Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Իննոկենտիոս III (լատին․՝ Innocentius PP. III, աշխարհիկ կյանքում Լոտարիո Կոնտի իտալ.՝ Lotario dei Conti di Segni, Սենյիի կոմս, Լավանոի կոմս, փետրվարի 22, 1160 կամ 1161, Գավինյանո, Պապական մարզ[1] - հուլիսի 16, 1216[1][2], Պերուջա, Պապական մարզ[3]), Հռոմի պապ 1198 թվականի հունվարի 8-ից մինչև 1216 թվականի հուլիսի 16-ը։
Իննոկենտիոս III լատին․՝ Innocentius PP. III | |
Կրթություն | Փարիզի համալսարան և Բոլոնիայի համալսարան |
---|---|
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և գրող |
Ծննդյան անուն | իտալ.՝ Lotario de' Conti di Segni |
Ծնունդ | փետրվարի 22, 1160 կամ 1161 Գավինյանո, Պապական մարզ[1] |
Մահ | հուլիսի 16, 1216[1][2] Պերուջա, Պապական մարզ[3] |
Թաղված է | Լաթերանյան բազիլիկ եկեղեցի, Tomb of Innocentius III |
Հայր | Trasimondo Conti, Conte di Segni?[4] |
| |
Լոտարիոն ծնվել է Իտալիայում, Գավինյանո քաղաքում, Անանյիից ոչ հեռու։ Նրա հայրը եղել է Տրազիմոնդոի կոմս, Կոնտի հանրահայտ տան անդամ, ով Հռոմին տվել է ինը պապ, այդ թվում Գրիգոր IX , Ալեքսանդր III և Իննոկենտիոս XIII։ Լոտարիոն ազգական էր գալիս պապ Կղեմես III-ին։ Նրա մայրը՝ Կլարիսիա Սկոտին, նույնպես ծագում էր անվանի հռոմեական ընտանիքից[5]։
Լոտարիոն սկզբնական կրթությունը ստանում է Հռոմում, հավանական է, Սուրբ Անդրեյի բենեդիկտյան աբբայությունում[6]։ Նա աստվածաբանություն էր ուսումնասիրում Փարիզի համալսարանում և իրավունք՝ Բոլոնիայի համալսարանում[7]։ Հռոմի պապ Ալեքսանդր III-ի մահվանից (1181 թվականի օգոստոսի 30) քիչ անց Լոտարիոն վերադառնում է Հռոմ և զբաղեցնում է տարբեր եկեղեցական պաշտոններ Ղուկիոս III-ի, Ուրբանոս III-ի, Գրիգոր VIII և Կղեմես III-ի կառավարման ընթացքում։ Վերջինս 1190 թվականի սեպտեմբերին[8] նրան նշանակում է կարդինալ։
Որպես կարդինալ Լոտարիոն գրել է «De Miseria Humanae conditionis» («Մարդկային աղքատությանը») աշխատությունը[9]։ Աշխատությունը շատ հանրահայտ էր դարերի ընթացքում և պահպանվել է ավելի քան 700 ձեռագրերում[10]։
1198 թվականի հունվարի 8-ին մահանում է պապ Կելեստինոս III-ը։ Մահվանից առաջ նա կարդինալների խորհրդին կոչ է անում իր ժառանգորդ ընտրել Ջովանի Կոլոնային, սակայն կարդինալները չեն լսում նրան և նույն օրը պապական գահին ընտրում են Լոտարիո դը Կոնտիին։ Նա ընդունում է պսակաթագը և դառնում է Իննոկենտիոս III Հռոմի պապ։ Այդ ժամանակ նա ընդամենը երեսունյոթ տարեկան էր[11]։
