From Wikipedia, the free encyclopedia
Երուսաղեմի թագավորություն, խաչակիրների պետություն Մերձավոր Արևելքում՝ Պաղեստինի, Իսրայելի, մասամբ՝ Սիրիայի ու Լիբանանի տարածքներում (12-13–րդ դարերում)։ Հիմնադրվել է Խաչակիրների առաջին արշավանքի ժամանակ՝ 1099 թվականին, կործանվել է Եգիպտոսի մամլուքների կողմից՝ 13-րդ դարի վերջում։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Բյուզանդական կայսրություն
Կիլիկիայի Հայկական Իշխանություն
Սելջուկ-թուրքեր
Եդեսիայի կոմսություն
Անտիոքի դքսություն
Տրիպոլիի կոմսություն
Երուսաղեմի թագավորություն
Ֆաթիմիդ խալիֆայություն | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Երուսաղեմ (1099-1187 թվականներ) Տյուրոս (1187-1191 թվականներ) Ակրա (1191-1229 թվականներ) Երուսաղեմ (1229-1244 թվականներ) Ակրան (1244-1291 թվականներ) | |||
Լեզու | Լատիներեն, Հին ֆրանսերեն, Իտալերեն, Արաբերեն, Հունարեն | |||
Կրոն | Քրիստոնեություն, Իսլամ, Հուդայականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Օրենսդրություն | Երուսաղեմի արքունիք | |||
Պատմություն | ||||
- Երկրորդ խաչակրաց արշավանքը | 1145 թվական | |||
- Երուսաղեմի գրավումը | 1187 թվական | |||
- Երրորդ խաչակրաց արշավանքը | 1189 թվական | |||
- Երուսաղեմի գրավումը | 1244 թվական |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
1096-1270 թվականներին Արևմտյան Եվրոպայից Մերձավոր Արևելք ուղղվեցին խաչակրաց ութ արշավանքներ։ Խաչակրություն բառը (ֆրանսերեն croisade, անգլերեն crusade, գերմաներեն kreuzzug) «խաչակրաց արշավանք» նշանակությամբ եվրոպական լեզուներում գործածվում է 1VIII դարից։ Խաչակիր բառը հայկական աղբյուրներում հանդիպում է խաչընկալ կամ խաչազգեստ ձևերով։ Մինչ այդ խաչակրաց արշավանքները կոչվել են ճանապարհորդություն, անցում կամ ուխտագնացություն։ Մատերիալիստ պատմաբանները դրանց խորքում փորձել են գտնել նյութական շահագրգռվածություններ, իդեալիստները՝ գաղափարների ու հավատի դրսևորում, քրիստոնյաները՝ կրոնական սխրանք, մուսուլմանները՝ թշնամական ակտ։
Խաչակրաց արշավանքների շնորհիվ եվրոպացիները ծանոթացան արևելյան ժողովուրդների մշակույթին ու դարավոր պատմությանը, անմիջական կապեր ստեղծեցին այնպիսի հին քաղաքակրթություն ունեցող ազգերի հետ, ինչպիսիք էին արաբները, հույները, ղպտիները, ասորիները։ Դա զգալիորեն նպաստում է նրանց զարգացմանը։ Կիլիկիայի հայկական պետության (1080-1375) շնորհիվ Արևմուտքին նորովի ներկայանում են հայերը։ Եվրոպական շատ երկրներ առևտրատնտեսական և մշակութային կապեր հաստատեցին հայերի հետ։
Խաչակրաց չորրորդ արշավանքը (1202-1204) ցայտուն կերպով դրսևորում է նրանց՝ հարստություններին արագ տիրանալու ձգտումները։ Պարզ է դառնում, որ Սուրբ երկիրն ու Տիրոջ գերեզմանը անհավատ մուսուլմաններից ազատագրելու նրանց ցանկությունը ընդամենը պատրանք էր՝ իրենց կողոպուտն իրականացնելու համար։ Ժողովրդի մեջ ավելի էր աճում դժգոհությունը։ Տեղի է ունենում Մանկաց խաչակրաց արշավանքը. հազարավոր եվրոպացի մանուկներ, իրենց հռչակելով Աստծո զինվորներ՝ որպես խաչակիրներ գնում են ազատագրելու Երուսաղեմը։ Այն, բնականաբար, անհաջող ավարտ է ունենում։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին կորցնում է իր հեղինակությունը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում։ Հռոմի պապերը որոշում են նոր ու առավել կազմակերպված արշավանք սկսել, վերականգնել կորցրած հեղինակությունը և տարածքները։
Այդ ժամանակ քուրդ Այյուբի սուլթանների իշխանության տակ էինոչ միայն Միջերկրական ծովի արևելյան ափերը, այլև Նեղոսի հովիտը։ Իսկ Եվրոպայում ամենաազդեցիկը շարունակում էր մնալ Հռոմեական Սրբազան կայսրությունը։
Մանուկների խաչակրաց արշավանքից հետո՝ 1216 թվականին, Իննոկենտիոս III պապը (1198-1216) նոր ժողով է գումարում։
Սուրբ հողին օգնելու անհրաժեշտությունը և անհավատներին հաղթելու հավանականությունն այսօր ավելի մեծ է, քան երբևէ - Իննոկենտիոս երրորդ պապ |
Հռոմի պապը Հիսուս Քրիստոսին համեմատում էր իր պետությունից վտարված թագավորի հետ։ Քրիստոնյաները հավատարիմ հպատակներ էին և պետք է օգնեին նրան՝ վերադառնալ իր տիրույթները։ Մուհամեդի հզորությունը մոտեցել էր իր ավարտին, ինչպես գազանինը Ապոկալիպսիսում. նա չպետք է անցներ 666 տարին։ Եկեղեցու ղեկավարը բոլոր հավատացողներից պահանջում էր աղոթքներ, ունևորներից՝ բարեգործություններ ու նվիրատվություններ, զինվորներից՝ տղամարդկություն և անձնազոհություն, իսկ Եվրոպայի ծովափնյա քաղաքներից՝ նավեր։ Պապն իր կողմից պարտավորվեց կատարել նշանակալի զոհաբերություններ և նվիրաբերություններ։
