հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Կարապետի Ավետյան (հունվարի 20, 1870[1], Ռաշթ, Իրան[1] - մայիսի 15, 1946[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։
Գրիգոր Ավետյանը ծնվել է 1870 թվականի հունվարի 20-ին Իրանի Ռաշթ քաղաքում։ 1870 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Շուշի քաղաք, որտեղ ստացել է նախնական կրթություն։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ 1888 թվականին սկսել է բեմական գործունեությունը[2]։ 1889-90 թվերին եղել է Մոսկվայում, սովորել առևտրական ուսումնարանում, երեկոյան դասախոսությունների փոխարեն հաճախում էր մասնավոր դրամատիկական կուրսերի։ Տեսնելով, որ դասընթացը գործնականորեն անօգուտ է, սկսում է թատրոններ հաճախել. ավելի հաճախ Փոքր և Կորչի թատրոնները[3], ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը։ 1890 թվականին վերադարձել է Կովկաս և մինչև 1923 հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, Բաթումում, Թեհրանում, Երևանում, Ղարսում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Միջին Ասիայի, Բուլղարիայի, Ռումինիայի քաղաքներում և այլուր։
Գրել է «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա» (1933)[4] հուշերի գիրքը, ուր տվել է իր բեմական գործունեության պատմությունը։ Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր-դերուսույց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ։ Կատարել է գլխավորապես կատակերգական դերեր։ Ավետյանի դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ։ Ավետյանի կատակերգական արվեստն առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին։
Ռեալիստական խաղաոճ, նուրբ, չպարտադրող հումոր, խոսքի բնական հնչերանգ, նախատիպին հարազատ դերապատկեր, բեմական բնավորություն ստեղծելու վարպետություն՝ իր արվեստի այս հատկանիշներով Ավետյանը տեղ գտավ նաև հայ խորհրդային թատրոնում՝ դառնալով անցյալի ռեալիստական ավանդները նոր թատրոնին կապող օղակներից մեկը։ Ավետյանի լավագույն դերերը աչքի են ընկել կերպարի բնավորության, հոգեբանության և սոցիալական միջավայրի ստույգ զգացողությամբ։ Նպաստել է ազգային թատերական մշակույթի ստեղծագործական աճին։ Ավետյանի խաղը նշանավորվել է ինքնաբերականությամբ, հումորով և բարձր ճշգրտության ժեստերով, ինտոնացիաներով[2]։
Համագործակցել է հայտնի հայ դերասաններ Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի հետ։ 1888 թվականին կազմակերպել է թատերախումբ՝ շրջելով Ռուսաստանում, Թիֆլիսում, Բաքվում և Կովկասի այլ քաղաքներում, Թուրքիայում և Ռումինիայում[5]։
1923 թվականից եղել է Առաջին պետական թատրոնի դերասան։ Ստեղծել է մի շարք վառ կատակերգական դերեր։ Ստեղծագործական կյանքի ընթացքում (58 տարի) խաղացել է շուրջ ութ հարյուր դեր։ Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր։ Զբաղվել է նաև ռեժիսուրայով։ Թարգմանել է հայերեն լեզվով մի շարք բեմադրություններ, այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Հատակումը», Անտոն Չեխովի Տաղտկալի պատմութիւն։ (Ծերունու օրագրից)[6]։
Դեր | Ներկայացում | Հեղինակ |
---|---|---|
Տուգոուխովսկի | «Խելքից պատուհաս» | Ալ․Գրիբոյեդով |
Գիքո | «Պեպո» | Գ․Սունդուկյան |
Սաղաթել | «Պատվի համար» | Ա․Շիրվանզադե |
Լոդովիկո,
Բրաբանցիո |
«Օթելլո» | Ու․Շեքսպիր |
Դանիել | «Ավազակները» | Ֆ․Շիլլեր |
Մորտեն | «Դոկտոր Շտոկման» | Հ․Իբսեն |
Գերեզմանափոր | «Համլետ» | Ու․Շեքսպիր |
Սգանարել | «Դոն Ժուան» | Մոլիեր |
Մանուկ-աղա | «Մեծապատիվ մուրացկաններ» | Հ․Պարոնյան |
Լուկա | «Հատակում» | Մ․Գորկի |
Բուբլիկ | «Պլատոն Կրեչետ» | Ն․Կորնեյչուկ |
Բոբչինսկի | «Ռևիզոր» | Ն․Գոգոլ |
Խեղկատակ | «Արքա Լիր» | Ու․Շեքսպիր |
Գորնոստաև | «Լյուբով Յարովայա» | Կ․Տրենյով |
Մինթոև | «Մորգանի խնամին» | Ալ․Շիրվանզադե |
Դեր | ֆիլմ | թվական |
---|---|---|
Գեներալ[7] | Ավազակ Արսեն | 1923 |
Ջրաղացպան | Շոր և Շորշոր | 1926 |
Յուսուֆ | Քրդեր-Եզդիներ | 1932 |
Ծերունի | Արևի զավակը | 1933 |
Գիքո | Պեպո | 1935 |
Խուլ ծերունի | Զանգեզուր | 1938 |
Օղանա-ամի | Լեռնային արշավ | 1939 |
Տարեգիր | Դավիթ Բեկ | 1943 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.