From Wikipedia, the free encyclopedia
Սիրտանոթային հիվանդություն, հիվանդությունների խումբ, որը ներառում է սրտի և արյունատար անոթների ախտահարումը[1]։ Սիրտանոթային հիվանդությունն ներառում է գլխավորապես պսակաձև (կորոնար) անոթների հիվանդությունը, ինչպիսիք են օրինակ՝ կրծքահեղձուկը (ստենոկարդիա) և միոկարդի (սրտամկանի) ինֆարկտը։ Սիրտանոթային հիվանդությունների մեջ ներառված են նաև՝ կաթված, սրտային անբավարարություն, սրտի գերճնշումային հիվանդություն, սրտի ռևմատիկ ախտահարում, կարդիոմիոպաթիա, առիթմիա, սրտի բնածին հիվանդություն, փականային անբավարարություն, կարդիտներ, աորտայի անևրիզմա, ծայրամասային զարկերակների հիվանդություն, թրոմբոէմբոլիկ հիվանդություն և երակային թրոմբոզ[1]։
Սիրտ-անոթային հիվանդություն Cardiovascular disease | |
---|---|
ռիսկի խմբում հիմնականում մեծահասակներն են | |
Տեսակ | Կորոնար (պսակաձև) անոթների հիվանդություն, կաթված, սրտամկանի ինֆարկտ, սրտի գերճնշումային հիվանդություն, սրտի ռևմատիկ ախտահարում, կարդիոմիոպաթիա[1][2] |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-10 | I51.6 |
Բուժում | Գերճնշման կարգավորում, արյան մեջ լիպիդների քանակի կարգավորում, արյան մեջ գյուկոզայի մակարդակի կարգավորում[1] |
Կանխարգելում | Առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի օգտագործման բացառում, ալկոհոլի չափավոր օգտագործում[1] |
Diseases and disorders of the heart Վիքիպահեստում |
Հիվանդության առաջացման մեխանիզմը կախված է հիվանդության տեսակից[1]։ Կորոնար անոթների հիվանդությունը, կաթվածը և ծայրամասային զարկերակների հիվանդությունը ներառում են աթերոսկլերոզը[1]։ Սա կարող է պայմանավորված լինել բարձր զարկերակային ճնշմամբ, ծխախոտի օգտագործմամբ, շաքարային դիաբետով, թերշարժունաությամբ, գիրությամբ, արյան մեջ խոլեստերոլի բարձր պարունակությամբ, սխալ սննդակարգով, ալկոհոլի չարաշահմամբ և այլ պատճառներով[1]։ Սիրտանոթային հիվանդություններից մահվան պատճառ են հանդիսանում գերճնշումային հիվանդությունը 13%, ծխախոտի օգտագործումը 9%, շաքարային դիաբետը 6%, թերշարժունությունը 6% իսկ գիրությունը 5% դեպքերում[1]։ Սրտի ռևմատիկ ախտահարման պատճառ կարող է հանդիսանալ կոկորդի չբուժված կամ թերի բուժված ստրեպտոկոկային ախտահարումը[1]։
Կարելի է ասել, որ սիրտանոթային հիվանդությունների 90%-ը հնարավոր է կանխարգելել[3]։ Աթերոսկլերոզը կարելի է կանխարգելել ռիսկի գործնները նվազեցնելու միջոցով՝ առողջ և ճիշտ սննդակարգի օգտագործում, ֆիզիկական բավարար ակտիվություն, ծխախոտի և ալկոհոլի օգտագործման բացառում[1]։ Ռիսկի գործոնների բուժում՝ արյան բարձր ճնշման կարգավորում, արյան մեջ լիպիդների և գլյուկոզայի քանակի կարգավորում[1]։ Ստրեպտոկոկային վարակների անտիբիոտիկային բուժումը կարող է նվազեցնել ռևմատիկ սրտի առաջացման հավանականությունը։ Ասպիրինի օգտագործումը առողջ մարդկանց շրջանում անօգուտ է[4][5][6]։
Սիրտանոթային հիվանդությունները մահացությամբ զբաղեցնում են առաջին տեղը[1], բացառություն է կազմում Աֆրիկան[1] 2015 թվականին մահացության 17.9 միլիոնը (32.1%) բաժին է ընկնում սիրտանոթային հիվանդությանը, իսկ 1990 թվականին սիրտանոթային հիվանդությունը մահվան պատճառ է հանդիսացել բնակչության 12.3 միլիոնի (25.8%) մոտ[2][7]։ Սիրտանոթային հիվանդությունը մահվան պատճառ է հանդիսանում մեծ մասամբ զարգացող երկներում[8][9]։ Պսակաձև անոթների հիվանդությունը և կաթվածը մահվան են բերում տղամարդականց 80%-ի իսկ կանանց 75%-ի մոտ[1]։ Սիրտանոթային հիվանդությամբ հիմնականում հիվանդանում են մեծահասակները։ ԱՄՆ֊ի բնակչության 20-40 տարեկան անձանց 11%-ի, 40-60 տարեկանների 37%-ի, 60-80 տարեկանների 71%-ի և 80 տարեկանից բարձր տարիքի մարդկանց 85%-ի մոտ հայտանաբերվել է սիրտանոթային հիվանդություն[10]։ Պսակաձև անոթների հիվանդությունից մահանում են զարգացած երկրներում հիմնականում 80 տարեկան մարդիկ, իսկ զարգացող երկրներում՝ 68 տարեկան մարդիկ։ Հիվանդության սկզիբը տղամարդկանց մոտ սկսվում է ավելի վաղ, քան կանանց մոտ։
