չեխ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Միրոսլավա Նեմցովա (նոյեմբերի 17, 1952[1][2][3], Nové Město na Moravě[1][4][3]) (ի ծնե անուն՝ Դանկովա (չեխ․՝ Miroslava Němcová (Daňková)), չեխ քաղաքական գործիչ, 1998-2020 թվականներին՝ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունից (ODS), 2010 թվականի հունիսի 24-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 28-ը՝ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից՝ Չեխիայի Հանրապետության Սենատի սենատոր։
Միրոսլավա Նեմցովա չեխ․՝ Miroslava Němcová | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1952[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Nové Město na Moravě[1][4][3] |
Քաղաքացիություն | Չեխիա և Չեխոսլովակիա |
Ի ծնե անուն | չեխ․՝ Miroslava Daňková |
Կայք՝ | nemcova.cz miroslavanemcova.cz |
Ինքնագիր | |
Միրոսլավա Նեմցովան ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 17-ին Նովե Մեստո նա Մորավե (չեխ․՝ Nové Město na Moravě, թարգմանություն` «Նոր քաղաք Մորավիայում») կոչվող բնակավայրում։ 1968-1972 թվականներին սովորել ու ավարտել է Հավլիչկուվ Բրոդի գյուղատնտեսական-տեխնիկական տեխնիկումը։ 1972-1992 թվականներին աշխատել է Չեխիայի վիճակագրական ծառայության (չեխ․՝ Český statistický úřad) հատուկ օգնական, իսկ 1992-2007 թվականներին զբաղվել է գրավաճառությամբ Զդար նադ Սազավու (չեխ․՝ Žďár nad Sázavou, նախկին գերմ.՝ Saar, լատին․՝ Sar) քաղաքում, որտեղ մինչ օրս ապրում է ընտանիքի հետ[5][6][7]։
1988 թվականին Միրոսլավա Նեմցովան քաղցկեղով հիվանդացել է։ Չնայած այն հանգամանքին, որ բժիշկները տվել են ամենահոռետեսական կանխատեսումները նրա վերականգնման վերաբերյալ, Նեմցովային հաջողվել է հաղթահարել հիվանդությունը[8]։
Ամուսնացած է, ունի մեկ որդի, ամուսինը՝ Վլադիմիր Նեմեց, որդին՝ Պավել Նեմեց։
Ազատ տիրապետում է իտալերենին, անգլերենին, գերմաներենին և ռուսերենին[9]։
1992 թվականին Միրոսլավա Նեմցովան միացել է Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությանը (ODS)[5]։ Միրոսլավա Նեմցովան ODS միանալու հենց սկզբից դարձել է Վացլավ Կլաուսի[8] քաղաքական գծի կողմնակիցը, ինչի հետևանքով էլ վաստակել է Միրեկ Տոպոլանեկի[7] հակակրանքը։
Նեմցովան իր քաղաքական կարիերան սկսել է 1994 թվականին, երբ ODS-ից մասնակցել է մունիցիպալ ընտրություններին և ընտրվել Զդար նադ Սազավու քաղաքի քաղաքային խորհրդի անդամ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը[10]։ Նույն թվականին Նեմցովան դարձել է Զդար նադ Սազավու քաղաքի գործադիր խորհրդի անդամ[11]։
1996 թվականից հանդիսանում է Զդար նադ Սազավուի ODS-ի տարածաշրջանային խորհրդի անդամ[5]։ Նույն թվականին Միրոսլավա Նեմցովան անհաջող մասնակցել է Չեխիայի Սենատի պատմականորեն առաջին ընտրություններին թիվ 51 ընտրատարածքում[12][7]։ 1998 թվականի մունիցիպալ ընտրություններում Նեմցովան վերընտրվել է և մնացել Զդար նադ Սազավուի քաղաքային խորհրդի անդամ մինչև 2002 թվականը[13]։
1998 թվականի հունվարին՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության պառակտման ժամանակ, երբ կուսակցության անդամների զգալի մասը (որոնք ստեղծեցին «Ազատության միությունը») լքեցին այն, Նեմցովան մնաց կուսակցությունում և նույն թվականի փետրվարին դարձավ «Մեր միջև» (չեխ․՝ Mezi námi) կուսակցական թերթիկի խմբագրական խորհրդի անդամ։ 1998 թվականի խորհրդարանական ընտրություններում, լինելով Հարավային Մորավիայի շրջանի ODS-ի թեկնածուն, ընտրվել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ[14]։
