հայ արձակագիր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Վախթանգ Ստեփանի Անանյան (օգոստոսի 8, 1905[1][2], Շամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] - մարտի 4, 1980[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968 թ.)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար), Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1974), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ[4]։
Վախթանգ Անանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1905[1][2] |
Ծննդավայր | Շամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | մարտի 4, 1980[1][2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[3] |
Աշխատավայր | Մաճկալ[3], Սոցիալիստական գյուղատնտեսություն[3] և Կոլխոզնիկ[3] |
Պարգևներ | |
Զավակներ | Նելլի Անանյան |
Վախթանգ Անանյան Վիքիքաղվածքում | |
Վախթանգ Անանյան Վիքիդարանում | |
Vakhtang Ananyan Վիքիպահեստում |
Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 8-ին Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.
Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։ |
1926 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931 թվականներ), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935 թվականներ) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935 թ.)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970 թ.)։
ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։
1941 թվականին նա մասնակցել է Երկրորդ աշխարհամարտում։
1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։
Վախթանգ Անանյանը մահացել է 1980 թ.-ին Երևանում։
Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։
Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927 թվականին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930 թվականին։
1934 թվականին հրատարակվեց «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։
Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951 թվական) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։
1947-1966 թվականներին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն - մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.
Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…։ |
Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։
Հայաստանի կենդանիների մասին ընթերցողներին բազմակողմանի ծանոթացում է տալիս գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 – 4, 1961-1967 թվականներ) աշխատությունը։
«Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը ինչ–որ իմաստով ինքնակենսագրական են. նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը։
Մեր գրականության մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Սա ասում է այն մասին, որ Անանյան գրողը կարողացել է նաև այլ ազգի ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնել բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։
Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957 թվականներ)։
Անանյանն ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.