Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նահդա (արաբերեն՝ النهضة՝ զարթոնք, վերածնունդ), մշակութային վերածնություն։ Նահդայի սկիզբը համարվում է 19-րդ դարը։ Այդ ժամանակաշրջանում արաբական երկրներից տնտեսապես և մշակութային առումով առավել զարգացած էին Եգիպտոսը և Սիրիան։ Այստեղ ավելի էր զգացվում եվրոպական ազդեցությունը։
19-րդ դարում արաբական երկրներում սկսվում է մի շարժում, որը կոչվում է նահդա (արաբ․՝ نهضة, վերելք, զարթոնք, վերածնունդ)։ Դա լուսավորական շարժում էր. նահդայի գաղափարակիրները վերածնունդը տեսնում էին ժողովրդի դարավոր հետամնացության և կրոնական նախապաշարմունքների հաղթահարման, լուսավորական գաղափարների տարածման մեջ։ Եվ քանի որ այդ բոլոր պրոցեսները տեղի էին ունենում եվրոպական անմիջական ազդեցության տակ, ստեղծվեց մի մշակութային սինթեզ, որն էլ հիմք դարձավ արաբական լուսավորական մտքի զարգացման համար։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին լուսավորական շարժումը հասավ իր զարգացման գագաթնակետին, և նրա գաղափարախոսության ձևավորմանը հավասարապես մասնակցում էին Եգիպտոսը և Սիրիան։ Լուսավորական շարժումը ձևավորման սկզբնական փուլում մատչելի չէր լայն մասսաների համար, նույնիսկ մտավորականների շրջանում այն ընդունելի էր հիմնականում քրիստոնյաների համար, քանի որ նրա գաղափարները կտրուկ հակասում էին ավանդական քարացած մուսուլմանական պատկերացումներին։
Լայն տարածում գտնելու համար լուսավորական գաղափարները պետք է հենվեին իսլամի վրա։ Այդ պատճառով արդեն 1870-ական թվականներին լուսավորական շարժման համար սկսվեց մի նոր փուլ՝ մուսուլմանական ռեֆորմացիա կամ մոդեռնիզմ։ Դրա հիմքում ընկած էր իսլամի իրական արժեքների ճիշտ մեկնաբանումը և նրա հարմարեցումը ժամանակակից կյանքի պահանջներին։ Շարժման առաջնորդները գտնում էին, որ Ղուրանի ճիշտ մեկնաբանման դեպքում կարելի էր գտնել բոլոր ժամանակաից հարցերի պատասխանը։ Մոդեռնիստները միևնույն ժամանակ չէին հերքում արևմտյան մշակույթի բարերար ազդեցությունը, և կոչ էին անում յուրացնել արևմուտքի գիտական, տեխնիկական, գաղափարական և մշակութային նվաճումները։ Նրանք գտնում էին, որ միայն մոդեռնիզացված հասարակությունը կարող է դիմակայել արևմտյան գաղութարարական քաղաքականությանը։
Եգիպտոսը պետություն է Աֆրիկա մայրցամաքի հյուսիսում։ Այստեղ հազարրամյակներ առաջ ստեղծվել են առաջին պետությունները, ձևավորվել է հնագույն քաղաքակրթություն։ Ավելի քան վեց հազարամյա պատմության ընթացքում երկիրն անցել է զարգացման տարբեր փուլեր, որոնք կապված էին նաև օտար նվաճումների հետ։ Մ.թ.ա. 6-րդ դարում Եգիպտոսը նվաճվել է Աքեմենյան պետության, մ.թ.ա. 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու, ապա՝ Սելևկյանների, մ.թ.ա. 1-ին դարում՝ Հռոմեական կայսրության կողմից։ Հռոմեա-բյուզանդական տիրապետությունը տևում է 700 տարի՝ մինչև արաբական արշաավանքները։ 7–րդ դարից սկսած Եգիպտոսը դառնում է իսլամական պետություն, գերիշխող է դառնում արաբերեն լեզուն ու արաբական մշակույթը։ Այն համարվում է արաբական հանրապետություն՝ մի երկիր, որի բնակչությունը (ավելի քան 80 միլիոն) խոսում է սեփական արաբական բարբառով։
