From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի Դաշնությունն ունի զանգվածային ոչնչացման զենքեր՝ միջուկային, կենսաբանական և քիմիական։ Ռուսաստանը միջուկային զենք ունեցող այն հինգ տերություններից մեկն է, որը ճանաչված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով։ Այն ունի մոտավորապես 6400 միջուկային մարտագլխիկ՝ միջուկային զենքի ամենամեծ պաշարն աշխարհում[1]։ Աշխարհի 14,000 միջուկային զենքի կեսից ավելին պատկանում է Ռուսաստանին[2]։ Խորհրդային Միությունը, որի իրավահաջորդն է Ռուսաստանի Դաշնությունը, 1986 թվականին հասել է զանգվածային ոչնչացման զենքի պաշարների իր գագաթնակետին՝ շուրջ 45,000 միջուկային մարտագլխիկ[3]։
Խորհրդային Միությունը Ժնևի Արձանագրությունը, որն արգելում է կենսաբանական և քիմիական զենքի օգտագործումը, վավերացրել է 1928 թվականի ապրիլի 5-ին՝ վերապահումներով, որոնք հետագայում՝ 2001 թվականի հունվարի 18-ին հանվել են[4]։ Ռուսաստանը նաև կողմ է 1972 թվականի Կենսաբանական զենքի կոնվենցիային և 1993 թվականի Քիմիական զենքի կոնվենցիային[5][6]։ Խորհրդային Միությունը խախտել է Կենսաբանական զենքի կոնվենցիան իր Կենսաբանական զենքի ծրագրով․ այն եղել է իր տեսակի մեջ աշխարհի ամենամեծ, ամենաերկար և ամենախառը ծրագիրը։ Իր գագաթնակետի ժամանակ նախագծում աշխատել է մինչև 65,000 մարդ։ 1997 թվականին Ռուսաստանը հայտարարել է իր զինանոցում ունեցած 39967 տոննա քիմիական զենքի մասին[7][8]։
1991 թվականին Խորհրդային Միության կազմալուծման ժամանակ խորհրդային միջուկային զենքերը տեղակայվեցին չորս նոր հանրապետություններում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում։ 1992 թվականի մայիսին այս չորս պետությունները ստորագրեցին Լիսաբոնի Արձանագրությունը՝ համաձայնության գալով միանալ միջուկային զենքի չտարածման պայմանագրին, որով Ռուսաստանը ճանաչվում էր Խորհրդային Միության իրավահաջորդ պետություն, այսինքն՝ միջուկային պետություն, իսկ մյուս երեք պետությունները միանում են որպես ոչ միջուկային պետություններ։
Ուկրաինան համաձայնել է զենքը զիջել Ռուսաստանին՝ Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից ուկրաինական տարածքի երաշխիքների դիմաց, որը հայտնի է որպես Բուդապեշտի անվտանգության երաշխիքների հուշագիր։ Չինաստանը և Ֆրանսիան նույնպես հանդես են եկել հուշագրին աջակցելու հայտարարություններով[9]։
Միջուկային մարտագլխիկների ճշգրիտ թիվը պետական գաղտնիք է, ուստի ենթադրությունների մասին է խոսքը։ Ամերիկացի գիտնականների ֆեդերացիան գնահատում է, որ Ռուսաստանն ունի 54,000 միջուկային զենք, մինչդեռ ԱՄՆ-ն ունի 70,000 միջուկային զենք։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն յուրաքանչյուրը 18,600 ակտիվ տեղակայված ռազմավարական միջուկային մարտագլխիկ[10][11]։