Ստանալով լիազորություններ, Իննոկենտիոսը ձեռնամուխ է լինում պապական գահի դերի իր հայացքների իրականացմանը։ 1187 թվականին Երուսաղեմի գրավումը մուսուլմանների կողմից նա բնութագրում է որպես աստվածային հատուցում քրիստոնեական իշխանների բարոյական թուլությունների համար։ Նա նաև նպատակ ուներ պաշտպանել այն, ինչը անվանում է «Եկեղեցու ազատություն» աշխարհիկ իշխանությունների կողմից ոտնձգություններից։ Այդ հասկացությունը նշանակում էր, ի միջի այլոց, որ իշխանները չպետք է ներգրավված լինեն եպիսկոպոսների ընտրություններում և այն պետք է կենտրոնանա պապի և նրա «Patrimonium»-ի՝ Պապական պետության ձեռքում։ Պապի տիրույթներին սպառնում էին Հոհենշտաուֆենները՝ գերմանական արքաները, ովքեր իրենց ներկայացնում էին որպես հռոմեական կայսրերի ժառանգորդներ։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ը այդ ժամանակ իր ձեռքում միավորել էր Գերմանիան, Իտալիան և Սիցիլիան, ինչը «Patrimonium»-ի դիրքերը դարձնում էր չափազանց խոցելի[11]։
Հենրիխ VI-ի վաղ մահը նրա չորսամյա որդի Ֆրիդրիխ II-ին թողնում է արքայի կարգավիճակում։ Հենրիխ VI-ի այրի Կոնստանցիա Սիցիլիացին կառավարում էր իր փոքրիկ որդու անունից, մինչ նա կհասներ չափահասության տարիքի։ Կոնստանցիան չէր ցանկանում Սիցիլիայի իշխանություն հանձնել գերմանացիներին, ինչը մոտ էր Իննոկենտիոս III-ին։ 1198 թվականին իր մահվանից առաջ Կոնստանցիան Իննոկենտիոսին նշանակում է Ֆրիդրիխի խնամակալ։ Ի փախհատուցում, Իննոկենտիոսը հասնում է Սիցիլիայում պապական իրավունքների վերականգնմանը, որոնցից դրանից քիչ առաջ հրաժարվել էր Ադրիանոս IV պապը։ Պապը երիտասարդ Ֆրիդրիխ II-ին թագադրում է որպես Սիցիլիայի արքա 1198 թվականի նոյեմբերին։ Նա նաև աջակցում է նրա ամուսնությանը Հունգարիայի արքա Իմրեի այրիի հետ 1209 թվականին[11]։
1209 թվականին Ֆրանցիսկ Ասսիզեցին իր առաջին հետևորդներին բերում է Հռոմ, որպեսզի Իննոկենտիոս III պապից թույլտվություն ստանա հիմնելու նոր հոգևորական միաբանություն[12]։ Հռոմ ժամանելուց հետո եղբայրները հանդիպում են եպիսկոպոս Գվիդո Ասսիզեցու հետ, ով կապեր ուներ Ջովանի դի Սան Պաոլոյի հետ, Սաբինայի կարդինալ-եպիսկոպոսի։ Կարդինալը, ով նախկինում եղել է Իննոկենտիոս III-ի խոստովանահայրը, համակրանքով է լցվում Ֆրանցիսկի հանդեպ և համաձայնվում է նրան ներկայացնել պապին։ Իննոկենտիոսը դժկամությամբ է համաձայնվում հաջորդ օրը հանդիպել Ֆրանցիսկի և նրա եղբայրների հետ։ Մի քանի օրվա մտորումներից հետո պապը համաձայնվում է ճանաչել Ֆրանցիսկի հետևորդներին որպես միաբանություն[13]։ Դա կարևոր էր նրանով, որ միաբանության ճանաչումը եկեղեցական իշխանության կողմից