From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ ատոմային նախագիծ, ԽՍՀՄ ատոմային ռումբի ստեղծման նախագիծ, Ատոմային նախագիծ կամ Ուրանային նախագիծ, ԽՍՀՄ ատոմային ծրագրի ռազմական մաս, հիմնարար հետազոտություն, ատոմային ծրագրերի մշակում և դրանց գործնական իրականացում ԽՍՀՄ-ում, որի նպատակն էր միջուկային էներգիան օգտագործել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար։
ԽՍՀՄ ատոմային նախագիծ | |
---|---|
Տեսակ | միջուկային զենքի նախագծեր |
Երկիր | ԽՍՀՄ |
Հիմնադրված | 1943 |
Լուծարված | 1949 |
Նախագծի իրականացման միջոցառումները մեծապես խթանվել են այդ ուղղությամբ այլ երկրների՝ հատկապես Նացիստական Գերմանիայի (Գերմանիայի միջուկային ծրագիր) և ԱՄՆ (Մանհեթենյան նախագիծ) գիտական հիմնարկների գործունեության մասին տեղեկատվություն ունենալուց հետո[1]։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ամերիկյան ինքնաթիռները երկու ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։
Մինչև ատոմային նախագիծը, 1930-1941 թվականներին ատոմի միջուկի վերաբերյալ արդեն կատարվել էին ռադիոքիմիական հիմնարար հետազոտություններ։ Այդ ընթացքում «ԽՍՀՄ ԳԱ միջուկային ֆիզիկայի վերաբերյալ համամիութենական համաժողովներում» ներկայացվում էին ոչ միայն ատոմային ֆիզիկայի, այլև երկրաքիմիայի, ֆիզիկական քիմիայի, անօրգանական քիմիայի և այլ բնագավառներում կատարված խորհրդային և այլ երկրների հետազոտությունները, որոնց մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների հետազոտողներ[2][3]։ 1920-ական թվականներից ԽՍՀՄ-ում միջուկային ֆիզիկայի բնագավառում առաջատար էին համարվում Լենինգրադի ՌԳԱ Վ. Գ. Խլոպինի անվան ռադիումային ինստիտուտը և Ա. Ֆ. Իոֆեի անվան Ֆիզտեխը, Խարկովի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը (ԽՖՏԻ), Մոսկվայի Ն. Ն. Սեմյոնովի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։
Ատոմի միջուկի բնագավառում հեղինակություն էր վայելում Վ. Գ Խլոպինը։ Նշանակալից ներդրում են ունեցել նաև Ռադիումային ինստիտուտից Գ. Ա. Գամովը, Ի. Վ. Կուրչատովը և Լ. Վ. Միսովսկին (Եվրոպայում առաջին ցիկլատրոնի հիմնադիրները[3]), Ֆ. Ֆ. Լանգեն (1940 թվականին ստեղծել է խորհրդային առաջին ԽՖՏԻ ռումբի նախագիծը), ինչպես նաև Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր Ն. Ն. Սեմյոնովը։ Խորհրդային նախագծի ղեկավարն էր Ժողկոմխորհի նախագահ Վ. Մ. Մոլոտովը[4]։
1941 թվականից ատոմային հետազոտություները գաղտնի էին կատարվում[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո ԽՍՀՄ-ում ատոմային հետազոտությունների ծավալները նկատելիորեն կրճատվեցին, այդ թվում միջուկի ճեղքման շղթայական ռեակցիայի ուսումնասիրությունները, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ ակտիվորեն շարունակում էին այդ խնդրի վրա աշխատել։
Դեռևս 1938 թվականին Լենինգրադի Ռադիումային ինստիտուտում ստեղծվել է արհեստական ռադիոակտիվ տարրերի ԽՍՀՄ առաջին լաբորատորիան (բաժնի վարիչ՝ Ա. Ե. Պոլեսիցկի)։ 1939 թվականին հրատարակվել են նեյտորնների ազդեցությամբ ուրանի միջուկի ճեղքման վերաբերյալ Վ. Գ. Խլոպինի, Լ. Վ. Միսովսկու, Ա. Պ. Ժդանովի, Ն. Ա. Պերֆիլովի և այլոց հետազոտական աշխատանքները։ 1940 թվականին Գ. Ն. Ֆլյորովը և Կ. Ա. Պետրժակը հայտնաբերել են միջուկների ինքնաբերաբար տրոհման երևույթը հենվելով ուրանի օրինակի վրա։
Վ. Գ. Խլոպինի ղեկավարությամբ ձևավորվեց ԽՍՀՄ ԳԱ Ուրանային հանձնաժողով։ Հայրենական մեծ պատերազմի պատճառով 1942 թվականին ինստիտուտի տարհանման ընթացքում Ա. Պ. Ժդանովը և Լ. Վ. Միսովսկին հայտնաբերեցին միջուկի տրոհման նոր տեսակ (տիեզերական ճառագայթման բազմալիցք մասնիկների ազդեցությամբ ատոմի միջուկի ամբողջական քայքայում)։ 1943 թվականին Վ. Գ. Խլոպինը ՊՊԿ և ԳԱ նամակ ուղարկեց, որում հիմնավորում էր «ուրանային նախագծին» Ռադիումային ինստիտուտի մասնակցության անհրաժեշտությունը։
Ռադիումային ինստիտուտին վստահվեց մշակել նեյտրոններով ճառագայթահարված ուրանից էկա-ռենիում (Z = 93) և էկա-օսմիում (Z = 94) անջատման տեխնոլոգիաները։ 1945 թվականին ցիկլատրոնի միջոցով ստացվեց խորհրդային առաջին պլուտոնիումը՝ իմպուլսային քանակությամբ։ Բ. Ս. Ջելեպովի ղեկավարությամբ սկսվեցին միջուկի բետա- և գամա-սպեկտրոսկոպիաների վերաբերյալ աշխատանքները։
1946 թվականին Վ. Գ. Խլոպինի ղեկավարությամբ ավարտվեցին ճառագայթված ուրանից պլուտոնիումի ստացման տեխնոլոգիաների մշակման աշխատանքները։ Ռադիումային ինստիտուտը Կիրառական քիմիայի պետական ինստիտուտի (ГИПХ) նախագծողների հետ համատեղ հանձնեց օբյեկտ «Բ» («Կապույտ գիրք» նախագիծ) նախագծային առաջադրանքի տեխնոլոգիական մասը, որը պարունակում էր ռադիոքիմիական գործարանի նախագծման համար անհրաժեշտ բոլոր առաջնային տվյալները։