Արաբական Եգիպտոսը 16-18-րդ դարերում գտնվել է Օսմանյան կայսրության կազմում՝ որպես նրա նահանգ-վիլայեթ։ Այն անկախ պետությունից վերածվել էր Օսմանյան կայսրության մի նահանգի։ Սա բնականաբար չէր կարող չազդել նրա մշակութային կյանքի վրա։ Թուրքերի օրոք արաբերենը կորցրել էր պետական լեզվի իր դերը, չնայած շարունակվում էր լայնորեն կիրառվել թե Եգիպտոսում, և թե հենց Թուրքիայում։ Արաբների շրջանում գիտությունն անկում էր ապրում։ Մի շարք գիտական նվաճումներ, ինչպիսիք էին օրինակ Գյուտենբերգի տպագրական մեքենան, երկրի ձվաձևության մասին տվյալները, Կոպեռնիկոսի հայտնագործությունը և այլն, ուղղակի անհայտ էին մնում արաբներին մինչև 18-19-րդ դարերը։
1798 թվականի ամռանը, Ալեքսանդրիայում տեղակայելով իր զորքերը, Նապոլեոն Բոնապարտը եգիպտական բնակչությանը դիմեց արաբերեն մի ուղերձով, որտեղ խոսվում էր բոլոր մարդկանց միջև անկախ կրոնական պատկանելության հավասարության մասին։ Բոնապարտի զգուշավոր խոսքը ալ-Ազհարի մզկիթի մտավորականների վերաբերյալ, նրան չօգնեց վայելել վերջիններիս համակրանքն ու վստահությունը։ Երեք ամիս անց կրկին ապստամբություն ծագեց։ Ապստամբության օջախը դարձավ հենց ալ-Ազհարի մզկիթը։ Ճիշտ է, Բոնապարտի խոստացած հավասարությունը իրականություն չդարձավ, այդուհանդերձ հենց ֆրանսիացիների միջոցով եգիպտացիները ծանոթացան եվրոպական տեխնիկային, հատկապես զինվորական գործին, տպագրությանը, թերթերին, նոր ոճով և ոգով գործող դպրոցներին։ Նրա օրոք բացվեց առաջին տպարանը։
Ռեֆորմներն իրականացրեց Մուհամմադ Ալին։ Նա ստեղծեց կայուն նավատորմ, մշտական բանակ, զարգացրեց արտադրությունը, վերակազմավորեց պետական ապարատը։ Ռեֆորմներն իրականացնելիս Ալին ձգտում էր օգտագործել եվրոպական գիտությունների և տեխնիկայի ձեռքբերումները, ինչն էլ Եգիպտոսի համար հայտնի դարձրեց այս նոր գաղափարներն ու նվաճումները։ Եգիպտոսում առաջին անգամ բացվեցին հանրակրթական դպրոցներ։ Բացի դրանից բացվեցին նաև հատուկ բժշկական, տեխնիկական և զինվորական դպրոցներ՝ հետևելով եվրոպական օրինակին։ Որպես կանոն այնտեղ դասավանդում էին արտասահմանցիներ՝ ֆրանսիացիներ, անգլիացիներ, իտալացիներ։
Եգիպտոսում ծավալվեց նաև թարգմանչական աշխատանք։ Հիմնականում ֆրանսերենից արաբերեն էին թարգմանվում բազմաթիվ դասագրքեր։ Թարգմանչական գործի զարգացման մեջ մեծ դեր ունեցավ 1835 թվականին ստեղծված բյուրոն, հետագայում այն անվանվեց օտար լեզուների դպրոց։ Այս հաստատությանը պատկանում են ավելի քան 2000 թարգմանված աշխատանքներ, որոնք տպագրվում են 1821 թվականին Ալիի կողմից ստեղծված տպագրատանը։
Եգիպտոսի փաշան շուտով սկսում է երիտասարդ եգիպտացիներին ուղարկել Եվրոպա՝ գլխավորապես՝ Ֆրանսիա, ուսումնասիրելու բժշկություն, զինվորական գործ, իրավունք և այլն։ Երիտասարդների առաջին մեծ խումբը Եվրոպա ուղարկվեց 1826 թվականին՝ Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուիի գլխավորությամբ։ Ռեֆորմների արդյունքում Եգիպտոսում ավելի վաղ, քան Օսմանյան կայսրության մյուս նահանգներում, տեղի ունեցավ մշակույթների սինթեզում։ Եգիպտոսին առաջին հերթին պետք էին ռազմական և տեխնիկական գիտելիքներ։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ 1826 թվականին Ֆրանսիա ուղարկված անդամներից 11-ը ուսումնասիրում էին ռազմական գործ, դիվանագիտություն և կառավարում, 2-ը բժշկություն, 8-ը ծովային և ինժեներական գործ։ Նրանցից քչերն էին ուսումնասիրում մշակույթ և արվեստ։