Այն բուռն գործունեությունը, որը ծավալեց Իննոկենտիոս III-ը խաչակրաց արշավանքների ոգին ուժեղացնելու, դրանց կազմակերպման համար ամուր հենք ստեղծելու, ինչպես նաև դրանց ղեկավարման մեջ պապականության դերը բարձրացնելու համար, եղավ ապարդյուն։ Նոր խաչակրաց արշավանքի սկսման համար նախաձեռնելով առաջին քայլերը՝ Հռոմի պապը հատուկ փաստաթուղթ արձակեց, որում խոսվում էր մուսուլմանների գերության մեջ գտնվող հազարավոր քրիստոնյաների ճակատագրի մասին։ Պապը նաև հիշատակում էր Ֆավոր լեռան վրայի հզոր ամրոցի մասին, որը Սալահ ադ-Դինը միտումնավոր կառուցել էին այն վայրում, որտեղ ժամանակին տեղի է ունեցել Քրիստոսի հրաշագրոծություններից մեկը։ Խաչակրաց արշավանքի կոչում երևում է, որ պապը չէր պատրաստվում սահմանափակվել միայն քարոզչությամբ, այլև մտադրված էր անձամբ ներկա լինել խաչակիրների՝ նավ բարձրանալու ժամանակ։ Իննոկենտիոս IIIը արշավանքի համար տրամադրեց 30 հազար մարկ, իսկ որոշ ժամանակ անց լրացուցիչ ավելացրեց ևս 3 հազար։ Արշավանքի մեկնարկի տարեթիվ նշանակվեց 1217 թվականը։ Իննոկենտիոս IIIի՝ միավորվելու կոչով ուղեգրերը ուղղված էին միաժամանակ Արևմուտքին և Արևելքին։ Փաստաթղթում ոչինչ չէր ասվել այն մասին, թե ում է պապը նշանակել արշավանքի ղեկավար։ Հավանաբար, այս պատասխանատու պաշտոնին առավել համապատասխանում էր երիտասարդ և գործունյա Ֆրիդրիխ II-ը։ 1215 թվականի հունիսի 15-ին, երբ տեղի ունեցավ նրա թագադրման պաշտոնական արարողությունը որպես «հռոմեացի թագավոր», նա հայտարարեց, որ ընդունում է խաչը։ Սակայն դա նրա կողմից զուտ դիվանագիտական քայլ էր։ Նա շատ հեռու էր խաչակրաց երկրպագությունից, ինչպես նաև տարված լինելով իր նոր տիրույթների ներքին խնդիրներով, դեռ արշավանքի սկզբից սպասողական դիրք էր գրավել։ Չնայած Ֆրիդրիխը գտնվում էր Իննոկենտիոս IIIի խնամակալության տակ, այնուամենայնիվ, վերջինս չէր կարող այս տիրակալին նշանակել Հռոմի նախաձեռնությունների ղեկավար։
Պապի սուրհանդակները ուղարկվում են քրիստոնեական բոլոր երկրները։ Խաչ ընդունելու կոչով Հռոմից Հռենոսի ափերն է ուղղվում Հակոբ դե Վիտրին, Ֆրանսիայի շրջանները՝ Պետրոս Կուրսոնցին։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը համաձայնվում է խաչակրաց արշավանքին տրամադրել իր եկամուտների 1⁄40-ը։ Իրենց թագավորի օրինակին հետևում են Ֆրանսիայի կոմսերն ու դուքսերը։ Քենտերբերիայի արքեպիսկոպոսը Անգլիային կոչ է անում զենք վերցնել անհավատների դեմ։ Բարոնների և համայնքների դեմ պայքարի մեջ գտնվող Հովհան Անհողինը համաձայնում է խաչ ընդունել, հույս ունենալով դրանով շահել եկեղեցու համակրանքը։ Այս հույսով խաչ ընդունելու համաձայնություն է հայտնում Գերմանիայի կայսր և Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը։ Վերջինիս նպատակն էր եկեղեցու օժանդակությունը ստանալ Օտտո Սաքսոնացու դեմ պայքարում։
Իննոկենտիոս III պապի՝ ժողով գումարելու կոչին արձագանքում են նաև Արևելքի քրիստոնյաները։ Անտիոքի և Ալեքսանդրիայի ներկայացուցիչները, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքները, գերմանական, ֆրանսիական, անգլիական և հունգարական թագավորների պատվիրակությունները ժամանում են Հռոմ։ Պապի գլխավորած Լաթերանի ժողովին մասնակցում էին 500-ից ավելի եպիսկոպոսներ ու արքեպիկոպոսներ։ Իննոկենտիոս IIIը հանդես է գալիս ճառով։ Նա դիմում է բոլոր բարեպաշտ հավատացողներին՝ խղճահարություն առաջացնելով և հերոսության կոչելով։ Երուսաղեմը և Տիրոջ գերեզմանը ներկայացվում էին որպես դժբախտ լքված սրբավայրեր, որոնք ազատություն են խնդրում մարգարենների և առաքյալների անունից։ Ժողովում որոշվում է, որ հոգևորականությունը իր եկամուտների 1⁄20, իսկ պապն ու կարդինալները՝ 1⁄10 մասը։ Քրիստոնեական բոլոր երկրների միջև պետք է հաստատվեր 5-ամյա հաշտություն։ Բանադրանքի ենթարկվեցին ուխտավորների նավերի վրա հարձակվող ծովահենները, անհավատներին զենք վաճառողները։ Քրիստոնյաների մեջ կարծես կրկին ի հայտ է գալիս խաչակրաց առաջին արշավանքների ոգևորությունը։ Միմյանց դեմ դեռ նոր պայքարող քրիստոնյաները Կտակարանի վրա երդվում են միավորել ընդդեմ թշնամիների։
Սակայն Իննոկենտիոս IIIը չի կարողանում տեսնել իր աշխատանքի պտուղները և հանկարծամահ է լինում։ Արշավանքի ղեկավարումը հանձնվեց Հռոմի նոր պապ Հոնորիոս III-ին (1216-1227), որի քաղաքականությունը նախորդի գործունեության շարունակությունն էր։ Առաջին քայլը, որը վերջինս կատարեց, ծով դուրս եկող խաչակրաց բանակի համար կաթոլիկական աթոռի ներկայացուցիչ նշանակելն էր։ Այս պաշտոնը զբաղեցրեց ծագումով իսպանացի Պելագիուսը։