1947 թվականին Գ. Մ. Տոլմաչովը մշակեց միջուկային պայթյունի ժամանակ միջուկային վառելիքի օգտագործման գործակիցի որոշման ռադիոքիմիական մեթոդը։ 1948 թվականին Ռադիումային ինստիտուտի ղեկավարությամբ և նրա մշակած ացետատային նստվածքային տեխնոլոգիաների հիման վրա Չելյաբինսկում գործարկվեց ԽՍՀՄ առաջին ռադիոքիմիական գործարանը։ 1949 թվականին ստացվեց պլուտոնիումի առաջին խմբաքանակը, որն անհրաժեշտ էր միջուկային զենքի փորձարկման համար։ Կատարվեցին պոլոնիում-բերիլիումային աղբյուրների առաջին մշակումները՝ որպես պատրույգ առաջին սերնդի միջուկային ռումբերի համար[3]։
Արդեն 1941 թվականին ԽՍՀՄ սկսեց տվյալներ ստանալ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ կատարվող գաղտնի գիտա-հետազոտական աշխատանքների մասին, որոնք ուղղված էին ատոմային էներգիան ռազմական նպատակներին ծառայեցնելուն և հզոր կործանարար ուժով ատոմային ռումբի ստեղծմանը։ Այդ ժամանակ ստացված տվյալներից առավել կարևոր փաստաթուղթը բրիտանական «MAUD կոմիտեի» (MAUD Committee) հաշվետվությունն էր, որը ստացվել էր Քեմբրիջյան հնգյակի անդամներից` Դոնալդ Մաքլեյնից, Ջոն Քերնքրոսից, ՆԳԺԿ արտաքին հետախուզական վարչության խողովակով, որից հետևում էր, որ ատոմային ռումբի ստեղծումը իրատեսական է, որ ամենայն հավանականությամբ այն կստեղծվի մինչև պատերազմի ավարտը և, հետևաբար, կարող է ազդել պատերազմի ընթացքի վրա[5]։
Ատոմային էներգիայի օգտագործման մասին հետախուզական տվյալներ ստացվում էին նաև Կարմիր բանակի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության՝ ԳՀՎ (ГРУ-Главное разведывательное управление) խողովակներով։ 1942 թվականի մայիսին վարչության ղեկավարությունը ԽՍՀՄ ԳԱ-ին հայտնեց արտասահմանում կատարվող ատոմային էներգիան ռազմական նպատակներով կիրառելու աշխատանքների մասին և խնդրեց հայտնել, թե ներկայումս որքանով է իրատեսական այդ խնդիրը։ 1942 թվականի հունիսին այդ հարցմանը պատասխանելով Խլոպինը հայտնեց, որ անցյալ տարվա ընթացքում գիտական գրականության մեջ գրեթե չեն հրապարակվել ատոմային էներգիայի կիրառման խնդրին վերաբերվող նյութեր։ Սակայն ՆԳԺԿ Ժողկոմ Բերիան Ստալինին պաշտոնական նամակով դիմել է միայն հոկտեմբերին, երբ Պետական պաշտպանության կոմիտեն՝ ՊՊԿ, արդեն որոշում էր ընդունել ԽՍՀՄ-ում ուրանի աշխատանքները վերսկսելու մասին։ Այդ նամակում ասվում էր արտասահմանում ռազմական նպատակներով ատոմային էներգիայի կիրառման աշխատանքների մասին, առաջարկվում էր խորհրդային նշանավոր մասնագետներին գաղտնի ծանոթացնել ՆԳԺԿ աշխատակիցների` դեռևս 1941 թվականի ավարտից մինչև 1942 թվականի սկիզբը ունեցած նյութերին և կազմակերպել այդ աշխատանքը ԽՍՀՄ-ում։
Խորհրդային հետախուզությունը մանրամասն տվյալներ ուներ ԱՄՆ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքների մասին։ Դրանք ստացվում էին միջուկային մոնոպոլիայի վտանգի մասին գիտակցող մասնագետներից կամ ԽՍՀՄ-ին կարեկցողներից։ Մասնավորապես այդ մասին հայտնել են Կլաուս Ֆուքսը, Թեոդոր Հոլլը, Ջորջ Կովալը և Դևիդ Գրինգլասը։ Սակայն շատերի կարծիքով որոշիչ նշանակություն է ունեցել 1943 թվականի սկզբին Ստալինին ուղղված խորհրդային ֆիզիկոս Գ. Ֆլյորովի նամակը, որը կարողացավ հանրամատչելի ձևով ներկայացնել խնդրի էությունը։ Սակայն տեսակետներ կան, որ այդ նամակը անավարտ է մնացել և Ստալինին չի ուղարկվել[6]։
Ամերիկայի ուրանային նախագծի տվյալների որսը սկսվել էր ՆԳԺԿ հետախուզության գիտատեխնիկական բաժնի պետ Լեոնիդ Կվասնիկովի նախաձեռնությամբ դեռևս 1942 թվականին, սակայն լիովին թափ առավ խորհրդային հայտնի հետախույզներ Վասիլի Զառուբինի (ծածկանունը՝ «Վասիլի Զուբիլին») և նրա կնոջ՝ Ելիզավետա Զառուբինայի (ծածկանունը՝ «Վարդո») Վաշինգտոն ժամանելուց հետո միայն։ Նրանց հետ էլ համագործակցում էր Սան Ֆրանցիսկոյում գտնվող ՆԳԺԿ ռեզիդենտ Գրիգորի Խեյֆիցը (ծածկանունը՝ «Խառոն»)։ Նրա տեղեկացմամբ հայտնի դարձավ, որ ճանաչված ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերը և նրա գործընկերներից շատերը Կալիֆոռնիայից տեղափոխվել են անհայտ մի վայր, որտեղ պետք է զբաղվեն գերհզոր զենքի ստեղծմամբ։
«Խառոնի» հաղորդած տվյալների ստուգումը հանձնարարված էր փոխգնդապետ Սեմյոն Սեմյոնովին (ծածկանունը՝ «Տվեն»), որը ԱՄՆ-ում աշխատում էր 1938 թվականից և ակտիվ գործակալների խումբ էր հավաքել։ «Տվենը» հաստատեց ատոմային ռումբի ստեղծման վերաբերյալ «Խառոնի» տվյալները, հայտնեց Մանհեթենյան նախագծի կոդը և գլխավոր գիտական կենտրոնի գտնվելու վայրը։ Դա Նյու Մեքսիկո նահանգի Լոս Ալամոսում գտնվող անչափահաս օրինազանցների նախկին գաղութում էր։ Սեմյոնովը հաղորդեց նաև այնտեղ աշխատող մի քանի գիտնականների անուններ, որոնք նախկինում ԽՍՀՄ էին հրավիրվել ստալինյան խոշոր շինարարություններին մասնակցելու համար և որոնք ԱՄՆ վերադառնալով ծայրահեղ ձախ կազմակերպությունների հետ կապերը չէին խզել։
«Վարդոն» կարողացավ բացահայտել Մանհեթենյան ծրագրի ղեկավարներին։ ՆԳԺԿ հատուկ նշանակության 4-րդ վարչության պետ Սուդոպլատովը իր հուշագրությունում «Վարդոյին» բնութագրել է այսպես.
