Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ նյութ, դրանք կենտրոնական նյարդային համակարգի այն մասերն են, որոնք հիմնականում կազմված են միելինապատ աքսոններից։ Նրանց անվանում են նաև հաղորդչական ուղիներ[2]։ Սպիտակ նյութը հաղորդում է գործողության պոտենցիալները նյարդային համակարգում, և իրար է կապում նյարդային համակարգի տարբեր հատվածներ[3]։ Սպիտակ նյութը այդպես է կոչվել իր համեմատաբար ավելի բաց երանգ ունենալու շնորհիվ, ինչը միելինի բարձր պարունակության արդյունք է։ Նոր կտրված ուղեղի հյուսվածքը ունի վարդագույն երանգ, ինչը մազանոթների վնասվելու պատճառով է լինում։ Սպիտակ երանգ ստանում է ֆորմալդեհիդի մեջ պահպանման ժամանակ։
Սպիտակ նյութ | |
---|---|
Մանրադիտակային պատկեր, որը ցույց է տալիս սպիտակ նյութին բնորոշ ցանցանման կառուցվածքը (ձախ կողմում, վարդագույնի ավելի բաց երանգով), և գորշ նյութը (երևում են նեյրոնները, վարդագույնի ավելի մուգ երանգով)։ Ներկված է հեմատոքսիլին-էոզինով։ | |
Ուղեղի պրեպարատ։ Երևում է գորշ նյութը (մակերեսայնորեն դասավորված) և սպիտակ նյութը (խորանիստ դասավորությամբ)։ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | cell part cluster of neuraxis?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | գլխուղեղ |
MeSH | A08.186.211.204 և A08.186.854.880 |
Foundational Model of Anatomy | 83929 |
Terminologia Anatomica 98 | A14.1.00.009, A14.1.02.024, A14.1.02.201, A14.1.04.101, A14.1.05.102, A14.1.05.302 և A14.1.06.201 |
White matter Վիքիպահեստում |
Սպիտակ նյութը կազմված է խրձերից, որոնք միացնում են իրար ուղեղի գորշ նյութի (նեյրոններ պարունակող) տարբեր մասեր, և փոխանցում են նյարդային ազդակ։ Միելինը գործում է որպես մեկուսիչ, ինչի շնորհիվ աքսոնով փոխանցվող էլեկտրական ազդակի արագությունը մեծանում է[4]։
Ուղեղի մյուս կարևոր բաղկացուցիչը դա գորշ նյութն է (իրականում ունի վարդագույն երանգ մազանոթների պատճառով), որը կազմված է նեյրոններից։ Սև նյութը դա ուղեղում հայտնաբերված երրորդ գունավորված բաղկացուցիչն է, որը ունի սև գույն մելանինի բարձր քանակ պարունակող դոֆամինէրգիկ բջիջների պատճառով։ Մանրադիտակի տակ դիտելուց սպիտակ նյութը երբեմն կարող է երևալ ավելի մուգ, քան գորշ նյութը՝ ներկման եղանակի հետ կապված։ Սպիտակ նյութը չի պարունակում նեյրոնների մարմիններ, դենդրիտներ, կարճ աքսոններ, որոնք հայտնաբերվում են գորշ նյութի կազմում։
Սպիտակ նյութը կազմում է ուղեղի խորանիստ հատվածների մեծ մասը, և ողնուղեղի մակերեսային մասերը։ Գորշ նյութի կուտակումները սփռված են սպիտակ նյութի մեջ։ Դրանցից են՝ հիմնային կորիզները (պոչավոր կորիզ, կճեպ, դժգույն կորիզ, սև նյութ, սուբթալամիկ կորիզ) և ուղեղի ցողունի կորիզները (կարմիր կորիզ, գանգուղեղային նյարդերի կորիզներ)։
Ուղեղիկը ունի ուղեղին նման կառուցվածք, մակերեսայնորեն դասավորված գորշ նյութի շերտով, խորանիստ սպիտակ նյութով և սպիտակ նյութի մեջ գտնվող գորշ նյութի կուտակումներով, որոնցից են՝ ատամնավոր կորիզը, գնդաձև կորիզը, խցանանման կորիզը և վրանաձև կորիզը։ Հեղուկով լցված փորոքները (Կողմնային փորոքներ, երրորդ փորոք, չորրորդ փորոք) նույնպես գտնվում են սպիտակ նյութի խորքում։
Տղամարդիկ ունեն ավելի շատ սպիտակ նյութ քան թե կանայք։ 20 տարեկանում միելինապատ աքսոնների երկարությունը 176,000կմ է տղամարդկանց մոտ, և 149,000կմ կանանց մոտ[5]։ Տարիքի հետ սպիտակ նյութի գումարային երկարությունը պակասում է։ 80 տարեկան տղամարդու մոտ այն կազմում է 97,200կմ և 82,000կմ կնոջ մոտ[5]։ Քանակի պակասելը հիմնականում պայմանավորված է բարակ թելերի կորստով[5]։
Սպիտակ նյութը հյուսվածք է, որը հաղորդում է տեղեկություն գորշ նյութի տարբեր մասերի միջև։ Սպիտակ նյութը այդ գույնի է միելինի պարունակության պատճառով, որը պատում է աքսոնները։ Միելինը հայտնաբերվում է համարյա թե բոլոր երկար նյարդաթելերում և գործում է որպես էլէկտրական մեկուսիչ։ Դա շատ կարևոր է, որովհետև թույլ է տալիս տեղեկատվությանը արագ հաղորդվել։
Գորշ նյութը հասունանում է 20 տարեկանում, իսկ սպիտակ նյութը շարունակում է աճել մինչև միջին տարիքը[6]։
Ցրված սկլերոզը սպիտակ նյութը ախտահարող ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է։ Այդ հիվանդության ժամանակ աքսոնները շրջապատող միելինը քայքայվում է բորբոքման արդյունքում։
Ալկոհոլի օգտագործման հետ կապված հիվանդությունների ժամանակ սպիտակ նյութի քանակը պակասում է[7]։ Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ ալկոհոլի օգտագործումը պակասեցնում է սպիտակ նյութի քանակը օլիգոդենդրոցիտների վնասման պատճառով։ Օլիգոդենդրոցիտները պատում են աքսոնները և պարունակում են միելին[8]։
Սպիտակ նյութում դիտվող ամիլոիդների կուտակումը կապված է Ալցհեյմերի հիվանդության և այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ։ Սպիտակ նյութի վնասումները հիմնականում դարձելի են, բայց գորշ նյութի վնասումները հաճախ լինում են անդարձելի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.