Ինոկենտիուս IIIի մահը որոշ չափով հետաձգեց խաչակրաց արշավանքը։ 1217 թվականին արևելք շարժվեց միայն Անդրեաշ (Անդրաշ) Հունգարացին։ Հույս ունենալով Ավետյաց երկրում գտնել իր հանգստությունը՝ նա լքում է պալատը և երկիրը։ Հաշվի առնելով այն, որ եկեղեցին առավելություն է տալիս խաչակիր պետություններին և նրանց ղեկավարներին, ապա կամովի ընդառաջելով եկեղեցուն՝ նա կարող է նաև հարգանք վաստակել իր և իր պետության օգտին։ Բավարիայի և Ավստրիայի դուքսերի և գերմանական այլ իշխանների հետ նա ժամանում է Իտալիա, որտեղ նրանց միանում են ջենովական, վենետիկյան և իտալական այլ նավատորմեր։ Իր հերթին Սիրիա է ուղղվում Կիպրոսի թագավոր Լուսինյանը։ Ձևավորվեց խայտաբղետ, սակայն բավականին նշանակալի բանակ։ Տարեգիրների տվյալների համաձայն, որոնք բավականին չափազանցված են թվում, Անդրեաշ Հունգարացու դրոշի ներքո հավաքվեցին 10 հազար հեծյալներ և բազում հետևակայիններ։ Սակայն նավերը չհերիքեցին և խաչակիրների մի մասը ստիպված եղավ վերադառնալ տուն։
Հոնորիոս IIIը պաղեստինցիներին գրված նամակում կոչ է անում չվհատվել Իննոկենտիոսի մահից, քանզի ինքը ջանք չի խնայի սուրբ հողերի ազատագրման համար։
Սկսվեց խաչակրաց հինգերորդ արշավանքը (1217-1221)։ 1217 թվականի սեպտեմբերին Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք Ակրայում հավաքվել էին խաչակիրներ Արևմուտքից և Արևելքից՝ Անդրաշ IIի, Լեոպոլդ Ավստրիացու, Օտտո Մերանացու ջոկատները, ինչպես նաև Կիպրոսի թագավոր Լուզինյանի, Երուսաղեմի թագավոր Ժան Բրիոնացու, Բոհեմունդ IV Անտիոքցու ուժերը, Հիվանդախնամների, Տաճարականների միաբանությունների ներկայացուցիչները, Տևտոնական ասպետները։
Ժամանակակիցները կարծում էին, որ խաչակրաց հինգերորդ արշավանքի մասնակիցների թիվը, որոնք տեղակայվել էին Ակրայում և դրա շրջակայքում, 20 հազար ասպետ է և 200 հազար հետևակ, սակայն սա ևս խիստ չափազանցված է։ Տեղացի սենյորները արևմուտքից Սիրիա ժամանած խաչակիրներին անգամ թշնամանքով դիմավորեցին։ Երկրում սով էր տիրում։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ սիրիական ֆրանկերին այս արշավանքը ընդհանրապես պետք չէր։ Նրանք արդեն ավելի քան 20 տարի խաղաղության մեջ էին Եգիպտոսի հետ, առևտուր էին անում այդ երկրի հետ և այս արշավանքը միայն կխախտեր հաստատված կայունությունը։ Սննդամթերքի պակասը ուխտագնացներին ստիպում էր դիմել այնպիսի ծայրահեղ քայլերի, ինչպիսին ավազակությունն էր։ Անկարգություններին վերջ տալու համար խաչակիրների ղեկավարները զորքն ուղղում են անհավատներին։ Խաչակիրները հարձակվում են վերին Գալիլեա (الجليل) և Նաբլուս (نابلس) շրջանների վրա։ Մի ամբողջ տարի հունգարական և գերմանական խաչակիրները ապարդյուն անցկացրին Ակրայում՝ փորձելով այստեղից գրոհել Դամասկոսի և Բեյսանի վրա։ Նրանք նաև փորձում էին նվաճել 77 աշտարակ և 2000-անոց կայազոր ունեցող Ֆավոր ամրոցը, բայց ապարդյուն։ Պատճառը հիմնականում այն էր, որ խաչակիր զինվորական ղեկավարների միջև տարաձայնություններ կային։ Օրինակ՝ Բոհեմունդ IVը կտրականապես դեմ էր այս ամրոցի վրա հարձակվելուն, մինչդեռ Ժան Բրիոնացին, իր հերթին, պնդում էր հակառակը։ Երեք անգամ գրոհներ կազմակերպվեցին, սակայն ամեն անգամ խաչակիրները հետ էին նետվում։ Նրանք նահանջեցին և վերադարձան Ակրա։ Անդրեաշ IIը քաղաքում էր գտնվում և ոչինչ չէր ձեռնարկում։ Ավելին, նա պատրաստվում էր հետ վերադառնալ Եվրոպա, ինչպես նաև հիվանդացել էր։ Չնայած պատրիարքի՝ իրեն մեկուսացնելու սպառնալիքների, Անդրեաշը իր ուժերով 1218 թվականին հեռացավ իր հայրենիք։ Անդրեաշի պարտության վերաբերյալ պատմաբանները տարակարծիք են ոմանք դա ներկայացնում են հեղինակության անկում, ոմանք էլ՝ բարձրացում։ Մնացածը ստիպված եղան սպասել նոր ուժերի ժամանմանը Եվրոպայից և զբաղվում էին իրենց ամրոցների ամրացման աշխատանքներով։ Նոր ուժերը Ակրա ժամանեցին 1218 թվականի ապրիլի 26-ին։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ քրիստոնեական բանակը, վերադառնալով Պաղեստինի և Եգիպտոսի սահմանին գտնվող Պտղոմայիս քաղաք՝ որոշում է հարձակվել Սալահ ադ-Դինի կողմից Ֆավոր լեռան լանջին կառուցած ամրոցի վրա։ Տիվերիադի ճակատամարտում խաչի փրկված կտորներից մեկը վերցնելով՝ պատրիարքը այն բերում է ռազմական ճամբար։ Համառորեն դիմագրավելով մուսուլմանական զորքերին՝ խաչակիրները հաղթանակից մի քանի րոպե առաջ հանկարծակի խուճապի են մատնվում և պատմությանը մինչև այժմ անհայտ պատճառներով պարտվում։ Երուսաղեմի պատրիարքը զայրույթով լքում է զորքը, քանի որ խաչակիրները խաչափայտի մասունքի ներկայությամբ իրենց անարժան պահեցին։ Թագավորները և իշխանները ամոթից չեն վերադառնում Պտղոմայիս, այլ գնում են Փյունիկիա։
Խաչակրաց հինգերորդ արշավանքը չուներ բոլորի կողմից ընդունված և հարգված զորահրամանատարի։ Երուսաղեմի թագավոր Ժան դե Բրիյոնը չէր առանձնանում ոչ ռազմական, ոչ քաղաքական ասպարեզներում։ Ավելին՝ թագավորի դեմ նույնիսկ ազդեցիկ ընդդիմություն էր գոյացել։ Երկար նախապատրաստություններից հետո ասպետական ջոկատների ղեկավարները որոշեցին շարժվել դեպի Եգիպտոս՝ մուսուլմական աշխարհի գլխավոր ամրոց, որի նվաճումը կանխորոշված էր դեռևս չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ։ Հունգարական թագավորի մեկնելուց հետո Հոլանդիայից, Ֆրանսիայից և Իտալիայից նոր նավատորմեր էր դուրս գալիս։ Գերմանական խաչակիրները Պորտուգալիայի ափ են իջնում և մավրերի հանդեպ մի քանի խոշոր հաղթանակ տանում։ Այս իրադարձությունները ոգևորում են Պաղեստինում մնացած խաչակիրներին՝ Ավստիայի դուքս Լեոպոլդի գլխավորությամբ։