Լիզա Զարուբինան ականավոր անձնավորություն էր։ Հմայիչ և մարդամոտ էր, հեշտությամբ ընկերական կապեր էր հաստատում ամենալայն շրջանակներում։ Դասական գեղեցկությամբ էլեգանտ նրբազգաց կին էր, մագնիսի նման ձգում էր ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Լիզան հավաքագրող գործակալներից ամենաորակյալն էր։ Հիանալի տիրապետում էր անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն լեզուներին, հասկանում էր իսպաներեն և իտալերեն։ Արտաքնապես նման էր Կենտրոնական եվրոպացու, չնայած ռումինացի հրեա էր։ Նա կարողանում էր անճանաչելի դառնալ իր արտաքինը և վարքագիծը փոխելով։
Լոս Ալամոսի աշխատանքների ընթացքի և ատոմային ռումբի կառուցվածքի տեխնիկական տվյալների մասին ճշգրիտ և օպերատիվ տեղեկություն ստանալու գործում կարևոր ներդրումը պատկանում է հենց «Վարդոյին»։ Նրա գլխավոր ներդրումը եղավ ականավոր ֆիզիկոս Կլաուս Ֆուքսին Մանհեթենյան ծրագրի ուղեղային կենտրոնում ներգրավելը։ Վերջինս հավաքագրված էր խորհրդային ռազմական հետախուզության կողմից և որի հետ կապի մեջ էին Զառուբինների միջոցով։ ԱՄՆ մեկնելուց հետո Լիզան ընկերացավ Ալբերտ Այնշտայնի սիրուհու՝ հայտնի ռուս քանդակագործ Կոնյոնկովի կնոջ՝ Մարգարիտայի հետ, որը մտերմիկ զրույցի ժամանակ Լիզային ասել էր, որ Այնշտայնի տանը լինում են Մանհեթենյան ծրագրի կարևոր անձինք՝ Ռոբերտ Օպենհեյմերը, Էնրիկո Ֆերմին, Լեո Սիլարդը և այլք։ «Վարդոյի» ճնշման տակ Մարգարիտան նրան և գործակալ Պաստելնյակին ծանոթացրեց Օպենհեյմերի և նրա կնոջ՝ Քեթրինի հետ։ Խորհրդային հետախույզները նախագծի գիտական ղեկավարի ընտանիքում յուրային դառնալով նրան համոզեցին Լոս Ալամոս տեղափոխել Կլաուս Ֆուքսին, որն էլ դարձավ Մոսկվայի համար գլխավոր աղբյուր։ Սակայն դրանից բացի Լիզան մտերմացավ ատոմային նախագծի խոշորագույն գիտնական Սիլարդի հետ և նրան համոզեց այդ նախագծի մեջ ներառել խորհրդային հավաքագրված մասնագետներից ևս մի քանիսին, այդ թվում էին Մորթոն Սոբելը, Թեոդոր Հոլլը, Դևիդ Գրինգլասը։ Վերջինս սկսեց մեխանիկ աշխատել Լոս Ալամոսի լաբորատորիայում։ Եվս մեկ կարևոր գործակալ էր նաև էմիգրանտ ֆիզիկոսոս Բրունո Պոնտեկորվոն[7]։- Պավել Սուդոպլատով «Հատուկ գործողություններ. Լյուբլյանա և Կրեմլ 1930-1950 թվականներ», հուշագրություններ |
Սակայն գործակալական կապերի գործունեության ամենաթեժ ժամանակ Լիզա և Վասիլի Զառուբինները հետ կանչվեցին Մոսկվա։ Նրանք չէին հասկանում ինչումն է բանը, քանի որ որևէ բացթողում չէին ունեցել։ Պարզվեց, որ գործակալ Միռոնովից նրանց դավաճանության մասին տեղեկություն էր ստացվել։ Գրեթե կես տարի մոսկովյան հակահետախուզությունը ստուգում էր այդ մեղադրանքը։ Դրանք չհաստատվեցին, սակայն այնուամենայնիվ Զառուբիններին այլևս թույլ չտվեցին արտասահման մեկնել։
Այդ ընթացքում գործակալների աշխատանքը տվեց իր առաջին արդյունքները։ Ստացված հաշվետվությունները Մոսկվա ուղարկելու շուտափույթ գործը հանձնարարվեց մի խումբ բանբերների։ Ամենաօպերատիվ և անվախ գործում էին ամուսիններ Լոնա և Մորիս Կոհենները (ծածկանունները՝ «Հելեն Կրոգեր» և «Պիտեր Կրոգեր»)։ Մորիսին բանակ զորակոչելուց հետո այդ աշխատանքը միայնակ կատարում էր Լոնան։ Նա Նյու Մեխիկոյից նյութերը տեղափոխում էր Նյու Յորք։ Այդ նպատակով նա ձևականորեն գնում էր փոքրիկ քաղաք Ալբուկերկեում գտնվող պալարախտի հիվանդանոց, որտեղ հանդիպում էր «Մլադ» և «Էռնստ» ծածկանուններով գործակալների հետ։ Ըստ Սուդոպլատովի վկայության «ԱՄՆ առաջին ատոմային ռումբի ստեղծումից 12 օր անց Մոսկվան արդեն ստացել էր նրա կառուցվածքի նկարագրությունը»։ 1945 թվականին Ալամոգորդո ռազմաբազայում փորձնական պայթյունին և ատոմային ռումբի ակտիվացման միջոցներին վերաբերվող, ինչպես նաև ուրանի իզոտոպների բաժանման էլեկտրոմագնիսական մեթոդի հաշվետվության մանրակրկիտ բնութագրերով փաստաթղթերն արդեն Մոսկվայում էին։
Նախագծի գրեթե բոլոր փաստաթղթերը փոխանցվում էին ռադիոյով՝ ծածկագրված ձևաչափով։ Չնայած ամերիկյան ռադիոորսիչ սարքերը այդ տեքստերը պարբերաբար ձայնագրում էին, սակայն նրանց ընդունիչները չէին կարողանում գտնել լրտեսական ռադիոկայանների գտնվելու վայրը, իսկ ծածկագիր վերծանողները՝ պարզել ռադիոգրամմայի բովանդակությունը։ Դա հաջողվեց միայն մի քանի տարի անց, «Վենոնա» նախագծի (անգլ.՝ Project Venona) իրականացումից հետո միայն, երբ որսած տեքստերը վերծանվեցին նորագույն հաշվիչ մեքենաների օգնությամբ։
Առաջին ատոմային ռեակտորների և գազային ցենտրիֆուգների կառուցվածքի և շահագործման մասին, ուրանային և պլուտոնիումային ռումբերի պատրաստման առանձնահատկությունների մասին մանրամասն հաշվետվությունները կարևոր նշանակություն ունեցան մեր ատոմի մասնագետների կայացման և նրանց աշխատանքների արագացման գործում, քանի որ մի շարք հարցերից նրանք պարզապես տեղյակ չէին։