Նապոլեոնի արշավանքից, այնուհետև Մուհամմադ Ալիի իրականացրած ռեֆորմներից հետո երկիրը թևակոխեց տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման մի նոր շրջան, որը ստացավ նահդա անվանումը։ Նահդա նշանակում է զարթոնք, վերածնունդ։ Նահդայի գաղափարները դեպի վերածնունդ տանող գլխավոր ճանապարհը տեսնում էին ժողովրդի մշակութային հետամնացության վերացման մեջ։
Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուին ծնվել է Տահտայում, Վերին Եգիպտոսում։ Ավարտել է ալ-Ազհարի համալսարանը։ Ավարտելուց հետո Մուհամմադ Ալին նրան նշանակում է հոգևոր առաջնորդ՝ իմամ, ով պետք է ուղեկցեր 1826 թվականին Ֆրանսիա ուղարկված 44 անդամներին։ 6 տարի անցկացնելով Ֆրանսիայում, հենց այստեղ գրում է իր ճամփորդության մասին, սակայն այն հրատարակվում է 1834 թվականին, Ֆրանսիայից Եգիպտոս վերադառնալուց հետո։ Գիրքն իրենով նորություն էր ներկայացնում արաբ հասարակության համար։ Ալ-Տահտաուին այն անվանել է «Մաքուր ոսկու հայտնաբերումը Փարիզ այցելության ընթացքում» (արաբ․՝ تخليص الإبريز في تلخيص باريز), որը հաճախ անվանում են նաև Ռիֆայի ճամփորդություն։ Նրա ստեղծագործության մեջ Ֆրանսիան ներկայացվում է որպես բազմաթիվ բարիքների աղբյուր։ Մանրամասն պատմվում է ֆրանսիական կարգուկանոնի և սովորույթների մասին։
Ըստ նրա հատկապես ընդօրինակման են արժանի կրթական և գիտական համակարգերը, հասարակության քաղաքական կազմակերպման ձևերը։ Չնայած կյանքի նկատմամբ ունեցած իր ավանդական մոտեցմանը՝ ալ-Տահտաուին ոչ միայն ընդունում է, այլ նաև ապացուցում է ֆրանսիացիների առավելությունը կրթական ոլորտում։ Նա գտնում էր, որ պետք է ընդօրինակել ֆրանսիական կրթական համակարգը, որպեսզի համակողմանի զարգանան գիտությունները՝ առանց որոնց անհնար է հզոր բանակի և նավատորմի ստեղծումը։ Նրա ստեղծագործության մեջ բավական շատ նկարագրություններ կան Ֆրանսիայի քաղաքական ինստիտուտների վերաբերյալ։ Հեղինակը մեծ համակրանքով գրում է լիբերալ շարժումների, սահմանադրական կառավարման մասին։ Պատմում է նաև 1830 թվականին տեղի ունեցած հուլիսյան շարժման մասին։ Նրա գրքում շատ մեծ տեղ են գրավում նրա գաղափարները անկախության և ազատության մասին։ Ալ-Տահտաուին նշում է, որ ֆրանսիացիների համար ազատությունը նույնն է, ինչ եգիպտացիների համար արդարությունը, քանի որ իշխանությունը ազատության պայմաններում նշանակում է բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առջև։ Ընդունելով բոլոր մարդկանց հավասարությունը, ալ-Տահտաուին չի ընդունում արևելյան ղեկավարների անսահմանափակ իշխանությունը։ Նա կարծում է, որ լիակատար իշխանությունը պատկանում է Աստծուն։ Իր մտածմունքների վերջում ալ-Տահտաուին գալիս է այն եզրահանգման, որ լիակատար արդարություն աշխարհում չկա և որ այն հարաբերական երևույթ է։
Ալ-Տահտաուին եկել է այն եզրահանգման, որ ազատությունը, հավասարությունը և արդարությունը համահավասար են։ Նրա կարծիքով մեծ տարբերություն չկա բնական իրավունքի և շարիաթի միջև։ Հասարակության կառուցվածքի եվրոպական ձևերը հնուց հայտնի են մուսուլմանական աշխարհում։ Եվ դրանք չեն հակազդում իսլամին։ Նրա գործունեությունը առաջին խոշոր ներդրումն էր արաբների մեջ ֆրանսիական լուսավորականների հասարակական-քաղաքական հայացքների պրոպագանդումը։
