From Wikipedia, the free encyclopedia
Էստրոգեններ, իգական սեռական հորմոններ, պատասխանատու են իգական սեռական համակարգի, երկրորդային սեռական հատկանիշների զարգացման, ինչպես նաև վերարտադրողական ֆունկցիաների իրագործման համար։ Էստրոգեններին կարող են պատկանել նաև բնական կամ սինթետիկ այն նյութերը, որոնք նմանակում են բնական իգական սեռական հորմոնների ազդեցությունները[1]։ 17β-էստրադիոլը ամենաուժեղ և ամենատարածված ներսածին էստրոգենն է, որի նյութափախանակության որոշ արդյունքներ նույնպես օժտված են էստրոգենային ակտիվությամբ։ Որոշ սինթետիկ էստրոգեններ բերանային եղանակով օգտագործվում են որպես հակաբեղմնավորիչներ, հետդաշտանադադարի շրջանում էստրոգենային փոխարինման թերապիայի, տրանսսեքսուալ կանանց հորմոնային փոխարինման թերապիայի ժամանակ։
Էստրոգեն անվանումը ծագել է հունական οἶστρος (oistros բառից) որը բառացի նշանակում է «ներշնչանք», սակայն փոխաբերական իմաստով նշանակում է սեքսուալ կիրք կամ ցանկություն[2] և -gen վերջածանցից, որը նշանակում է «արտադրող»։
Էստրոգենները սինթեզվում են բոլոր ողնաշարավորների[3], ինչպես նաև որոշ միջատների մոտ[4]։ Սա փաստում է, որ էստրոգեններն էվոլյուցիոն առումով բավականին հին հորմոններ են։
Կանանց օրգանիզմում էստրոգենների հիմնական երեք տեսակներն են՝ էստրոնը, էստադիոլը և էստրիոլը։ Էստրոգենների մյուս տեսակը կոչվում է էստետրոլ և այն արտադրվում է հղիության ընթացքում։ Տղամարդկանց օրգանիզմում, որտեղ էստրոգենների քանակը քիչ է, այս հորմոններն ունեն կարևոր ֆիզիոլոգիական նշանակություն[5][6]։
Բոլոր ստերոիդային հորմոնների նման, էստրոգենները հեշտությամբ անցնում են բջիջների թաղանթով։ Բջիջների ներսում սրանք կապվում են էստրոգենային ներբջջային ընկալիչներին, որոնք էլ իրենց հերթին, խթանում են բազմաթիվ գեների էքսպրեսիան[7]։ Ի հավելումն դրա, էստրոգենները կապվում և ակտիվացնում են արագ ազդանշանող թաղանթային էստրոգենային ընկալիչներին (օրինակ՝ G սպիտակուց-կախյալ էստրոգենային ընկալիչ 1 (GPER)[8][9][10]:
Կանանց օրգանիզմում էստրոգենների հիմնական երեք տեսակներն են՝ էստրոնը (E1), էստրադիոլը (E2) և էստրիոլը (E3): Էստրադիոլը գերակշռող է վերարտադրողական շրջանում՝ թե ակտիվության, թե քանակական տեսակետից։ Դաշտանադադարի ժամանակ արյան մեջ գերակշռում է էստրոնը, իսկ հղիության ժամանակ հիմնական շրջանառվող էստրոգենը էստրիոլն է։
Էստրադիոլը համարվում է ամենահզոր էստրոգենը․ սրա ակտիվությունը 80 անգամ գերազանցում է էստրիոլի ակտիվությանը[11]։ Այսպիսով, էստրադիոլը ամենակարևոր էստրոգենն է ոչ հղի կանանց համար առաջին դաշտանի (մենարխե) և դաշտանադադարի միջև շրջանում։ Սակայն հղիության ժամանակ մեծանում է էստրիոլի դերը, իսկ հետդաշտանադադարի ժամանակ էստրոնը դառնում է օրգանիզմի հիմնական էստրոգենը։ Էստրոգենների մյուս տեսակը՝ էստետրոլը (E4) արտադրվում է միայն հղիության ժամանակ։
Էստրոգենների բոլոր տեսակները սինթեզվում են անդրոգեններից, հատկապես տեստոստերոնից և անդրոստենեդիոնից, արոմատազ ֆերմենտի ազդեցությամբ։
Կան նաև այլ ներսածին էստրոգեններ, որոնք մասնավորապես, չեն սինթեզվում արոմատազի մասնակցությամբ։ Սրանցից են 27-հիդօքսիխոլեստերոլը, դեհիդրոեպիանդոստերոնը (ԴՀԵԱ), 7-օքսո-ԴՀԵԱ, 7α-հիդօքսի-ԴՀԵԱ, 16α-հիդօքսի-ԴՀԵԱ, 7β-հիդօքսիեպիանդոստերոնը, Δ4-անդրոստենեդիոնը, Δ5-անդրոստենեդիոլը, 3α-անդրոստենեդիոլը և 3β-անդրոստենեդիոլը, որոնք նույնպես ունեն կարևոր նշանակություն օրգանիզմի համար[12][13]։