Դա հիմնականում վերաբերվում էր ֆոկուսավորող պայթուցիկ լինզաների համակարգի կառուցվածքին, ուրանի և պլուտոնիումի կրիտիկական զանգվածի չափերին, Կլաուս Ֆուքսի ձևակերպած իմպլոզիայի[8] սկզբունքին, դետոնացիոն համակարգի սարքավորմանը, հենց ռումբի հավաքման քայլերի հաջորդականությանը և այն գործի դնելու միջոցին... ԽՍՀՄ Ատոմային ռումբը ստեղծվեց 4 տարում։ Եթե չլինեին հետախույզները, այդ ժամկետը երկու անգամ երկար կտևեր...: Այսօր սակայն հայտնի է, որ առաջին ատոմային ռումբը (РДС-1) ամենափոքր մասերից սկսած մինչև վերջ ամերիկյան պլուտոնիումային ռումբի կրկնօրինակն է եղել, որը նետվեց Նագասակիի վրա[7]։- Պավել Սուդոպլատով «Հատուկ գործողություններ. Լյուբլյանա և Կրեմլ 1930-1950 թվականներ», հուշագրություններ |
1953 թվականին Ջուլիաս և Էթել Ռոզենբերգ ամուսնական զույգը մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում՝ ԽՍՀՄ-ին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար (այդ թվում՝ ատոմային ծրագրի մասին)։
Տարիներ շարունակ Ստալինը չէր վստահում ո՛չ գիտնականներին, ոչ էլ հետախույզներին, որոնք զեկուցում էին, որ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ատոմային զենքի ստեղծման աշխատանքներ են տարվում և որ նման զենքի ստեղծումը իրատեսական է։ Հիտլերը նույնպես չէր հավատում, որ իսկապես հնարավոր է ատոմային զենք ստեղծել և այդ ոլորտի հետազոտական աշխատանքների համար հնարավորինս նվազագույն ֆինանսավորում էր թույլատրում։ Արդյունքն եղավ այն, որ միջուկային զենքի վերաբերյալ ԽՍՀՄ առաջին որոշումը ընդունվեց 1942 թվականի սեպտեմբերի 28-ին։ Այդ որոշման ընդունման հարցում վճռական նշանակություն ունեցան ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի աշխատանքների մասին կուտակված լրտեսական տվյալները։ 1942 թվականի աշնանը Գիտությունների ակադեմիային հանձնարարվեց ընդամենը «Մինչև 1943 թվականի ապրիլի 1-ը Պետական պաշտպանության կոմիտեին հաշվետվություն ներկայացնել ուրանային ռումբի ստեղծման հնարավոր լինելու մասին»[9][10]։
1942 թվականի սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ ՊՊԿ-ն «Ուրանի աշխատանքները սկսելու մասին» որոշում.
ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային պարտավորեցնել վերսկսել ուրանի միջուկի ճեղքման ճանապարհով ատոմային էներգիան կիրառելու հետազոտական աշխատանքները և 1943 թվականի ապրիլի 1-ին Պետական պաշտպանության կոմիտեին հաշվետվություն ներկայացնել ուրանային ռումբի կամ ուրանային վառելիքի ստեղծման հնարավորությունների մասին[11]։ |
Հանձնարարականը այդ նպատակով նախատեսում էր ԽՍՀՄ ԳԱ առընթեր ատոմային միջուկի լաբորատորիա կազմակերպել, ուրանի իզոտոպների բաժանման լաբորատոր սարքավորումներ ստեղծել և անցկացնել համալիր փորձարարական աշխատանքներ։ Հանձնարարականը պարտավորեցնում էր Թաթարական ԻԽԱՀ ԺԿԽ-ին ԽՍՀՄ ԳԱ համար ատոմային միջուկի լաբորատորիայի տեղակայման նպատակով 500 մ² մակերեսով տարածք և 10 գիտաշխատողների համար բնակտարածք տրամադրել Կազանում։
1943 թվականի փետրվարին սկսվեցին միջուկային զենքին առնչվող առաջին գործնական մշակումները և ուրանի հանքերի որոնման աշխատանքերը[10]։
«Ուրանի աշխատանքները սկսելու որոշման»[11] պահից (դե ֆակտո) Մոլոտովի մակագրությամբ ստեղծվեց առաջին խորհրդային ատոմային հատուկ լաբորատորիա՝ ԽՍՀՄ ԳԱ լաբորատորիա № 2: ԼՖՏԻ տնօրեն Ա. ֆ. Իոֆեն Ստալինի հրամանի համաձայն իր ինստիտուտի կազանյան խմբի վերաբերյալ հրաման արձակեց։ Ըստ այդ հրամանի ատոմային լաբորատորիայի 10 աշխատակիցներն էին[12].
Աբրահամ Ալիխանով | Մարկ Կորնֆելդ | Լեոնիդ Նեմենով |
Գեորգի Ֆլյորով | Գերման Շեպկին | Պյոտր Գլազունով |
Սերգեյ Նիկիտին | Միխայիլ Կոզոդաև | Վենեդիկտ Ջելեպով |
Պյոտր Սպիվակ |
1943 թվականի փետրվարի 11-ին ատոմային ռումբի ստեղծման գործնական աշխատանքները սկսելու որոշում ընդունվեց (№ 2872сс[13]): Աշխատանքները ընթանում էին Կազանում։ Առաջին փուլը ատոմային փոխակերպումների ուսումնասիրությունն էր։ Ծրագիրը ղեկավարելու պատասխանատվությունը դրվեց ՊՊԿ նախագահի տեղակալ Վյաչեսլավ Մոլոտովի վրա, որն իր հերթին նախագծի ղեկավար նշանակեց Իգոր Կուրչատովին (նշանակման հրամանը ստորագրվել է մարտի 10-ին)։
1943 թվականի ապրիլի 12-ին ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ Ա. Ա. Բայկովը ստորագրեց ԽՍՀՄ ԳԱ № 2 լաբորատորիա ստեղծելու մասին հանձնարարական, որի հիմնական խնդիրը լինելու էր միջուկային զենքի ստեղծումը։ Նախագծի տեխնիկական և կազմակերպչական աշխատանքների պատասխանատու նշանակվեց ԺԿԽ նախագահի տեղակալ Պերվուխինը։ Նույն թվականին «Գիռեդմետի»[14] ռադիումային լաբորատորիայի առջև խնդիր դրվեց. շտապ ստանալ ուրանի կարբիդ և մետաղական ուրան (ղեկավար՝ Զինաիդա Երշովա)։ 1944 թվականին անհրաժեշտ նյութերը ստացվեցին և ուղարկվեցին № 2 լաբորատորիա միջուկա-ֆիզիկական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար, որոնք անհրաժեշտ էին երկրում և Եվրոպայում առաջին փորձարարական Ֆ-1 ռեակտորի (Ф-1) նախագծման և կառուցման համար[13]։
1944 թվականի մարտի 15-ի ՊՊԿ հրամանով (№ 5407сс[15]) Լենինգրադում հիմնվեց թիվ 2 լաբորատորիայի ֆիլիալ, որի հիմնական բաժինը դարձավ Հատուկ նախագծային բյուրոն (ղեկավար՝ Իվան Վոզնեսենսկի)[16][17]։