Մուհամադ Ալիից հետո Եգիպտոսում իշխանության է գալիս Իսմաիլը, ում օրոք մշակութային զարգացումը շարունակում է ընթանալ նույն հունով։ Այդ ժամանակաշրջանում մշակութային ամենաակնառու ներկայացուցիչներից էր փաշա Ալի Մուբարաքը (1823-1893)։ Նա ծնվել է քրիստոնյա ընտանիքում, ստացել է բժշկական կրթություն։ Նա այն ուսանողներից էր, ով 1844 թվականին երկրորդ հոսքով մեկնեց Ֆրանսիա։ Այնտեղ 4 տարի սովորելով ռազմական գործ, վերադառնում է Եգիպտոս և 1853-54 թվականներին Եգիպտական զորքի կազմում մասնակցում է Ղրիմի պատերազմին։ Իսմայիլի իշխանության գալուց հետո նրան է վստահվում բարձր պաշտոն ռազմական նախարարությունում։ Ալի Մուբարաքի աշխատություններից հայտնի է «Թաուֆիկի նոր նախաձեռնությունները» ( արաբերեն՝ الخطط التوفيقية الجديدة)։
1865 թվականին, երբ սուլթան Աբդուլ Ազիզը այցելում է Եգիպտոս, նկատում է թե ինչ անուշադրության են մատնված եգիպտական հին արժեքավոր ձեռագրերը և առաջարկում է Իսմայիլին հավաքել դրանք բոլորը մեկ ընդհանուր գրապահոցում։ Իսմայիլի նախաձեռնությամբ ստեղծվում է հայտնի «Ալ-Քութուբխանա ալ-խեդիվիյա ալ-մասռիյա» գրադարանը։ Ալի Մուբարաքին է վստահվում նորաստեղծ գրադարանի կարգավորումը, ով այդ ժամանակ հոգևոր ունեցվածքների նախարարն էր։ 1871-72 թվականներին Ալի Մուբարաքի կողմից տպագրվում են աշխարհագրության, երկրաչափության և բժշկության մի շարք դասագրքեր զիվորական կրթական հաստատությունների համար։ Մեկ տարի անց, զբաղեցնելով ազգային լուսավորության նախարարի պաշտոնը, նա ձեռնամուխ է լինում եվրոպական օրինակով համալսարանի հիմնադրման։ Նմանատիպ համալսարանի կառուցման գաղափարը կար դեռևս Մուհամադ Ալիի ժամանակից։ Ոգեշնչվելով նոր հիմնադրված համալսարանի դասախոսներից մեկի աշխատանքով, Ալի Մուբարաքը ստեղծում է նմանատիպ աշխատություն՝ Ալամադդին վերնագրով։ Այն իրենից ներկայացնում էր 4հատորանի գիտական աշխատանք, գրված էր կիսագեղարվեստական ոճով։ Ի տարբերություն ալ-Տահտաուիի ստեղծագործության, այն նախատեսված էր մեծահասակների համար, ում նա ձգտում էր ծանոթացնել մարդկային գիտելիքների բոլոր ոլորտներին։ Նրա մյուս ստեղծագործություններից հայտնի է Մուհամմադ մարգարեի մասին հադիսներից մեկի մեկնաբանությունը։ Ալի Մուբարաքը մեկնաբանելով այն, կոչ է անում մուսուլմաններին չմոռանալով Աստծուն ջանասիրաբար աշխատել ապագայի համար։
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին ծնվել է Աֆղանստանում և ստացել է ավանդական մուսուլմանական կրթություն։ Կահիրեում հաստատվելուց հետո նա ծավալում է իր հիմնական գործունեությունը՝ դառնալով հասարակական մտքի անփոխարինելի առաջնորդ և քարոզելով լիբերալ-ռեֆորմիստական գաղափարներ և կոչ անելով գաղութացման դեմ պայքարի։
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին եղել է նաև Հնդկաստանում, Թուրքիայում։ Փարիզում իր աշակերտ Մուհամադ Աբդոյի հետ միասին ստեղծում է «Ալ-Ուրվաթ ալ-վուսկա» (արաբերեն العروة الوثقى, ամուր կապ) գաղտնի կազմակերպությունը և հրապարակում համանուն թերթը։ Նրա գաղափարախոսության հիմքում առաջնայինը կրոնի և գիտության փոխհարաբերության հիմնահարցն էր։
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին գտնում էր, որ ազգի բարեկեցությունը, հարստությունը հիմնված է գիտության վրա և որ կրոնը ոչ միայն չի ժխտում գիտությունը, այլ ամեն կերպ նպաստում է նրա զարգացմանը։ Իր «կրթության և ուսուցման» օգուտը հոդվածում Արևելքի երկրների ծանր վիճակը բացատրում է այստեղ գիտնականների՝ որպես կարևոր խավի ժխտմամբ։ Նա գտնում էր, որ ոչ բոլոր ժամանակաշրջանները կարիք ունեն մարգարեության, սակայն միշտ պահանջվում է գիտական առաջընթաց, որը ի վիճակի կլինի մարդկությանը դուրս հանել խավարամտության և անգրագիտության ճահճից դեպի բարեկեցիկ կյանք։
