիպասան, խմբագիր, լրագրող և գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Պերպերյան վարժարան[1] |
Ժանրեր | երգիծանք[1] |
Աշխատավայր | Հայրենիք, Հայրենիք, Ազատ խոսք[1] և Ազատ բեմ[1] |
Ազգականներ | Գրիգոր Օտյան |
Երվանդ Օտյան Վիքիքաղվածքում | |
Երվանդ Օտյան Վիքիդարանում | |
Yervand Otyan Վիքիպահեստում |
Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»[4]։
Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 19-ին Պոլսում։ 1882 թ. ընդունվել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանը։ Մեկուկես տարի հետո ուսումը շարունակել է տանը՝ հրավիրված մանկավարժների ղեկավարությամբ։ Պատանի հասակից սովորել է լեզուներ, կարդացել է ընտանեկան հարուստ գրադարանի հայերեն և ֆրանսերեն գրքերը, համակվել ընտանիքում տիրող գիտության, արվեստի, գրականության պաշտամունքով։
Երվանդ Օտյանը ստեղծագործությունները մամուլում տպագրվել են 1887 թվականից, Ա․ Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892—1895), ապա՝ խմբագրի (1896) պաշտոնը։ Նույն թերթում առաջին անգամ հանդես է եկել քրոնիկ-ֆելիետոններով, պատմվածքներով, նովելներով՝ «Սիրո նահատակ» (1892), «Վաշխառուն» (1893, 2-րդ հրտ․ 1956), «Կաղանդի վիպակ» (1895) և երգիծավեպով՝ «Գործ եփող մը» (1895, հետագայում՝ «Միջնորդ տեր պապան»)։
1879 թ. հորեղբոր՝ Գրիգոր Օտյանի նախաձեռնությամբ, իննամսյա ուղևորություն է կատարում Եվրոպայում։ Լինում է Փարիզում, Վիշիում, Հռոմում, Նեապոլում և այլ քաղաքներում։ Օտյանի անունը եղել է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում։ 1896 թ. օգոստոսին, երբ Կ․ Պոլսում սկսվել են հայկական ջարդերը, նա գաղտնի հեռացել է այնտեղից։ Օտյանը եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում։
1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո Օտյանը վերադարձել է Կ․ Պոլիս։ 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էզ-Զոր։ Հրաշքով փրկվելով՝ 1918 թ. կրկին եկել է Կ․ Պոլիս, 1922 թ. տեղափոխվել Բուխարեստ, 1924 թ.՝ Տրիպոլի, 1925 թ.՝ Կահիրե, որտեղ վախճանվել է քաղցկեղից։ Թաղված է Մար Մինա գերեզմանատանը։
Օտյանը հանդես է եկել նաև Ս. Ժիրայր, Երօտ, Վահրամ, Դեր-Կոմս ծածկանուններով։
Երվանդ Օտյանը հրատարակել է մի շարք երգիծական պարբերականներ (Ալեքսանդրիայում՝ «Ազատ խոսք», հիմնվել է Փարիզում, 1901—1908 թվականներ, «Ազատ բեմ», 1903—1906 թվականներ, «Կրակ», 1905 թվական, Կ․ Պոլսում՝ «Կառափնատ», 1910 թվական, «Սև կատու», 1912 թվական, «Մանանա», 1913—1914 թվականներ, «Իգնատ աղա», 1919—1920 թվականներ, «Երգիծական տարեցույց», 1921—1922 թվականներ)։
Մամուլում տպագրել է հազարավոր հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, ծանակագրեր, պարսավագրեր, այլաբանական զրույցներ, երգիծական դիմանկարներ են։
Հայ դասական արձակի գանձարանում նոր ու ծանրակշիռ ներդրում են Օտյանի ֆելիետոնները, պամֆլետները, «Հեղափոխության մակաբույծները» (1898—1899) շարքի պատմվածքները, «Ճուղուպրիստ և ընկ․» (1910), «Պատերազմ և ․․․խաղաղություն» (1911) վիպակները, «Պրոպագանդիստը» (1901) և եռամաս «Ընկեր Բ․ Փանջունի» («Առաքելություն մը ի Ծապլվար», 1911, «Ընկեր Բ․ Փանջունի ի Վասպուրական» և «Իմ աշխարհայացքները», 1914, «Ընկեր Բ․ Փանջունի տարագրության մեջ», 1923) երգիծավեպերը։ Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։