1944 թվականի ապրիլի 8-ի ՊՊԿ հրամանագրով Քիմիական արդյունաբերության ժողովրդական կոմիսարրիատին հանձնարարվեց նախագծել ծանր ջրի արտադրության արտադրամաս և վեց-ֆտորանի ուրանի արտադրության (հումք ուրանի իզոտոպների ճեղքման համար) գործարան, իսկ Գունավոր մետալուրգիայի Ժողովրդական կոմիսարիատին (ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի ժողկոմ, նախարար Լոմակոյի անձնական պատասխանատվությամբ)՝ ապահովել 500 կգ մետաղական ուրանի ստացումը փորձնական սարքավորման միջոցով, մինչև 1945 թվականի հունվարի 1-ը կառուցել մետաղական ուրանի արտադրության արտադրամասը և № 2 լաբորատորիային ապահովել տասնյակ տոննաներով բարձրորակ գրաֆիտային բլոկներով[15][18][19]։
1944 թվականի դեկտեմբերի 3-ին ԽՍՀՄ ՊՊԿ հրամանով (№ 7069сс[15]) որոշում ընդունեց «թիվ 2 լաբորատորիայի աշխատանքների իրականացման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու մասին»[20]։ Հետախուզական խողովակներով հասած տեղեկությունները հեշտացնում և արագացնում էին խորհրդային գիտնականների աշխատանքը։ Ատոմային նախագծի բոլոր հետախուզական տվյալները կենտրոնացված էին ՆԳԺԿ «Ս» խմբում (Սուդոպլատովի խումբ), ղեկավարությունը զեկուցվում էր անձամբ Բերիային[18]։
1944 թվականի դեկտեմբերի 8-ին Կարմիր բանակից և Ռազմածովային նավատորմից լաբորատորիայի գործունեությանը անհրաժեշտ մասնագետների զորացրման մասին հրաման արձակվեց[15]։
ԽՍՀՄ զորքերի Գերմանիա առաջխաղացումը ԱՄՆ ստիպեց «հատուկ նշանակության խումբ» ստեղծել (անգլ.՝ Alsos Team), որի նպատակը դարձավ ամեն կերպ արգելափակելը Գերմանիայի ատոմային նախագծի մասին ԽՍՀՄ ինֆորմացիայի կորզումը։ Այդ խմբի միջոցով ԱՄՆ լիկվիդացրեց Գերմանիայի ատոմային մասնագետներին՝ ձերբակալելով և Անգլիա արտաքսելով։ 1945 թվականի ապրիլի 15-ին ամերիկյան տեխնիկական հանձնաժողովը գերմանական Շտասֆուրտ (գերմաներեն՝ Staßfurt) քաղաքից 5-6 օրում ամբողջությամբ Անգլիա տեղափոխեց ուրանի հումքը նրան վերաբերվող բոլոր փաստաթղթերի հետ միասին։ Ամերիկացիները ամբողջությամբ դուրս բերեցին սարքավորումները Սաքսոնիայի հանքերից, որտեղ իրականացվում էր ուրանի արդյունահանումը, ծանր ջրով երկու ռեակտորները քանդեցին և ուղարկեցին Անգլիա, որոնք դեռևս ավարտված չէին։ Ռեակտորներից մեկը գտնվում էր Լեյպցիգից ոչ հեռու, որը հետագայում օկուպացվեց խորհրդային զորքերի կողմից[21]։ Ավելի ուշ Սաքսոնիայի հանքահորերը վերականգնվեցին և հիմնվեց «Վիսմուտ» ձեռնարկությունը Թյուրինգիայի և Սաքսոնիայի ուրանի հանքերի շահագործման համար, որտեղ աշխատում էին խորհրդային մասնագետներ և գերմանացի հանքափորներ[22]։
Սակայն ՆԳԺԿ-ն այնուամենայնիվ կարողացավ մի քանի տոննա թեթև հարստացված ուրան հայթայթել Կայզեր Վիլհելմի ինստիտուտից[22]։
Նյու Մեխիկո նահանգի անապատում նախատեսված ամերիկյան ատոմային ռումբի փորձարկումը հաջողությամբ իրականացվեց հենց Պոտսդամի կոնֆերանսի բացման օրը՝ 1945 թվականի հուլիսի 16-ին։ Հետախուզական խողովակներով այդ մասին Ստալինին հայտնվեց հուլիսի 20-21[23]։ Երբ հուլիսի 24-ին Պոտսդամում կայացած կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ նախագահ Տրումենը Ստալինին հայտնեց, որ «ԱՄՆ-ը կործանարար ուժի զենք ունի արդեն», Չերչիլը հիշում է, թե ինչպես Ստալինը ժպտաց, շնորհակալություն հայտնեց տեղեկության համար, բայց մանրամասներով չհետաքրքրվեց։ Չերչիլը Ստալինի վարքից հետևություն էր արել, որ նա ոչինչ չի հասկացել և տեղյակ չէ ընթացիկ իրադարձություններից։ Որոշ ժամանակակից հետազոտողներ կարծում են, որ դա շանտաժ է եղել։ Նույն երեկոյան Ստալինը Մոլոտովին ցուցում տվեց ատոմային նախագիծը արագացնելու մասին խոսել Կուրչատովի հետ[24]։
1945 օգոստոսին ատոմային զենքի նկատմամբ Ստալինի վերաբերմունքը կտրուկ փոխվել էր։ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծումը ցույց տվեց, որ Խորհրդային Միությունը Միացյալ Նահանգներից ետ էր մնում այդ ոլորտում։ Ստալինը խուճապի մեջ էր, քանի որ ամերիկյան ատոմային զենքը տապալեց Եվրոպայում և Ասիայում ընդարձակման ձգտող նրա նկրտումները։ Միջուկային ծրագիրը, որը գլխավորում էր Բերիան, Ստալինի և նրա վարչախմբի ամենաառաջնահերթ խնդիրը դարձավ։ Աննախադեպ միջոցառումներ ձեռնարկվեցին, այդ թվում մոբիլիզացվեցին հսկայածավալ արդյունաբերական և ֆինանսական ռեսուրսներ։ Ամերիկյան ատոմային մենաշնորհի լիկվիդացումը հռչակվեց երկրի անվտանգության առանցքային գործոն[10]։
Դեռ ավելին, Ստալինը որոշեց, որ խորհրդային ռազմամիջուկային համալիրը ամերիկյանից ավելի հզոր պետք է լինի։ Եթե ԱՄՆ Մանհեթենյան ծրագրի շրջանակներում կառուցվել էին երկու արդյունաբերական կառույցներ, որոնցում արտադրվում էր միջուկային զենքը.
ապա ԽՍՀՄ-ում միջուկային նյութերը արտադրվում էին հինգ կոմբինատներում.
Առաջին երեքում արտադրում էին պլուտոնիում և վերջին երեքում իրականացնում էին ուրանի հարստացում։
ԱՄՆ միջուկային ռազմամթերք արտադրում էր միայն Տեխասի «Պենտեքս» գործարանում (անգլ.՝ Plant «Pantex»), իսկ ԽՍՀՄ-ում այդպիսի երկու կոմբինատ կառուցվեց.
