Remove ads
հայ ջութակահար, հեղինակ, երգիչ, ճարտարապետ, կոմպոզիտոր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյան (մարտի 3, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ 1968-1979 թվականներին՝ «Առաքյալներ» ռոք-խմբի հիմնադիր և առաջատար, 2018-2020 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Արթուր Մեսչյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 3, 1949 (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ |
Գործիքներ | ջութակ և վոկալ |
Գործունեություն | 1967-ներկա |
Կրթություն | ՀԱՊՀ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց |
Կապված | Առաքյալներ, Առաքյալներ-90 |
Պարգևներ | |
Կայք | arthurmeschian.com |
Arthur Meschyan Վիքիպահեստում |
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թվականի մարտի 3-ին Երևանում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին՝ մոտ մեկ տարի, Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա[1]։
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին գրում է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը (1965 թվականին)։ Առաջին անգամ «Ո՞ւր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը։ 1966 թվականին ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղում մտերմությունը հայտնի պատմաբան, ազգագրագետ Հովսեփ Օրբելու աշակերտ Սեդրակ Բարխուդարյանի հետ։
1967 թվականին ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որն սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ Խմբում, բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ), ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ)։ Արդեն երրորդ կուրսում խումբը հանդես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում։ Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ՝ խումբն անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում իսկական հայտնություն։ Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը։ Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ»։
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
«Առաքյալներ»-ի ցնցող հաջողությանը խոչընդոտ չհանդիսացավ անգամ 1970-ականների խորհրդային գրաքննությունը, և տասնյակ հազարավոր հայեր լսում էին նրանց ձայնագրությունները։ «Խենթանոց» («The Insane Asylum») ներկայացումը, որն առաջին հայկական ռոք օպերան է (խոսք և երաժշտություն՝ Ա. Մեսչյանի) էլ առավել ամրապնդեց խմբի հանրաճանաչությունը։ Սրան հաջորդեցին ելույթները խորհրդային հանրապետությունների տարբեր համալսարաններում։ Խումբը մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ խորհրդային ռոք երաժշտության առաջացման կենտրոններ համարվող Էստոնիայում և Մոսկվայում։ Մեծ հաջողությամբ էին անցնում «Առաքյալների» ելույթները Կիրովականում, Լենինականում և Երևանում։ «Առաքյալներն» առաջին խումբն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, որ սեփական երգերը կատարում էր մայրենի լեզվով, այն դեպքում, երբ խմբերի ճնշող մեծամասնությունը կատարում էր արևմտյան ռոք կոմպոզիցիաներ և երգեր։
1971 թվականին «Առաքյալներ»-ը հրավիրվում են մասնակցելու Լեհաստանում տեղի ունեցող խորհրդային պետությունների երիտասարդական երաժշտական փառատոնին, բայց Լեհաստան մեկնելու թույլտվություն տալիս են միայն Մեսչյանին՝ կոմերիտական ակտիվիստների ուղեկցության պայմանով։ Մեսչյանի ելույթը մեծ հաջողությամբ է պսակվում։ 1973 թվականին Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ և ծանոթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն I Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Վերջինս բավական մեծ համակրանք էր տածում երիտասարդ երաժշտի և նրա արվեստի նկատմամբ, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ 1974 թվականին Մեսչյանին առաջարկվի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ռեքվիեմ գրել։ Տեքստային նյութերի որոնման ընթացքում Մեսչյանի ուշադրությունը գրավում է սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» բանաստեղծությունների ժողովածուն (1968), որը ԽՍՀՄ-ում արգելված գրականություն էր համարվում։ Հեղինակի թույլտվությամբ Մեսչյանը օգտագործում է նրա բանաստեղծությունները՝ «Ռեքվիեմ»-ն ստեղծելու համար։ Ստանալով Կաթողիկոսի օրհնությունը՝ 1975 թվականին «Ռեքվիեմ»-ն առաջին անգամ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում՝ Հայաստանի և սփյուռքի մշակութային վերնախավի ներկայությամբ ու Կաթողիկոսի աջակցությամբ։ Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ հաջողվում է կատարել ձայնագրությունը, սակայն ԽՍՀՄ-ում այս տեսակի ստեղծագործությունների թողարկումը անհնար էր։ ԱՄՆ-ում ձայնագրելու ու թողարկելու գաղափարը խափանվեց, քանի որ «Ռեքվիեմ»-ի երգերը առանց հեղինակի իմացության և թույլտվության արդեն 1975 թվականին հայտնվում են Միացյալ Նահանգներում, և շատ երգեր խեղաթյուրվելով Հարութ Փամբուկչյանի կողմից՝ կատարվում են ռեստորանային միջավայրում ու այնուհետև լույս տեսնում առանձին ձայներիզով (1980)։ Այդ դեպքից հետո երկար տարիներ Մեսչյանը «Ռեքվիեմ»-ից ոչ մի երգ չէր կատարում, սակայն հետագայում ընկերների և երկրպագուների խնդրանքով մոտավորապես 15 տարի անց մի քանի երգեր որոշակի վերամշակված տեսքով ընդգրկվում են նրա՝ 1990-ականների սկզբին թողարկված ձայնասկավառակներում։ 1978 թվականին Արթուր Մեսչյանը ելույթ է ունենում ազգային երկրորդ հեռուստաալիքով և կատարում իր ստեղծագործությունները՝ քաղաքական ենթատեքստ ունեցող «Մարդակեր» հեռուստաներկայացման ընթացքում։
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
Հաջորդ տասնամյակի սկզբներին «Առաքյալներ»-ն անսպասելիորեն անհայտացավ երաժշտական բեմից։ Իր գոյության ընթացքում խմբում պարբերաբար նվագում էին Գևորգ Մանգասարյանը, Աշոտ Ադամյանը (կիթառ), Վիգեն Ստեփանյանը, Գևորգ Ջանգուլյանը, Մովսես Մուրադյանը ու Աշոտ Եղիկյանը (ստեղնաշարային), Ստանիսլավ Բունիաթյանը, Ռոստոմ «Պեսոկ» Օհանյանը և Գրիգոր Բալայանը (հարվածային)։ 1984 թվականին Մեսչյանն սկսում է իր սեփական ուղին։ Նրան միանում են իր երկու աշակերտները՝ Վահան Արծրունին և Գուրգեն Մելիքյանը։ 1980-ականների սկզբում Մեսչյանն իր ուժերն է փորձում նաև կինոյում։ Համաձայնում է մասնակցել «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին՝ Միքայել Նալբանդյանի դերում, այն պատճառով, որ հնարավորություն կար իր ստեղծագործություններն ընդգրկել ֆիլմում։ Սա առիթ հանդիսացավ, որպեսզի Մեսչյանը ԽՍՀՄ-ում վերջին անգամ պրոֆեսիոնալ ձայնագրություն կատարի Մոսկվայի «Մելոդիա» ստուդիայում։ Արդյունքում ֆիլմում ընդգրկվեցին Մեսչյանի երեք ստեղծագործություններ՝ «Երկիր հնամյա», «Տապանագիր» և «Հարություն»։ Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվելու է ամեն ինչ»-ն էր, որի պրեմիերան տեղի ունեցավ 1989 թվականին, երբ Մեսչյանը արդեն տեղափոխվել էր ԱՄՆ։ 1980-ականների սկզբներին Մեսչյանը «Հայարդնախագծի» ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր։ Այդ ընթացքում մշակվում է Մոսկվայում գտնվող Լազարյան ճեմարանի (ներկայումս Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան) վերանորոգման նախագիծը (1981-1982)։ 1985 թվականին նախագծում է Երևանում կառավարության ընդունելությունների տան շենքը, 1987-1988 թվականներին՝ Մատենադարանի նոր մասնաշենքը, որի շինարարությունը կասեցվում է երկրաշարժի պատճառով և վերսկսվում միայն 2007 թվականին։
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
1989 թվականին՝ դեռևս խորհրդային իշխանությունների օրոք, Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվում է Բոստոն (ԱՄՆ), որտեղ նրան վերջապես հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիները բավական դժվար էին Մեսչյանի համար՝ հարմարվելու գործընթացը, աշխատանքի որոնումը, ծանր ֆինանսական վիճակը (տեղափոխվելուց անմիջապես հետո նա հրաժարվեց ներգաղթյալների համար նախատեսված պետակական ֆինանսական աջակցությունից՝ գտնելով, որ իրավունք չունի գտնվել պետական հոգածության ներքո՝ նույնիսկ օրինավոր հիմունքներով)։ Չնայած դժվարություններին՝ 1989 թվականին՝ երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո, Մեսչյանն իր առաջին համերգն է տալիս Բոստոնի հայկական եկեղեցում։ Հետագայում՝ 1990 թվականին, Մեսչյանը համերգներ է ունենում Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնում և Լոս Անջելեսի «Wilshire Ebell Theatre»-ում։ Այս համերգներից գոյացած միջոցներով 1990 թվականին ձայնագրվում, իսկ 1991 թվականին լույս է ընծայվում առաջին ալբոմը՝ «Catharsis»-ը՝ վինիլային ձայնասկավառակի և ձայներիզի տեսքով, ոչ մեծ խմբաքանակով։ Սկավառակը անմիջապես հայտնվում է Հայաստանում և պատճենահանվում անօրինական ճանապարհով։ Մեսչյանի երգերն այս եղանակով սկսում են հնչել ռադիոյով։