ՌՍ-28 Սարմատ[12] (ռուս.՝ РС-28 Сармат; ՆԱՏՕ - ի դասակարգմամբ՝ SATAN 2), ռուսական հեղուկ վառելիքով աշխատող, MIRV (multiple independently targetable reentry vehicle -Բազմակի օգտագործման ինքնուրույն ղեկավարվող մարտագլխիկ) ռուսական մարտագլխիկ՝ հագեցած գերծանր ջերմամիջուկային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, որը մշակվել է Մակեևի հրթիռների նախագծման բյուրոյի կողմից[12], 2009 թվականից[13], նախատեսված է նախորդ՝ R-36 հրթիռի փոխարեն։ Դրա օգտակար ծանրաբեռնվածությունը թույլ կտա տեղակայել մինչև 10 ծանր մարտագլխիկ կամ 15 ավելի թեթևը[14], կամ այդ մարտագլխիկների համադրություն և մեծաքանակ հակազդման միջոցներ, որոնք նախատեսված են հակահրթիռային համակարգերը խոցելու համար[15][16]։ Ռուսական զինուժը հայտարարել է, որ սա պատասխան է ԱՄՆ ռազմական ստրատեգիայի Գլոբալ կայծակնային հարված (Prompt Global Strike, PGS) կոնցեպտին[17]։
2015 թվականին տեղեկատվության արտահոս եղավ, որ Ռուսաստանը պատրաստվում է ստեղծել նոր միջուկային տորպեդո՝ մինչև 100 մեգատոն հզորությամբ բազմաֆունկցիոնալ ինքնագնաց ստորջրյա տրանսպորտային համակարգ[18], որը Պենտագոնում պաշտոնապես հայտնի է «Կանիոն» ծածկագրով[19][20] (նախկին՝ «Статус-6»)[21][22][23]: Այս զենքը նախատեսված է մինչև 500 մ բարձրության հասնող ցունամի ալիք ստեղծելու համար, որը թշնամու ափերի լայն տարածքը կաղտոտի ռադիոակտիվ կոբալտ-60-ով և անձեռնմխելի կլինի հակահրթիռային պաշտպանության համակարգերից, ինչպիսիք են լազերային զենքերը և ռելսատրոնները, որոնք կարող են շարքից հանել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները[20][22][23][24][25]։ Երկու հավանական կրիչ-սուզանավեր՝ Բելգորոդ (նախագիծ 09852)[26] և «Խաբարովսկ» (նախագիծ 09851)[27], համապատասխանաբար 2012 և 2014 թվականներին դրված նոր նավեր են[19][20][28]։ Թվում է, որ «Статус-6» համակարգը կանխարգելիչ զենք է[25][28]։ Այն, կարծես, տորպեդո տեսքով ռոբոտացված մինի-սուզանավ է, որը կարող է շարժվել 185 կմ / ժ (100 kn) արագությամբ[25][28][29]։ Ավելի ուշ ստացված տեղեկատվությամբ այն ունի 100 կմ / ժ (54 kn) առավելագույն արագություն, 10 000 կմ թռիչքի հեռավորություն (6,200 մղոն) և առավելագույնը 1000 մ խորություն (3,300 ֆուտ)[30]։ Ստորջրյա անօդաչու թռչող այս սարքը քողարկված է ակուստիկ հետևող սարքերից խուսանավելու համար նախատեսված տեխնոլոգիայով[22][28]։
2018 թվականի մարտի 1-ին ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ տիրապետում է մի քանի նոր դասի միջուկային զենքի, ներառյալ որոշ հնարավորություններով, որոնց գոյության մասին նախկինում ենթադրվել է։ Պուտինը խոսել է մի քանի նոր կամ նորացված զենքերի մասին, այդ թվում՝ հիպերձայնային սահիկ մեքենա (Boost-glide), որը հայտնի է որպես «Ավանգարդ», որն ունակ է կտրուկ մանևրեր կատարել, որի արագությունը 20 անգամ գերազանցում է ձայնի արագությանը, ինչը «բացարձակապես անխոցելի է դարձնում ցանկացած տեսակի հակահրթիռային պաշտպանության համակարգից»[31]։ Պուտինը նաև ներկայացրել է միջուկային ստորջրյա տորպեդոյի և միջուկային թևավոր հրթիռի («Բուրեվեստնիկ», նախագիծ՝ 9M730) գոյության մասին, երկուսն էլ՝ գործնականում անսահմանափակ հեռահարությամբ։ Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը փորձարկել է «Սարմատ» կոչվող ավանդական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր դասի փորձարկման մասին, որն ընդարձակել է խորհրդային ժամանակաշրջանի «Սատանա» կոչվող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի տիրույթը և բեռնամբարձությունը։ Այս զենքերի անիմացիոն հոլովակները միաժամանակ ցուցադրելով կենդանի լսարանի և հեռուստալսարանի առջև, Պուտինը առաջարկել է առցանց հարցում անցկացնել՝ դրանց պաշտոնական հանրային անուններ ընտրելու համար[32]։