Էստրոնի նյութափոխանակության որոշ արգասիքներ (2-հիդրօքսիէստրոն, 16-հիդրօքսիէստրոն) նույնպես համարվում են թույլ ակտիվությամբ էստրոգեններ։
Էստրադիոլը, էստրոնը և էստրիոլն օգտագործվում են որպես դեղամիջոցներ։ էստետրոլը դեռ ուսումնասիրվում է այս տեսակետից և դեռևս ոչ մի երկրում թույլատրված չէ նրա օգտագործումը որպես դեղամիջոց :
Սինթետիկ էստրոգենային էսթերների տարբեր տեսակներ (էստրադիոլ ցիպիոնատ, էստրադիոլ վալերատ, էստրադիոլ ացետատ, էստրադիոլ բենզոատ) օգտագործվում են կլինիկական բնագավառում։ Վերոհիշյալ նյութերը հանդես են գալիս որպես էստրադիոլի նախադեղեր։ Էստրոնի և էստրիոլի էսթերները նույնպես կիրառվում են կլինիկական բժշկությունում։
Էթինիլ էստրադիոլը էստրադիոլի ամենահզոր սինթետիկ համարժեքն է, որը լայնորեն կիրառվում է որպես հոմոնային հակաբեղմնավորիչ։ Մեստրանոլը, մոքսեստրոլը և քուինեստրոլը էթինիլ էստրադիոլի տարատեսակներն են և նույնպես կիրառվում են կլինիկայում։
Կոնյուգացված ձիու էստրոգենները (օրինակ՝ պրեմարին), որոնք ստացվում են հղի զամբիկների մեզից, ներառում են նաև բնական ստերոիդային էստրոգեններ էքուիլին և էքուիլենին, ինչպես նաև էստրոն սուլֆատ (վերջինս ոչ ակտիվ է և ակտիվանում է էստրոնի ձևափոխման ժամանակ)։
Տեստոստերոնը, որը նաև դեղամիջոց է, բարձր չափաքանակներով կարող է թողնել նշանակալի էստրոգենային ազդեցություն և առաջացնել գինեկոմաստիա։ Սա հատուկ է նաև որոշ սինթետիկ անաբոլիկ ստերոիդներին։
ԴՀԵԱ-ն, որպես սննդային հավելում, առանց դեղատոմսի վաճառվում է դեղատներում։
Դիէթիլստիլբեստրոլը ոչ ստերոիդային ծագման էստրոգեն է, որն այլևս չի օգտագործվում բժշկության մեջ։ Այն մտնում է ստիլբեստրոլ խմբի մեջ։ Կլինիկայում օգտագործվում են հետևյալ ստիլբեստրոլային էստրոգենները․ բենզեստորլ, դիենեստրոլ, դիենեստրոլ ացետատ, դիէթիլստիլբեստրոլ ացետատ, դիէթիլստիլբեստրոլ դիպրպիոնատ, ֆոսֆեստորլ, հեքսեստրոլ, մեթեստրոլ դիպրոպիոնատ։
Քլորոտրիանիսեն (Chlorotrianisene), մեթալլենէստրիլը և դոյսինոէստրոլը ոչ ստերոիդային էստրոգեններն են, որոնք կառուցվածքով տարբերվում են ստիլբեստրոլից և օգտագործվել են կլինիկայում։
Առանձնացվել են էստրոգենային ակտիվության օժտված բնական և սինթետիկ ծագման տարբեր նյութեր․[14]
Հակաէստրոգենները էստրոգենային ընկալիչների անտագոնիստներ են։ Ընտրողական էստրոգենային ընկալիչների մոդուլյատորները (Selective estrogen receptor modulators) էստրոգենային ընկալիչների մասնակի ագոնիստներ են և ունեն էստրոգենային ու հակաէստրոգենային ազդեցություն հյուսվածքների վրա։ Ընտրողական էստրոգենային ընկալիչների մոդուլյատորներներից են տամոքսիֆենը, կլոմիֆենը, ռալոքսիֆենը։ Ֆուլվեստրանտը էստրոգենային ընկալիչների համար համարվում է լռակյաց անտագոնիստ։
Կանանց օրգանիզմում էստրոգենները սինթեզվում են ձվարաններում, հղիության ընթացքում՝ ընկերքում։ Ֆոլիկուլախթանիչ հորմոնը խթանում է ձվարանների ֆոլիկուլային բջիջների և դեղին մարմնի կողմից էստրոգենների արտադրությունը։ Որոշակի քանակի էստրոգեններ են սինթեզվում նաև լյարդում, մակերիկամներում, կաթնագեղձում։ Էստրոգենների այս երկրորդային աղբյուրները հատկապես կարևոր են նախադաշտանային շրջանի կանանց համար։ Էստրոգեններ են սինթեզվում նաև ճարպային հյուսվածքում[15]։