Սիրտանոթային հիվանդությունների մեծ մասն ընդգրկում է արյունատար անոթները։ Դրանք հաճախ հայտնի են որպես անոթային հիվանդություն։
Սիրտանոթային հիվանդություններ, որոնք ախտահարում են սիրտը՝
Կան բազմաթիվ ռիսկի գործոններ, որոնցից են օրինակ՝ տարիքը, սեռը, ծխախոտամոլությունը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլամոլությունը, անառողջ սնունդը, ճարպակալումը, ժառանգական նախատրամադրվածությունը, ընտանեկան ծանրաբեռնված անամնեզը, գերճնշումը, շաքարային դիաբետը, արյան մեջ խոլեսթերոլի բարձր քանակը, չախտորոշված ցելիակիան, հոգեսոցիալական գործոնները, աղքատությունը, ցածր կրթական մակարդակը և օդի աղտոտվածությունը[12][13][14][15][16]։ Մինչդեռ որոշ ռիսկի գործոններ բնորոշ են մարդկանց փոքր խմբերի, պայմանավորված տվյալ էթնիկ խմբի սովորույթներով և ապրելաոճով[17]։ Ռիսկի գործոններից որոշները, ինչպես օրինակ՝ տարիքը, սեռը, ընտանեկան անամնեզը, գենետիկ նախատրամադրվածությունը հնարավոր չէ կանխարգելել, սակայն սիրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը կարելի է նվազեցնել կենսակերպի փոփոխման, սոցիալական վիճակի բարելավման և դեղորայքային բուժման միջոցով (օրինակ՝ գերճնշման, հիպերլիպիդեմիայի և արյան մեջ գլյուկոզայի քանակի կարգավորում)[18]։ Հավելյալ քաշով հիվանդները կորոնար անոթների աթերոսկլերոզի առաջացման ռիսկի խմբում են[19]։
Գենետիկ գործոնները ազդում են սիրտանոթային հիվանդությունների զարգացմանը 55 տարեկանից ցածր տարիքի տղամարդկանց և 65 տարեկանից ցածր տարիքի կանանց շրջանում[18]։ Սիրտանոթային հիվանդության առաջացման հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է այն անձանց շրջանում, ում ծնողները ևս ունեցել են սիրտանոթային հիվանդություն[20][21][22][22]։
Տարիքը սիրտանոթային հիվանդությունների զարգացման ամանակրևոր ռիսկի գործոններից է, քանի որ կյանքի յուրաքանչյուր հաջորդ տասնամյակում եռապատկվում է սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը[23]։ Պսակաձև անոթներին ճարպային շերտի առաջացումը կարող է սկսվել դեռևս պատանեկության տարիքից[24]։ Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ կորոնար հիվանդությունից մահացողների 82%֊ը 65 տարեկանից մեծ է[25]։ Միաժամանակ 55 տարեկանից հետո յուրաքանչյուր տասնամյակ կրկնապատկվում է կաթվածի հավանականությունը[26]։
Կան բազմաթիվ վարկածներ, որոնք բացատրում են սիրտանոթային հիվանդության առաջացման գործում տարիքի ռիսկի գործոն լինելու պատճառները։ Դրանցից մեկը կապված է շիճուկային խոլեստերոլի քանակի հետ[27]։ Բնակչության մեծ մասի մոտ շիճուկային խոլեստերոլի ընդհանուր քանակն ավելանում է տարիքի մեծացմանը զուգընթաց։ Տղամարդկանց մոտ խոլեստերոլի քանակի ավելացում դիտվում է 45-50 տարեկան հասակում։ Կանանց դեպքում խոլեստերոլի քանաի բարձրացումը շարունակվում է մինչև 60-65 տարեկան հասակը[27]։
Տարիքային առանձնահատկությամբ է պայմանավորված նաև անոթի պատի մեխանիկական և կառուցվածքային փոփոխությունները, ինչպես օրինակ զարկերակների էլաստիկության կորուստը[28]։
Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում սիրտանոթային հիվանդությամբ, քան նախադաշտանադադարային տարիքի կանայք[23][29]։ Դաշտանադադարից հետո կանանց և տղամարդկանց հիվանդացության մակարդակը գրեթե նույնն է[23] Չնայած այս փաստը վիճարկելի է այնքանով, որ շաքարային դիաբետով կանայք ավելի հակված են սիրտանոթային հիվանդությամբ հիվանդանալու, քան շաքարային դիաբետով տղամարդկանց մոտ[30]։
Միջին տարիքի մարդկանց շրջանում գրանցվել է տղամարդկանց հիվանդացության 2-5 անգամ ավելի բարձր մակարդակ, քան կանանց մոտ[27] Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատություններում նկարագրվում է, որ սեռով պայմանավորված մահացության մոտավորապես 40% բաժին է ընկնում սիրտանոթային հիվանդություններին[31]։ Մեկ այլ աշխատության մեջ նկարագրվում է, որ սեռային տարբերությամբ է պայմանավորված սիրտանոթային հիվանդություններով հիվանացության դեպքերի մոտ կեսը[27]։ Առաջարկված տեսություններից մեկում էլ նկարագրվում է, որ սեռային տարբերությամբ պայմանավորված սիրտանոթային հիվադնացության պատճառներից մեկը հորմոնալ տարբերությունն է, գլխավորապես պայմանավորված կանանց մոտ էստրոգենների արտադրությամբ[27]։ Էստրոգենը կարող է հանդիսանալ գլյուկոզի մետաբոլիզմի ու հեմոստատիկ համակարգի խթանիչ, և կարող է դրական ազդեցություն ունենալ էնդոթելիալ բջիջների ֆունկցիայի վրա[27]։ Էստրոգենների արտադրությունը նվազում է մենոպաուզալ շրջանից հետո, որը կարող է պատճառ հանդիսանալ կանանց մոտ աթերոգեն հատկությունների ավելացման՝ նվազում է բարձր խտության լիպոպրոտեինների քանակը և բարձրանում է ցածր խտության լիպոպրոտեինների քանակը[27]։
Տղամարդկանց և կանանց միջև կա նշանակալի տարբերություն քաշի, հասակի, մարմնի ճարպի տեղաբաշխման, սրտի զարկերի և կաթվածի հավանականության առաջացման մեջ[28]։ Ավելի մեծ տարիքում ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց մոտ ավելի արտահայտված է խոշոր զարկերակների պուլսացիան և կարծրացումը՝ պայմանավորված տարիքային առանձնահատկություններով[28]։ Սա կարող է պայմանավորված լինել կանանց մոտ մարմնի և զարկերակների համեմատաբար փոքր չափերով, պետք է նշել, որ այս առանձնահատկությունը մենոպաուզա անկախ է[28]։
Առողջության վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը[1] Սիրտանոթային հիվանդությունների մոտ 10%֊ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ[1], այնուամենայնիվ այն մարդիկ, ովքեր դադարեցնում են ծխախոտի օգտագործումը մինչև 30 տարեկան հասակը նրանց մոտ սիրտանոթային հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը այնքան ցածր է լինում, որքան երբեք ծխախոտ չօգտագործածների մոտ[32]։
Սիրտանոթային հիվանդությունից մահվան պատճառների մեջ ողջ բնակչության շրջանում չորրորդ տեղն է զբաղեցնում ֆիզիկական թերակտիվությունը և բնակչության նստակյաց կյանք վարելը[1]։ 2018 թվականի տվյալներով 15 տարեկանից բարձր տարիք ունեցող բնակչության 31.3%(28.2% տղամարդիկ և 34.4% կանայք) ունեն անբավարար ֆիզիկական ակտիվություն[1]։ Սրտի իշեմիկ հիվանդության և շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը ավելի ցածր է յուրաքանչյուր երրորդ մեծահասակի մոտ, ով ցուցաբերում է 150 րոպե ֆիզիկական ակտիվություն յուրաքանչյուր շաբաթ[33]։ Ֆիզիկական բարձր ակտիվությունը նպաստում է նաև հավելյալ քաշի նվազման, արյան մեջ գլյուկոզայի քանակի, արյան ճնշման, լիպիդային փոխանակության և ինսուլինզգայունության կարգավորմանը[1]։