Համաձայն 2010 թվականին հայտարարված ռուսական ռազմական դոկտրինի, Ռուսաստանը միջուկային զենք կարող է օգտագործել
ի պատասխան իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքեր կիրառելու դեպքում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ սովորական զենքի օտագործմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը վտանգված է[33]։ - »Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրին, 2010 |
Ռազմական վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ նման պարագայում Ռուսաստանը հետամուտ կլինի «էսկալացիայից դեպի դեէսկալացիա» ռազմավարությանը՝ նախաձեռնելով սահմանափակ միջուկային փոխանակում՝ հակառակորդներին բանակցային սեղան բերելու համար։ Ռուսաստանը նաև կարող է սպառնալ միջուկային հակամարտությամբ՝ ցանկացած խոշոր կոմֆլիկտի սրացումը խոչընդոտելու նպատակով[34]։
Ռազմական դոկտրինի 2014 թվականի դեկտեմբերի 26-ին[35][36] հրապարակված դոկտրինում թվարկել է մի շարք ռազմական գործողություններ, ներառյալ «գլոբալ հարվածի կոնցեպտի իրականացումը» և «տիեզերքում զենք տեղակայելու մտադրությունը»[37]։ Դրանում նշվում է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերի հիմնական խնդիրներից է․
դիմակայել որոշ պետությունների կամ պետությունների խմբին, որոնք կփորձեն ռազմական գերակայության հասնել ռազմավարական հրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմամբ, տիեզերական տարածությում զենքի տեղակայման կամ ռազմավարական ոչ - միջուկային բարձր ճշգրտության զենքի համակարգերի տեղադրման ճանապարհով[38]։ - «Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրին», 2014 |
Ռուսաստանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) համաձայն հինգ «Միջուկային զենքի պետություններից» (NWS) մեկն է, որը Ռուսաստանը վավերացրել է (որպես Խորհրդային Միություն) 1968 թվականին։
1991 թվականին Խորհրդային Միության լուծարումից հետո Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի տարածքներում մնացին մի շարք խորհրդային դարաշրջանի միջուկային մարտագլխիկներ։ Համաձայն NPT- ի մասին Լիսաբոնի Արձանագրության, և 1995 թվականին Ռուսաստանի, Բելառուսի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համաձայնագրից հետո դրանք փոխանցվեցին Ռուսաստանին՝ թողնելով Ռուսաստանը որպես Խորհրդային միջուկային զինանոցի միակ ժառանգորդ։ Փլուզման պահին Խորհրդային Միությունում կուտակված էր մոտավորապես 45,000 միջուկային զենք։
Խորհրդային Միության փլուզումը թույլ տվեց հարաբերությունների ջերմացում ՆԱՏՕ-ի հետ։ Միջուկային հոլոքոստի վախերը թուլացան։ 1997 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Լեբեդը հայտարարել է 100 «ճամպրուկի չափ» միջուկային զենքի կորստի մասին։ Նա ասել է, որ զենքը գույքագրելու փորձ էր կատարում, երբ աշխատանքից հեռացվել է Նախագահ Բորիս Ելցինի կողմից, 1996 թվականի հոկտեմբերին[39]։ Այդ կապակցությամբ ԱՄՆ մի քանի քաղաքական գործիչներ անհանգստություն են հայտնել և խոստացել են ընդունել օրենք՝ սպառնալիքը վերացնելու վերաբերյալ[40]։