Ատոմային ֆիզիկայի գիտնականները և միջուկային արտադրության ղեկավարները Ստալինի այս քաղաքականությունը հաճախ մեկնաբանում են որպես Ստալինի հանճարի արտահայտություն։ Իրականում ԽՍՀՄ-ի համար հսկայական լրացուցիչ ծախսերի և մարդկային կորուստների պատճառ է դարձել[10][25]։
1945 թվականի օգոստոսի 20-ին, Հիրոսիմայի ատոմային ռմբակոծումից 14 օր անց Ստալինը ստորագրեց ՊՊԿ № 9887сс/оп Հատուկ կոմիտե ստեղծելու մասին որոշումը։ Կոմիտեն կոչված էր Լավրենտի Բերիայի գլխավորությամբ ատոմային էներգիայի կիրառման վերաբերյալ բոլոր աշխատանքները ղեկավարելուն (տես՝ Հատուկ կոմիտեի ղեկավար)։ Հատուկ կոմիտեն արտակարգ իրավասությամբ օժտված մարմին էր, որը ԽՍՀՄ իշխանության հնարավոր բոլոր ռեսուրսները ատոմային նախագծի աշխատանքներում ներգրավելու իրավունք ուներ։
Ատոմային նախագծում ներգրավված գիտահետազոտական, նախագծային, կոնստրուկտորական կազմակերպությունների և արդյունաբերական ձեռնարկությունների անմիջական ղեկավարների համար ստեղծվեց ԽՍՀՄ ԺԿԽ առընթեր Առաջին գլխավոր վարչությունը (ԱԳՎ-ПГУ), որը ենթակա էր ՊՊԿ-ին առընթեր Հատուկ կոմիտեին (ղեկավար ռազմական ժողկոմ Բ. Լ. Վաննիկով)։ ԱԳՎ ենթակայության տակ մտան բազմաթիվ տարբեր ոլորտների ձեռնարկություններ և հիմնարկներ, ներառյալ հետախուզության գիտատեխնիկական բաժինը, ՆԳԺԿ Արդյունաբերական շինարարության ճամբարների գլխավոր վարչությունը (ГУЛПС[26]) և ՆԳԺԿ Լեռնամետալուրգիական ձեռնարկությունների ճամբարների գլխավոր վարչությունը (ГУЛГМП[27]) (ընդհանոր առմամբ 293 հազար ազատազրկվածներ)։ Ստալինի հրահանգը ԱԳՎ-ին պարտավորեցնում էր ապահովել ուրանային և պլուտոնիումային ատոմային ռումբերի ստեղծումը մինչև 1948 թվական[28]։
1945 թվականի սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ ԺԿԽ որոշում ընդունեց «աշխատանքներում լրացուցիչ գիտական հիմնարկների, գիտնականների և այլ մասնագետների ներգրավման մասին»։ Այդ թվում էր Խարկովի Ֆիզտեխը (տնօրեն Սինելնիկովի հետ միասին)։
Առաջնային խնդիր էր պլուտոնիում-239 և ուրան-235 արդյունաբերական արտադրության կազմակերպումը։ Առաջինի լուծման համար անհրաժեշտ էր ստեղծել փորձնական, իսկ հետագայում արդյունաբերական միջուկային ռեակտոր, կառուցել ռադիոքիմիական և հատուկ մետալուրգիական արտադրամասեր։ Երկրորդի լուծման համար ձեռնարկվեց դիֆուզիոն ճանապարհով ուրանի իզոտոպների տրոհման գործարանի կառուցում։
Այս խնդիրների լուծումը հնարավոր եղավ մեծ քանակությամբ մաքուր մետաղական ուրանի, ուրանի օքսիդի, ուրանի հեքսաֆտորիդի, ուրանի այլ միացությունների, բարձր մաքրության գրաֆիտի և մի շարք այլ հատուկ նյութերի արտադրական տեխնոլոգիաների ստեղծման, արդյունաբերության կազմակերպման, նոր արտադրական ագրեգատների և սարքավորումների համալիրի ստեղծման արդյունքում։ Այդ շրջանում ԽՍՀՄ-ում ուրանի հանքանյութի հայթայթման և ուրանի խտանյութի ստացման անբավարար ծավալները փոխհատուցվում էին ավարարռված հումքով և Արևմտյան Եվրոպայի երկրների ուրանային ձեռնարկությունների արտադրանքով, որոնց հետ ԽՍՀՄ-ը համապատասխան պայմանագրեր էր կնքել։
1945 թվականին Տաջիկստանում կառուցվեց ուրանային խտանյութի արտադրության առաջին կոմբինատը՝ «ԽՍՀՄ ՆԳԺԿ № 6 կոմբինատը»։
1945 թվականին ԽՍՀՄ կառավարությունը ընդունել է հետևյալ կարևոր որոշումները.
Հարավային Ուրալի ձեռնարկության կազմի մեջ պետք է մտնեին.
