քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ռիտուքսիմաբ, բրենդային վաճառքային անուն Ռիտուքսան և այլն, դեղ, որը կիրառվում է որոշակի աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար[1]։ Այն կիրառվում է ոչ-Հոջկինի լիմֆոմայի, քրոնիկական լիմֆոցիտային լեյկեմիայի, ռևմատոիդ արթրիտի, բազմանոթաբորբով գրանուլոմատոզի, իդիոպաթիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանի, հասարակ բշտախտի, միասթենիա գրավիսի և Էպշտեյն-Բար դրական լորձամաշկային խոցերի ժամանակ[1][2][3][4]։ Այն կիրառվում է դանդաղ ներերակային ներարկման ձևով[1]։
Հաճախ հանդիպող կողմնակի երևութներ, որոնք հիմնականում դիտվում են ներարկումից հետո առաջին 2 ժամվա ընթացքում ներառում են՝ ցան, քոր, ցածր ԶՃ և շնչարգելություն[1]։ Այլ ավելի ծանր կողմնակի երևույթներից են հեպատիտ Բ վարակակիրների մոտ վարակի վերակտիվացում, հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիա և տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ[1]։ Հայտնի չէ հղիության ընթացքում դեղի ընդունման դեպքում երեխայի վրա ազդեցությունը[1]։
Ռիտուքսիմաբը քիմերային մոնոկլոնալ հակամարմին է CD20 սպիտակուցի նկատմամբ, որը հայտնաբերվում է իմուն համակարգի B բջիջների մակերեսին[5]։ Այն կապվելով սպիտակուցի հետ, բերում է բջջի մահվան[1]։
Ռիտուքսիմաբի օգտագործումը բուժման նպատակով հաստատվել է 1997թ-ին[5]։ Այն ներառված է Առողջապահական համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցուցակում, որոնք ամենաարդյունավետ ու անվտանգ դեղերն են համարվում[6]։ 2014թ․ դրությամբ զարգացող երկրներում դեղի 100 մգ արժեքը կազմում էր $148–496[7]։ 2015թ-ին Միացյալ թագավորությունում նույն քանակությամբ դեղի արժեքը NHS-ի համար արժեր £182[8]։ ԱՄՆ-ում ռևմատոիդ արթրիտի ստանդարտ բուժման (1,000 մգ ներերակային ներարկմում, 2 շաբաթվա ընթացքում) միջին արժեքը 2014թ-ին կազմում էր ամսական $14,100 ($705 յուրաքանչյուր 100 մգ-ի համար)[9], բայց 2016-ին արտոնագրի վերջնաժամկետն ավարտվեց[10]։ Այժմ առկա են դեղի բազմաթիվ կենսանմանակներ[10]։
Ռիտուքսիմաբը ոչնչացնում է և՛ նորմալ, և՛ չարորակ B բջիջներին, որոնք իրենց մակերեսին ունեն CD20 մարկերը, հետևաբար օգտագործվում են այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ժամանակ առկա են շատ մեծ քանակությամբ, գերակտիվ կամ դիսֆունկցիոնալ B բջիջներ։
Ռիտուքսիմաբը օգտագործվում է արյան սպիտակ բջիջների քաղցկեղների բուժման համար, ինչպիսիք են լեյկեմիաները և լիմֆոմաները, ներառյալ ոչ-Հոջկինի լիմֆոման և Հոջկինի լիմֆոմայի լիմֆոցիտ գերակշռող ենթատիպը[11]
Երեք ռանդոմիզացված հսկիչ հետազոտությունների արդյունքում ռիտուքիմաբը համարվեց արդյունավետ դեղամիջոց ռևմատոիդ արթրիտի բուժման համար և, այժմ, հաջողությամբ կիրառվում է ռևմատոիդ արթրիտի դեղորայքակայուն ձևի բուժման մեջ[12]։ ԱՄՆ-ում այն հաստատվել է սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից մեթոտրեքսատի հետ համակցված բուժման ձևով միջին կամ բարձր ակտիվության ռևմատոիդ արթրիտի նշանների և ախտանշանների նվազեցման համար մեծահասակների մոտ, ովքեր չեն ունեցել բավարար արդյունք մեկ կամ ավելի հակա-ՈւՆԳ-ալֆա դեղերով բուժման ժամանակ։ Եվրոպայում արտոնագրումը ավելի խստացված է․ այն արտոնագրված է մեթոտրեքսատի հետ համակցված ձևով բարձր ակտիվության ռևմատոիդ արթրիտի բուժման համար, եթե մեկ կամ ավելի հակա-ՈւՆԳ-ալֆա դեղերով բուժումը անարդյունավետ է եղել[13]։