1218 թվականի գարնանը Պտղոմայիսից Դամիետտա (دمياط) են ուղղվում խաչակիրների զորքերը, որոնց մեջ նաև՝ Հոլանդիայի կոմս Վիլհելմի զորքը։ Նեղոս գետի աջ ափին ընկած ծովափնյա Դամիետտան ամրացված էր երկշերտ պարիսպով ծովի, եռաշերտ՝ ցամաքի կողմից։ Գետի մեջ վեր էր խոյանում աշտարակը, որից պարիսպ ձգվող երկաթե շղթան հանդիսանում էր նավահանգստի “դարպասը”։ Քաղաքն ուներ բազմամարդ կայազոր, հարուստ զենք և զինամթերք։
Խաչակիրները հաստատվեցին Նեղոս գետի ձախ ափին՝ անապատային տեղանքում։ Հարձակումներ են կատարվում աշտարակի վրա։ Խաչակիրները, մի քանի շաբաթ պաշարելով աշտարակը, քանդում են այն ամրոցին կապող փայտե կամուրջը։ Ի վերջո աշտարակը գրավվում է։ Դամիետտա են ժամանում իտալական և գերմանական նավերի նոր խմբեր, ավելի ուշ՝ ֆրանսիացիներ և անգլիացիներ։ Խաչակիրները տանում են մեծ հաղթանակ, բայց չեն կարողանում գրավել Դամիետտան։ Այն ժամանակ, երբ մուսուլմանները քանդում էին իրենց ամրոցները Սիրիայում, Պաղեստինում և Փյունիկիայում, խաչակիրները ծովից և ցամաքից շրջապատել էին Դամիետտան։ 1218 թվականի գարնանը և ամռանը տեղի ունեցած տևական ճակատամարտերի արդյունքում Դամիետտան իր արվարձաններով և շրջակայքով գրեթե ամբողջությամբ գրավվեց։ Եվրոպայից ժամանում են նոր խաչակիրներ են։
Սալահ ադ-Դին Այյուբիի եղբայր Մալիք ալ-Ադիլի որդին՝ Քամիլ Նասր ադ-Դինը (الملك الناصر ناصر الدين), 1218 թվականին դառնում է Եգիպտոսի սուլթան։ Հնագույն քաղաքակրթությունների բնօրրան Եգիպտոսը թե՛ քրիստոնյա ղպտիների, թե՛ մուսուլման արաբների հայրենիքն էր։ Նա ցանկանում էր խաղաղություն հաստատել Արևելքի և Արևմուտքի միջև։ Սուլթանը նույնիսկ մեկ անգամ չէ, որ հանդես էր եկել Երուսաղեմը քրիստոնյաներին հանձնելու առաջարկով։ Եգիպտացի սուլթան Մալիք ալ-Ադիլը, որը Դամիետտայի պաշարման ժամանակ գտնվում էր Դամասկոսում, ստանալով պաշարման մասին լուրը, մահացավ։ Այդ ժամանակ էլ իշխանությունը անցավ նրա որդուն։ Դամիետտան փրկելու համար նա խաչակիրներին առաջարկեց դադարեցնել պաշարումը, ինչի փոխարեն համաձայնեց նրանց հանձնել Երուսաղեմի թագավորությունը 1187 թվականի սահմաններով և 30 տարով խաղաղություն հաստատել։ Կահիրեի սուլթանը համաձայնվել էր խաչակիրներին վերադարձնել Երուսաղեմի թագավորությունը, բացի Կրակ և Մոնռեալ բերդերից։ Վերջիններիս համար նա պատրաստ էր հարկ վճարել։ Սա կարող էր փառավոր և ձեռնտու ելք լինել արշավանքի համար։ Խաչակիր բարոնների մեծ մասը հակված էր ընդունելու սուլթանի այս առաջարկը, սակայն ժամանեց Պելագիուսը և իրեն դրսևորեց որպես զորքի գլխավոր հրամանատար։ Նա կտրականապես բացառեց հաշտությունը «անհավատների» հետ։ Նա կարծում էր, որ պետք է նվաճել Դամիետտան, իսկ հետո նաև ողջ Եգիպտոսը, ուստի սուլթանի առաջարկը մերժվեց։
Արշավանքի պարտությունը։ Դամիետտայի գրավումը անխուսափելի էր։ Բերդաքաղաքը զրկվել էր մուսուլմանական բանակի հետ ունեցած կապից։ Նրա գրավումը ռազմավարական մեծ հաղթանակ կլիներ և կբացեր Նեղոս գետի ճանապարհը։ Դամիետտան ընկավ 1219 թվականի նոյեմբերի 4-ից 5-ի գիշերը։ Քաղաքը վերածվել էր դիակների կույտի։ Նախքան ռազմական գործողությունները՝ 1,5 տարի առաջ, այն ուներ շուրջ 70000 բնակիչ։ Այժմ կենդանի էին մնացել 3000 հոգի։ Քաղաքը հայտնի էր իր մեծ մզկիթով, որն ուներ 6 մեծ պատկերասրահներ, 150 մարմարե սյուներ և հսկայական աշտարակ։ Առաջին օրը խաչակիրները այդտեղ նշում ենիրենց հաղթանակը և շնորհակալություն հայտնում աստծուն։ Հաջորդ օրը նույն տեղում հավաքած ուխտավորները և խաչակիրները իրենց առաջնորդների միաձայն փոխհամաձայնությամբ որոշում են քաղաքը հանձնել Երուսաղեմի թագավորին։
Դամիետտայի գրավումից հետո Կահիրեի ճանապարհը բաց էր։ Խաչակիրների ուժերն անընդհատ համալրվում են։ Ֆրիդրիխ IIի հրամանով 400 բարոնների և ասպետների հետ Եգիպտոս է ժամանում Բավարիայի դուքսը։ Ֆրանսիական և իտալական իշխանությունները ևս ակտիվություն են ցուցաբերում։ Եգիպտոս ժամանած հոգևորականությունը պապական գանձարանից իրենց հետ է բերում զգալի նվիրատվություներ։ Դեռ արշավանքի սկզբում Հռոմի պապի կողմից լիազոտված և խաչակիրների հետ մեկնած Պիլագիուսը, ոգևորվելով Արևմուտքից եկած նոր ուժերով, որոշում է շարունակել արշավանքը և գրավել Կահիրեն։ Նա նույնիսկ օգնության խնդրանքով բանակցությունների մեջ է մտնում Չինգիզ Խանի հետ։ Սակայն Երուսաղեմի թագավորի՝ Պտղոմայիս մեկնելու պատճառով խաչակիր իշխանները հրաժարվում են առաջ շարժվել։ Մինչև Երուսաղեմի թագավորը հետ չվերադառնար, Կահիրեի սուլթանը նոր ուժեր է կատարում Դամիետտայի շրջակայքում։ Նրա դրոշի տակ հավաքվում են մուսուլմանական բազմաթիվ երկրների զորքեր։ Մյուս կողմից, վարարած Նեղոսը հետ է վերադառնում իր ափերը, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում։ Սուլթանի ճամբարը վերածվում է մի քաղաքի, որը ստանում է Մանսուր անունը։