Սննդակարգում ճարպերով հագեցած և աղի մեծ չափաբաժնով օգտագործումը, իսկ մրգերի, բանջարեղենի և ձկների քիչ քանակով օգտագործելը կարող է բարձրացնել սիրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նկարագրում է մահվան դեպքերի 1.7միլիոն դեպք, որը պայմանավորված է սննդի ռացիոնում մրգերի և բանջարեղենի քիչ քանակությամբ[1]։ Աղի քիչ չափաբաժնով կիրառումը կարևոր է արյան ճնշման կարգավորման և սիրտանոթային հիվանդության առաջացման նվազեցման գործում[1]։ Էներգետիկ բարձր արժեք ունեցող սննդամթերքները, որոնցից են ճարպով կամ շաքարով հարուստ սնունդը նպաստում են ճարպակալման առաջացմանը, միաժամանակ մեծացնելով նաև սիրտանոթային հիվանդությամբ հիվանդացության հավանականությունը[1]։ Ըստ Կոքրանի կատարած հետազոտությունների սննդի ռացիոնում կենդանական ճարպի փոխարինումը բուսական յուղերով զգալիորեն նվազեցնում է սիրտանոթային հիվանդության առաջացման հավանականությունը։
Կենդանական ճարպի բացառումը կամ քիչ քանակով օգտագործումը 17%֊ով նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների և կաթվածի առաջացումը[34] Տրանս֊կոնֆիգուրացիայով ճարպերի օգտագործումը բացասաբար է ազդում արյան մեջ լիպիդների և հակաբորբոքային մարկերների[35] շրջանառության վրա, այդ իսկ պատճառով ռիսկի խմբում գտնվող մարդկանց խորհուրդ է տրվում ճարպերով աղքատ դիետա[36][37]։ Ըստ ԱՀԿ֊ի 2018 թվականի տվյալների տրանս֊կոնֆիգուրացիայով ճարպերի օգտագործումը հանգեցնում է կես միլիոն բնակչության մահվան[37]։ Կարևոր է նաև շաքարի քանակի կագավորումը, քանի որ այն կարող է բերել արյան ճնշման բարձրացման և բացասական ազդեցություն ունենալ արյան լիպիդային կազմի վրա[38],։
Շաքարի մեծ չափաբաժիններով կիրառումը կարող է ռիսկի գործոն հանդիսանալ նաև շաքարային դիաբետի առաջացման համար[39]։ Մսամթերքի և աղի չարաշահումը ևս կարող է հանդիսանալ սիրտանոթային հիվանդություն ռիսկի գործոն[40]։
Ալկոհոլի օգտագործման և սիրտանոթային հիվանդությունների առաջացման միջև կապը պայմանավորված է ալկոհոլի օգտագործման քանակով։ Ալկոհոլի չարաշահման դեպքում բարձրանում է հիվանդացության մակարդակը[1] Քիչ չափաբաժնով ալկոհոլի օգտագործումը առանց հարբեցողության էպիզոդների կրճատում է հիվանդանլու հավանակնաությունը[41]։ Պետք է նշել նաև, որ ալկոհոլի օգտագործումը բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ[1][42]։
Քնի այնպիսի խանգարումները ինչպիսիք են ապնոեն և անքնությունը, ինչպես նաև քնի քիչ և շատ երկար տևողությունը, կապված են ավելի բարձր սիրտ-նյութափոխանակային ռիսկի հետ[43]։
Չբուժված ցելիակիան կարող է պատճառ հանդիսանալ սիրտանոթային բազմաթիվ հիվանդությունների առաջացման, որոնցից շատերը կարելի է կանխել գլյուտեն֊անկախ դիետայով բուժման միջոցով։ Այնուամենայնիվ հիվանդության ախտորոշման և բուժման ուշացումը կարող է բերել սրտի անդարձելի ախտահարման[16]։
Սիրտանոթային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են ցածր և միջին զարգացված երկրներում, որը պայմանավորված է բնակչության շրջանում կրթական և ինֆորմացիայի տարածվածության ցածր մակարդակով[44][44][44][45]։ Սոցիալտնտեսական պատճառներին են պատկանում նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի, սննդակարգի և առողջապահական համակարգի ոչ լիարժեք կազմակերպումը[46]։ Բնակչության շրջանում սիրտանոթային հիվանդության հանդիպման հաճախականությունը կարելի է նվազեցնել բնակչության շրջանում կրթական մակարդակի բարձրացմամբ, ճիշտ սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ճիշտ կազմակերպման շնորհիվ[47]։