2002 թվականին ԱՄՆ-ն և Ռուսաստանը ըստ «Ռազմավարական հարձակողական կրճատումների մասին պայմանագրի» (Договор о сокращении стратегических наступательных потенциалов - Договор о СНП)[41], պայմանավորվեցին կրճատել իրենց պաշարները մինչև 2700 մարտագլխիկ։ 2003 թվականին ԱՄՆ-ը մերժեց Ռուսաստանի առաջարկները՝ երկու երկրի միջուկային պաշարները նվազեցնելը շարունակելով հասցնել 1500-ի։ Ռուսաստանն իր հերթին հրաժարվեց քննարկել տակտիկական միջուկային զենքի կրճատման հարցը[42]։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դուրս եկավ 1972 թվականի Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից (Anti-Ballistic Missile Treaty), Ռուսաստանը պատասխանեց դրան՝ ավելացնելով իր միջուկային պոտենցիալն այնպես, որ հակակշռի ԱՄՆ հնարավորություններին[43]։
Ռուսաստանը որոշեց չստորագրել «ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելման մասին» պայմանագիրը, որն ընդունվել է 2017 թվականի հուլիսի 7-ին 122 պետությունների կողմից[45]։
Վերլուծաբանների մեծամասնությունը համաձայն է, որ Պուտինի օրոք Ռուսաստանի միջուկային ռազմավարությունը, ի վերջո, հանգեցրել է 1987 թվականի միջին և փոքր հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի խախտմանը (չնայած դա հաստատված չէ)[46]։ Ըստ Ռուսաստանի պաշտոնական տեսակետի՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայելու ամերիկյան որոշումը պայմանագրի խախտում է[47]։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս իրեն պարտավորված չի համարում պայմանագրի դրույթների նկատմամբ, ինչն էլ ավելի մեծացրեց երկու տերությունների միջև միջուկային լարվածությունը[48]։
Տեսակետ կա, որ Ռուսաստանը նպաստել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին՝ նրան վաճառելով միջուկային նյութերի անվտանգ պահեստավորման և փոխադրման սարքավորումներ[49]։ Այնուամենայնիվ, դրանից հետո Ռուսաստանը դատապարտել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները[50]։
Ըստ Ռուսաստանի դաշնության արտաքին հետախուզական ծառայության բարձրաստիճան դեֆեկտոր Սերգեյ Տրետյակովի, մի գործարար իրեն ասել է, որ իր սեփական միջուկային ռումբն ունի իր ամառանոցում՝ Մոսկվայի մեձակայքում[51]։
Ռուսաստանը ջանքեր է գործադրում Աֆրիկայում իր ազդեցիկ հենարանը կառուցելու համար՝ մի քանի միլիարդ ֆունտ վաստակելով զարգացող աֆրիկյան երկրներին միջուկային տեխնոլոգիաներ է վաճառում[52]։
Ստանիսլավ Լունևը՝ Հետախուզական վարչության (ГРУ) ամենաբարձրաստիճան աշխատակից, որը ԽՍՀՄ-ից տեղափոխվել է ԱՄՆ և ծառայել է ՀԴԲ և ԿՀՎ (դասալիք-defector) կառույցներում, նկարագրել է պատերազմի դեպքում Միացյալ Նահանգների դեմ միջուկային դիվերսիայի համար մարտավարական միջուկային զենք օգտագործելու ենթադրյալ խորհրդային ծրագրերը։ Նա նկարագրել է սովետական արտադրության «միջուկային ճամպրուկներ» (suitcase nucs), որոնք հայտնի են որպես RA-115 (կամ RA-115-01 սուզանավերի զենքի համար), որոնց