պաշտպանում էր նրան հերետիկոսության մեջ հնարավոր մեղադրանքներից, ինչպես այդ տեղի էր ունեցել վալդենսների հետ նախկինում։ Չնայած սկզբնական շրջանում Իննոկենտիոս պապը տարակուսանքներ էր զգում, իբր երազում նա տեսել էր Ֆրանցիսկին, ով ձեռքին բռնած ուներ Լատերանյան բազիլիկան և դա նրան դրդում է հավանություն տալ Ֆրանցիսկյան միաբանությանը։ Դա տեղի է ունենում, ինչպես համարվում է, 1210 թվականի ապրիլի 16-ին։ Ֆրանցիսկը և նրա առաջին հետևորդները՝ "Փոքր Եղբայրները", հրաժարվում էին կարողությունից և դասավանդում էին սկզբից Ումբրիայի քաղաքների փողոցերում, իսկ այնուհետև նաև ամբողջ Իտալիայում։
Ընտրվելուց քիչ անց նա հռոմյան մունիցիպալիտետը ենթարկում է պապի իշխանությանը (պրեֆեկտը դառնում է պապական պաշտոնյա)։
Իննոկենտիոս III պապի կառավարման ժամանակ պապականությունը գտնվում էր իր լիազորություններն գագաթնակետին։ Նա համարվում էր այդ ժամանակի ամենահզոր մարդը Եվրոպայում[14]։
1198 թվականից հանդիսանալով սիցիլիական գահը ժառանգած Ֆրիդրիխ II Շվաբցու խնամակալը, պապը ժամանակավորապես իրեն է ենթարկում Սիցիլիայի թագավորությունը։ Ֆրիդրիխի փոքրահասակության պատճառով կասրությունում անկարգություններ են սկսվում։ Հոհենշտաուֆենների կողմնակիցները արքա են ընտրում Հենրիխի եղբայր Ֆիլիպ Շվաբցուն, իսկ Վելֆերի կողմնակիցները՝ Օտտոն Բրաունշվեյգցուն։ Ֆրանսիայի արքա Ֆիլիպ II Օգոստոսը պաշտպանում է Ֆիլիպի պահանջները, այն ժամանակ, երբ արքա Ռիչարդ I Առյուծասիրտը պաշտպանում էր իր ազգական Օտտոնին[15]։
Իննոկենտիոս պապը լի էր վճռականությամբ կանխելու Սիցիլիայի և Սրբազան Հռոմեական կայսրության հետագա միավորումը մեկ միապետի իշխանության տակ[16] և օգտվում է իր ազդեցությունը ընդարձակելու հնարավորությունից։ 1201 թվականին պապը բացեիբաց աջակցում է Օտտոն IV-ին։ Օգտվելով կայսրությունում խառնաշփոթից, պապը հասնում է Պապական մարզի ընդլայնումից մինչև առավել ծավալը, ի հաշիվ հողերի միավորման, որոնք նախկինում պատկանում էին կայսրությանը (սակայն չթվարկված Կառլոս Մեծի նվիրատվությունում)՝ Անկոնա (Մարկե), Սպոլետո դքսությունը (Ումբրիա), Ռադիկոֆանո, ժամանակավորապես Ռոմանիան։ Սակայն Բոլոնիան և Պենտապոլը պահպանել նրան չի հաջողվում[17]։
1202 թվականի մայիսին Իննոկենտիոսը արձակում է «Venerabilem» հրամանագիրը, որով դիմում է դուքս Ցերինգենին։ Նրանում պապը հայտարարում է, որ կայսրությունը պետք է հենվի պապական գահին։ Այդ հրամանագիրը, որը հայտնի է դառնում և հետագայում գրվում է «Corpus Juris Canonici»-ում[18], պարունակում էր հետևյալ հիմնական կետերը.
