Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի սիմֆոնիկ սյուիտ From Wikipedia, the free encyclopedia
«Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը (ռուս.՝ Шехераза́да), ռուս հռչակավոր երգահան, մանկավարժ, դիրիժոր, հասարակական գործիչ և երաժշտական քննադատ, «Հզոր խմբակ» երաժշտական խմբակի անդամ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից է։ Այն ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի, այլև համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն գործերից է։ Կոմպոզիտորն այն գրել է 1888 թվականին, ըստ «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների[1]։
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով |
Rimsky-Korsakov - Scheherazade Վիքիպահեստում |
Այստեղ, կոմպոզիտորի նպատակը չի եղել հետևողական կերպով բացահայտել այդ հեքիաթների բովանդակությունն ամբողջությամբ, այլ տվել է նրանցից վերցրած առանձին հեքիաթային կերպարների և էպիզոդների ազատ վերարտադրությունը։ Նրա երաժշտության արևելյան երանգները պայմանվորված են սյուիտի հիմքում ընկած ծրագրով[2]։
1887 թվականի ձմռանը, երբ Ռիմսկի-Կորսակովն աշխատում էր Ալեսքանդր Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի վրա, որը Բորոդինի մահվանից հետո ավարտեցին և գործիքավորեցին Ալեքսանդր Գլազունովի հետ միասին, որոշում է սիմֆոնիկ մի սյուիտ գրել «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների մոտիվներով[3]։
1888 թվականի ամռանը կոմպոզիտորն ավարտեց «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը[4]։ Սյուիտը մի քանի մասից բաղկացած պիեսների շարք է և սովորաբար, սյուիտում առանձին մասերի միջև եղած կապը բավականին թույլ է։ Սակայն «Շեհերազադեն» իրենից ներկայացնում է չորս մասերից կազմված մի ամբողջական գործ, որտեղ մասերը միացած են ծրագրային մտահաղացմամբ և ընդհանուր թեմատիկ նյութով։
Ստեղծագործության մոնումենտալ մասշտաբներն ու առանձի մասերում կիրառված սոնատային ձևը մոտեցնում է սյուիտը սիմֆոնիայի[5]։ Ստեղծագործությունը կոմպոզիտորը նկարագրում է այսպես․ Սուլթան Շահրիարը մտածում է, որ կանայք անհավատարիմ են, և նրանց անհավատարմությունը պատժելու համար որոշում է ամեն օր ամուսնանալ մի նոր կնոջ հետ, իսկ հաջորդ օրը նրան գլխատել[6]։ Շեհերազադեն փրկում է իր կյանքը՝ ամեն օր մի նոր և հետաքրքիր հեքիաթ պատմելով, և այդ պատմությունները դիտմամբ կիսատ թողնելով։ Նա մի հեքիաթն ավարտեուց հետո սկսում է նորը, և այսպես հազար ու մի գիշեր, իսկ սուլթանը հետաձգում է մահապատիժը, հեքիաթների վերջաբանն իմանալու համար։ Նա սիրահարվում է Շեհերազադեին և հրաժարվում իր դաժան որոշումից։
«Շեհերազադե» սյուիտը բաղկացած է չորս մասից։ Սկզբում կոմպոզիտորը յուրաքանչյուր մասին ենթավերնագրեր է տվել[4][7]․
1-ին - «Ծովը և Սինդբադի նավը»
2-րդ - «Արքայորդի Կալենդերի պատմությունը»
3-րդ - «Արքայորդին և արքայադուստրը»
4-րդ - «Բաղդադի տոնակատարությունը և նավը, որը փշրվում է, խփվելով ժայռին»։
Հետագայում կոմպոզիտորը հրաժարվում է այս ենթավերնագրերից և տալիս է «Շեհերազադե» վերնագիրը[3]։
Largo e maestoso – Lento – Allegro non troppo – Tranquillo - Մի մինոր-մի մաժոր (E minor – E major)
Այս մասը սկսվում է նախանվագով, որտեղ հնչում են սուլթանին և Շեհերազադեին բնութագրող թեմաները։ Առաջին թեմայում նկարագրվում է գոռոզ և հրամայող սուլթանի կերպարը՝ լարային և փողային գործիքների միաձայն շարադրանքով, երկու օկտավա հեռավորությամբ[4]։
Շեհերազադեի թեման մեղմ է, երազկոտ։ Այն պատկերում է երիտասարդ, բայց միևնույն ժամանակ հնարամիտ սուլթանուհու կերպարը։ Այստեղ ջութակի նուրբ մենանվագի մեղեդին հնչում է արֆայի նվագակցությամբ։
Ձևափոխվելով և նոր, բազմազան կերպարների հիմք հանդիսանալով, այս երկու թեմաները հետագայում լայն զարգացում են ստանում սյուիտի չորս մասերում։
Առաջին մասում ծովի նկարագիրն է։ Այն գրված է սոնատային ձևով, առանց մշակման։
Գլխավոր թեման հնչում է հանդարտ ու վեհ, գրեթե ամբողջ մասում պահպանված, ծովի ալիքները պատկերող նվագակցության ներքո։