Պոլյուտանտները ուսումնասիրվել են սրտանոթային համակարգի վրա իրենց ունեցած կարճատև և երկարատև ազդեցության պատճառով։ Ներկայումս PM2.5ը հիմնական օջախն է, որի գրադիենտներն օգտագործվում են սիրտանոթային հիվանդության ռիսկերը որոշելու համար։ Յուրաքանչյուր 10μg/m3֊ը PM2.5֊ից երկարատև ազդեցության պայմաններում սիրտանոթային հիվանդությունից մհացության 8-18% դեպք է գրանցվել[48]։ PM2.5-ով խթանված պսակաձև անոթային հիվանդությունը կանանց մոտ ռիսկի հարաբերականությամբ ավելի բարձր էր (1.42), քան տղամարդկանց մոտ (0,99)[48] Ընդհանուր առմամբ, երկարատև PM ազդեցությունը բարձրացնում է աթերոսկլերոզի և բորբոքման զարգացման հաճախականությունը։ Ինչ վերաբերում է կարճատև ազդեցությանը (2 ժամ), յուրաքանչյուր 25μg/m3֊ը PM2.5֊ից նպաստում է սիրտանոթային հիվանդությամբ մահացության ռիսկի 48%-ով աճին[49]։ Ազդեցության ընդամենը 5 օրվա ընթացքում, նկատվեց սիստոլիկ (2.8mmHg) և դիաստոլիկ (2.7 mmHg)արյան ճնշման բարձրացում յուրաքանչյուր 10,5μg/m3֊ը PM2.5֊ից[49]։ Մեկ այլ հետազոտություն ներառել է PM2.5֊ի ազդեցությունը ոչ կանոնավոր սրտի զարկերի համար, նվազեցրել է սրտի զարկերի հաճախականության փոփոխությունը և ամենակարևորը, սրտի կանգը[49][50]։ PM2.5-ը կապված է նաև քնային զարկերակների հաստացման և սուր միոկարդիալ կաթվածի ռիսկի աճի հետ[49][50]։
Սիրտանոթային հիվանդության առկայությունը կամ գրանցված նախորդ դեպքերը, ինչպես օրինակ սրտամկանի ինֆարկտը վկայում են հետագայում սիրտանոթային հիվանդությունների առաջացման մեծ հավանականության մասին[51]։ Տարիքը, սեռը, ծխախոտի օգտագործումը, արյան ճնշումը, արյան լիպիդային կազմը ինչպես նաև շաքարային դիաբետի առկայությունը հզոր նախատրամադրող գործոններ են սիրտանոթային հիվանդությունների առաջացման գործում[52]։ Այս և այլ գործոններ կարող են միաժամանակ ազդել և ավելի մեծացնել սիրտանոթային հիվանդության առաջացման հավանականությունը[51][53]։ Կան որոշ դիագնոստիկ թեստեր և բիոմարկերներ, որոնք նպաստում են հիվանդության առաջացման հավանականությունը գնահատելու ժամանակ, սակայան չեն հանդիսանում ռուտին միջոց։ Դրանք ներառում են՝ ընտանեկան անամնեզը, պսակաձև անոթների կալցիֆիկացիայի աստիճանը, C-ռեակտիվ սպիտակուցի բարձր պարունակությունը, արյան մեջ լիպոպրոտեինների տեսակներն ու քանակը, ֆիբրինոգենի և արյան սպիտակ տարրերի պարունակությունը, նատրիուրետիկ պեպտիդի, երիկամի ֆունկցիան գնահատող մարկերների քանակի որոշումը[54][55][56]։
Չկան բավականաչափ տվյալներ աշխատանքի և սիրտանոթային հիվանդության առաջացման միջև առկա կապի մասին, սակայն կան տվյալներ որոնց համաձայան թույների ներգործության, էքստերմալ տաք և սառը միջավայրերի, ծխախոտամոլության, հոգեկան անկայուն վիճակների՝ սթրեսի, դեպրեսիայի դեպքում մեծանում է հիվանդացության հավանականությունը[57]։
Ըստ 2015 թվականի տվյալների առանձնացված են հետևյալ ռիսկի գործոնները[58]՝
Մասնագիտությամբ պայմանավորված ռիսկի խմբին են պատկանում նաև իոնիզացնող ճառագայթներով աշխատող մարդիկ[58] Գերճնշման առաջացման հավանականությունը բարձր է գիշերային հերթափոխով աշխատողների և ծանր աշխատանք կատարողների մոտ[58][58]։
2017 թվականի տվյալներով ապացուցված է սիլիկատների, գազային արտանետումների և եռակցման հետ կապված սիրտանոթային հիվանդությունների առաջացման միջև կապը[59]։ Կապ կա նաև մկնդեղի, բենզպիրենի, կապարի, պայթուցիկների, ածխածնի երկօքսիդի, ածխածնի մոնօքսիդի և այլ քիմիական վնասակար նյութերի հետ աշխատողների մոտ սիրտանոթային հիվանդության առաջացման մեջ[59][59][59]։ Սիլիկատների և ազբեստի հետ աշխատանքը կարող է բերել նաև թոքային սրտի առաջացման[59]։