Կանանց օրգանիզմում էստրոգենների սինթեզը սկսվում է ձվարանների theca interna բջիջներում՝ խոլեսթերինից անդրոստենեդիոնի սինթեզով։ Անդրոստենեդիոնը թույլ անդրոգենային հատկությամբ նյութ է և շատ անդրոգենների, ինչպես նաև էստրոգենների համար համարվում է ելանյութ։ Այս նյութն անցնում է ֆոլիկուլային (հատիկային) բջիջների հիմային թաղանթով դեպի ներս, որտեղ ձևափոխվում է էստրոնի կամ տեստոստերոնի, իսկ այնուհետև՝ էստրադիոլի։ Անդրոստենեդիոնի ձևափոխումը տեստոստերոնի կատալիզվում է 17β-հիդօքսիստերոիդով (17β-HSD), մինչդեռ անդրոստենեդիոնի և տեստոստերոնի ձևափոխումը էստրոնի և էստրադիոլի կատալիզվում է հատիկային բջիջներում առկա արոմատազով։ Դրան հակառակ, հատիկային բջիջներն աղքատ են 17α-հիդօքսիլազով և 17,20-լիազով։ Theca բջիջներն ունեն այդ ֆերմենտից սակայն աղքատ են արոմատազով։ Ուստի, թե հատիկային, թե theca բջիջները կարևոր են ձվարաններում էստրոգենների սինթեզի համար։
Էստրոգենների քանակը տատանվում է դաշտանային ցիկլի ընթացքում և առավելագույնի է հասնում ձվազատման փուլում, ձվազատումից անմիջապես առաջ։
Էստրոգենների ֆունկցիաներն իրագործվում են էստոգենային ընկալիչներով։ Վերջիններս կորիզային ընկալիչներ են, որոնք կապվում են ԴՆԹ-ին և կարգավորում գեների էքսպրեսիան։ Մյուս ստերոիդային հոմոների նման, էստրոգենները հեշտությամբ թափանցում են բջջաթաղանթով, կապվում և ակտիվացնում են ընկալչին։ Էստրոգեն-ընկալիչ համալիրը կապվում է ԴՆԹ-ի յուրահատուկ հատվածին, որը կոչվում է հորմոնի պատասխանի տարր և ակտիվացնում թիրախային գենի տրանսկրիպցիան[16]։ Այսպիսով, էստրոգենների ազդեցությունը պայմանավորված է յուրահատուկ էստրոգենային ընկալիչներով։ Վերջիներս առկա են տարբեր օրգաններում՝ ձվարաներում, արգանդում, կաթնագեղձում։ Հետդաշտանային շրջանում կանանց մոտ էստրոգենների նյութափոխանակային արդյունքները պայմանավորված են էստրոգենային ընկալիչների գենետիկական ձևափոխումներով[17]։
Էստրոգեններն առկա են թե արական, թե իգական օրգանիզմներում, չնայած առավել բարձր քանակներով լինում են վերարտադրողական շրջանում գտնվող կանանց օրգանիզմում։ Սրանք խթանում են կանացի երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը, մասնակցում են էնդոմետրիումի հաստացմանը և դաշտանային ցիկլի այլ գործընթացներին։ Տղամարդկանց օրգանիզմում էստրոգենները կարգավորում են վերարտադրողական որոշ ֆունկցիաներ, որոնք կարևոր են սպերմատոզոիդների զարգացման համար[18][19][20] և անհրաժեշտ են լիբիդոյի համար[21]։ Ի հավելումն վերոնշվածին, կան տարատեսակ փոփոխություններ, որոնք հարուցվում են էստրոգեններով․
Էստրոգենները, աճի հորմոնի և աճի ինսուլինանման գործոն-1-ի հետ միասին, սեռահասունության շրջանում կարևոր դեր են խաղում կրծքագեղձի զարգացման, ինչպես նաև հղիության ժամանակ կրծքագեղձի զարգացման, կաթնարտադրման նախապատրաստման և կրծքով կերակրման հարցում[28][29]։ Էստրոգենները պատասխանատու են կրծքագեղձի ծորանային համակարգի զարգացման, ճարպային հյուսվածքի և շարակցական հյուսվածքի աճի համար[30][30][31][31][32]։ Էստրոգենները շատացնում են պրոգեստերոնային ընկալիչների քանակը կաթնագեղձում և նպաստում պրոլակտինի ազդմանը այդ նույն օրգանում, ինչը նույնպես կարևոր է կաթնագեղձի զարգացման համար[30][31][32][33][34][35][36]։
