Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նահդա (արաբերեն՝ النهضة՝ զարթոնք, վերածնունդ), մշակութային վերածնություն։ Նահդայի սկիզբը համարվում է 19-րդ դարը։ Այդ ժամանակաշրջանում արաբական երկրներից տնտեսապես և մշակութային առումով առավել զարգացած էին Եգիպտոսը և Սիրիան։ Այստեղ ավելի էր զգացվում եվրոպական ազդեցությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արդեն 3 դար էր, ինչ Սիրիան գտնվում էր նման կարգավիճակում։ Ֆորմալ առումով այս վիճակը շարունակվեց մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Սակայն դեռևս 18-րդ դարի երկրորդ կեսից դժվարանում է իշխանությունը գրավված երկրներում պահպանելու հարցը։ Վերջիններիս մոտ գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում անկախանալու ձգտումը։ Դա հատկապես նկատելի էր Սիրիայում։ Սիրիան անկախ պետությունից վերածվել էր Օսմանյան կայսրության մի նահանգի։ Սա բնականաբար չէր կարող չազդել նրա մշակութային կյանքի վրա։ Թուրքերի օրոք արաբերենը կորցրել էր պետական լեզվի իր դերը։
Չնայած դրան այն շարունակվում էր լայնորեն կիրառվել թե Սիրիայում։ Այս ժամանակաշրջանը համարվում է արաբական գրականության անկման ժամանակաշրջան։ Սակայն այդ անկումը սկսվել էր թուրքերի հարձակումներից շատ ավելի առաջ։ Այդ անկումը վերաբերում էր ոչ միայն գրականությանը, այլև գիտությանը։ Մի շարք գիտական նվաճումներ, ինչպիսիք էին օրինակ Գյուտենբերգի տպագրական մեքենան, երկրի ձվաձևության մասին տվյալները, Կոպեռնիկոսի հայտնագործությունը և այլն, ուղղակի անհայտ էին մնում արաբներին մինչև 18-19-րդ դարերը։
Խորը ճգնաժամի մեջ գտնվող արաբական երկրները 18-րդ դարի վերջին հայտնվում են Եվրոպայի ուշադրության կենտրոնում։ Դա նպաստում է արաբական նահանգներում մշակութային բազմազանության առաջացմանը։ Արաբների մոտ այս էտապը ստացել է Նահդա՝ զարթոնք, վերածնունդ անվանումը։ Նահդայի գաղափարախոսները դեպի վերածնունդ տանող գլխավոր ճանապարհը տեսնում էին առաջին հերթին ժողովրդի մշակութային հետամնացության վերացման մեջ, լուսավորության լայն տարածման, կրոնական տարաձայնությունների վերացման, ինչպես նաև արաբական երկրներում տնտեսության ևր առևտրի զարգացման ճանապարհով։ Եվ քանի որ այդ պրոցեսները տեղի էին ունենում եվրոպական անմիջական ազդեցության տակ, ստեղծվեց մի մշակութային սինթեզ, որն էլ հիմք դարձավ արաբական լուսավորական մտքի զարգացման համար։ Սիրիայում Նահդայի ժամանակաշրջանի ամենահայտնի լուսավորականներն էին Բուտրուս ալ-Բուսթանին, Նասիֆ ալ-Յազիջին և Ահմադ Ֆարիս ալ-Շիդյակը։
Բուտրուս ալ-Բուսթանին (1819-1863) ծնվել է Լեռնալիբանանում, որոշ աղբյուրների համաձայն՝ հայ կաթոլիկ ընտանիքում։ Հոգևորական հոր՝ Միխաիլ ալ-Բուստանիի մոտ սովորելով գրել և կարդալ արաբերենով և արամեերենով նա ընդունվում է «Այն Վարկա» դպրոցը, որտեղ սովորում է արաբերեն, արամեերեն, լատիներեն, իտալերեն և անգլերեն, փիլիսոփայություն, աստվածաբանություն և մուսուլմանական իրավունք։ Գրում է թվաբանության և քերականության դասագրքեր, ուսումնասիրում է հունարենը և հին եբրայերենը, օգնում է դոկտոր Սմիթին Աստվածաշնչի թարգմանության գործում։ Եվ հենց այս ժամանակ էլ սկսում է կազմել «Մուհիտ ալ-մուհիտ» (արաբ․՝ محيط المحيط) և «Կուտր ալ-Մուհիտ» (արաբ․՝ قطر المحيط) բառարանները։ Հիմնում է «Նաֆիր Սուրիյա» (արաբ․՝ نافر سوريا) ամսագիրը։ 1870 թվականից նա սկսում է հրատարակել երկշաբաթյա ամսագիր «Ալ-Ջինանը» (արաբ․՝ الجنن` պարտեզ) և «Ալ-Ջաննա» (արաբ․՝ الجنة` դրախտ) թերթը։ Բութրուսը սկսում է «Դաիրաթ ալ-Մաարիֆ» (արաբ․՝ دائرة المعارف) հանրագիտարանի կազման աշխատանքները։