Պատգամավորության առաջին ժամկետում Նեմցովան եղել է Սոցիալական քաղաքականության և առողջապահության և բյուջետային հանձնաժողովի, Վերահսկողության, հավասար հնարավորությունների և ընտանեկան հարցերի ենթահանձնաժողովների անդամ (որում նա նույն թվականին դարձել է նախագահի տեղակալ), ինչպես նաև ԶԼՄ-ի մշտական հանձնաժողովի անդամ։ 2001-2002 թվականներին եղել է նաև ընտրական հանձնաժողովի անդամ։ Բացի այդ, Միրոսլավա Նեմցովան եղել է Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության խմբակցության (պատգամավորական ակումբի) փոխնախագահը[15], ինչպես նաև մշակույթի ստվերային նախարարը ODS-ի ստվերային կաբինետում (1998-2006 թթ.)[11]:
2002 թվականի ընտրություններում Միրոսլավա Նեմցովան վերընտրվել է խորհրդարանի պատգամավորների պալատում՝ որպես Վիսոչինի երկրամասից ODS-ի թեկնածու[16], իսկ հուլիսի 18-ին զբաղեցրել է Պատգամավորների պալատի փոխնախագահի պաշտոնը[17]։
2002 թվականի դեկտեմբերին ODS-ի XIII համագումարում, որի ժամանակ պետք է ընտրվեր Վացլավ Կլաուսի իրավահաջորդը կուսակցության նախագահի պաշտոնում, Միրոսլավա Նեմցովան առաջադրեց իր թեկնածությունը, բայց ODS-ի նոր նախագահ ընտրվեց Միրեկ Տոպոլանեկը։ Նեմցովան ընտրվեց կուսակցության երեք փոխնախագահներից մեկը[18]։ 2004 թվականի դեկտեմբերին ODS-ի XV համագումարում վերընտրվել է կուսակցության փոխնախագահ[19]։
2006 թվականի խորհրդարանական ընտրություններում Նեմցովան վերընտրվել է Պատգամավորների պալատում՝ որպես ODS-ի թեկնածու Վիսոչինի երկրամասից[20]։ 2006 թվականի օգոստոսի 14-ին զբաղեցրել է Պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Բացի այդ, Նեմցովան, ինչպես նախորդ ժամանակաշրջաններում, դարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մշտական խորհրդարանական պատվիրակության անդամ[21]։
2006 թվականի հունիսին Միրոսլավա Նեմցովան առաջին անգամ առաջադրեց իր թեկնածությունը խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի պաշտոնում, սակայն գաղտնի քվեարկությամբ չստացավ պատգամավորների մեծամասնության աջակցությունը[22]։
2006-ի նոյեմբերին Տոպոլանեկի առաջին կառավարության ճգնաժամի ժամանակ Միրոսլավա Նեմցովան ODS-ի 17-րդ համագումարում վճռականորեն դեմ արտահայտվեց Չեխիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ČSSD) Իրժի Պարուբեկի հետ կոալիցիային՝ ստանալով զգալի աջակցություն պատվիրակների շրջանում[23]։ Չնայած դրան՝ Նեմցովային չի հաջողվել վերընտրվել կուսակցության փոխնախագահի պաշտոնում[24]։ 2008 թվականի դեկտեմբերին ODS-ի XIX համագումարում նա կրկին առաջադրվեց կուսակցության փոխնախագահի պաշտոնի համար և կրկին ձախողվեց[25]։
Նեմցովան՝ Միրեկ Տոպոլանեկի ավանդական հակառակորդը, հրապարակավ քննադատել է նրա կապերը լոբբիստ Մարեկ Դալիկի հետ[26]։ 2009 թվականի հոկտեմբերին, Տոպոլանեկի երկրորդ կառավարության հրաժարականից և Իտալիայում արձակուրդում գտնվող վարչապետի պահվածքի հետ կապված ամառային սկանդալներից հետո, Միրոսլավա Նեմցովան հրապարակավ քննադատեց Տոպոլանեկին և բացատրություն պահանջեց։ Միևնույն ժամանակ, ենթադրություններ կային, որ Նեմցովան կարող է փոխարինել Տոպոլանեկին ODS-ի նախագահի պաշտոնում[27]։ 2010 թվականի մայիսին Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նոր նախագահ Պետր Նեչասը Նեմցովային նշանակեց սոցիալական քաղաքականության և մշակույթի նախարար ODS-ի նոր ստվերային կառավարությունում[28]։