2017 թվականի տվյալներով պարզված է, որ լեյկեմիան, որը կապված է արյան սպիտակ տարրերի մուտացիայի հետ կարող է մեծացնել սիրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Հետազոտություններ են անցակացվում պարզելու գենետիկ մուտացիայի, կլոնալ հեմատոպոեզի և սիրտանոթային հիվանդությունից մահացության միջև կապը[60]։
Պոպուլյացիայի շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ աթերոսկլերոզը, որը սիրտանոթային հիվանդության առաջացման գլխավոր պատճառն է սկսվում է դեռևս վաղ տարիքից։ Պաթանատոմիական հետազոտությունների համաձայն աորտայի ներքին թաղանթի վրա աթերոսկլերոտիկ վահանիկ կարող է առաջանալ սկսած 7-9 տարեկան հասակից[62]։
Սա շատ կարևոր է, հաշվի առնելով, որ 3 մարդուց 1- ը մահանում է աթերոսկլերոզի բարդություններից։ Սիրտանոթային հիվանդությունների մասին տեղեկատվության տարածումը թույլ կտա կանխարգելել դրանց զարգացումը։ Ճարպակալումը, շաքարային դիաբետը, երիկամի հիվանդությունները և հիպերխոլեստերոլեմիան կպված են սիրտանոթային հիվանդության հետ, ընդ որում շաքարային դիաբետով հիվանդները 2-4 անգամ ավելի հաճախ են մահանում սիրտանոթային հիվանդություններից, քան առանց շաքարային դիբաետի մարդ[63][64][65][66][67]։
Սկրինինգային ԷԿԳ հետազոտություն (կատարվում է ինչպես հանգստի, այնպես էլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ) խորհուրդ չի տրվում կատարել անախտանիշ մարդկանց շրջանում, ովքեր պատկանում են ռիսկի ցածր խմբին, քանի որ ինֆորմատիվ չէ[68]։ Ներառում է երիտասարդ մարդկանց, ովքեր չեն պատկանում որևէ ռիսկի խմբի[69]։ ԷԿԳ֊ն ախտորոշիչ նշանակություն չունի նաև ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ[68]։ Էխոսրտագրությունը, սցինտիգրաֆիան և սթրես թեստը խորհուրդ չի տրվում կատարել ռիսկի ցածր խմբում գտնվող անձանց մոտ, ովքեր չունեն որևէ գանգատ[70]։
Առողջության համաշխարհային ինստիտուտը խորհուրդ է տալիս 2 տարեկանից սկսած հետազոտել այն երեխաներին, ում ընտանեկան անամնեզում կա սրտային որևէ հիվանդություն կամ լիպիդային փոխանակության խանգարում[71]։ Դա հնարավորություն կտա ռիսկի խմբում գտնվող անձանց վաղ հայտնաբերման և կյանքի որակի բարձրացման ու առողջ ապրելակերպի շնորհիվ կանխել հիվանդության հնարավոր զարգացումը[72]։
Սկրինինգի և առաջնային միջամտության համար ընտրությունը կատարվում է օգտագործելով բազմաթիվ սանդղակներ և հաշվարկելով ռիսկը[73]։ Այս դասակրագումը բաժանում է մարդկանց, ովքեր ստանում են դեղորայք նրանցից, ում մոտ կատարվում է միայն կենսակերպի փոփոխություններ։ Այսպիսի սանդղակների բազմազանությունը շատ մեծ է, սակայն ոչ բոլորի արդյունավետությունն է ապացուցված[74]։ Ռսիկի գնահատումը ունի շատ քիչ զգայունություն առանձին խմբերի համար[73]։
Սիրտանոթային հիվանդությունների առաջացումից 90% դեպքերում հնարավոր է խուսափել ռիսկի գործոնների հնարավոր վերացման կամ կանխարգելման միջոցով[75][76]։ Ներկայումս սիրտանոթային հիվանդությունների կանխարգելումն ներառում է՝