Չնայած պապական աջակցության, Օտտոնը չի կարողանում հաղթահարել իր մրցակից Ֆիլիպին, մինչ վերջինս չի սպանվում երկպառակության ընթացքում։ 1209 թվականին պապը Օտտոնին թագադրում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր։ Դրանից հետո Օտտոնը հրաժարվում է իր նախկին խոստումներից և նպատակադրվում է Իտալիայում և նույնիսկ Սիցիլիայում կայսերական իշխանության վերականգնմանը։ 1210 թվականի նոյեմբերին պապը Օտտոնին վտարում է Եկեղեցուց այն բանի համար, որ վերջինս գրավել էր Ռոմանիան և որոշել էր հարձակվել Նեապոլի թագավորության վրա։ 1212 թվականին պապը կայսր է նշանակում նրա հակառակորդ Ֆրիդրիխին, Նեապոլի արքային, սակայն չի թագադրում նրան։
Տարաձայնությունը իր լուծումն է ստանում Բուվինի ճակատամարտում, 1214 թվականի հուլիսի 27-ին, որում հանդիպում են Օտտոնի և Հովնան Անհողի բանակները Ֆիլիպ II Օգոստոսի բանակին։ Օտտոնը ջախջախվում է ֆրանսիացիների կողմից և շուտով կորցնում է ամեն տեսակի ազդեցություն։ Նա մահանում է 1218 թվականի մայիսի 19-ին, Ֆրիդրիխ II-ին թողնելով անվիճելի կայսր։ Բացի այդ, Հովնան Անհողը ստիպված էր պապին ճանաչել որպես իր ֆեոդալ և Ստեֆան Լենգտոնին հաստատել Քենթրբերիի արքեպիսկոպոս[19]։
Երբ Ֆրիդրիխ II-ը ժամանում է Հռոմ ընդունելու գահը, պապը հրաժարվում է թագադրել նրան, երկմտելով նրա հզորությունից և հույս ունենալով վտարել նրան Իտալիայից, ինչպես մինչ այդ Օտտոնին։ Վրդովված Ֆրիդրիխը շարժվում է դեպի Գերմանիա և հաղթում Օտտոնին։ Սակայն այդ ժամանակ Իննոկենտիոս III-ը արդեն մահացած էր[20]։
1198 թվականին հովանավորել է Պաղեստինում Տևտոնական միաբանության ստեղծմանը և աջակցությու է ցուցաբերել նրա առաջին Մեծ Մագիստր Հենրիխ Վալպոտին։ Արևելյան Եվրոպայում ազդեցության տարածման նպատակներով Իննոկենտիոս III-ը 1202 թվականին հաստատում է Սուսերակիրների միաբանության ստեղծումը։ 1215 թվականին նա կազմակերպում է գերմանական ասպետների խաչակրաց արշավանք պրուսների դեմ։
1204 թվականին Իննոկենտիոս III-ը ապարդյուն կերպով Ռոման Մստիսլավիչին առաջարկում էր Վոլինյան և Գոլիցինյան արքայական թագը։
1212 թվականին կայանում է կիսառասպելական մանուկների խաչակրաց արշավանքը։
Պապի և Անգլիայի փոխհարաբերությունները բարդ էին։ Նրանից հետո, երբ պապը Անգլիայի վրա ինտերդիկտ (եկեղեցական գործողությունների և պահանջների ժամանակավոր արգելք) է դնում (1208) և գահընկեց է անում անգլիական արքա Հովնան Անհողին (1209), վերջինս 1213 թվականին ամբողջությամբ ենթարկվում է պապին։ Պապը Ֆրանսիային արգելում է Անգլիայի դեմ պատերազմը, որին ֆրանսիական արքա Ֆիլիպ II Օգոստոսը հայտարարում է. «Պապը գործ չունի նրանում, ինչ տեղի է ունենում արքաների միջև»։ Դրա համար պապը ինտերդիկտ է դնում նաև Ֆրանսիայի վրա։ Հովնան Անհողը պապից հասնում է «ազատությունների մեծ հրովարտակի» (Magna Charta) (1215) չեղարկմանը և բարոնների վտարմանը Եկեղեցուց։
Պապի վասալներ են իրենց ճանաչում նաև Բուլղարիայի արքան (1204) և Արագոնի և Պորտուգալիայի արքաները։