Նման գաղափարներ արտահայտելու համար ուղղափառ մուսուլմանների կողմից նա մեղադրվում էր հերետիկոսության մեջ։ Դրա արդյունքում նա էլ ավելի էր համոզվում, որ ոչ մի կրոնական ռեֆորմ նարավոր չէ մուսուլմանական համայնքում, քանի դեռ կրոնական առաջնորդները չեն փորձում վերանայել իրենց հայացքները և չեն հասկանում գիտության և մշակույթի օգուտը։
Ալ-Աֆղանիի կարծիքով մուսուլմանների անկումն ու հետամնացությունը արդյունք են նրա, որ նրանք մոռացել են, թե ինչում է կայանում իսկական իսլամի իմաստությունը, ինչպես նաև այն պատգամը, որով մուսուլմանները պետք է միշտ միասնական լինեն։ Այս միասնականության գաղափարն էլ հիմք դրեց պանիսլամիզմի գաղափարախոսությանը։ Այս գաղափարախոսության առաջուցումը հենց այս շրջանում ամենից առաջ ազգային ազատագրական պայքարի արդյունք էր։
Ալ-Աֆղանին համառորեն կոչ էր անում Արևելքին համախմբել իր ուժերը և դուրս գալ գաղութարարների դեմ։ Կարևորագույն քաղաքական խնդիր էր համարում մուսուլմանների համախմբումը խալիֆի դրոշի տակ, ով ի վիճակի կլինի պայքարել գաղութատիրության դեմ։
Ծնվել է Վերին Եգիպտոսում, նախնական կրթությունը ստացել է մզկիթներից մեկին կից դպրոցում, ապա շարունակել ուսումը Ալ-Ազհարում։ Այստեղ էլ ծանոթացել է Աֆղանիի ռեֆորմիստական գաղափարների հետ, և դարձել նրա ամենանշանավոր աշակերտներից և կողմնակիցներից մեկը։ Աֆղանիի ազդեցության տակ Ալ-Ահրամ թերթում հրապարակվում է հոդվածների մի ամբողջ շարք՝ նվիրված Արևմուտքի և Արևելքի մշակութային փոխհամագործակցությանը։ 1880 թվականին նշանակվում է «Ալ-Վուկաա Ալ-Միսրիյա» թերթի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նա համագործակցում է ազգային ազատագրական շարժման հետ կապված «Միսր» և «Ալ-Թիջարա» թերթերի հետ, որոնցում պաշտպանում է սոցիալական, մշակութային և քաղաքական ռեֆորմների գաղափարը, սակայն ընդդիմանում է զինված ապստամբությանը՝ համարելով, որ ժողովուրդն այժմ պատրաստ չէ դրան, իսկ պարտությունը կհանգեցնի երկրի օկուպացմանը։ Այդ ամենի հետ մեկտեղ 1881-82 թվականների Արաբի փաշայի ապստամբության ժամանակ աջակցում է նրան, ինչի արդյունքում ապստամբության պարտությունից հետո արտաքսվում է Եգիպտոսից։
Որոշ ժամանակ բնակվելով Բեյրությում, Աֆղանիի հրավերով մեկնում է Փարիզ։ Հսկայական է Աբդոյի դերը իսլամի արդիականացման և Եգիպտոսի զարգացման մեջ։ Նա հանդիսանում է մոդեռնիստների «Ալ-Մանար» ամսագրի և նոր գրական ոճի՝ հրապարակախոսության հիմնադիրը։ Նրա աշխարհայացքը ռացիոնալ-կրոնական էր։ Նա իսլամը համարում էր բանականության կրոն, որի նպատակը մարդում կատարյալ դարձնելն է և բարեկեցության ապահովումը ոչ միայն հանդերձյալ, այլև իրական կյանքում։ Այս ամենի մասին նա խոսում է «Ռիսալաթուլ թաուհիդ» (Միաստվածության ուղերձ) և Թաֆսիր ալ-Ղուրան (Ղուրանի մեկնաբանություն) աշխատություններում։ Թաֆսիր ալ-Ղուրանը ընդգրկում է առաջինից մինչև չորրորդ սուրաների մեկնաբանությունը և բաղկացած է ինը հատորից։
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին համարվում է պանարաբիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա ահռելի ներդրում ունեցավ արաբական գրականության պատմության, մասնավորապես՝ հրապարակախոսության զարգացման մեջ։