2010 թվականի ապրիլի 30-ին Միլոսլավ Վլչեկի՝ Պատգամավորների պալատի նախագահի պաշտոնից հրաժարականից հետո, Միրոսլավա Նեմցովան, որպես առաջին փոխնախագահ, ժամանակավորապես ղեկավարել է Պատգամավորների պալատը մինչև հաջորդ ընտրությունները՝ 2010 թվականի մայիսի վերջ[29][7]։ Նեմցովան ընտրվել է Պալատի նախագահի պաշտոնում ODS, TOP 09 (չեխ․՝ Tradice Odpovědnost Prosperita 09 — TOP 09) և «Հասարակական գործեր» (չեխ․՝ Věci veřejné) կուսակցությունների խորհրդարանական կոալիցիայի ստեղծման արդյունքում, որի անդամները քվեարկության ժամանակ Նեմցովային տվել են 118 ձայն[30]։
Ղեկավարելով խորհրդարանի ստորին պալատը՝ Նեմցովան հռչակել է պատգամավորների կողմից բյուջետային միջոցները խնայելու քաղաքականություն։ Փորձելով սահմանափակել հասարակության մեջ ժողովրդական պատգամավորների ներքին թռիչքները Օստրավայից դեպի Պրահայի պալատի հանդիպումները, Նեմցովան հայտարարեց, որ կհրապարակի «թռչող» պատգամավորների անունները[31]։ Բացի այդ, չեղարկվել են պատգամավորների որոշ արտասահմանյան ուղեւորություններ, կրճատվել են Պատգամավորների պալատի նախագահի կառավարական վիլլայի պահպանման ծախսերը, որից Նեմցովան չի օգտվել։ Պալատի նոր նախագահը կողմ է արտահայտվել նաև պատգամավորական հանգստի կենտրոններում սուբսիդավորման գների վերացմանը։ Նեմցովայի կարծիքով՝ այս քաղաքականությունը 2010 թվականի վերջին թույլ կտար խնայել բյուջեում 15,6 մլն կրոն[32]։ 2010 թվականի հունիսին ODS-ի XXI համագումարում Միրոսլավա Նեմցովան ընտրվեց կուսակցության առաջին փոխնախագահ, իսկ Պետր Նեչասը դարձավ նախագահ։ Քվեարկության ժամանակ Նեմցովան ստացել է 314 պատվիրակների աջակցությունը[33]։ Նեմցովայի՝ Նեչասի առաջին տեղակալի պաշտոնում, ընտրվելը դրական արձագանքներ է ստացել այլ կուսակցությունների, այդ թվում՝ ODS-ին ընդդիմադիր, ներկայացուցիչների կողմից։ ČSSD-ի առաջին փոխնախագահ Լյուբոմիր Զաորալեկն ասել է, որ Նեմցովայի ընտրությունը վկայում է այն մասին, որ ODS համագումարում որոշումներն ընդունվել են ազատ կամարտահայտման արդյունքում, այլ ոչ թե կուլիսային պայմանավորվածությունների համաձայն[34]։
2010 թվականի հոկտեմբերի վերջին Նեմցովան կոշտ քննադատության արժանացավ ընդդիմության կողմից այն բանի համար, որ վարչապետ Նեչասի խնդրանքով, ով ցանկանում էր հնարավորինս շուտ ստանալ խնայողության ակտը պալատի միջոցով, հայտարարեց օրենսդրական անհրաժեշտություն (չեխ․՝ Legislativní nouze), որն օգտագործվում է միայն արտակարգ իրավիճակներում օրենքի ընդունումն արագացնելու համար[35]։ Միաժամանակ Նեմցովան համառորեն Նեչասից պահանջել է կառավարությունից հեռացնել «Հասարակական գործեր» կուսակցության ներկայացուցիչներին, ում շուրջ մի քանի սկանդալներ են բարձրացել[26]։
2012 թվականի մայիսին Միրոսլավա Նեմցովան, որպես Պատգամավորների պալատի նախագահ, իր համաձայնությունը տվեց պատգամավոր Դեյվիդ Ռաթի քրեական հետապնդմանը, որը պատմականորեն Չեխիայի Սահմանադրության 27-րդ հոդվածի դրույթների առաջին կիրառումն էր, որը նախատեսում էր պատգամավորի ձերբակալություն հանցագործության կատարման պահին[36]։