Բուտրուս ալ-Բուսթանին գրել է շատ աշխատություններ մաթեմատիկայի, սոցիոլոգիայի, բանասիրության բնագավառներում։ Նա կազմում էր բառարաններ և դասագրքեր, որոնք ունեին ավելի շատ մշակութա-լուսավորական նշանակություն։ Աշխատում էր գիտական ընկերություններում, դասախոսում էր, ելույթ էր ունենում իր ճառերով։ Հասարակական խնդիրներից նրան ամենաշատը անհանգստացնում էր կնոջ կրթության հարցը։ Նա երազում էր բացել կանանց համար հատուկ դպրոց, սակայն նրա երազանքներին վիճակված չէր իրականանալ։ Բուտրուս ալ-Բուսթանին կարծում էր, որ պետք է կանանց հնարավորություն տալ կրթություն և դաստիարակություն ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտա մասնակցել հասարակության կյանքին։ Նա կարծում էր, որ կնոջ կրթվածությունը տղամարդու կրթվածության պայմաններից մեկն է և որ դրանից օգուտը հսկայական կլինի։ Կրթված կինը կարող է ուղղել իր ամուսնու թերությունները, օրինակ ծառայել իր երեխաներ համար։ Բուտրուս ալ-Բուսթանիի գործերը թույլ են տալիս նրան զբաղեցնել առաջին տեղը արաբական լուսավորականների շարքում։ Ջիրջի Զեյդանի խոսքերով նա գլխավորում էր այդ դարաշրջանում Սիրիայի մշակութային վերելքի շարժումը բոլոր բնագավառներում։
Նասիֆ ալ-Յազիջին (1819 – 1883) ծնվել է Լեռնալիբանանում՝ հույն կաթոլիկ ընտանիքում։ 16 տարեկանում նա որպես քարտուղար աշխատում է հույն կաթոլիկ պատրիարքի մոտ իսկ 1828 թվականից քարտուղարի պաշտոն է զբաղեցնում Բաշիր 2-րդի մոտ։ Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակի հետ նա կազմում է արաբական քերականության մասին որն ունի «Խոսքին նախաբան» (արաբ․՝ فصل الخطاب` Ֆասլ ալ-Խիտաբ)։ Նասիֆ ալ-Յազիջիի փիլիսոփայական աշխատանքերի մեջ հատկապես աչքի է ընկնում «Վայրի ավանակի որովայնը» բանաստեղծությունը։ Ստեղծագործությունը այսպես անվանելով նա փորձել է ցույց տալ մուսուլման ընթերցողին թե որքան է, ինքը քրիստոնյա լինելով, մտերմացել արաբական դասական հին միջավայրին։
Սակայն Նասիֆ ալ-Յազիջիի սահմանած գրական լեզուն իր ողջ մաքրությամբ դժվար էր ընկալվում նոր արագ զարգացող առօրյա կյանքի պայմաններում։ 1850-ական թվականներին նրա գրական գործունեության և փառքի գագաթնակետի շրջանն էր։ Շարունակում էին լույս տեսնել նրա ուղեցույցները դասական լեզվի, դասական ճարտասանության, դասական ոճի համար։ Լույս տեսավ նրա մակամաները՝ հրաշալի ժողովածու «Երկու ծովերի փայլատակումը» (արաբ․՝ مجمعة البحرين` «մաջմաաթ ալ-բահրեյն»)։
Հարիրիի ոճին բնորոշ հանգավոր արձակով բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու կա, որտեղ տեղ են գտել նրա լավագույն գործերը։ Նասիֆ ալ-Յազիջիի «Քարոզիչ»-ը մակաման շատ նման է Հարիրիի 11-րդ մակամային, որ ծավալով փոքր էր իսկ Նասիֆ ալ-Յազիջիին ստեղծել է այդ փոքր թեմայով խալիֆայության կենցաղի հետաքրքիր պահերի մի ամբողջ շարք որոնց մասին Հարիրիի մոտ անգամ չի ակնարկվում։
Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը (1819 – 1883) արաբական նահդայի շրջանի գրող է։ «Եգիպտական իրականություն» (արաբ․՝ الوقائع المصرية` ալ-ուակաի ալ-միսրիա) թերթի առաջին թղթակիցներից մեկն էր, ինչը նրա մոտ ավելի է ամրապնդում արևմտամետ տրամադրությունները։ 1834 թվականին նա Մալթա կղզում, որպես բողոքական, օգնում էր միսիոներներին արաբերեն թարգմանել Աստվածաշունչը։ Նա նախաիսլամական արաբական ոճով մի կասիդա է ուղարկում Թունիսի Ահմադ բեյին։ Շիդիակն իսլամ է ընդունում է վերցնում է նոր անուն՝ «Ահմադ»։ Մալթայից հեռանալուց հետո Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը գնում է Եվրոպա, 1850-ական թվականներին լինում է Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում ծանոթանում է արաբագետ Գուստավ Դյուգայի հետ և նրա հետ մեկտեղ կազմում է ֆրանսերեն քերականություն արաբների համար։
Փարիզում եղած ժամանակ Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը գրում է «Քայլ առ քայլ Ֆարիակի հետքերով» վեպը (արաբ․՝ الساق على الساق فيما هو الفارياق` սակ ալա սակ ֆիմա հուա ալ-Ֆարյակ)։ Շիդիակը ներկայացնում է իր սեփական արկածները և ապրումները Եվրոպայում։ Հեղինակը եվրոպական կյանքը համեմատում է արաբականի հետ և հիմնականում քննադատում է եվրոպական ապրելաձևը։ Փարիզից հետո Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը տեղափոխվում է Ստամբուլ, ուր սուլթանի մոտ է ծառայության անցնում և «Պատասխաններ» (արաբ․՝ الجوائب՝ ալ-ջաուաիբ) կիսապաշտոնական թերթը, որը ոչ միայն քաղաքական հոդվածներ էր տպագրում, այլ նաև գրական. այստեղ տպագրվում էին նաև արաբական դասական գրականության հեղինակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.