1990 թվականին Մեսչյանն ստեղծում է «Առաքյալներ 90» խումբը, որի կազմում հանդես էին գալիս Վեին Ջոնսոնը (Wayne Johnson)՝ կիթառ, Ջոն Լեֆտվիչը (John Leftwich)՝ բաս կիթառ, և Արտ Ռոդրիգեսը (Art Rodrigues)՝ հարվածային գործիքներ։ 1993 թվականին խումբը հանդես է գալիս համերգներով Փասադենայում (Կալիֆորնիա), որոնց ժամանակ ներկայացվում են երգեր նոր՝ «Ցնորված ջութակահարի մենախոսությունը» ալբոմից։ Ալբոմը ձայնագրվում է 1993 թվականին։ Երկու տարի անց՝ 1995 թվականին, ձայնագրվում է նաև «Թափառում» («Wander») ալբոմը, որն իր մեջ է ընդգրկում մի քանի ստեղծագործություն «Ռեքվիեմից»։ Նույն թվականին ստեղծվում է «Հաղորդությունը», որը հեղինակը համարում է իր արվեստի գագաթնակետը։ Առաջին անգամ «Հաղորդությունը» հնչում է 1996 թվականի հուլիսին՝ Փասադենայի «First Church of the Nazarene»-ի դահլիճում։ Նույն թվականի հոկտեմբերին սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ «Հաղորդությունը»-ը հնչեց նաև Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում։
1996 թվականին Արթուր Մեսչյանը Հայաստանի կառավարությունից հրավեր է ստանում՝ զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ։ Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ՝ անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, որպեսզի կարգավորվեն և թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները։ Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետի, ում խնդրանքով և առաջարկով էլ Մեսչյանը ստանձնել էր այդ պաշտոնը։ Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերն ապարդյուն են՝ 1997 թվականի փետրվարին նա հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում է Բոստոն։
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
2001 թվականին Արթուր Մեսչյանը լույս է ընծայում երգերի հավաքածուն՝ բաղկացած 4 սկավառակից («Hit Collection»), որտեղ ընդգրկված էին նրա՝ «The Monologue of a Crazy Violinist» («Ցնորված ջութակահարի մենախոսությունը»), «Catharsis»-ը, «Catharsis 2»-ը և «Communion» («Հաղորդությունը»)։ 2003 թվականին Մեսչյանը համերգ է տալիս Լոս Անջելեսի Կոդակ համերգասրահում, որտեղ ներկայացնում է նոր կատարումներ՝ այդ թվում «Սայաթ-Նովա» ստեղծագործությունը։
Արթուր Մեսչյանի՝ իրադարձություններով լի կյանքում նոր էջ բացվեց 2005 թվականին, երբ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո կնոջ հետ վերադարձավ հայրենիք։ Վերադարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր նրա արվեստի բազմաթիվ սիրահարների համար։ 2005-2006 թվականներին Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները։ 2007 թվականին սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ։ Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թվականին։ Հայաստանի անկախության 20-ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Չնայած զբաղվածությանը՝ 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով։
Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
1972 թվականին Մեսչյանը գերազանց պաշտպանում է դիպլոմային աշխատանքը, բայց ԽՍՀՄ-ի նկատմամբ ունեցած «անհավատարմության» պատճառով ստիպված է լինում աշխատանքի որոնման երկարատև փորձությունների միջով անցնել։ Միայն 1974 թվականին է Մեսչյանին հաջողվում աշխատանքի անցնել «Հայպետնախագիծ»-ում, և մասնակցում է «Զվարթնոց» օդանավակայանի նախագծման աշխատանքներին։
2015 թվականի հունվարի 29-ին Երևանի՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է։ Այն ունի գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։
2018 թվականի հոկտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ[2]։ 2020 թվականի օգոստոսի 17-ից իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից[3]։ Այդ պաշտոնում իր խոստումները չիրականացնելու պատճառով ենթարկվել է քննադատության[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.