2013 թվականի նախագահական արշավի ժամանակ նա հրապարակայնորեն դատապարտել է Միլոշ Զեմանի վարքագիծը՝ զգուշացնելով, որ նախագահի նման պահվածքը կարող է ամոթալի դառնալ պետության համար։ Նեմցովային հատկապես զայրացրել են Զեմանի՝ կանանց մասին արհամարհական հայտարարությունները։
2013 թվականի հունիսի 19-ին Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց Միրոսլավա Նեմցովայի թեկնածությունը Չեխիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Նեմցովայի թեկնածությունը պաշտպանել են TOP 09 և LIDEM կուսակցությունները, որոնք ODS-ի հետ միասին իշխող կոալիցիայի մաս են կազմում[37]։ Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Բոգուսլավ Սոբոտկան ասել է, որ ռեցեսիայի ժամանակ վարչապետի պաշտոնում գործադիր իշխանության փորձ չունեցող տնտեսապես ոչ կոմպետենտ թեկնածուի ընտրությունը ռիսկ է ողջ երկրի համար[38]։ Նախագահ Զեմանը վարչապետի պաշտոնում նշանակեց Իրժի Ռուսնոկին[39]։
2013 թվականի օգոստոսի 20-ին, Ռուսնոկի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո, Պատգամավորների պալատը ցրելու քվեարկության ժամանակ Նեմցովան դեմ քվեարկեց՝ հայտարարելով, որ պալատի լուծարումը պատմական սխալ էր[40]։ 2013 թվականի օգոստոսի 28-ին, Պատգամավորների պալատի լուծարումից հետո, նա հրաժարական տվեց Պալատի նախագահի պաշտոնից և զրկվեց պատգամավորի կարգավիճակից։
2013 թվականի հոկտեմբերի 25-26-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նեմցովան առաջադրվել է Պատգամավորների պալատի համար Պրահայից՝ որպես Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության (ODS) առաջնորդ և վարչապետի թեկնածու, եթե ODS-ն հաղթի ընտրություններում[41]։ Չնայած այն հանգամանքին, որ նախկին իշխող ODS կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց այս ընտրություններում (ստանալով ձայների ընդամենը 7,7%-ը)[42], Միրոսլավա Նեմցովան ընտրվեց Պատգամավորների պալատի անդամ[43]։
2013 թվականի նոյեմբերին Նեմցովան առաջադրեց իր թեկնածությունը Պատգամավորների պալատի փոխնախագահի պաշտոնում, սակայն պարտվեց հենց առաջին փուլում՝ ստանալով ընդամենը 53 պատգամավորի ձայնը[44]։ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին Միրոսլավա Նեմցովան գլխավորել է պալատի մանդատային հանձնաժողովը։ Բացի այդ, նա դարձել է կազմկոմիտեի անդամ, որտեղ դարձել է պետական մրցանակների նշանակման առաջարկությունների նախապատրաստման ենթահանձնաժողովի անդամ[45]։
2014 թվականի հունվարին ODS-ի 24-րդ համագումարում Նեմցովան առաջադրեց իրեն կուսակցության նախագահի պաշտոնում, սակայն պարտվեց ընտրություններում՝ ստանալով պատվիրակների ընդամենը 66 ձայն։ Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ նա նշեց, որ քվեարկությունն անարդար է համարել՝ հաշվի առնելով, թե նախկինում ինչքան բան է արել ODS-ի համար[46]։
2020 թվականի ամռանը Նեմցովան առաջադրվել է 27-րդ սենատորական շրջանի համար (Պրահա 1 և Պրահա 7) 2020 թվականի Սենատի ընտրություններում։ Երկրորդ փուլում նա հաղթել է գործող սենատոր Վացլավ Գամպլային։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ից նա դադարեց լինել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ և դարձավ սենատոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.