Անդրոգենների ազդեցությամբ կրծքագեղձում նվազում է էստրոգենային ընկալիչների քանակը, այդ պատճառով կրծքագեղձի վրա անդրոգենների ազդեցությունը հակառակ է ուղղված էստրոգենների ազդեցությանը[37][38]։
Սովորաբար, կանայք ավելի քիչ են տառապում սրտի հիվանդությամբ, քանի որ էստրոգենները կանխում են աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը[39], ինչպես նաև նվազեցնում են անոթների վնասման հավանականությունը[40]։
Էստրոգեններն ունեն հակաբարբոքային հատկություններ և օգնում են արյան նեյտրոֆիլների մոբիլիզացիային[40]։
Էստրոգենները կարևոր դեր են խաղում կանանց հոգեկան առողջության պահպանման հարցում։ Էստրոգենների պակասելը, քանակական կտրուկ տատանումները, կայուն ցածր մակարդակն ազդում են տրամադրության վրա։ Էստրոգենների քանակի նորմալացումը ծննդաբերությունից հետո, դաշտանադադարից առաջ և հետո կարող են նվազեցնել հնարավոր ընկճախտի առաջացման դեպքերը[41][42]։
Առնետների վրա կատարված փորձերը վկայում են, որ նրանց մոտ նկատվող վարքագծային որոշ փոփոխություններ (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) հնարավոր է կարգավորել արոմատազի ավելացման միջոցով, ինչը մեծացնում է էստրոգեննեի քանակը։ Արոմատազի օգտագործումը այն մարդկանց մոտ, ովքեր ունեն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, կարող է արդյունավետ լինել[43]։
Առնետների հիպոկամպում էստրոգենների տեղային ներարկումը թուլացնում է սերոտոնինի հետվերադարձը[44]։
Քանի որ արյան մեջ շրջանառվող էստրոգենները կարող են բացասական հետադարձ կապի միջոցով նվազեցնել ֆոլիկուլախթանիչ և լյուտեինացնող հորմոնների արտադրությունը, բերանով ընդունվող շատ հակաբեղմնավորիչներ պարունակում են սինթետիկ էստրոգեն։ Նույնիսկ տղամարդկանց մոտ, հիմնական հորմոնը, որը ներգրավված է լյուտեինացնող հորմոնի ազդման հետադարձ կապի մեխանիզմում, հանդիսանում է էստրադիոլը, ոչ թե տեստոստերոնը[45][46]։
Էստրոգենները և այլ հորմոններն օգտագործվում են հետդաշտանային շրջանում օստեոպորոզի և դաշտանադադարի այլ ախտանշանների (հեշտոցի չորություն, գլխապտույտ, հոգնածություն, գրգռվածություն և այլն) բուժման նպատակով։ Այս հորմոնների կիրառման դեպքում ոսկրերի կոտրվածքների հավանականությունը նվազում է, դրա փոխարեն մեծանում է ոսկրերի խտությունը։
Մինչև կոնյուգացված ձիու էստրոգենների կողմնակի ազդեցությունների ուսումնասիրումը, ստանդարտ թերապիայի ժամանակ օգտագործվում էր դրանց (օրինակ՝ Պրեմարինի) 0,625 մգ/օր չափաքանակը։ Հետագայում պարզվեց, որ կոնյուգացված ձիու էստրոգենների օգտագործման դեպքում էապես մեծանում է տարեց կանաց մոտ արյան մակարդման հավանականությունը։ Այս հետազոտությունները կատարվել են Կանանց առողջության ինստիտուտի կողմից (Women's Health Initiative)[47]:
Հորմոնային փոխարինման թերապիան դրական է ազդում արյան խոլեստերինի քանակի վրա և կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություների առաջացման ռիսկը, սակայն այս հարցը դեռ քննարկվում է։