Լինելով նահդայի երկրորդ փուլի (որն ընդունված է անվանել նաև Մուսուլմանական ռեֆորմացիա կամ մոդեռնիզմ) ներկայացուցիչ և պանիսլամիզմի հիմնադիր Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի հետևորդ՝ ալ-Քաուաքիբին շարունակեց լուսավորական գաղափարների տարածումը հրապարակախոսության մեջ՝ դրանով իսկ խթան հանդիսանալով արաբական հրապարակախոսության հետագա զարգացմանը Սիրիայում և Եգիպտոսում։
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին կրթություն է ստացել Հալեպի դպրոցներից մեկում՝ «ալ-Մադրասա ալ-Քաուաքիբիա» (արաբերեն՝ المدرسة الكواكبية)։ Իր ստեղծագործական ու գաղափարախոսական գործունեությունը ծավալում է Սիրիայում, վերջին տարիներին՝ Եգիպտոսում։ Այնտեղ սկսում է համագործակցել մուսուլմանական մոդեռնիստների թերթում։ Եգիպտոսում նա ազդվում է Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի և նրա աշակերտ Մուհամմադ Աբդոյի գաղափարներից։ Ալ-Քաուաքիբիի հոդվածները, որոնք տպագրվում էին այդ ժամանակ «Ալ-Մանար»-ում(արաբերեն՝ المنار, փարոս ), 1901 թ լույս են տեսնում առանձին գրքով «Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը» (արաբերեն՝ طبائع الاستبداد ومصارع الاستعباد)։ Մյուս նրա հայտնի ստեղծագործությունը «Քաղաքների մայրը» (արաբերեն՝ أم القرى, ումմ ալ-կուրա), որը հավանաբար գրվել էր դեռևս Հալեպում, տպագրվում է 1902 թ։
«Ումմ ալ-կուրա» հրապարակախոսական աշխատությունում պատկերված է 1899 թվականի գաղտնի համաժողովը Մեքքայում հաջջի ժամանակ։ Համաժողովի 12 նիստերում մասնակցում էին 22 մուսուլմաններ տարբեր երկրներից։ Ներկայացվում են աղավաղված պատկերացումները իսլամի մասին, որը մեծ մասամբ մուսուլման աստվածաբանների պատճառով էր տեղի ունենում։
«Բռնապետության բնույթը» գրքի մեջ ալ-Քաուաքիբին զարգացնում, խորացնում և համակարգի է բերում «Ումմ ալ-կուրա»-ում արտահայտած մտքերը։ Քննադատելով բռնապետությունը՝ նա ասում է, որ այն աղավաղում է կրոնական ուսմունքի իսկական իմաստը, կործանում ազգի նյութական հարստությունները, վերացնում է ցանկացած հետաքրքրություն աշխատանքի նկատմամբ։
Արդեն 3 դար էր, ինչ Սիրիան գտնվում էր նման կարգավիճակում։ Ֆորմալ առումով այս վիճակը շարունակվեց մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Սակայն դեռևս 18-րդ դարի երկրորդ կեսից դժվարանում է իշխանությունը գրավված երկրներում պահպանելու հարցը։ Վերջիններիս մոտ գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում անկախանալու ձգտումը։ Դա հատկապես նկատելի էր Սիրիայում։ Սիրիան անկախ պետությունից վերածվել էր Օսմանյան կայսրության մի նահանգի։ Սա բնականաբար չէր կարող չազդել նրա մշակութային կյանքի վրա։ Թուրքերի օրոք արաբերենը կորցրել էր պետական լեզվի իր դերը։
Չնայած դրան այն շարունակվում էր լայնորեն կիրառվել Սիրիայում։ Այս ժամանակաշրջանը համարվում է արաբական գրականության անկման ժամանակաշրջան։ Սակայն այդ անկումը սկսվել էր թուրքերի հարձակումներից շատ ավելի առաջ։ Այդ անկումը վերաբերում էր ոչ միայն գրականությանը, այլև գիտությանը։ Մի շարք գիտական նվաճումներ, ինչպիսիք էին օրինակ Գյուտենբերգի տպագրական մեքենան, երկրի ձվաձևության մասին տվյալները,Կոպեռնիկոսի հայտնագործությունը և այլն, ուղղակի անհայտ էին մնում արաբներին մինչև 18-19-րդ դարերը։
