երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Վահան Արտաշեսի Արծրունի (դեկտեմբերի 5, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վահան Արտաշեսի Արծրունի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1965 (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ Հայաստան |
Ժանրեր | կամերային երաժշտություն, Հոգևոր երաժշտություն, պրոգրեսիվ ռոք, Էթնիկ երաժշտություն և ֆոլկ ռոք |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ և բժիշկ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Գործունեություն | ապրիլի 25, 1985 - ներկա |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1991) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1994) |
Ամուսին | Անուշ Ասլիբեկյան |
Պարգևներ |
Բժշկապետ Վահան Արծրունու թոռը և թատերագետ, գրող, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի ամուսինը։
Վահան Արծրունին ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ Սերվում է Արծրունիների իշխանական տոհմից։
1983-1989 թվականներին սովորել և ավարտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 1991 թվականին ավարտել բժշկական օրդինատուրան։
1986-1992 թվականներին եղել է «Նարեկ» արական երգչախմբում մեներգիչ և արտիստ, 1993-1994 թվականներին «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ, 1995 թվականին Հայաստանի պետական կապելայի արտիստ։
1989-1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ դասական երգեցողություն մասնագիտությամբ (պրոֆեսոր Գոհար Գասպարյանի դասարան)։
1994-1996 թվականներին «GAUDEAMUS» 4 երաժշտական փառատոնների հեղինակ և կազմակերպիչ։
1995-1997 թվականներին Հայկական բանակի սպա։
1995, 1997-2002 թվականներին «ART PROMO» հեռուստաշարի հեղինակ և վարող, Ա1+ ՀԸ, Հայաստան։
1998-1999 թվականներին «VOX MUNDI» հաղորդաշարի հեղինակ և վարող, FM 107 ռադիոկայանում, Հայաստան։
2000-2001 թվականներին «Սաբոտաժ» հաղորդաշարի հեղինակ և վարող, FM 107 ռադիոկայանում, Հայաստան։ 2000-2002 թվականներին «Սաբոտաժ» հեռուստաշարի հեղինակ և վարող, Ա1+ ՀԸ, Հայաստան։
2002 թվականին «Սա մեր հայրենիքն է» հեռուստաշարի հեղինակ և վարող, Մոնարխ ՀԸ, ԱՄՆ։
2000-2011 թվականներին «ԱՐԾՐՈՒՆԻ» պրոգրեսիվ-երաժշտության ռոք-խմբի հիմնադիր։
2013-2015 թվականներին «ԱՐԾՐՈՒՆԻ NEW ACOUSTIC BAND» խմբի հիմնադիր, վոկալիստ և ակուստիկ կիթառահար։
2014 թվականին «MELOMAN CLUB» հաղորդաշարի հեղինակ և վարող, Ազատություն ՀԸ, Հայաստան։
2016 թվականին «TRIO NUOVO» համերգային նախագծի հեղինակ, վոկալիստ և կիթառահար։
2017 թվականին «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակ և վարող, Հայաստանի հանրային ռադիո, FM 107,7, Հայաստան։
2024 թվականի գարնանը ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանի հետ հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ քաղաքներում[1]։
Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։
Որպես կոմպոզիտոր Վահան Արծրունին հայտնի է նաև թատրոնի, կինոյի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի և կերպարվեստի բնագավառներում։ Հեղինակ է հինգ թատերական ներկայացումների, տասնյոթ վավերագրական և երկու խաղարկային ֆիլմերի, վեց անիմացիոն ֆիլմերի, մնջախաղային ներկայացման, բալետի և ակտուալ արվեստի բազմաթիվ ակցիաների և ցուցադրությունների համար գրված երաժշտությամբ։
Որպես կատարող-երաժիշտ համագործակցել է երգիչներ Արթուր Մեսչյանի, Աննա Մայիլյանի, Հասմիկ Բաղդասարյանի, ինչպես նաև Հայաստանի Պետական կամերային նվագախմբի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Օպերային Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերի և «Շողակաթ» մանկական երգչախմբի հետ։
2007 թվականից «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ամբողջովին ներառվել է հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ պետական ծրագրում և դասագրքերում։ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը 2003 թվականին ճանաչվել է Հայաստանյան Ազգային երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի՝ «Լավագույն Ալբոմ 2003» անվանակարգում, իսկ 2004 թվականին Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակների՝ «Լավագույն այլընտրանքային ազգային ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում» անվանակարգերում։
2012 թվականից «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» մաշտոցյան շարականների Վահան Արծրունու մշակումների շարքը ընդգրկված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հանրակրթական ուսումնական ծրագրում։
Ասորական հոգևոր երաժշտության մշակումների համար 2008 թվականին Վահան Արծրունին արժանացել է Ասորական Արևելքի Եկեղեցու ՄարԴինխա IV կաթողիկոս-պատրիարքի Հովվապետական Օրհնությանը։
2016 թվականին արժանացել է Ազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Արտավազդ» մրցանակի՝ «Ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի երաժշտության համար։
«CRUZAID» ալբոմը 2002 թվականին հրատարակվելով Ֆրանսիայում «MUSEA RECORDS»-ի կողմից՝ 2003 թվականին ընդգրկվել է պրոգրեսիվ երաժշտության եվրոպական լավագույն տասնյակում։
Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով, 2014 թ.:
Վահան Արծրունին հայտնի է նաև կինոյի, անիմացիոն շարժանկարի, թատրոնի և ակտուալ արվեստի բնագավառներում։ Հեղինակ է 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղի թատրոնի («Գիրք ծաղկանց»), բալետի («Ներդուրս») և բազմաթիվ ակտուալ արվեստի ակցիաների (Քիմիական անձրև, Չսերտաց դասեր, SIMULACRUM) համար գրված երաժշտությամբ։
Հայաստանի Ժամանակակից Արվեստի Թանգարան, ՀՀ
Վահան Արծրունու ձայնա- և տեսասկավառակները հրատարակվում և վերահրատարակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ռուսաստանում։ Նա ակտիվ համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Հրատարակել է 15 CD-ալբոմ և 1 DVD:
Վահան Արծրունու երաժշտությունը մշտապես կատարվել է անցած 30 տարիների ընթացքում, հնչել ռադիոյով, հեռարձակվել հեռուստաեթերից, ստացել ազգային և միջազգային մրցանակներ, արժանացել բարձր գնահատականի ազգային և արտասահմանյան մասնագետ-երաժշտագետների և մամուլի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.