Կան տվյալներ վերջինիս արդյունավետության, բայց ոչ անվտանգության մասին, տարբեր աուտոիմուն հիվանդությունների բուժման համար, և այն լայնորեն օգտագործվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են՝ ցրված սկլերոզի բարդ ձևերը, համակարգային կարմիր գայլախտը, քրոնիկական բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիան և աուտոիմուն սակավարյունությունները[14]։ Ամենավտանգավոր, սակայն ամենահազվադեպ կողմնակի երևույթը հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիան է, որը հաճախ մահացու է․ համենայն դեպս շատ քիչ դեպքեր են նկարագրված աուտոիմուն հիվանդությունների ժամանակ վերջինիս առաջացման[14][15]։
Այլ աուտոիմուն հիվանդություններից ռիտուքսիմաբով բուժվում են աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունությունը, մաքուր կարմիր բջջային ապլազիան, թրոմբոտիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանը[16], իդիոպաթիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանը[17][18], Էվանսի համախտանիշը[19], անոթաբորբերը (օրինակ՝ բազմանոթաբորբով գրանուլոմատոզը), մաշկի բշտային հիվանդությունները (օրինակ՝ բշտախտը, պեմֆիգոիդը․ բշտախտի 85% դեպքերում արագ վերականգնումով, 2006թ-ի հետազոտության համաձայն)[20], շաքարային դիաբետ տիպ 1, Շյոգրենի համախտանիշը, հակա-NMDA-ընկալչային էնցեֆալիտը, Դեվիկի հիվանդությունը[21], Գրեյվսի օֆթալմոպաթիան[22], աուտոիմուն պանկրեատիտը[23], օպսոկլոնուս միոկլոնուս համախտանիշը[24] և IgG4-կախյալ հիվանդությունը[25]։ Կան որոշ փաստեր այս դեղի անարդյունավետության մասին IgA-կախյալ աուտոիմուն հիվանդությունների բուժման հարցում[26]։
Ռիտուքսիմաբը լայնորեն օգտագործվում է երիկամի փոխպատվաստումով հիվանդների կողմից։ Այս դեղամիջոցը կարող է ունենալ որոշակի արդյունավետություն անհամատեղելի արյան փոխներարկում ստացող հիվանդների մոտ։ Այն կիրառվում է նաև որպես խթանիչ բուժում խիստ սենսիբիլիզացված հիվանդների մոտ, ովքեր պատրաստվում են երիկամի փոխպատվաստման։
Ծանր կողմնակի երևույթներ, որոնք կարող են բերել մահվան և հաշմանդամության, ներառում են[27]․
Համակարգային կարմիր գայլախտով 2 հիվանդներ ռիտուքսիմաբով բուժումից հետո մահացել են հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիայի պատճառով։ Վերջինս առաջանում է JC վիրուսի ակտիվացումից, որը գլխուղեղի հաճախ հանդիպող, բայց սովորաբար գաղտնի վարակ է։ JC վիրուսի վերակտիվացումը հիմնականում բերում է մահվան կամ գլխուղեղի ծանր վնասման[31]։
Առնվազն մեկ ռևմատոիդ արթրիտով հիվանդի մոտ ռիտուքսիմաբով բուժման արդյունքում առաջացել է ՀԲԼ[32]։
Ռիտուքսիմաբը կարող է լինել կոֆակտոր քրոնիկական հեպատիտ Ե վարակի դեպքում՝ լիմֆոմայով հիվանդի մոտ։ Հեպատիտ Ե-ն սովորաբար սուր վարակ է, իսկ եթե այն ուղեկցվում է լիմֆոմայով և հիվանդը միաժամանակ ստանում է ռիտուքսիմաբ, հիվանդի իմուն պատասխանը վիրուսի նկատմամբ կարող է թուլանալ[33]։
Հակամարմինը կապվում է բջջի մակերեսային սպիտակուց CD20-ին։ CD20 լայնորեն էքսպրեսվում է B բջիջների մակերեսին, սկսած վաղ նախա-B բջիջներից մինչև նրանց տարբերակման վերջին փուլերը, բացառությամբ ամենավերջին ձև պլազմատիկ բջիջները։ CD20 չի կորում, կարգավորվում կամ անցնում բջջի մեջ։ Չնայած վերջինիս ֆունկցիան անհայտ է, այն կարող է դեր ունենալ թաղանթով Ca2+-ի ներթափանցման մեջ, ապահովելով ներբջջային Ca2+-ի մակարդակը և թողարկելով B բջիջների ակտիվացումը։
Ռիտուքսիմաբը հակում ունի կապվելու B բջիջների կոնկրետ հատվածի, որտեղ CD20-ներն են, նմանվելով գլխարկի և ծածկելով բջջի մակերեսը։ Այդ «գլխարկի» առկայությունը փոխում է NK բջիջների արդյունավետությունը B բջիջներին վերացման գործում։ Երբ NK բջիջը ամրանում է գլխարկին, նրա արդյունավետությունը B բջիջների ոչնչացման գործում աճում է 80%-ով։ Դրան հակառակ, երբ B բջիջը ունի այդ ասիմետրիկ սպիտակուցի պակաս, այն ոչնչացվում է 40% դեպքերում[35][36]։