քաշը հիսունից վաթսուն ֆունտ է (23 կգ - 27 կգ)։ Այս շարժական ռումբերը կարող են երկար տարիներ ծառայել, եթե դրանք միացված լինեն էլեկտրական աղբյուրին։ «Էլեկտրաէներգիայի կորստի դեպքում պահուստային մարտկոց կա։ Եթե մարտկոցը լիցքաթափվում է, զենքն ունի հաղորդիչ, որը կոդավորված հաղորդագրություն է ուղարկում՝ կամ արբանյակով, կամ ուղղակիորեն Ռուսաստանի դեսպանատանը կամ հյուպատոսությունում գտնվող Հետախուզական վարչության կետին»[53]։ Ըստ Լունևի, «անհայտ կորած» միջուկային սարքերի քանակը (ըստ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Լեբեդի) «գրեթե նույնական է ռազմավարական նշանակության թիրախների քանակին, որոնց վրա կօգտագործվեն այդ ռումբերը»[53]։
Լունևը պնդել է, որ Շենանդոա հովտի տարածքում ինքն անձամբ փնտրել է զենքի պահուստի համար թաքստոցներ[53]։ Նա ասել է, որ «զարմանալիորեն հեշտ է միջուկային զենք տեղափոխել ԱՄՆ» կամ Մեքսիկայի սահմանով, կամ փոքր տրանսպորտային հրթիռի օգնությամբ, որը կարող է աննկատ մնալ ռուսական ինքնաթիռից արձակվելով[53]։ Լունևի մատնանշած ԱՄՆ տարածքներում (որոնցում նա հավաստիացրել է, որ ինքը երբեք զենք չի տեղադրել), որոնումներ իրականացվել են, «բայց իրավապահ մարմինների աշխատակիցները երբեք չեն գտել այդպիսի զենքերի պահոցներ՝ դյուրակիր միջուկային զենքով կամ առանց դրանց»[54]։
2004 թվականի հարցազրույցում Ռուսաստանի Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի (РВСН РФ) գեներալ-գնդապետ Վիկտոր Եսինը ասել է, որ սովետական փոքրածավալ միջուկային ռումբերն աշխատում են միայն բանակում։ Բոլոր այդպիսի սարքերը պահվել են Ռուսաստանի զենքի պահեստում և այն թողել են միայն դրանք արտադրող գործարանում ստուգումներ անցկացնելու համար[55]։
Խորհրդային Միությունը թաքնված կերպով իրականացնում է աշխարհի ամենամեծ, ամենաերկար և ամենաբարդ կենսաբանական զենքի ծրագիրը[56]։ Ծրագիրը սկսվել է 1920-ականներին և տևել առնվազն մինչև 1992 թվականի սեպտեմբերը, բայց հնարավոր է, որ Ռուսաստանը շարունակել է այն դրանից հետո[56]։ Դրանով Խորհրդային Միությունը խախտել է «Կենսաբանական զենքի կոնվենցիայով» ստանձնած իր պարտավորությունները, որը նա ստորագրել էր 1972 թվականի ապրիլի 10-ին, և վավերացրել էր 1975 թվականի մարտի 26-ին[57]։
1970-ականների սկզբին Խորհրդային Միությունը զգալիորեն ընդլայնել է իր հարձակողական կենսաբանական զենքի ծրագրերը[58]։ 1975 թվականից հետո կենսաբանական զենքի ծրագիրը հիմնականում վարում էր «քաղաքացիական» «Биопрепарат» գիտաարտադրական միավորումը[59], չնայած այն ներառում էր նաև բազմաթիվ օբյեկտներ, որոնք ղեկավարում էին Խորհրդային Պաշտպանության նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը, Քիմիական արդյունաբերության նախարարությունը, Առողջապահության նախարարությունը և Սովետական գիտությունների ակադեմիան[60]։