Երկու օժանդակ թեմաները, թեև տարբերվում են թեմատիկ նյութով, խիստ հակադրություն չեն մտցնում երաժշտության մեջ։ Առաջինը՝ հանդարտ և սահուն բնույթով նկարագրում է Սինդբադի նավը, որը սահում է ալիքների վրայով, իսկ երկրորդն ընդգծում է ծովի ալիքների անհանգստությունը, և հիմնված է Շեհերազադեի թեմայի վրա։ Աստիճանաբար այդ անհանգստությունն ուժեղանում է և ռեպրիզայի սկզբում վերածվում փոթորկի տեսարանի նկարագրության։ Վերջում ծովը խաղաղվում է և առաջին մասն ավարտում է մեղմ ու հանդարտ ակորդներով։
Lento – Andantino – Allegro molto – Vivace scherzando – Moderato assai – Allegro molto ed animato - Սի մինոր (B minor)
Այս մասը սկսվում է Շեհերազադեի թեմայի շարադրանքով, այնուհետև հնչում է հիմնական թեման՝ Կալենդերի պատմության թեման։ Սա մի պատմություն է արևելյան հրաշալիքների մասին։
Երկրորդ մասը գրված է եռամասանի ձևով, որտեղ առաջին և վերջին մասերում հիմնական թեման ենթարկվում է վարիացիոն փոփոխությունների։ Միջին մասի երաժշտությունը մարտի տեսարան է հիշեցնում։ Այն ավելի լարված է, հագեցած սուր ռիթմիկ դարձվածքներով[3]։
Andantino quasi allegretto – Pochissimo più mosso – Come prima – Pochissimo più animato - Սոլ մաժոր (G major)
Այս մասն ավելի հանդարտ է, քնարական, հիմնված երկու թեմաների վրա, որոնցից առաջինը երգային է և մարմնավորում է արքայազնին, իսկ երկրորդը՝ արքայադստերը։ Երրորդ մասն առաջինի նման գրված է սոնատային ձևով, առանց մշակման։ Երկրորդ թեման հանդես է գալիս իբրև օժանդակ թեմա, մոտ է առաջին թեմային, սակայն ավելի շարժուն է, նազանի, նման է արևելյան պարեղանակի[5]։
Ռեպրիզայում երկու թեմաները հնչում են նոր գործիքային երանգներով։ Այստեղ կրկին հանդես է գալիս Շեհերազադեի թեման (ջութակի մենանվագը), որը միահյուսվում է արքայազնի թեմայի հետ։ Այսպես կոմպոզիտորը մեկ անգամ ևս ընդգծում է, որ պատմությունների հեղինակը Շեհերազադեն է[4]։
Allegro molto – Lento – Vivo – Allegro non troppo e maestoso – Tempo come I - Մի մինոր-մի մաժոր (E minor – E major)
Այս մասի հիմնական թեման սրընթաց և կրակոտ է, բնորոշ ռիթմը պահպանված է գրեթե ամբողջ մաասի ընթացքում։ Նախորդ մասերի գրեթե բոլոր թեմաներն այստեղ անցնում են մրրիկի նման, հիշեցնելով ծանոթ հեքիաթների կերպարները։
Սյուիտի ավարտը նկարագրում է տոնակատարության տեսարանը Բաղդադում։ Սուլթանի թեման այստեղ հնչում է աշխույժ, նախապատրաստելով սյուիտի այս մասում արտահայտված տոնակատարական տրամադրությունը։ Իր ձևով սյուիտի այս մասը բավականին բարդ է։ Այն ունի յուրահատուկ կառուցվածք, իր մեջ կրում է և սոնատային ձևի և ռոնդոյի գծեր։
Ֆինալի վերջին մասը ունկնդրին կրկին վերադարձնում է առաջին մասի ծովի նկարագրին՝ փոթորկոտ ծովը, ծովագնացների պայքարը, որն ավարտվում է հանդարտ, խաղաղ ծովի ալիքների ծփանքը նկարագրող երաժշտությամբ[5][8]։ Նախաբանի երկու թեմաները հնչում են հակառակ հաջորդականությամբ, սկզբում՝ Շեհերազադեի թեման, աայնուհետև գոռոզ սուլթանի։ Վերջինիս թեման հնչում է մեղմացած՝ կարծես հաստատելով, որ Շեհերազադեի պատմությունները ստիպեցին իրեն հրաժարվել իր մտադրությունից[5]։
1910 թվականի հունիսի 4-ին Փարիզի Գրանդ օպերայում տեղի է ունեցել «Շեհերազադեի» բալետային ադապտացված պրեմիերան՝ Դյագիլևայի ռուսական բալետի կողմից։ Բալետի խորեոգրաֆիան արել է Միխայիլ Ֆոկինը, լիբրետոն գրել են Լեոն Բակստը և Ֆոկինը, իսկ հագուստներն ու դիզայնը արվել է Բակստի կողմից։ Ռիմսկի-Կորսակովի այս ստեղծագործությունը հնչել է ոչ միայն ակադեմիական երաժիշտների, այլև բազմաթիվ էստրադային արտիստների կատարմամբ՝ բազմաթիվ վերամշակումներով։
Այս ստեղծագործությունը գրված է նվագախմբի համար[9]․
Փայտյա փողային երաժշտական գործիքներ
2 հոբոյ
2 կլառնետ
2 կլառնետ A և B♭
2 ֆագոտ
Պղնձյա փողային գործիքներ
4 գալարափող F
2 շեփոր A և B♭
3 տրոմբոն
1 տուբա
Հարվածային գործիքներ
Մեծ թմբուկ
Փոքր թմբուկ
Ծնծղաներ
Եռանկյունի
Լարային գործիքներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.