Այդ ժամանակ Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆին օգնության համար դիմեց և՛ խալիֆա ալ-Նասիրը՝ մոնղոլների դեմ պայքարի համար, և՛ Եգիպտոսի սուլթան ալ-Քամիլը՝ խաչակիրների դեմ։ Ալ-Աշրաֆը որոշեց, որ զորք պետք է ուղարկել հենց խաչակիրների դեմ։ 1221 թվականի գարնանը նոր ուժեր սկսեցին ժամանել՝ հատկապես Գերմանիայի հարավից։ Այնուամենայնիվ, ալ-Քամիլը խաչակիրներին կրկին նույն պայմաններով հաշտություն առաջարկեց, որը կրկին մերժվեց Պիլագիուսի կողմից։ Ֆիլիպ II Օգուստոսը, որը աչքի էր ընկնում քաղաքական հարցերի շուրջ սթափ եզրահանգումներ անելու ունակությամբ, երբ իմացավ, որ խաչակիրները քաղաքը թագավորության հետ փոխելու հնարավորություն են ունեցել, սակայն մերժել են, չկարողանալով իրեն զսպել նրանց անմիտներ և միամիտներ անվանեց։ Իսկապես, Պիլագիուսի այս քայլը ճակատագրական եղավ։ Երուսաղեմի թագավորը վերադառնում է։ Նեղոսի ձախ ափով Եգիպտոսի խորքն է շարժվում խաչակիրների միացյալ բանակը։ Նրան զուգահեռ սննդամթերքով ու զենքրվ բեռնված՝ գետով սլանում է խաչակրաց նավատորմը։ Խաչակիրները լսել անգամ չէին ուզում հաշտության մասին։ Մինչ մուսուլմանական բանակը համալրվում էր, խաչակիրների կապը Դամիետտայի հետ ավելի էր թուլանում։
1221 թվականի հուլիսի կեսերին խաչակիրները շարժվեցին Մանսուրի ուղղությամբ։ Խաչակիրների գրոհի ժամանակ Նեղոսը վարարեց և խորտակեց նրանց ճամբարը։ Մուսուլմանները, որոնք նախապես պատրաստվել էին դիմավորել ջրային այս տարերքը, փակեցին նահանջելու ուղիները։ Սուլթան ալ-Քամիլին միացան Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆը և Դամասկոսի կառավորիչ ալ-Մուազզամը։ Մուսուլմանների միայն հեծելազորը 40000-անոց էր։ Խաչակիրները հաշտություն խնդրեցին։ Ալ-Քամիլը, հասկանալով մոտեցող վտանգի՝ մոնղոլների սպառնալիքի մասին, անմիջապես համաձայնեց հաշտություն կնքելուն։ 1221 թվականի օգոստոսի 30-ին կնքվեց հաշտություն՝ ութ տարի ժամկետով։ Նվաճողները պետք է հեռանային Դամիետտայից։ Խաչակրաց հինգերորդ արշավանքը ձախողվեց և դրա հետ վերացան Սուրբ հողը վերադարձնելու հետ կապված բոլոր հույսերը։ Արշավանքը թանկ նստեց Արևմուտքի վրա և դրա ձախողումը մեծ վնաս հասցրեց պապականության հեղինակությանը։ Մուսուլմանները ավերում են Նեղոսի հովտի քրիստոնեական բնակավայրերն ու եկեղեցիները։
1194 թվականի դեկտեմբերի 26-ին ծնվում է Հռոմեական Սրբազան Կայսրության առաջնորդ, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 1-ին Բարբարոսայի (Շիկամորուս) որդու՝ Հենրիխ VIի և Սիցիլիայի թագավոր Ռոժեր II Նորմանդացու դուստր Կոնստանցիայի որդին՝ Ֆրիդրիխը։ Նրան վիճակված էր մեծ դեր խաղալ խաչակրաց արշավանքների պատմության մեջ։
1197 թվականին Ֆրիդրիխը թագադրվում է Սիցիլայի թագավոր՝ Ֆեդերիգո 1-ին անվամբ և մոր, իսկ 1198 թվականին վերջինիս մահից հետո՝ Հռոմի պապ Իննոկենտիոս IIIի խնամակալությամբ իշխում Հարավային Իտալիան։ Սիցիլիա կղզին ժամանակին պատկանել էր Թունիսի Աղլաբի արաբական իշխանական տանը։ Մանուկ հասակից ծանոթանալով արաբական և իտալական մշակույթին՝ նա հրաշալի կրթություն է ստանում։ Հին՝ հունահռոմեական, և նոր՝ արաբական, իտալական հանճարեղ գիտնականների, արվեստագետների ու փիլիսոսաների գործերն ուսումնասիրելով պատանի հասակում՝ նա դառնում է իր ժամանակի ուսյալ երիտասարդներից մեկը։ Ֆրիդրիխը համարվում է Վաղ Վերածննդի առաջին գործչի՝ Դանթե Ալիգիերիի հետնորդներից մեկը։ Նա տիրապետում էր 6 լեզուների՝ սիցիլերեն, գերմաներեն, լատիներեն, հունարեն, արաբերեն և ֆրանսերեն։ Սիցիլիայում նա բացում է բանաստեղծական դպրոց։
Սիցիլիայում իտալացի ու նորմանդացի բարոնների ու կապիտանների, ինչպես նաև արաբ իշխանների միջև պայքար էր ընթանում կղզուն տիրանալու համար։ 1208 թվականին Ֆրիդրիխը ճանաչվում է որպես չափահաս և ամուսնանում իրենից տարիքով մեծ, Արագոնի թագավորի դստեր՝ Կոնստանցիայի հետ, և Արագոնի զորքով վերանվաճում իր թագավորությունը՝ կարգուկանոն հաստատելով այնտեղ։ Ավելի ուշ՝ 1220 թ., գերմանական իշխանները, դժգոհ լինելով Օտտո IV Սաքսոնացու (1209-1220) կառավարումից, ով հաջորդել էր Հենրիխ VIին, քսաներեքամյա Ֆրիդրիխին ճանաչում են Գերմանիայի թագավոր և Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր։ Նա իշխում է մինչև 1250 թվականը։