Հայտնաբերված են հետևյալ էֆեկտները[37]․
Այս ազդեցությունների արդյունքում ունենում են B բջիջների վերացում (ներառյալ նրանց քաղցկեղային ձևերը) բերելով առողջ B բջիջների նոր պոպուլյացիայի ձևավորման լիմֆոիդ ցողունային բջիջներից։
Ռիտուքսիմաբը կապվում է CD20 սպիտակուցի 170-173 և 182-185 ամինաթթուներին, որոնք ֆիզիկապես մոտ են իրար 167 և 183 ամինաթթուների միջև առկա երկսուլֆիդային կապերի շնորհիվ[38]։
Ռիտուքսիմաբը հայտնաբերվել է գիտնական Նաբիլ Հաննայի և նրա աշխատակիցների կողմից IDEC դեղագործական կազմակերպությունում IDEC-C2B8 անվան տակ։ Դեղի արտոնագիրը տրամադրվել է 1998-ին և վերջացել 2015թ-ին[39]։
Կլինիկական հետազոտություններում իր արդյունավետության և անվտանգության շնորհիվ[40], ռիտուքսիմաբը 1997թ-ին հաստատվեց սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից B բջջային ոչ-Հոջկինյան լիմֆոմաների՝ այլ քիմիոթերապիաների նկատմամբ կայուն ձևերի բուժման համար[41]։ Ռիտուքսիմաբը CHOP սխեմայի հետ միասին ավելի արդյունավետ է, քան CHOP սխեման առանձին տարածուն մեծ B բջջային լիմֆոմայի և շատ այլ B բջջային լիմֆոմաների բուժման մեջ[42]։ 2010թ-ին Եվրոպական կոմիսիան հաստատեց դեղի օգտագործումը, որպես օժանդակ բուժում ֆոլիկուլյար լիմֆոմայի սկզբնական թերապիայի հետ միասին[43]։
Ներկայումս ռիտուքսիմաբը վաճառվում է ԱՄՆ-ում Բիոգենի և Գենենթեքի, Կանադայում և եվրոպայում՝ Հոֆֆման-Լա Ռոշ-ի, Չուգաի կազմակերպության, Ճապոնիայում՝ Զենյակու Կոգյոի և Իրանում՝ ԱրյոԳենի կողմից։
Այն ներառված է ԱՀԿ-ի անփոխարինելի դեղերի ցանկում, ամենակարևոր դեղերի ցանկը, որոնք առողջապահական համակարգի հիմքն են[44]։
2014թ-ին Գենենթեքը վերադասակարգեց ռիտուքսանը, որպես հատուկ խմբի դեղ, խումբ, որտեղ դեղերը հասանելի են միայն ԱՄՆ-ի հատուկ կազմակերպություններին[45]։ Այս պարագայում զանգվածային վաճառքի ընկերությունների կողմից զեղչերը և զիջումները այլևս հնարավոր չէին և հիվանդանոցներն ավելի թանկ էին վճարելու[45]։
Սկզբում այն հասանելի էր միայն ներերակային ներարկման համար (մոտ 2,5 ժամվա ընթացքում), բայց 2016թ-ին եվրոպայում ստեղծեցին հնարավորություն նաև ենթամաշկային ներարկման համար, ՔԼԼ բուժման պարագայում[46]։
Դեղի արտոնագրերի վերջնաժամկետը Եվրոպայում լրացավ 2013թ-ի փետրվարին, իսկ ԱՄՆ-ում՝ 2016թ-ի սեպտեմբերին[47]։ 2018թ-ի նոյեմբերին Հնդկաստանում, Եվրոմիությունում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և Ավստրալիայում հաստատվեցին դեղի մի քանի կենսանմանակներ[47][48]։
Ռիտուքսիմաբի այս ազդեցությունը հայտնաբերվել է երկու նորվեգացի բժիշկների կողմից, ովքեր ռիտուքսիմաբով բուժում էին քաղցկեղով հիվանդների, ովքեր լրացուցիչ ունեին նաև քրոնիկական հոգնածության համախտանիշ, և արդյունքում այն նույնպես բարելավվեց[49]։ 2017թ-ին այս ազդեցությունը հայտնաբերվեց նաև որոշ փոքր և մեծ հետազոտություններում․ 2017թ-ի դրությամբ հայտնի չէր, արդյոք այսպիսի բուժումը այնքան օգտակար է, որ հաշվի չառնվեն ռիտուքսիմաբի կողմնակի երևույթները քրոնիկական հոգնածության համախտանիշի բուժման հարցում[49]։
ԿՆՀ-ի հիվանդությունների համար, ռիտուքսիմաբը կարող է կիրառվել ինտրատեկալ (գոտկային պունկցիայի միջոցով դեղի ներարկում ողնուղեղային խողովակ կամ ենթաոստայնենային տարածություն) ներարկման ձևով, և այս մեթոդը հետազոտությունների փուլում է[50]։
Ռիտուքսիմաբի կիրառման արդյունավետությունը և անվտանգությունը պատճառ հանդիսացավ այլ, նոր հակա-CD20 հակամարմինների արտադրությանը․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.