1945 թվականին Գերմանիայից բերվեցին հարյուրավոր գերմանացի գիտնականներ, որոնք միջուկային խնդրի հետ կապ ունեին։ Նրանց մեծ մասին՝ մոտ 300 հոգու, գաղտնի բնակեցրին Սուխումիում՝ Ալեքսանդր Միխայլովիչի և միլիոնատեր Սմեցկովի նախկին կալվածքներում (առողջարաններ «Սինոպ» և «Ագուձերներ»)։ ԽՍՀՄ տեղափոխվեցին սարքավորումներ Գերմանիայի Քիմիայի և մետալուրգիայի ինստիտուտից, Կայզեր Վիլհելմի ֆիզիկայի ինստիտուտից, Siemens էլեկտրատեխնիկական լաբորատորիայից, Գերմանիայի փոստային նախարարության ֆիզիկայի ինստիտուտից։ ԽՍՀՄ բերվեցին գերմանական չորս ցիկլատրոններից երեքը, հզոր մագնիսներ, էլեկտրոնային մանրադիտակներ, օսցիլոգրաֆներ, բարձր լարման տրանսֆորմատորներ, գերճշգրիտ սարքավորումներ։ 1945 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ ՆԳԺԿ կազմում ստեղծվեց Հատուկ ինստիտուտների վարչություն (ԽՍՀՄ ՆԳԺԿ 9-րդ վարչություն)։
«Սինոպ» առողջարանը անվանեցին «Օբյեկտ Ա» (ղեկավար՝ Մանֆրեդ ֆոն Արդենն)։ «Ագուձերները» դարձավ «Օբյեկտ Գ» (ղեկավար՝ Գուստավ Հերց)։ Այս երկու օբյեկտներում աշխատում էին հանրաճանաչ գիտնականներ Նիկոլաուս Ռիլը, Մաքս Ֆոլմերը, որը կառուցեց ԽՍՀՄ առաջին ծանր ջրի արտադրության սարքավորումը, Պետեր Տիսենը՝ գազադիֆուզիոն մեթոդով ուրանի իզոտոպների ճեղքման նիկելային ֆիլտրերի կոնստրուկտոր, Մաքս Շտեենբեկ և Գերնոտ Ցիպպե, որոնք աշխատում էին ցենտրիֆուգային մեթոդով ճեղքման վրա և հետագայում արևմուտքում գազային ցենտրիֆուգերի պատենտ ստացան։ «Ա» և «Գ» օբյեկտների բազայի վրա հետագայում ստեղծվեց Սուխումիի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (СФТИ):
Գերմանացի գիտնականներից ոմանք այդ աշխատանքի համար արժանացան ԽՍՀՄ պետական մրցանակների, այդ թվում՝ Ստալինյան մրցանակի։ 1954-1959 թվականների ընթացքում գերմանացի մասնագետները տեղափոխվեցին ԳԴՀ (Գերնոտ Ցիպպեն՝ Ավստրիա)։
1946 թվականին ԽՍՀՄ ԺԿ Ավիացիոն արդյունաբերության Նովոուրալսկի № 261 արտադրական գործարանի հիման վրա սկսվեց գազադիֆուզիոն գործարանի կառուցումը, որը կոչվեց Կոմբինատ № 813 (Դ-1 գործարան) և նախատեսված էր բարձր հարստացված ուրանի արտադրության համար։ 1949 թվականին գործարանը թողարկեց առաջին արտադրանքը։
1946 թվականին Կիրովո-Չեպեցկ քաղաքի աշխատանքային ավանի (Կիրովո-Չեպեցկի շրջան) ԽՍՀՄ ԺԿ Քիմիական արդյունաբերության № 752 գործարանում սկսվեց ուրանի հեքսաֆտորիդի արդյունաբերական արտադրությունը, որը անհրաժեշտ էր ուրանի հետագա հարստացման համար։ Առաջին արտադրական քանակը ստացվեց 1949 թվականի դեկտեմբերի 19-ին։ 1951 թվականին ձեռնարկությունը ջերմամիջուկային զենքի ստեղծման համար հանձն առավ լիթիումի թեթև իզոտոպի 6Li ստացման գործը։ Այն սկսվեց թողարկվել 1953 թվականի հունվարից։
1945 թվականի ամռանը սկսվեցին ռազմական նպատակներով պլուտոնիումի ստացման ԽՍՀՄ առաջին ձեռնարկությունը կառուցելու համար տեղանքի ընտրման աշխատանքներ։ Տեղանքը պետք է հարմար լիներ ոչ միայն արտադրական տեխնոլոգիաների առումով, այլև համապատասխաներ գաղտնիության պահանջներին։ 1945 թվականի հոկտեմբերին կառավարական հանձնաժողովը նպատակահարմար համարեց արտադրական առաջին ռեակտորը կառուցել Հարավային Ուրալի Չելյաբինսկի մարզի հնագույն ուրալյան Կիշտիմ և Կասլի քաղաքների միջև գտնվող Կիզիլ-Տաշ լճի հարավային ափին, իսկ աշխատակիցներ համար բնակելի շրջանը կառուցել Իրտյաշ լճի հարավային ափի թերակղզում։ Դեկտեմբերի սկզբին սկսվեցին շինարարական աշխատանքները։
Ռեակտորի կառուցման համար ընտրված տարածքը, որտեղ նախկինում պիոներական ճամբարներներ էին տեղակայված, դարձավ գաղտնի քաղաք։ Այն առավելապես հայտնի է «Չելյաբինսկ-40» կամ «Սոռոկովկա» անուններով։ Արտադրական համալիրը, որն ի սկզբանե կոչվել էր Կոմբինատ № 817, այժմ կոչվում է «Մայակ» ԱՄ, իսկ աշխատակիցների և նրանց ընտանիքների համար Իրտյաշ լճի ափին կառուցած քաղաքը ստացել է Օզյորսկ անվանումը։
Կոմբինատի գիտական ղեկավար նշանակվեց Իգոր Կուրչատովը։
1945 թվականի վերջերին սկսվեցին գաղտնի օբյեկտի տեղակայման որոնողական աշխատանքները, որը հետագայում կոչվեց ԿԲ-11 (ռուս.՝ КБ-11): Վաննիկովը հանձնարարեց հետազոտել Սարով ավանում գտնվող № 550 գործարանը և 1946 թվականի ապրիլի 1-ին այն ընտրվեց որպես խորհրդային առաջին միջուկային կենտրոնի տեղակայման վայր, որը հետագայում հայտնի դարձավ որպես Արզամաս-16 (1961-1991)։ Վայրը հարմար էր, քանի որ քիչ բնակեցված էր, ուներ ենթակառուցվածքներ (երկաթգիծ, արտադրություն) և շատ հեռու չէր Մոսկվայից։ 1946 թվականի ապրիլի 9-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը Ատոմային նախագծի հետ կապված կարևոր որոշում ընդունեց[29]։ Հատուկ կոմիտեի տեխնիկական և ինժեներատեխնիկական խորհուրդը միավորվեց Առաջին գլխավոր վարչությանը առընթեր միասնական Գիտատեխնիկական խորհրդի մեջ (НТС ПГУ-ԱԳՎ ԳՏԽ)։ Նախագահ նշանակվեց Վաննիկովը, ԳՏԽ նապագահի տեղակալ՝ Կուրչատովը և Պետվուխինը։ 1949 թվականի դեկտեմբերի 1-ից ԱԳՎ ԳՏԽ նախագահ դարձավ Կուրչատովը։
1946 թվականի ապրիլի 9-ի որոշման համաձայն[30] Լաբորատորիա № 2 բաժին № 6-ը դարձավ ԽՍՀՄ ԳԱ Լաբորատորիա № 2-ին առընթեր Կոնստրուտորական բյուրո № 11 ռեակտիվ շարժիչների (ատոմային ռումբերի պայմանական անվանում) կոնստրուկցիաների մշակման և փորձնական նմուշների պատրաստման համար։ Որոշման համաձայն ԿԲ-11-ը տեղակայվեց Սարով ավանում՝ Գորկիի մարզի և Մորդովական ԻԽՍՀ սահմանին։ Ղեկավար նշանակվեց Զերնովը, գլխավոր կոնստրուկտոր՝ Խարիտոնը։ Կառուցման աշխատանքները կատարվում էին ՆԳԺԿ հսկողությամբ։ Այդ նպատակով ստեղծվեց հատուկ շինարարական կազմակերպություն՝ ԽՍՀՄ ԺԿՆԳ Շինվարչություն № 880: 1946 թվականի ապրիլից № 550 գործարանի ամբողջ անձնակազմը հաշվառված էր Շինվարչության կողմից։
1946 թվականի ապրիլի 30-ին կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին հանձնարարվեց ղեկավարել ատոմային նախագծի գիտական հենքի համար անհրաժեշտ տեսական և փորձնական հետազոտությունները։ Ինստիտուտը պետք է մշակեր ատոմային պայթյունին ուղեկցող ֆիզիկական գործընթացների պարամետրերը, ստեղծեր սարքավորումներ և չափումներ կատարեր Սեմիպալատինսկի ռազմակայանում։ Ինստիտուտում ստեղծվեց հատուկ փակ բաժին, որը ղեկավարում էր Սադովսկին[31]։
ԿԲ-11-ի առաջ խնդիր դրվեց[32] Լաբորատորիա № 2-ի գիտական ղեկավարությամբ (Իգոր Կուրչատով) ստեղծել երկու տեսակի ատոմային ռումբ, որը պայմանականորեն կոչվեց «С ռեակտիվ շարժիչ».