Ուղեցույցների մեծ մասը խորհուրդ է տալիս կիրառել կանխարգելիչ մեթոդների համակցումներ։ 2015 թվականին կատարված Կոքրան ակնարկը հայտնաբերեց որոշակի ապացույցներ, որ միանգամից մի քանի ռիսկի ֆակտորների վրա ազդեցությունը կարող է լինել արդյունավետ, օրինակ՝ զարկերակային ճնշում, մարմնի քաշ և գոտկատեղի շրջագիծ, այնուամենայնիվ փաստերը սահմանափակ էին[91]։ Գերճնշում, դիաբետ, հիպերլիպիդեմիա կամ սիրտանոթային հիվանդության պատմություն չունեցող մարդկանց շրջանում սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները էական նշանակություն չեն ունեցել և, հետևաբար, ցուցված չեն[92]։ Մեկ այլ ակնարկ ցուց է տվել, որ գնահատման սանդղակների կիրառումը կարող է քիչ քանակով նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները։ Այնուամենայնիվ չկա որևէ փաստ, որ այս սանդղակներ ազդեցություն ունեն սիրտանոթային միջադեպերի հաճախականության վրա[93][94]։
Մրգերով և բանջարեղենով հարուստ դիետան կարող է նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների քանակը և մահացության մակարդակը[95]։ Երբեմն նաև առաջարկվում է Միջերկրածովյան դիետա, քանի որ այն ավելի օգտակար և արդյունավետ է, քան ճարպով աղքատ դիետան[96]։ Միջերկրածովային դիետան կարող է խթան հանդիսանալ բազմաթիվ ռիսկի գործոնների վերացման համար, որպես օրինակ կարգավորում է խոլեստերոլի քանակը և զարկերակային ճնշումը[97]։ Հիպերտենզիան կանխարգելելու համար նշանակում են ընդեղենով, ձկով, մրգերով և բանջարեղենով հարուստ, իսկ քաղցրավենիքով,կարմիր մսով և ճարպով աղքատ դիետա, այս դիետան հնարավորություն է տալիս նվազեցնել արյան ճնշումը[98], կարգավորել արյան մեջ խոլեստերինի քանակը[99], և կարգավորել նյութափոխանակությունը[100][101][102]։
Բարձր քանակությամբ տրանս ճարպաթթուների ընդունումը ունի արտահայտված ազդեցություն արյան լիպիդների և բորբոքային մարկերների քանակի վրա[103] և դրանց բացառումը սննդակարգից ցուցված է[104][105]։ 2018 թվականին Առողջության համաշխարհային կազմակերպությունը հաստատեց, որ ճարպաթթուները հանդիսանում են տարեկան մոտ կես միլիոն մահերի պատճառ[105]։
Բարձր կամ նորմալ զարկերակային ճնշմամբ անձանց մոտ աղի քանակի սահմանափակումը չունի ապացուցված արդյունքներ։ Սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ արդյունքներն ավելի խոստումնալից են։ Ապացույցներ կան, որ աղի մեծ քանակով ընդունումը բարձրացնում է սիրտանոթային մահացությունը, ինչպես նաև կաթվածի և ձախ փորոքի գերաճի ռիսկը։
Հակագերճնշումային դեղամիջոցները անկախ տարիքային[106] խմբի պատկանելիությունից, հիվանդանալու ռիսկի հավանականությունից[107] կամ բարձր ճնշման[108] առկայությունից նվազեցնում են ռիսկի խմբում գտնվողների մոտ[90] սիրտանոթային հիվանդության առաջացման հավանականությունը։ Հիմնականում բոլոր հակագերճնշումային դեղերը սիրտանոթային հիվանդության կանխարգելման ժամանակ հավասար ազդեցություն ունեն, սակայան օգտագործման ժամանակ առաջացնում են յուրաքանչյուր դեղին բնորոշ սպեցիֆիկ ելք[109]։ Կարևոր է ճնշման ճիշտ կարգավորումը, քանի որ արյան նորմալ ճնշման պահպանումը նվազեցնում է հիվանդության առաջացման հավանականությունը[109], այդ իսկ պատճառով երբեմն անհրաժեշտ է լինում մի քանի դեղերի համակցում[110]։ Ստատիններն արդյունավետ կերպով նպաստում են սիրտանոթային հիվանդության կանխարգելմանն այն անձանց մոտ, ովքեր անամնեզում ունեն սիրտանոթային հիվանդությամբ հիվանդացության դեպք[111]։ Ռիսկի խմբում գտնվող, սակայն անամնեզում սիրտանոթային հիվանդություն չունեցողների մոտ ստատինները նվազեցնում են մահվան հավանականությունը[112]։ Ըստ Միացիալ Նահանգների ուղեցույցերի ստատիններ կիրառվում են սիրտանոթային հիվանդությամբ հիվանդանալու 12%-ից ավել հավանականություն ունեցողների մոտ[113]։ Վիտամին B3(PP), ը, ֆիբրատները, խոլեստերիլէսթեր փոխակերպող