Խորը ճգնաժամի մեջ գտնվող արաբական երկրները 18-րդ դարի վերջին հայտնվում են Եվրոպայի ուշադրության կենտրոնում։ Դա նպաստում է արաբական նահանգներում մշակութային բազմազանության առաջացմանը։ Արաբների մոտ այս էտապը ստացել է Նահդա՝ զարթոնք, վերածնունդ անվանումը։ Նահդայի գաղափարախոսները դեպի վերածնունդ տանող գլխավոր ճանապարհը տեսնում էին առաջին հերթին ժողովրդի մշակութային հետամնացության վերացման մեջ, լուսավորության լայն տարածման, կրոնական տարաձայնությունների վերացման, ինչպես նաև արաբական երկրներում տնտեսության ևր առևտրի զարգացման ճանապարհով։ Եվ քանի որ այդ պրոցեսները տեղի էին ունենում եվրոպական անմիջական ազդեցության տակ, ստեղծվեց մի մշակութային սինթեզ, որն էլ հիմք դարձավ արաբական լուսավորական մտքի զարգացման համար։ Սիրիայում Նահդայի ժամանակաշրջանի ամենահայտնի լուսավորականներն էին Բուտրուս ալ-Բուսթանին, Նասիֆ ալ-Յազիջին և Ահմադ Ֆարիս ալ-Շիդյակը։
Բուտրուս ալ-Բուսթանին (1819-1863) ծնվել է Լեռնալիբանանում, որոշ աղբյուրների համաձայն՝ հայ կաթոլիկ ընտանիքում։ Հոգևորական հոր՝ Միխայիլ ալ-Բուստանիի մոտ, սովորելով գրել և կարդալ արաբերենով և արամեերենով, նա ընդունվում է «Այն Վարկա» դպրոցը, որտեղ սովորում է արաբերեն, արամեերեն, լատիներեն, իտալերեն և անգլերեն, փիլիսոփայություն, աստվածաբանություն և մուսուլմանական իրավունք։ Գրում է թվաբանության և քերականության դասագրքեր, ուսումնասիրում է հունարենը և հին եբրայերենը, օգնում է դոկտոր Սմիթին Աստվածաշնչի թարգմանության գործում։ Եվ հենց այս ժամանակ էլ սկսում է կազմել «Մուհիտ ալ-մուհիտ» (արաբ․՝ محيط المحيط) և «Կուտր ալ-Մուհիտ» (արաբ․՝ قطر المحيط) բառարանները։ Հիմնում է «Նաֆիր Սուրիյա» (արաբ․՝ نافر سوريا) ամսագիրը։ 1870 թվականից նա սկսում է հրատարակել երկշաբաթյա ամսագիր «Ալ-Ջինանը» (արաբ․՝ الجنن` պարտեզ) և «Ալ-Ջաննա» (արաբ․՝ الجنة` դրախտ) թերթը։ Բութրուսը սկսում է «Դաիրաթ ալ-Մաարիֆ» (արաբ․՝ دائرة المعارف) հանրագիտարանի կազման աշխատանքները։
Բուտրուս ալ-Բուսթանին գրել է շատ աշխատություններ մաթեմատիկայի, սոցիոլոգիայի, բանասիրության բնագավառներում։ Նա կազմում էր բառարաններ և դասագրքեր, որոնք ունեին ավելի շատ մշակութա-լուսավորական նշանակություն։ Աշխատում էր գիտական ընկերություններում, դասախոսում էր, ելույթ էր ունենում իր ճառերով։ Հասարակական խնդիրներից նրան ամենաշատը անհանգստացնում էր կնոջ կրթության հարցը։ Նա երազում էր բացել կանանց համար հատուկ դպրոց, սակայն նրա երազանքներին վիճակված չէր իրականանալ։ Բուտրուս ալ-Բուսթանին կարծում էր, որ պետք է կանանց հնարավորություն տալ կրթություն և դաստիարակություն ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտա մասնակցել հասարակության կյանքին։ Նա կարծում էր, որ կնոջ կրթվածությունը տղամարդու կրթվածության պայմաններից մեկն է և որ դրանից օգուտը հսկայական կլինի։ Կրթված կինը կարող է ուղղել իր ամուսնու թերությունները, օրինակ ծառայել իր երեխաներ համար։ Բուտրուս ալ-Բուսթանիի գործերը թույլ են տալիս նրան զբաղեցնել առաջին տեղը արաբական լուսավորականների շարքում։ Ջիրջի Զեյդանի խոսքերով նա գլխավորում էր այդ դարաշրջանում Սիրիայի մշակութային վերելքի շարժումը բոլոր բնագավառներում։