Իննոկենտիոս III-ը հերետիկոսության եռանդուն հակառակորդ էր և մի քանի արշավանքներ է կազմակերպել նրանց դեմ։ Իր կառավարման սկզբում նա կենտրոնանում է ալբիգոյցիների վրա, նույնպես հայտնի որպես կաթարներ, աղանդ, որը ձեռք էր բերել բազմաթիվ համախոհներ Ֆրանսիայի հարավ-արևելքում, այդ թվում Թուլուզի կոմսերին։ Կաթարները մերժում են կաթոլիկական եկեղեցու հեղինակությունը և ուսմունքը։
1199 թվականին Իննոկենտիոս III-ը քննադատում է հերետիկոսների քարոզները։ Երկու ցիստերցիանյան վանականներ ուղղվում են վիճարկելու կաթարների ուսմունքը և վերականգնելու պապական իշխանությունը։
Պիեռ դը Կաստելնոյի՝ Իննոկենտիոսի դեսպանի սպանությունը 1208 թվականին, ինչպես ենթադրում են, կոմս Ռայմունդ Թուլուզացու ընկերների կողմից, Իննոկենտիոսին բտիպում են խոսքերից անցնելու գործի[21]։ Իննոկենտիոսը արքա Ֆիլիպ II Օգոստոսից պահանջում է ոչնչացնել ալբիգոյցիներին։ Սիմոն դը Մոնֆորի ղեկավարությամբ սկսվում է ռազմական արշավ՝ Ալբիգոյան խաչակրաց արշավանք, որը բերում է մոտավորապես քսան հազար մարդու սպանության[22]։ Արշավանքը ուղղված էր ոչ միայն հերետիկոսների դեմ, այլ նաև Թուլուզի ազնվականության և գահի վասալ Արագոնի դեմ։ Արքա Պեդրո II Արագոնցին անմիջական մասնակցություն էր ունենում ընդհարմանը և սպանվում է Մյուրի ճակատամարտի ընթացքում 1213 թվականին։ Ընդհարումը ավարտվում է 1229 թվականին Փարիզյան պայմանագրի ստորագրմամբ, որում համաձայնեցվում է Օքսիտանիայի տարածքի ինտեգրացումը Ֆրանսիական թագավորության կազմում։ Ռազմական գործողություններթ դադարում են 1255 թվականին։
Ռազմական գործողություններին զուգընթաց կաթոլիկական հոգևորականները պրոպագանդա են սկսում, որն ուղղված էր կաթարների վարկաբեկմանը, նրանց մեղադրելով անբարոյականության և անասնապղծության մեջ, քանի որ երկյուղ կար, որ Պրովանսի և Հյուսիսային Իտալիայի բնակչությունը կկարեկցի խաչակրաց արշավանքի զոհերին[23]։
Հիմնական հոդված՝ Խաչակրաց չորրորդ արշավանք
Իննոկենտիոսը 1198 թվականին հրամանագիր է արձակում Խաչակրաց չորրորդ արշավանքի սկսման մասին, մտադրվելով վերադարձնել Սուրբ Երկրի նկատմամբ վերահսկողությունը։ Այդ արշավանքի նախապատրաստմանն էր նվիրված նրա գահակալման ժամանակաշրջանի մեծ մասը։ Ի տարբերություն իր նոխորդների, Իննոկենտիոս III-ը անձնական մասնակցություն է ունենում արշավանքի կազմակերպմանը, այլ ոչ թե աշխարհիկ առաջնորդներին ուղղակի քարողում էր դրան[24]։
Խաչակրաց արշավանքի կազմակերպման Իննոկենտիոս III-ի առաջին քայլերը լինում են բոլոր կաթոլիկական պետություններ քարոզիչների ուղարկումը։ Իննոկենտիոս III-ը Պետր Կապուանցուն ուղարկում է Ֆրանսիայի և Անգլիայի արքաների մոտ նմանատիպ հրահանգներով, որպեսզի համոզի նրանց հարթելու իրենց տարաձայնությունները։ Արդյունքում, 1199 թվականին Իննոկենտիոսը հասնում է երկու երկրների միջև հինգ տարվա հաշտության։ Բանակի ղեկավարման համար Իննոկենտիոսը իր նամակներն է ուղարկում Եվրոպայի ասպետներին և ազնվականներին։ Բազմաթիվ ֆեոդալներ արձագանքում են պապի կոչին, այդ թվում բանակի երկու հնարավոր առաջնորդներ՝ Տիբո Շամպայնցին և Բոնիֆացիոս I Մոնֆերացին։ Միաժամանակ Անգլիայում և Գերմանիայում պապի կոչերը արդյունք չեն տալիս։ Այդ պատճառով Խաչակրաց չորրորդ արշավանքը, գլխավորապես, դառնում է ֆրանսիական նախաձեռնություն[25]։