Իտալիայում ամրանալու համար կայսրը ինքնուրույնության լայն իրավունքներ է շնորհում իր գերմանացի վասալներին։ Ի շահ կոմսերի ու դուքսերի՝ նա արգելում է քաղաքներին միություններ կազմել։ Իտալիայի միացումը Գերմանիային նա տեսնում էր իտալական բոլոր մարզերի միավորման մեջ։ Հենվելով հարավի և Սիցիլիայի վրա՝ կայսրը պայքարում է ոչ միայն Հյուսիսային Իտալիայի լոմբարդական հանրապետությունների՝ Պիզայի, Վենետիկի, Ջենովայի ղեկավարների, ինչպես նաև Հռոմի պապերի դեմ։
Ավելի քիչ քան 10 տարի անց կազմակերպվեց խաչակրաց վեցերորդ արշավանքը։ Ֆրիդրիխ IIը որոշեց իր ծրագրերը իրականացնել առանց թրի օգնության և բանակցությունների մեջ մտավ ալ-Քամիլի հետ։
Երուսաղեմի թագավորը Հռոմում փառահեղ ընդունելության է հանդիպում։ Կայսրության քաղաքները նրան դիմավորում են արքայավայել։ Ֆրիդրիխ IIը խաչ ընդունելով հանդերձ տատանվում է մեկնել Արևելք։ Սակայն Արևմուտքը կարծես սպասում էր հենց նրա արշավելուն։ Հռոմի պապը նրան շահագրգռելու համար առաջարկում է Արևելքի թագավորությունը՝ խոստանալով ամուսնացնել նրան Երուսաղեմի թագավորի դստեր և ժառանգորդուհի Իոլանտայի հետ։ Նույնիսկ Հռոմում արդեն կատարվում պսակադրությունը։ Քրիստոնյաներին միավորման և խաչ ընդունելու կոչ անելով՝ կայսրը պարտադրվում է ճանապարհ ընկնել Նեղոսի և Հորդանանի հովիտները։ Այդ ժամանակ Ֆրանսիայում դեռ զբաղված էին Ալբիգոյան պատերազմներով և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VIIը թշնամական հարաբերությունների մեջ էր Անգլիայի թագավոր Հենրիխ IIի հետ։ Սակայն այդ երկրերի բնակիչները երդվում են միավորվել ընդդեմ մուսուլման թշնամու։ Կայսեր առաջարկը ոգևորում է նաև Իտալացիներին։ Դարձյալ խաչ են ընդունում Ավստրիայի և Բավարյայի դուքսերը, Թյուրինգիայի կոմսը։ Եվրոպացիներն ուղևորվում են Բրինդիզի, որտեղ նրանց էր սպասում Արևելք մեկնով կայսերական նավատորմը։ Հռոմի նոր պապ Գրիգորիս IXը շարունակում է նախորդ պապերի քաղաքականությունը և համաձայնվում է իր լուման ներդնել պատերազմում։
1227 թվականի ամռանը հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվել էին գլխավորապես Գերմանիայում, մասամբ Ֆրանսիայում, Անգլիայում և Իտալիայում, իրար միացան Բրինդիզիի մոտ ճամբարում։ Սակայն խաչակիրների մոտ, որոնք զգում էին պարենի պակաս, ինչպես նաև տանջվում էին խիստ շոգերից, տարածվեցին որոշ հիվանդություններ։ Հիվանդացավ նաև Ֆրիդրիխ IIը։ Վախենալով սեփական առողջության և Սիցիլիայի համար՝ նա հետ է վերադառնում։ Արշավանքը կրկին հետաձգվեց։ Նոր պապը՝ ութսունամյա Գրիգորիուս IXը (1227-1241),ով արշավանքի մեկնելը Հռոմում նշել էր որպես տոնական իրադարձություն, Ֆրիդրիխին հայտարարեց քրիստոնեական դավանանքի թշնամի և ավելացրեց, որ նա արևելք է շարժվում ոչ թե իսլամի հետ պայքարելու համար, այլ Սուրբ հողում թագավորություն հափշտակելու համար։ Այս հայտարարությունը ավել իէր քչացնում արշավանքի հաջողության հավանականությունը, ինչպես նաև կասկածի տակ էր դնում արշավանքի գաղափարը, որը արևմուտքում արդեն կորցրել էր իր նախկին նշանակությունը։ Նա բանադրում է Ֆրիդրիխ IIին և նրան ուխտադրույժ հայտարարում։
Պապականության ձեռքում արշավանքները միայն խաղաթուղթ էին դարձել կայսրության դեմ պայքարի համար։ Կայսրը իր հերթին հռոմեացիներին դրդում է նրա դեմ։ Պապը փախչում է Հռոմից։ Նա կայսրին կրկին բանադրում է, ազատում կայսեր ստորադասներին՝ նրան ենթարկվելու հրամաններից և քրիստոնեական եկեղեցուն կոչ է անում ընդդեմ կայսեր։ Սա ցավալի արձագանք է գտնում քրիստոնյաների շրջանում։ Ֆրիդրիխ IIը, առհասարակ, միայն քաղաքական նպատակներ էր հետապնդում և արշավանքները դիտարկում էր միայն որպես միջոց Շթաուֆենների համաշխարհային կայսրության ստեղծման համար։ Երուսաղեմի պատրիարքը, Կեսարիայի և Բեթղեհեմի եպիսկոպոսները, սուրբ Տաճարի, սուրբ Հովհաննեսի և Տևտոնական օրդենների մագիստրոսները իրենց ցավակցանքն են հայտնում Հռոմի պապին։ Մուսուլմանները, օգտվելով առիթից որոշում են բաժան-բաժան անել խաչակրած երկրները, նույնիսկ դիմում են Ֆրիդրիխ IIին՝ հրավիրելով Երուսաղեմ և այն առաջարկելով կայսերին։ Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ Ֆրիդրիխ IIը մեկնում է Պաղեստին։
Պաղեստինում քրիստոնյաները նրան չեն դիմավորում գոհունակությամբ։ Անվստահությունը և դժգոհությունը նրանց ստիպում էր չմիավորվել կայսեր բանակին։ Գալով Ակրա՝ Ֆրիդրիխ IIը կրկին վերսկսեց բանակցությունները սուլթան ալ-Քամիլի հետ։ Նոյեմբերին Յաֆֆայում սկսված բանակցությունները տևում են մի ամբողջ ձմեռ։ Բանակցությունները վերաբերվում էին Երուսաղեմը Ֆրիդրիխ IIին հանձնելու Եգիպտոսի սուլթանի առաջարկին։ Սուլթանը Երուսաղեմում ոչինչ չուներ բացի քարուքանդ եղած եկեղեցիներից ու տներից, իսկ կայսերին պետք էր Երուսաղեմը՝ քրիստոնեական աշխարհում իր պատիվը վերականգնելու համար։ 1229 թ. երկար բանակցություններից հետո նրան հաջողվեց Յաֆֆայում 10 տարով հաշտություն կնքել ալ-Քամիլի հետ։ Ըստ այս պայմանագրի