Ըստ Քեն Ալիբեկի, որը Խորհրդային կենսաբանական զենքի ծրագիրն իրականացնող «Բիոպրեպարատ» («Биопрепарат») գիտաատրադրական միավորման փոխտնօրենն էր, և որը 1992 թվականին փախել էր ԱՄՆ, կենսաբանական զենքերը ստեղծվում էին Սովետական Միության մեկուսացված շրջանների լաբորատորիաներում, ներառյալ՝ Օմուտինինսկ, Պենզա և Պոկրով քաղաքների ռազմականացված հիմնարկություններում, և Մոսկվայի, Շտիրժիի և Վլադիմիրի հետազոտական հաստատություններում։ Այս զենքերը փորձարկվել են Արալյան ծովի «Վերածննդի կղզու» (Վոզրոժդենիա, ներկայումս՝ թերակղզի, որի մի մասը Ղազախստանի, մյուսը՝ Ուզբեկստանի սահմանի վրա է) մի քանի հաստատություններում՝ զենքով օդ կրակելով սյուներին կապված կապիկների վերևում, այնուհետև ուումնասիրում էին կապիկներին վրա ազդեցությունը։ Ըստ Ալիբեկի, չնայած սովետական հարձակողական ծրագիրը պաշտոնապես ավարտվել է 1992 թվականին, սակայն Ռուսաստանը հնարավոր է, որ շարունակում է կենսաբանական զենքի (BWC) արգելված փորձարկումները[60]։
1993 թվականին հայտնի է դարձել Ռուսաստանի Սվերդլովսկ փակ քաղաքից սիբիրախտի արտահոսքի մասին պատմությունը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 1979 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայից 1500 կմ (930 մղոն) դեպի արևելք գտնվող Սվերդլովսկ-16 ռազմական ավանում (նախկինում, իսկ այժմ կրկին՝ Եկատերինբուրգում) սիբիրյան խոցի սպորներ արտադրող լաբորատորիայի աշխատակիցը պաշտպանիչ ֆիլտրը հանել էր լաբորատորիայից և սպորներն արտահոսել են արտաքին միջավայր ու քամու ու ամպերի միջոցով տարածվել[61]։ Մեկ այլ վարկածի համաձայն, կովերն են վարակվել և մարդիկ վարակվել են հիվանդ անասունի մսից։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն, պատահաբար կոտրվել է սպորներով սրվակ։ Իսկ հիվանդությունը ընտրողական էր տարածվում՝ վնասելով հիմանականում զինծառայության տարիքի երիտասարդ տղաներին։ Իրականությունը և մանրամասները ստույգ հայտնի չեն[62]։ Բռնկված համաճարակի արդյունքում, 94 մարդ վարակվել է, որոնցից 64-ը մահացել են վեց շաբաթվա ընթացքում[60]։
Ռուսաստանը ստորագրել է «Քիմիական զենքի մասին կոնվենցիան» 1993 թվականի հունվարի 13-ին, և այն վավերացրել է 1997 թվականի նոյեմբերի 5-ին։ Ռուսաստանը 1997 թվականին հայտարարել է իր զինանոցում 39,967 տոննա քիմիական զենքի առկայության մասին, որը բաղկացած էր.
Վավերացումից հետո երեք տարի քիմիական զենքի ոչնչացման գործողություններ չեն կատարվել, որը պայմանավորված էր 1998 թվականի օգոստոսի Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամով։
Ռուսաստանը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները՝ Քիմիական զենքի կոնվենցիայի սահմանած վերջնաժամկետում, 2002 թվականին՝ ոչնչացնելով իր քիմիական նյութերի 1% -ը[63], բայց խնդրել է տեխնիկական և ֆինանսական օգնություն և քիմիական նյութերի հեռացման բնապահպանական մարտահրավերների պատճառով 2004 և 2007 թվականների վերջնաժամկետների երկարաձգումներ է խնդրել։ Պայմանագրում նշված երկարաձգման այս ընթացակարգն օգտագործվել է այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Լիակատար ոչնչացման երկարացված ժամկետը (2012 թվականի ապրիլ) չի պահպանվել[64]։ 2011 թվականի հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանը ոչնչացրել է իր պաշարների 57% -ը։ Ռուսաստանը ոչնչացրել է նաև իր հայտարարած 2-րդ կարգի (10,616 MT) և 3-րդ կարգի քիմիական նյութերը[8]։
