հայ երաժշտության ուսուցիչ, օպերային երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատուրյան, դեկտեմբերի 14, 1924[1][2], Կահիրե, Եգիպտոս[3][1][2] - մայիսի 16, 2007[4], Երևան, Հայաստան[2]), օպերային արվեստի մեծագույն հայ վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։
Գոհար Գասպարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Գոհար Միքայելի Խաչատուրյան |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1924[1][2] Կահիրե, Եգիպտոս[3][1][2] |
Երկիր | Եգիպտոսի թագավորություն, ԽՍՀՄ, Հայաստան և Եգիպտոս |
Մահացել է | մայիսի 16, 2007[4] (82 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո[1] և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Ամուսին | Տիգրան Լևոնյան |
Պարգևներ | |
Gohar Gasparyan (singer) Վիքիպահեստում |
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները։ Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։
Հայրը մասնագիտությամբ իրավաբան էր։ Եղել է Կոմիտասի սաներից մեկը և տիրապետում էր ֆլեյտա գործիքին։ Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և նվագում էր դաշնամուր։ Ուներ մի եղբայր, որը մահացել էր տիֆից։
19-րդ դարի սկզբին ծագած թուրք-եգիպտական առաջին պատերազմին եգիպտացի զորավար Մուհամմադ Ալին (1769-1849), օսմանների դեմ պատերազմելով, հասնում է մինչև Խարբերդ, Չնքուշ գյուղ։ Եգիպտացի զինվորների շրջանում սկսվում է տիֆի համաճարակ։ Մուհամմադ Ալիի զորքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Միշել Խաչատուրյանը։ Գերմանիայում ուսանած երիտասարդ բժիշկը, ով Գոհար Գասպարյանի հոր պապն էր, կարողանում է բուժել հիվանդ զինվորներին։ Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ինչից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք։ Մուհամմադ Ալին ցանկանում էր պարգևատրել երիտասարդ բժշկին իր կատարած ծառայությունների դիմաց, սակայն նա հրաժարվում է՝ խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Կահիրե։ Այնուհետև նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ[5]։
Գոհար Գասպարյանի մանկությունն անցել է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր իր քրոջ համար և որպես օժիտ տվել էր 30 ուղտ։ Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հա կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի չափ ծառաներով ու բանվորներով հանդերձ, մնացին Գոհարի մանկության հիշողության անբաժանելի մասը[6]։
Ազգակցական կապեր է ունեցել գրող, փիլիսոփա, բառարանագիր Եղիա Տեմիրճիպաշյանի հետ։
1948 թվականին իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ 1949 թվականին Երևանում ծնվել է նրանց դուստրը՝ Սեդա Գասպարյանը։ 1956 թվականին նրանք ամուսնալուծվել են և նույն թվականի հունիսի 9-ին Մոսկվայում նա ամուսնացել է անվանի օպերային երգիչ, ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին, ով մեկն է դառնում այն 11 երեխաներից, որոնք մահանում են այդ նույն օրը բժիշկների անփութության պատճառով։ Գոհար Գասպարյանը խոստովանել է, որ ամեն անգամ օրորոցային երգելիս որդուն է հիշել ու արցունքներով հեռացել բեմից։
Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ Այնուհետև սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում[7]։ Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից։
1940 թվականից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ Ռադիոյի ղեկավարությունը բացառության կարգով խախտեց ռադիոյի կանոնադրությունը, ըստ որի մեներգիչներ կարող էին լինել բացառապես մուսուլմանները։ 1948 թվականին հրավեր է ստանում Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է «Լակմե»-ի դերերգով համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և այլուր։ Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում՝ Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Grand Opéra», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր։ Նրան անվանել են «Հայաստանի սոխակ»։
Երկար տարիներ նրան նվագակցել են Էլեոնորա Ոսկանյանը, Լևոն Աբրահամյանը, ինչպես նաև Հարություն Փափազյանը։
Հարուստ է եղել Գոհար Գասպարյանի երգացանկը՝ հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ու փոքրածավալ ստեղծագործություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր։
Տիրապետում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին։
1962-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ (Օլգա Զաքարյան, Ռաֆայել Հակոբյանց, Դավիթ Վարժապետյան, Էլլադա Չախոյան, Շաքե Ասչյան, Գայանե Գրիգորյան, Վարդուհի Խաչատրյան, Վարդուհի Աբրահամյան և այլք)։ Նրա ուսանողն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։
Երեք անգամ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի և Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։
Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ։ - Բանաստեղծ Ավետիք Իսահակյան |
Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե։ - Օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյան |
Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն։ - Օպերային երգչուհի Իրինա Արխիպովա |
Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին։ - Գեղանկարիչ Մարտիրոս Սարյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.