Նասիֆ ալ-Յազիջին (1819 – 1883) ծնվել է Լեռնալիբանանում՝ հույն կաթոլիկ ընտանիքում։ 16 տարեկանում նա որպես քարտուղար աշխատում է հույն կաթոլիկ պատրիարքի մոտ իսկ 1828 թվականից քարտուղարի պաշտոն է զբաղեցնում Բաշիր 2-րդի մոտ։ Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակի հետ նա գրում է արաբական քերականության մասին, որն ունի «Խոսքին նախաբան» (արաբ․՝ فصل الخطاب` Ֆասլ ալ-Խիտաբ) անվանումը։ Նասիֆ ալ-Յազիջիի փիլիսոփայական աշխատանքերի մեջ հատկապես աչքի է ընկնում «Վայրի ավանակի որովայնը» բանաստեղծությունը։ Ստեղծագործությունը այսպես անվանելով նա փորձել է ցույց տալ մուսուլման ընթերցողին թե որքան է, ինքը քրիստոնյա լինելով, մտերմացել արաբական դասական հին միջավայրին։
Սակայն Նասիֆ ալ-Յազիջիի սահմանած գրական լեզուն իր ողջ մաքրությամբ դժվար էր ընկալվում նոր արագ զարգացող առօրյա կյանքի պայմաններում։ 1850-ական թվականներին նրա գրական գործունեության և փառքի գագաթնակետի շրջանն էր։ Շարունակում էին լույս տեսնել նրա ուղեցույցները դասական լեզվի, դասական ճարտասանության, դասական ոճի համար։ Լույս տեսան նրա մակամաները՝ հրաշալի ժողովածու «Երկու ծովերի փայլատակումը» (արաբ․՝ مجمعة البحرين` «մաջմաաթ ալ-բահրեյն»)։
Հարիրիի ոճին բնորոշ հանգավոր արձակով բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու կա, որտեղ տեղ են գտել նրա լավագույն գործերը։ Նասիֆ ալ-Յազիջիի «Քարոզիչ»-ը մակաման շատ նման է Հարիրիի 11-րդ մակամային, որ ծավալով փոքր էր իսկ Նասիֆ ալ-Յազիջիին ստեղծել է այդ փոքր թեմայով խալիֆայության կենցաղի հետաքրքիր պահերի մի ամբողջ շարք որոնց մասին Հարիրիի մոտ անգամ չի ակնարկվում։
Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը (1819 – 1883) արաբական նահդայի շրջանի գրող է։ «Եգիպտական իրականություն» (արաբ․՝ الوقائع المصرية` ալ-ուակաի ալ-միսրիա) թերթի առաջին թղթակիցներից մեկն էր, ինչը նրա մոտ ավելի է ամրապնդում արևմտամետ տրամադրությունները։ 1834 թվականին նա Մալթա կղզում, որպես բողոքական, օգնում էր միսիոներներին արաբերեն թարգմանել Աստվածաշունչը։ Նա նախաիսլամական արաբական ոճով մի կասիդա է ուղարկում Թունիսի Ահմադ բեյին։ Շիդիակն իսլամ է ընդունում է վերցնում է նոր անուն՝ «Ահմադ»։ Մալթայից հեռանալուց հետո Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը գնում է Եվրոպա, 1850-ական թվականներին լինում է Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում ծանոթանում է արաբագետ Գուստավ Դյուգայի հետ և նրա հետ մեկտեղ կազմում է ֆրանսերեն քերականություն արաբների համար։
Փարիզում եղած ժամանակ Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը գրում է «Քայլ առ քայլ Ֆարիակի հետքերով» վեպը (արաբ․՝ الساق على الساق فيما هو الفارياق` սակ ալա սակ ֆիմա հուա ալ-Ֆարյակ)։ Շիդիակը ներկայացնում է իր սեփական արկածները և ապրումները Եվրոպայում։ Հեղինակը եվրոպական կյանքը համեմատում է արաբականի հետ և հիմնականում քննադատում է եվրոպական ապրելաձևը։ Փարիզից հետո Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը տեղափոխվում է Ստամբուլ, ուր սուլթանի մոտ է ծառայության անցնում և խմբագրում «Պատասխաններ» (արաբ․՝ الجوائب` ալ-ջաուաիբ) կիսապաշտոնական թերթը, որը ոչ միայն քաղաքական հոդվածներ էր տպագրում, այլ նաև գրական. այստեղ տպագրվում էին նաև արաբական դասական գրականության հեղինակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.