Էստրոգենների կողմնակի ազդեցությունների ուսումնասիրման ժամանակ պետք է հաշվի առնել նրանց ներմուծման եղանակները, քանի որ տարբեր եղանակներով օրգանիզմ անցնելու դեպքում նրանց ազդեցությունները նույնպես կարող են տարբեր լինել[48]։
Էստրոգենները կիրառվում են նաև հեշտոցային ատրոֆիայի բուժման, հիպոէստրոգենիզմի, կրտելու և այլ դեպքերում։
Կրծքագեղձի քաղցկեղի մոտավորապես 80% դեպքերում մեծ դեր է խաղում էստրոգենների քանակի ավելացումը։ Սրանք հայտնի են հորմոնազգայուն կամ հորմոն-ընկալիչ-դրական քաղցկեղներ անվանումներով։ Էստրոգենների արտադրության ճնշումը նմանատիպ հիվանդությունների բուժման միջոց է։
Հետազոտողները կարծում են, որ շամպինյոնն ունի հակաարոմատազ[49] և, հնարավոր է, հակաէստրոգենային ազդեցություն։ 2009 թվականին հարավարևելյան Չինաստանում բնիկ 2,018 կանանց ուսումնասիրման ժամանակ պարզվեց, որ այն կանանց մոտ, ովքեր օրական օգտագործում են 10 գրամից ավել թարմ սունկ, կամ 4 գրամից ավել չորացված սունկ, 50%-ով նվազում է կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը։ Չինացի այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են սունկ և կանաչ թեյ, նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերի նվազում շուրջ 90%-ով[50]։ Հարկ է նշել, որ հետազոտությունը ընդգրկում է ոչ մեծ թվով կանանց, ինչպես նաև դրանք կատարվել են միայն Չինաստանում։
Հորմոն-ընկալիչ-դրական քաղցկեղների բուժման ընթացքում օգտագործում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք ճնշում են էստրոգենների արտադրությունը կամ խանգարում դրանց ազդեցությունը[51]։ Այս թերապիան կոչվում է հորմոնային թերապիա կամ հակաէստրոգենային թերապիա (չպետք է շփոթել հորոմային փոխարինման թերապիայի հետ)։ Որոշ սննդամթերքներ (օրինակ՝ սոյան) նույնպես կարող են ճնշել էստրոգենների պրոլիֆերատիվ ազդեցությունները և օգտագործվում են հորմոնային թերապիայի ժամանակ[52]։
Որոշ դեպքերում էստրոգեններն օգտագործվում են տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում[53]։
Էստրոգենները կարող են նպաստել վերքերի լավացմանը[54]։
Ժամանակին էստրոգեններն օգտագործվել են բարձրահասակ աղջիկների մոտ աճը նվազեցնելու համար[55]։ Վերջին ժամանակներս էստրոգեններով աճի ճնշումը կիրառվել է խիստ վիճաբանական Աշլի բուժման (Ashley Treatment) ժամանակ՝ զարգացման հաշմանդամություն ունեցող աղջիկներին հասուն աճի հասնելուն խանգարելու նպատակով[56]։
Էստրոգենները հետազոտական նպատակներով կիրառվում են նաև կանանց նյարդային բուլեմիայի բուժման ընթացքում, որպես կոգնիտիվ-վարքային թերապիայի մի բաղադրիչ, ինչը ստանդարտ գործընթաց է բուլեմիայի բուժման ժամանակ[57]։
Կան տվյալներ, որ էստրոգենները կարող են օգտագործվել նաև լյարդի վասվածքների բուժման ժամանակ[58]։
Էստրոգենների բարձր մակարդակը կարող է հանդիսանալ արտածին էստրոգենների կամ էստրոգենանման նյութերի ներմուծման, կամ էլ ֆիզիոլոգիական գործընթացների արդյունք (օրինակ՝ հղիություն)։ Այս դեպքերում մեծանում է նաև թրոմբոզների առաջացման ռիսկը[59]։
Կան տվյալներ, որ հետդաշտանային շրջանում 50 տարեկանից բարձր այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են 0,625 մգ Պրեմարին կոնյուգացված ձիու էստրոգեն, մեծանում է ինֆարկտի և երակների թրոմբոզի առաջացման հավանականությունը, 65 և ավել տարիքի կանանց մոտ՝ ձեռքբերովի մտավոր հետամնացության առացաջման ռիսկը։ Հետազոտությունները վկայում են, որ հետդաշտանային շրջանում այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են PremPro, մեծանում է սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, կրծքագեղձի քաղցկեղի, թոքային էմբոլիայի առաջացման հավանականությունը[60][61][62]։