Երուսաղեմը, Նազարեթը, Բեթղեհեմը, Երուսաղեմ տանող բոլոր ճանապարհները, Սայդա և Տյուրոս շրջանների որոշ մասը անցան Ֆրիդրիխին։ Կնքվեցին նաև առևտրական պայմանագրեր Եգիպտոսի հետ։ Ֆրիդրիխը պարտավորվեց աջակցել ալ-Քամիլին ցանկացած թշնամու դեմ պայքարում, նա նաև հավաստացրեց սուլթանին, որ սիրիական այն ամրոցները, որոնք մնացել են խաչակիրների ձեռքում՝ Կռակ դե Շևալյեն, Շատել Բլանը և Տորտոզան ոչ մեկից օգնություն չեն ստանա։ Մեկ ամիս անց՝ 1229 թ. մարտի 18-ին, Ֆրիդրիխ IIը մտավ Երուսաղեմ և Տիրոջ գերեզմանի տաճարում ինքը իր գլխին դրեց թագը։ Սակայն ըստ համաձայնության՝ մուսուլմանները կարող էին անարգել ուխտի գնալ Օմարի մզկիթ։ Մուսուլմանները լքում են քաղաքը Ֆրիդրիխ IIին Երուսաղեմում դիմավորում են միայն գերմանական բարոնները և Տևտոնական ասպետները։ Բոլոր եկեղեցիներում արգելեցին ծիսակատարությունները, քանի որ սուրբ քաղաքում էր գտնվում պապի կողմից մեկուսացված կայսրը։ Պտղամայիս վերադառնալով՝ նա հանդիպում է իր հաղթանակից զարմացած և ամոթահար քրիստոնյաների։
Միևնույն ժամանակ, Գրիգորիոս IXը իր ուժերը շարժեց Ֆրիդրիխ IIի Իտալիայի հարավում գտնվող տիրույթների վրա։ Վերջինս անմիջապես ուղղվեց դեպի Իտալիա, որտեղ հանդիպում է լոմբարդական հանրապետությունների՝ Ջենովայի և Վենետիկի ապստամությանը և պապական զորքերի ընդվզմանը։ Նա մարտի մեջ մտավ հռոմեական հոգևորականի հետ։ Գրիգորիուս IXի ուժերը ջախջախվեցին և 1230 թվականին, ըստ Սան Ժերմենի համաձայնության, պապը Ֆրիդրիխ IIի վրայից հանեց մեղքերը, իսկ հաջորդ տարում հաստատեց նրա հաշտությունները մուսուլմանների հետ և հրամայեց տաճարականներին և խնամակալներին ալ-Քամիլի հետ հաշտություն պահպանել։ Այսպիսով, ամեն ինչ կարգավորվում է և պապը նրան ճանաչում է Երուսաղեմի թագավոր և ազատում նրան բանադրանքից։ Ավելի ուշ Ֆրիդրիխ IIն իր որդուն՝ Կոնրադին, դարձնում է Երուսաղեմի թագավոր։
Խաչակրաց VI արշավանքի արդյունքը՝ Երուսաղեմի խաղաղ ճանապարհով նվաճումը, երկարատև չեղավ։ Ֆրիդրիխ IIի՝ Եվրոպա գնալուց հետո, նրա արևելյան տիրույթներում խռավություններ ծագեցին սենյորների միջև։ Շատերը չէին ուզում ենթարկվել Հոհենշտաուֆենին, ուստի կայսրը կրկին երկարատև պայքարի մեջ մտավ հոգևորականության հետ։ Պապականությունը կրկին նրան մեկուսացրեց։
Գրիգորիոս IXը վերսկսեց արշավանքների գաղափարախոսության քարոզչությունը։ Այս անգամ ևս արշավանքը պետք է ծառայեր պապականության համար որպես զենք՝ Ֆրիդրիխ IIի դեմ պայքարում, ինչպես նաև պապերի գանձարանը լցնելու համար։ Ֆրիդրիխ IIը հակադրվում էր պապին՝ նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հարցում։ 1239 թվականին, երբ Եգիպտոսի հետ տասնամյա հաշտության ժամկետը լրացավ, որոշ ուժեր հավաքվեցին Լիոնում։ Գրիգորիոս IXը հայտարարեց, որ արշավանքի նպատակը այլևս Երուսաղեմը չէ, այլ նրանք պետք է օգնության հասնեն Լատինական կայսրությանը։
Երուսաղեմի թագավորության անկումը։ Մի շարք անհաջաղությունները, ինչպես նաև նոր ձեռքբերումենրի ձգտումները ստիպեցին խաչակիրներին հետևել Տաճարականների խորհրդին և դաշինքի մեջ մտնել Սիրիայի հետ՝ ընդդեմ Եգիպտոսի։ Սակայն դաշնային բանակը Եգիպտոսի զորքի կողմից ջախջախվեց 1239 թ-ի նոյեմբերին Ասկալոնում։ Այս ամենից հետո հակասությունները ավելի սրվեցին խաչակիրների շրջանում, ինչից հնարավորինս օգտվեց Եգիպտոսը։ 1244 թ-ին սուլթան աս-Սալիհը 10000-անոց հեծելազորով մտավ Երուսաղեմ և վերջնականապես նվաճեց այն։
1245 թվականին Լիոնում եկեղեցական ժողովի ժամանակ Իննոկենտիոս IV պապը նոր խաչակրաց արշավանքի մասին հայտարարեց։ Նա առաջարկեց հակամարտել Ֆրիդրիխ IIի դեմ։ Տիրոջ գերեզմանի համար պայքարելու երդումը հոգևորականները փոխարինեցին դավաճան կայսեր դեմ պայքարելու երդմամբ։ Գյուղացիները հեռացել էին այս շարժումից։ Մյուս կողմից, ասպետները նույնպես սկսեցին անիմաստ համարել այդ ապարդյուն պատերազմները արևելքի դեմ։ Անգլիական բարոնները, որոնք ներկա էին Լիոնի ժողովի ժամանակ, բացահայտ կերպով դեմ արտահայտվեցին նոր արշավանքներին։ Անգամ անգլիացի որոշ հոգևորականներ կասկածի տակ դրեցին արշավանքների անհրաժեշտությունը։
Խաչակրաց արշավանքի հանդեպ նման վերաբերմունք դրսևորվեց ոչ միայն Անգլիայում։ Հատկապես արշավանքի ծախսերի պատրվակով գումարների անդադար հավաքումը համատարած դժգոհություն էր առաջացրել։ Մեծ դեր խաղացին նաև արշավանքների անհաջողությունները։ Շատերը, ովքեր կարծում էին, որ դեպի Արևելք արշավանքները ուղղվում են «աստվածային կանչով» հիաստափություն էին ապրում։ Երբ Իննոկենտիոս IVը հասավ իր ուզածին և 1248 թվականին ասպետներին դուրս բերեց նոր սրբազան պատերազմի՝ VII խաչակրաց արշավանքի կազմակերպմանը, դրան մասնակցեցին բավականին փոքրաքանակ սենյորներ։ Վերջիններս հիմնականում Ֆրանսիայից էին և մասամբ՝ Անգլիայից։ Ավելին, ֆրանսիացիները միացան արշավանքին իրենց թագավոր Լյուդովիկոս IX-ի ճնշման տակ, որն էլ գլխավորեց նոր պատերազմը։