Օտյանը մեծապես նպաստել է հայ սոցիալական երգիծանքի զարգացմանը «Վաշխառուն» (1893), «Կաղանդի վիպակ» (1895), «Բարի դահիճը» (1899), «Համբարձում ադա» (1904), «Ոսկեմոլը» (1905) և տասնյակ ուրիշ պատմվածքներ, «Ագգային բարերարը» (1905), «Միքեի սիրարկածը» (1906), «Վաճառականի մը նամակները կամ Կատարյալ մարդ ըլլալու արվեստը» (1914) վիպակները, «Միչնորդ տեր պապան» (1895—1920), «Գործի մարդիկ» (1900—1901), «Ընտանիք, պատիվ, բարոյական» (1910), «Ես դրսեցի չեմ առներ» (1913), «Թաղականին կնիկը» (1915) վեպերը։ Ռեալիստական արձակի այս երկերում, ստեղծելով երգիծական տիպերի և բնավորությունների մի ամբողջ պատկերասրահ, գրողը ոչնչացնող ծաղրի է ենթարկում աշխարհիկ և կրոն, հարստահարիչներին, հղփացած դրամատերերին, կեղծ բարերարներին ու «ազնվաշուքներին»։
Հայ վիպագրության մեջ ուրույն տեղ ունեն Օտյանի «Ապտյուլ Համիտ և Շերլոք Հոլմս» (1911) և «Սալիհա հանըմ կամ բանակը բռնավորին դեմ» [1912) պատմաարկածային-դետեկտիվ վեպերը, որոնք պատկերում են համիդյան արյունոտ բռնատիրության դեմ մղվող պայքարը (1904—1908) և հագեցված են ազատության, ազգերի հավասարության ու համերաշխության, հայրենասիրության ու հումանիզմի գաղափարներով։
Ճանաչողական և գեղարվեստ, արժանիքներ ունեն նրա «թերթոնային» վեպերը և վեպ-ժամանակագրությունները՝ «Նոր հարուստներ» (1919—1920), «Թիվ 17 խաֆիեն» (հ․ 1-4, 1919—1921), «Կավե հերոսներ կամ մեր ագգայինճիները» (1921), «Տաբիթա կամ նոր աղջիկներ» (1922), «Կանաչ հովանոցով կինը» (1923), «Հայ Տիասբորան» (1924—1925)։
Ականատես և դեպքերի մասնակից գրողն անդրադարձել է առաջին աշխարհամարտի և հայոց ցեղասպանության տարիների իրադարձություններին, հայ ժողովրդի ողբերգական ճակատագրին, իսկ նորաստեղծ հայ սփյուռքին նվիրված «Հայ Տիասբորան» առաջին լայնահուն վեպում գեղարվեստորեն համոզում է, որ հայապահպանության երաշխիքը հայրենադարձությունն է, վերածնված մայր հայրենիքը։
Օտյանի ժառանգության մեջ առանձնանում են «Զավալլըն» (1905) զավեշտը, «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (բեմ․ 1906, հրտ․ 1909, հեղինակակից՝ Մ․ Կյուրճյան) կատակերգությունր, «Արյունոտ հիշատակներ» (1898), «Տասներկու տարի Պոլսեն դուրս» (1912—1913), «Անիծյալ տարիներ» (1918—1919) հուշագրությունները, «Մեր երեսփոխանները» (1913) երգիծական դիմանկարների շարքը, որն իր արժանիքներով չի զիջում Հ. Պարոնյանի «Ազգային ջոջերին»։
Նշանակալից են Լ․ Տոլստոյի «Հարություն» (1910) և «Աննա Կարենինա» (1911) վեպերի, Է․ Զոլայի, Ֆ․ Դոստոեսկու, Մ․ Գորկու, Մ. Տվենի և ուրիշների ստեղծագործությունների նրա թարգմանությունները ֆրանսերենից։
Օտյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, հունարեն, թուրքերեն, ալբաներեն։ Նրա երկերը բեմականացվել են, էկրանացվել է «Կեղծ լրտեսը» («Մսյո Ժակը և ուրիշները») պատմվածքը։
Երևանում կա Օտյանի անվան փողոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.