ԱՄՆ-ում միայն էստրոգեն պարունակող արտադրանքի պիտակավորումը ներառում է զգուշացում այն մասին, որ ոչ այլընտրանքային էստրոգենային (առանց պրոգեստագենի) թերապիան մեծացնում է արգանդի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այդ տեսակետից 2003 թվականից էստրոգեն կամ էստրոգեն և պրոգեստին պարունակող դեղամիջոցների պիտակներ վրա կատարվել են համապատասխան նշումներ, որտեղ նշվում է տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկների մասին։
Մազերի որոշ շամպուններ պարունակում են էստրոգեններ և պլացենտայի մզվածքներ, մյուսներն ունեն ֆիտոէստրոգեններ։ 1998 թվականին չորս աֆրոամերիկացի դեռահաս աղջիկների մոտ նման շամպուն օգտագործելու արդյունքում առաջացավ կրծքագեղձի մեծացում[63]։ 1993 թվականին Դեղամիջոցների դաշնային գործակալությունը որոշեց, որ ազատ և առանց դեղատոմսի վաճառքի ու հորմոն պարունակող ոչ բոլոր դեղամիջոցներն են անվտանգ և կան կեղծումներ։ Նույնիսկ կա ընդունված կարգ, որ եթե կոսմետիկական միջոցները պարունակում են բնական հորմոններ, ապա դրանք համարվում են դեղամիջոցներ[64]։
1929 թվականին Ադոլֆ Բուտենանդտն ու Էդվարդ Ալբերտ Դոիսը անկախ իրարից առանձնացրեցին և որոշեցին էստրոգենի կառուցվածքը[65]։ Այնուհետև այս հորմոնների ուսումնասիրման դեպքերն ավելացան։
Առաջին բերանային արդյունավետ էստրոգեն Էմմենինը (Emmenin) ստացվեց հղիության վերջին շրջանում գտնվող կանադացի կնոջ մեզից 1930 թվականին Կոլլիպի (Collip) և Այերստի (Ayerst) լաբորատորիայում։ Էստրոգենները ջրալույծ չեն և չեն կարող ընդունվել բերանով, սակայն մեզը պարունակում է էստրիոլ գլյուկուրոնիդ, ինչը ջրալույծ է և ակտիվանում է օրգանիզմում հիդրոլիզից հետո։
Հետազոտողները փորձեցին գտնել էստրոգենների ստացման այլ աղբյուրներ՝ կապված նրանց կիրառման դեպքերի շատացման հետ։ Այդ ժամանակ գերմանական դեղաբանական ընկերություններից մեկը ստեղծեց Էմմենինին համարժեք արտադրանք, որն օգտագործվեց կլիմաքսի շրջանում գտնվող կանանց բուժման համար։
1938 թվականին բրիտանացի գիտնականները ստեղծեցին նոր ոչ ստերոիդային էստրոգեն դիէթիլստիլբեստրոլ, որն ավելի էժան էր և առավել հզոր, քան նախկին էստրոգենները։ Միայն 1941 թվականին էստրոգենային թերապիան վերջնականապես թույլատրվեց Սննդի և դեղամիջոցների գործակալության կողմից դաշտանադադարի ժամանակ նկատվող փոփոխությունների բուժման համար[66]։
Էստրոգենները մտնում են ներզատիչ-քայքայիչ միացությունների (endocrine-disrupting compounds) խմբի մեջ, քանի որ ունեն մեծ ակտիվություն։ Երբ հորմոններն անցնում են արտաքին միջավայր, դրանք կարող են ազդել հատկապես արու առանձնյակների վերարտադրողական ֆունկցիաների վրա[67]։ Ընտանի կենդանիներից արտազատվող էստրոգենը կարող է անցնել ջրի մեջ և այլ օրգանիզմներ[68]։ Սա կարող է ազդել օրինակ արու սեռի ձկների էստրոգենային մակարդակի վրա և առաջ բերել վերարտադրողական խանգարումներ[69][70]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.