РДС-1 և РДС-2 տակտիկատեխնիկական հանձնարարությունը պետք է մշակված լիներ 1946 թվականի հուլիսի 1-ին, իսկ դրանց գլխավոր հանգույցների կոնստրուկցիաները՝ 1947 թվականի հուլիսի 1-ին։ РДС-1 պետք է հանձնվեր գետնի վրա պայթյունի համար պետական փորձարկման 1948 թվականի հունվարի 1-ին, իսկ ինքնաթիռից պայթյունի համար՝ 1948 թվականի մարտի 1-ին։ РДС-2 ռումբը համապատասխանաբար պետք է պատրաստ լիներ 1948 թվականի հունիսի 1-ի և 1949 թվականի հունվարի 1-ին։ Նման սեղմ ժամկետները և զուգահեռ աշխատանքները հնարավոր եղան ամերիկյան ատոմային ռումբի մասին ԽՍՀՄ հետախուզական տվյալների շնորհիվ։
1947 թվականի գարնանը КБ-11 գիտահետազոտական և կոնստրուկտորական բաժիններն սկսեցին աշխատել Արզամաս-16-ում։ Զուգահեռաբար ստեղծվում էին № 1 և № 2 գործարանների առաջին արտադրական արտադրամասերը։
ԽՍՀՄ առաջին փորձնական Ֆ-1 միջուկային ռեակտորը (ռուս.՝ Ф-1, առաջին Ֆիզտեխ), որի շինարարությունը իրագործվել է ԽՍՀՄ ԳԱ Լաբորատորիա № 2-ում, հաջողությամբ շահագործվել է1946 թվականի դեկտեմբերի 25-ին։ 1947 թվականի նոյեմբերի 6-ին ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարար Մոլոտովը ատոմային ռումբերի մասին հայտարարել է. «այդ գաղտնիքը արդեն վաղուց գաղտնիք չէ»։ Այս հայտարարությունը նշանակում էր, որ Խորհրդային Միությունն արդեն բացահայտել է ատոմային զենքի գաղտնիքը և տիրապետում է այդ զենքին։ ԱՄՆ գիտական շրջանակներում այս հատարարությունը բլեֆ համարեցին, քանի որ ենթադրում էին, որ ռուսները ատոմային զենք կստանան 1952 թվականից ոչ շուտ։
Երկու տարուց պակաս պահանջվեց № 817 առաջին ատոմային արտադրական «Ա» ռեակտորի շենքը պատրաստելու համար և սկսվեցին հենց ռեակտորի մոնտաժային աշխատանքները։ 1948 թվականի հունիսի 18-ին ժամը 00:30-ին կայացավ «Ա» ռեակտորի մեկնարկը, իսկ հունիսի 19-ին ռեակտորն աշխատել սկսեց նախագծային հզորությամբ։
1948 թվականի դեկտեմբերի 22-ին «Բ» ռադիոքիմիական գործարանը ստացավ ատոմային ռեակտորի առաջին արտադրանքը։ «Բ» գործարանում պլուտոնիումը անջատվում էր ուրանից և ճեղքման ռադիոակտիվ պրոդուկտներց։ «Բ» գործարանի բոլոր ռադիոքիմիական գործընթացները մշակվել էին Ռադիումային ինստիտուտում ակադեմիկոս Խլոպինի գլխավորությամբ։ «Բ» գործարանի Ատոմային նախագծի գլխավոր նախագծողը և գլխավոր ինժեները Ռոտշիլդն էր, իսկ գլխավոր տեխնոլոգը՝ Զիլբերմանը։ Մեկնարկի գիտական ղեկավարը ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Նիկիտինը։
1949 թվականի փետրվարին «Բ» գործարանի զտման-մաքրման արտադրամասում ստացվեց պատրաստի արտադրանքի առաջին քանակը (պլուտոնիումի խտանյութը, որը կազմված էր հիմնականում պլուտոնիումի ֆտորիդից և լանթանից)։
Պլուտոնիումի խտանյութը փոխանցվեց «Վ» գործարան, որը նախատեսված էր բարձր մաքրության մետաղական պլուտոնիումի և նրանից արտադրանքի ստացման համար։ «Վ» գործարանի տեխնոլոգիաների մշակման և նախագծման գործում նշանակալից ներդրում են ունեցել Բոչվարը, Չեռնյաև, Զայմովսկին, Վոլսկին, Գելմանը, Նիկոլսկին, Ալեքսախինը, Բելյաևը, Դուլինը, Տառականովը և այլք։
1949 թվականի օգոստոսին «Վ» գործարանում բարձր մաքրության պլուտոնիումից պատրաստվեցին առաջին ատոմային ռումբի մասերը։
1949 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի Սեմիպալատինսկի մարզում կառուցված ռազմակայանում տեղի ունեցավ ԽՍՀՄ առաջին ատոմային ռումբի փորձարկումը։ Դա պետական գաղտնիք էր։
1949 թվականի սեպտեմբերի 3-ին ԱՄՆ հատուկ օդերևութաբանական հետախուզական ծառայության ինքնաթիռը Կամչատկայի շրջանում օդի նմուշ վերցրեց։ Այնտեղ իզոտոպներ հայտնաբերվեցին, որից հետևություն արվեց, որ ԽՍՀՄ-ում միջուկային պայթյուն է տեղի ունեցել։ ԱՄՆ նախագահ Տրումենը միայն սեպտեմբերի 23-ին այդ մասին հրապարակային հայտարարություն արեց։ Իսկ զգուշավոր Ստալինը շարունակում էր լռել. այդ պայթյունից հետո ատոմային ռումբ չկար, և հայտնի չէր, թե ԱՄՆ ինչպիսի հարված կհասցնի[33]։
Տրումենի հայտարարությունից հետո հ՛օգուտ ԽՍՀՄ-ի լրտեսություն արած գիտնականները սկսեցին կարծիքներ հայտնել, որ ավելի վտանգավոր կլիներ, եթե որևէ մեկ պետություն գերզենքի մենաշնորհ ունենար։
Ատոմային էներգիայի գերմանացի հետազոտող, Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Հանը հայտարարել է, որ Խորհրդային Միության ատոմային էներգիայի գաղտնիքն իմանալու լուրը լավ լուր է։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը ունեն ատոմային ռումբ, ապա դա որոշակիորեն նշանակում է, որ պատերազմ չի լինի։ Կլինի այնպես, ինչպես եղավ թույների հետ վերջին պատերազմի ժամանակ[33]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.