սպիտակուցը կարող են նվազեցնել բարձր խտության լիպոպրոտեինների քանակն արյան մեջ, սակայն չունենան որևէ ազդեցություն հիվանդության ռիսկի նվազեցման գործում, այն մարդկանց մոտ, ովքեր արդեն իսկ կիրառում են ստատիններ[114]։ Հակաշաքարախտային դեղամիջոցները կարղ են նվազեցնել սիրտանոթային հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը շաքարային դիաբետի 2-րդ տիպով հիվանդների շրջանում, սակայն դեռևս չկան այդ կապը հաստատող վերջնական հետազոտություններ[115][116] Ասպիրինի երկարատև կիրառումը ռիսկի ցածր խմբերում կարող է բերել լուրջ արյունահոսությունների առաջացման, այդ իսկ պատճառով ասպիրինը կիրառում են արդեն իսկ առկա սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ[117]։ Քանի որ ասպիրինի կիրառման ժամանակ օգուտ֊վնաս հարաբերակցությունները հավասար են միմյանց, այդ իսկ պատճառով ցածր ռիսկի խմբերում այն կիրառելի չէ[118]։ Խորհուրդ է տրվում ասպիրին կիրառել կանանաց դեպքում 55 տարեկանից իսկ տղամարդկանց դեպքում 45ից ցածր տարիքի մարդկանց, իսկ ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում կիրառվում է հաշվի առնելով օգուտ֊վնաս հարաբերակցությունը[119]։
Հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնար հիվանդությունից մահացության 6%֊ը պայմանավորված է ֆիզիկական թերակտիվությամբ[120]։ Կորքանի հետազոտությունների համաձայն յոգան որոշակի դրական ազդեցություն ունի արյան ճնշման և խոլեստերինի քանակի կարգավորման գործում[121]։
Առողջ սննդակարգը արդյունավետ է, մինչդեռ սննդային այնպիսի հավելումենրի, ինչպիսիք են հակաօքսիդանտները կամ վիտամինները, արդյունավետությունը ապացուցված չէ, որոշ դեպքերում դրանք նույնիսկ կարող են վնասել[122][123][124]։ Հանքային հավելումները նույնպես արդյունավետ չեն[125]։ Նիացինը կարող է բացառություն լինել՝ չափավոր նվազեցնելով սիրտանոթային ռիսկը[126][127]։ Մագնեզիումի հավելումները կարող են նվազեցնել զարկերակային ճնշումը դեղաչափ կախված ձևով[128]։ Այն ցուցված է երկար QT համախտանիշով, փորոքային առիթմիաներով անձանց, ինչպես նաև դիգոքսինի թունավորմամբ պայմանավորված առիթմիաների դեպքում[129]։ Օմեգա-3 ճարպաթթուների արդյունավետությունը ապացուցված չէ[130]։
Սրտային հիվանդությունները բուժելի են սկզբնական կենսակերպի փոփոխությունների դեպքում[1]։ Գրիպը կարող է բարձրացնել սրտամկանի ինֆարկտի և կաթվածի ռիսկը, այդ պատճառով գրիպի դեմ պատվաստումը նվազեցնում է այդ ռիսկերը[131]։
ՍԱՀ-ի համապատասխան բուժման նպատակն է ՍԻ-ի և կաթվածի հաճախականության նվազեցումը՝ հաշվի առնելով ծախս և արդյունավետություն հարաբերությունը[109]։
Սիրտանոթային հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում, բացառությամբ Աֆրիկայի[132]։ 2008 թվականին մահերի 30%- ը առաջացել է սիրտանոթային հիվանդություններ հետևանքով։ Հաստատված է, որ մինչև 2030 թվականը տարեկան 23 միլիոնից ավել մարդ կմահանա այս հիվանդություններից։
Ամբողջ աշխարհում սիրտանոթային հիվանդությունների 60%—ը Հարավային Ասիայում է։ Սա կարող է լինել գենետիկ նախատրամադրվածության և միջավայրի պայմանների հետևանքով[133]։
Սիրտանոթային հիվանդությունների հետազոտությունը սկսվել է դեռևս 18- րդ դարից[134]։ Պատճառները, կանխարգելումը, բուժումը մնում են կենսաբժշկական հետազոտությունների ակտիվ դաշտեր։
Վերջերս ուսումնասիրվում է կապը բորբոքման և աթերոսկլերոզի միջև և նորագույն բուժման մեթոդների արդյունավետությունը[135][136][137]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.