Խաչակրաց չորրորդ արշավանքը թանկ գործ էր։ Իննոկենտիոս III-ը որոշում է միջոցների հավաք սկսել, ինչը չէր արել նրա նախորդներից ոչ մեկը։ Նա ստիպեց իր ղեկավարությամբ ամբողջ հոգևորականությանը շաչակրաց արշավանքի աջակցման համար տրամադրել իրենց հասույթի 1/40 մասը։ Դա հոգևոր անձանց նկատմամբ առաջին ուղղակի հարկի մտցնումն էր։ Պապը այդ հարկի հավաքագրման գործում հանդիպում է բազմաթիվ դժվարությունների, այդ թվում իր պաշտոնատար անձանց կաշառակերության հետ և Անգլիայում իր ենթականների շրջանում արհամարհանքին։ Նա շարունակում էր խաչակրաց արշավանքի համար միջոցներ հավաքել, դեսպաններ ուղարկելով արքա Հովնան Անհողի և արքա Ֆիլիպ Օգոստոսի մոտ։ Երկուսն էլ խոստանում են իրենց ավանդը ներդնել՝ եկամուտների 1/40 մասը։ Հովնանը նաև հայտարարում է, որ հարկը կհավատվի ամբողջ Անգլիայով։ Խաչակրաց արշավանքի համար միջողների այլ աղբյուր պետք է դառնային անձամբ խաչակիրները։ Իննոկենտիոսը հայտարարում է, որ նրանք, ով ընդունել է խաչակիր դառնալու ուխտը, սակայն չի կարող այն կատարե, կարող է ազատ արձակվել երդումից դրամական միջոցներ ներդնելուց հետո[22][26]։
Սկզբնապես խաչակիրների ափ դուրս գալու նախնական վայր էր ընտրված Եգիպտոսը։ Բանակի տեղափոխման համար համաձայնագիր էր կնքվել ֆրանսիական խաչակիրների և վենետիկցիների միջև։ Վենետիկցիները պետք է նավեր և պարեն տրամադրեին՝ 85 000 մարկ վճարի դիմաց[27]։ Իննոկենտիոսը իր հավանությունն է տալիս այդ համաձայնագրին երկու պայմանի կատարման դեպքում։ Առաջինը, պապի ներկայացուցիչը պետք է ուղեկցեր խաչակրաց արշավանքը, երկրորդ, քրիստոնյաների վրա հարձակումը խստորեն արգելվում էր։ Ֆրանսիացիներին չի հաջողվում բավարար միջոցներ ներգրավել վենետիկցիների ծառաությունները վճարելու համար։ Արդյունքում խաչակիրները ստիպված էին կատարել վենետիկցիների պահանջները և պաշարել Վենետիկի հետ մրցակցող Զարա քրիստոնեական առևտրական քաղաքը։ Այդ գործողությունները իրականացվում են առանց Իննոկենտիոս III պապի համաձայնության, ով վտարումով էր սպառնում բոլոր նրանց, ով մասնակցություն էր ունեցել հարձակմանը։ Ֆրանսիացիների մեծամասնությունը անտեսում են սպառնալիքը, հարձակվում են Զարայի վրա և նզովվում են պապի կողմից, սակայն շուտով ներվում են, որպեսզի կարողանան շարունակել խաչակրաց արշավանքը։ Իրավիճակի կրկնությունն է հանդիսանում խաչակիրների կողմից Կոստանդնուպոլիսի գրավումը, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի, 1204 թվականին։ Այդ մասին պապը իմանում է միայն այն ժամանակ, երբ քաղաքն արդեն գրավված էր[28]։