Ռուսաստանը պահեստավորել է իր քիմիական զենքը (կամ անհրաժեշտ քիմիական նյութերը), որը նա հայտարարագրել է CWC- ի շրջանակներում 8 վայրում. Գորնիում (Սարատովի մարզ) (հայտարարագրված պաշարների 2.9% ըստ զանգվածի) և Կամբարկայում (Ուդմուրտիայի Հանրապետություն) (15.9%) պաշարներ արդեն ոչնչացվել են։ Շչուչյեում (Կուրգանի մարզ) (13.6%), Մարադիկովսկիում (Կիրովի մարզ) (17.4%) և Լեոնիդովկայում (Պենզայի մարզ) (17.2%) ավերումներ են տեղի ունենում, իսկ տեղադրումները գտնվում են Պոչեպում (Բրյանսկի մարզ) (18,8%) և Կիզներ (Ուդմուրտիայի Հանրապետություն) (14,2%)[65]։
2017 թվականի սեպտեմբերի 27-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (OPCW) հայտարարել է, որ Ռուսաստանը ոչնչացրել է իր քիմիական զենքի ամբողջ պաշարները[66][67][68]։
Նովիչոկ խմբի մի շարք ագենտներ մշակվել և փորձարկվել են 1970-1980-ականներին, սակայն Խորհրդային Ղազախստանի Պավլոդարի քիմիական գործարանում նախատեսված «Նովիչոկ» զենքի արտադրության հարթակը դեռ կառուցման փուլում էր, երբ 1987 թվականին Քիմիական զենքի կոնվենցիային ընդառաջ, որոշվեց ապամոնտաժել քիմիական զենքի շենքը[69][70]։
2018 թվականի մարտին Գլխավոր հետախուզական վարչության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվեցին Միացյալ Թագավորության Սոլսբերի քաղաքում, որը հետագայում հաստատվեց, որ եղել էր Նովիչոկ[71]։ Միջադեպը նոր բանավեճ առաջացրեց Ռուսաստանի հնարավոր արտադրության և քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ. Միացյալ Թագավորությունը մեղադրում էր Ռուսաստանի կառավարությանը կամ ռուսական սրիկա-գործակալներին հարձակումը կազմակերպելու մեջ, ինչը Ռուսաստանը բազմիցս հերքել է[72]։
2020 թվականի օգոստոսին Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ և հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի Տոմսկ քաղաքում թունավորվեց քիմիական ագենտով, որը հետագայում հաստատվեց, որ Նովիչոկ էր[73]։ Bellingcat, CNN, Der Spiegel և The Insider հետաքննական լրագրության մեջ մասնագիտացած ԶԼՄ-երի համատեղ հետաքննությունը El País պարբերականի ներդրմամբ՝ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությանը (FSB) մեղադրում են նյարդային ագենտով գրեթե մահացու թունավորման մեջ ներգրավված լինելու մեջ[74], փաստ, որը Ռուսաստանը հերքում է։ Ավելի ուշ Նավալնին զանգել է FSB գործակալներից մեկին, որը հավանաբար մաքրման գործողության համար պատասխանատուն էր, որը նշում է, որ իրենց առաջադրանք էր տրված Նովիչոկից մաքրել Նավալնիի վարտիքը[75]։
Ռուսաստանն իր քիմիական զենքի զինանոցը ոչնչացնելու համար ունի մի շարք գործարաններ. Գորնին Սարատովի մարզում, Կամբարկան՝ Ուդմուրտիայում, Լեոնիդովկան՝ Պենզայի մարզում, Մարադիկովսկին՝ Կիրովի մարզում, Շչուչիեն՝ Կուրգանի մարզում և վերջինը՝ Պոկերը, Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի սահմանից 70 կմ հեռավորության վրա, որը կառուցվել է Իտալիայի միջոցներով երկու կողմերի միջև կնքված համաձայնագրով[76][77]։ Ուդմուրտիայի Կիզներ քաղաքում տեղակայված քիմիական նյութերի հեռացման վերջին օբյեկտը բացվել է 2013 թվականի դեկտեմբերին[78]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.