Խաչակրաց VII արշավանքը կրկնեց V-ի ուղղվածությունը՝ նրա անմիջական նպատակը Եգիպտոսն էր։ Լյուդովիկոս IX-ի նրա արշավանքը նախորդների համեմատ բավականին կազմակերպված էր։ Նա ժամանակին լուծեց նավատորմի հարցերը, կարողացավ ստանալ բավականին գումար արշավանքի համար։ Լյուդովիկոսը և նրա շրջապատը արշավանքի ուղղությունը որոշեցին Կիպրոսում երկար մնալու ընթացքում։ Ֆրիդրիխ II-ը նոր արշավանքի մասին զգուշացրեց Եգիպտոսի սուլթան աս-Սալիհին։ Նրան կրկին մեղադրեցին քրիստոնեական եկեղեցուն դավաճանելու մեջ։ Սակայն հազարավոր առևտրականները, որոնք ամեն օր Ալեքսանդրիայից գալիս էին Ջենովա, տեսնում էին արշավանքի նախապատրաստությունները։ Սա ընդամենը դիվանագիտական քայլ էր Ֆրիդրիխի կողմից։ Հավանաբար, նա փորձում էր նաև Լյուդովիկոսին հասկացնել, որպեսզի վերջինս հետևողական լինի։ Այլ կերպ ասած, նա ֆրանսիական թագավորին փորձում էր հանգեցնել նրան, ինչ ինքը արեց և հարաբերություններ հաստատեց սուլթան աս-Սալիհի և ալ-Քամիլի հետ։ Լյուդովիկոս IX-ը դարձել էր եկեղեցու ձեռքին զենք իրենց ունիվերսալիստական-թեոկրատական պլանների իրագործման ճանապարհին։ Այսպես թե այնպես, ֆրանսիացի թագավորը փորձեց բախումներ առաջացնել Եգիպտոսի և Սիրիայի միջև, անգամ նրանց դեմ գործելու համար փորձեց կապեր հաստատել մոնղոների հետ։ Այս եղանակով նա փորձում էր կոնսոլիդացնել խաչակրաց տիրույթների բեկորները։ Իր այս քայլերը, հավանաբար, համաձայնեցված էին պապի հետ։ Ձգտելով համոզել մոնղոլներին ընդունել քրիստոնեություն, Լյուդովիկոսը պապի պես փորձում էր դա ուղղել մուսուլմանների և Նիկեական կայսրության դեմ։
Սակայն ֆրանսիացի արքայի դիվանագիտությունը ավազի վրա էր կառուցված։ Դա պարզ դարձավ այն ժամանակ, երբ նրա մարդիկ հասան նշանակված վայրը՝մոնղոլների հետ բանակցելու համար և տեսան, վերջիններս ոչ-միայն չեն պատրաստվում քրիստոնեություն ընդունել, այլև պահանջեցին հնազանդվել իրենց։ Այս պահանջների մասին թագավորը իմացավ բավականին ուշ՝ 1251 թ-ին, երբ խաչակրաց արշավանքը արդեն տեղի էր ունեցել և կատարյալ անհաջող ավարտ ունեցել։ Լյուդավիկոսը Պաղեստինում օգնական ուժեր էր սպասւմ, սակայն 1254 թ. հեռացավ Ակրայից և վերադարձավ Ֆրանսիա։
Երուսաղեմի թագավոր, Կոնրադ IIի որդի Կոնրադ III Հոհենշտաուֆենին (1254-1268 թթ.) հաջորդում է Անտիոքի դքսի որդի Հյուգոն (1268-1284 թթ.)։ Վերջինիս 2 որդիները՝ Հովհաննեսը և Հենրին, իրար հաջորդելով, իշխում են մինչև 1291 թ.։
1250-ական թթ. սկսած խաչակիրների սիրիա-պաղեստինյան գաղութները, որոնցում ծավալվել էին սոցիալ-քաղաքական հակամարտություններ, անօգնական վիճակում էին Արևելքից իրենց հակառակորդների՝ սելջուկների, արաբների, մոնղոլենրի առջև։ Մոնղոլները 1250-ական թթ. վերջերին ծանր պարտության մատնեցին Բաղդադի խալիֆայությանը, տիրեցին Սիրիայի ներքին շրջաններին։ Սակայն խաչակիրների համար ամենամեծ վտանգը ներկայացնում էր Եգիպտոսը, որտեղ Մուազզամ Թուրան շահի սպանությունից հետո իշխանության եկավ մումլուքների դինաստիան։ Մամլուքներին հաջողվեց կասեցնել մոնղոլների կողմից եկով վտանգը 1260 թ. Այն Ջալուտի ճակատամարտում։ Սուլթանական գվարդիայի հրամանատար Զահիր Ռուքն ադ-Դին Բեյբարս Բունդուկտարին նույն թվականին սուլթան դարձավ։ Նա իրեն հպարտությամբ համարում էր երկրորդ Սալահ ադ-Դին։ Գնալով իր հզոր նախորդի ուղով, նա միավորեց Եգիպտոսը և Սիրիան։ Բեյբարսը ամրացրեց ամրոցները, լրացրեց զինամթերքի պաշարները, ստեղծեց մեծ նավատորմ։ Այս ամենից հետո նա իր հայացքն ուղղեց ֆրանկների վրա։ Որոշվել էր մեկընդմիշտ կործանել նրանց տիրույթները Պաղեստինում և Սիրիայում։ 1265 թ. նվաճեց Կեսարիան և Արսուֆը, 1268 թ.` Յաֆֆան,իսկ դրանից երկու ամիս անց` մայիսին, նաև Անտիոքը, որը խաչակիրների քաղաքներից ամենահարուստն էր։ 1291-1292 թ. ընկավ Երուսաղեմի թագավորությունը։ Խաչակիրների իշխանությունը արևելյան միջերկրածովյանում ակնհայտորեն մոտեցել էր իր ավարտին։
Այսպիսով, ավարտվեց Երուսաղեմի թագավորությունը կործանվեց։ Հետագայում Հռոմը խաչակիրների միջոցով Արևելյան Եվրոպայի սլավոնական երկրները՝ Լեհաստանը և Չեխիան ենթարկեց իր գերիշխանությանը։ Բայց խաչակրաց արշավանքներին մասնակցող երկրների թիվը հետզհետե կրճատվեց։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին ամբողջ գաղափարախոսությամբ հեղիանակազրկվեց։ Այդ էր պատճառը, որ 1V դարից սկսած՝ Եվրոպայում սկսվեց Վերածնունդը, Ռեֆորմացիան։ Բողոքական եկեղեցիների առաջացմանը Հռոմը փորձում էր հակադրել ինկվիզիցիայով ու նոր խաչակրաց արշավանքներով, սակայն ապարդյուն։ Ամերիկա աշխարհամասի հայտնագործումից հետո Եվրոպան վերջնականապես հեռացավ Պապերի ազդեցությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.