Իննոկենտիոսը Կոստանդնուպոլիսի գրավումը դիտարկում էր որպես միջոց վերամիավորելու արևմտյան արևելյան եկեղեցիները։ Նրա նպատակն էր վերադարձնել հունական (արևելյան) եկեղեցին լատինական (արևմտյան) ավանդույթներին։ Սակայն դա չի հաջողվում երկու եկեղեցիների միջև զգալի տարբերությունների պատճառով, ինչպես նաև ազդեցության պատճառով, որը կատարվել էր արևելյան քրիստոնյաների վրա Կոստանդնուպոլիսի խաղաղ բնակչության կոտորածով։ Խաչակրաց արշավանքը նաև սկիզբ է դնում Լատինական կայսրությանը, գոյատևած հետագա վաթսուն տարիների ընթացքում[29]։
1215 թվականի նոյեմբերի 15-ին Իննոկենտիոսը բացում է Լատերանյան XII Տիեզերական ժողովը, որը ընդունում է շատ կարևոր որոշումներ։ Նրա արդյունքներով կազմվում է յոթանասուն բարենորոգչական հրամանագրեր։ Այլ որոշումների շարքում ժողովը որոշում է ստեղծել դպրոցներ և բարձրացնել հոգևորականության պատրաստականությունը։ Նա հոգևորականներին արգելում է մասնակցություն ունենալ դատական օրդալիումներին։ Փաստացիորեն դա բերում է դատական գործընթացում օրդալիումների անհետացմանը։ Վերջապես, այդ ժողովում հոգևորականությունը օրինական կերպով ամրապնդում է հրեաներին քրիստոնյաների ենթակայության անթույլատրելիությունը։ 69-րդ կանոնը հրեաներին արգելում է ծառայել պետական հաստատություններում, քանի որ դա նրանց հնարավորություն էր տալիս «արտահայտել իր զայրույթը քրիստոնյաների դեմ»[30]։ 69-րդ կանոնը սահմանում է, որ հրեաները խաչել են Քրիստոսին և այդ պատճառով «չափազանց անհեթեթ է, որ Հիսուսին վատաբանողը իշխանություն իրականացներ քրիստոնյաների վրա»[31], և նշանակում է, որ հրեաները չպետք է նշանակվեն պետական պաշտոններին։
Խորհուրդը որոշում է կայացնում սկսել հինգերորդ խաչակրաց արշավանքը 1217 թվականին, Եկեղեցու անմիջական ղեկավարության տակ։ Ժողովից հետո, 1216 թվականի գարնանը, Իննոկենտիոսը տեղափոխվում է հյուսիսային Իտալիա, որպեսզի հաշտեցնի Պիզա և Ճենովա ծովային քաղաքները, եկեղեցու գիրկը վերադարձնի Կելեստինոս III-ի ժամանակ եկեղեցուց վտարված պիզացիներին և դաշնագիր կնքի Ճենովայի հետ[32]։
Սակայն 1216 թվականի հուլիսի 16-ին Իննոկենտիոս III-ը հանկարծամահ է լինում Պերուջայում[11]։ Նա թաղվում է Պերուջայի մայր տաճարում, մինչ Լևոն XIII Հռոմի պապը նրա աճյունը 1891 թվականի դեկտեմբերին տեղափոխում է Լատերանյան պալատ։
Իննոկենտիոս III-ի հոգին, ինչպես հավատում էին, ընկնում է քավարան։ Բրաբանտեի վանքից Սուրբ Լուտգարդան հայտարարում է, որ իրեն հայտնվել է կրակով համակված հոգի և ասել է իրեն. «Ես Իննոկենտիոս պապն եմ»։ Նա պատմում է, որ ընկել է քավարան երեք սխալների պատճառով, որոնք նա կատարել է կյանքում և Լուտգարդին խնդրում է իրեն օգնության գալ, ասելով. «Ավաղ։ Դա սարսափելի է և կտևի բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում, եթե դուք ինձ օգնության չգաք»։ Այդ պահին նա անհայտանում է, իսկ Լուտգարդան անմիջապես քույրերին հայտնում է այն մասին, ինչ նա տեսել էր[33]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.