Արևմտահայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու From Wikipedia, the free encyclopedia
Միսաք Կարապետի Մեծարենց (Մեծատուրյան) (հունվարի 19, 1886[1], Բենկա, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 5, 1908, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ։
Միսաք Մեծարենց | |
---|---|
Ծննդյան անուն | Միսաք Մեծատուրեան |
Ծնվել է | հունվարի 19, 1886[1] |
Ծննդավայր | Բենկա, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 5, 1908 (22 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Բալըքլի հայկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Կրթություն | Մեսրոպյան վարժարան, «Անատոլիա» քոլեջ (1902) և Կեդրոնական վարժարան (1905) |
Միսաք Մեծարենց Վիքիքաղվածքում | |
Միսաք Մեծարենց Վիքիդարանում | |
Misak Metsarents Վիքիպահեստում |
Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին, Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան (Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատ գետի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, իսկ մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկնում ուսման մեջ։
1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա (Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի շփվող, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության հանդեպ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։
1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1901-1902 թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը՝ իբրև հսկիչ։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Կ.Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։ Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը։ Բանաստեղծի կենսագիր Թ. Ազատյանը այսպես է նկարագրում նրա մահը. «Մեծարենցի վերջին հրաժեշտը հուզիչ է ու եղերական։ Կերթա մահվան անվրդով ու գիտակցությամբ...Հոգեվարքը կըսկսի աքաղաղներու կանչեն պահ մը առաջ, շաբթեն կիրակի լուսանալու գիշերը, երբ Միսաք կը խնդրե մորմեն առանձին թողուլ զինքը. «Մա՛յր, մյուս սենյակը... հանգստացիր...կը հատնե սիրտս... կը կանչեմ եկուր..»: Ու մայրը մինչ արցունք կը թափեր դուրսը հողին վրա, դրան բացվածքեն կիմանա մահամերձին երեք անգամ հազալը. ու «Մա՜յր...» հոգին տված է արդեն»։ Մեծարենցը թաղվել է Պոլսի Պալիքլի գերեզմանատանը։
Երիտասարդ Միսաքը ուշադրություն էր գրավում իր բնավորությամբ և արտաքինով։ Պոլսի թերթերից մեկում այսպես է նկարագրվում Մեծարենցի արտաքինը. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։...Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ...»։ Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց, մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի...»։ Մեծարենցը գնում էր դեպի մահը և ընկերներից մեկին ուղղված նամակում գրում է. «Թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ...»։
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական-քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունը, որը գրվել է 1901թվականին և մտնում է «Բաբախումներ» խորագրով տետրի մեջ, ունի «Մարմնի վերք, սրտի վերք» վերնագիրը։ Բանաստեղծական այդ շարքը լույս չի տեսել։ 1903 թվականից Մեծարենցի բանաստեղծություններն սկսում են տպագրվել Պոլսի հայ պարբերական մամուլում («Հանրագիտակ», «Ծաղիկ», «Մասիս» և այլն)։ Իր առաջին ոտանավորները Մեծարենցը տպագրում է Սիրանույշ Պերպերյան ստորագրությամբ։ 1904 թվականին հանդես է գալիս Շավասպ Ծիածան կեղծանունով՝ «Ծաղիկ» հանդեսում տպագրելով «Սիրո թափառումներ» և «Գիրկընդխառնում» բանաստեղծությունները։ 1905 թվականին «Մասիսում» տպագրում է «Նոպաները» և «Իրիկվան դեմ» քերթվածները՝ վերջնականապես ընտրելով Միսաք Մեծարենց գրական անունը։ 1906 թվականին Մեծարենցը կազմում և հրատարակության է հանձնում բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը պետք է լույս տեսներ «Ոսկի արիշին տակ» վերնագրով։ Գրաքննությունն արգելում է այդ վերնագրով գիրք հրատարակել, և Մեծարենցը այն վերանվանում է «Ծիածան»։ 1907 թվականին լույս են տեսնում «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։
Գրական գործունեության հենց առաջին քայլերից Մեծարենցը կատարել է թարգմանություններ ու փոխադրություններ («հայացումներ»), որոնք տպագրության է հանձնել 1905-1907թվականներին, իսկ մի քանիսը տպագրվել են ետմահու։ Հայտնի չէ, թե քանի գործ է թարգմանել կամ հայացրել Մեծարենցը։ Թ. Ազատյանը պնդում է, որ անտիպ են մնում «քանի մը անգլերեն թարգմանություններ», բայց չի կոնկրետացրել, թե ինչ նյութեր են դրանք։ Հետագայում նա ձեռք է բերում թարգմանական մի հատված («Երկարաձիգ խավային գիշեր»)։ Հ. Սիրունին հայտնել է, որ Մեծարենցը «հայացումները ըրած է անգլիացի հեղինակներե, ինչպես Էմրսենեն»։ Սակայն վերջինից որևէ փոխադրություն կամ թարգմանություն մեզ չի հասել։ Մեծարենցի հրատարակած առաջին թարգմանությունը Ջեֆրի Չոսերի (1340-1400) ռոնդոներից («Եռանգ») մեկն է։ Մի համառոտ ծանոթագրությամբ նա բացատրում է, թե ինչու հատկապես այդ բանաստեղծությունն է գրավել իր ուշադրությունը։ «Եռանգը ինծի կհիշեցնե գրեթե իր ժամանակակից մեր սիրերգակներուն բանաստեղծությունները՝ սիրային զգացումի միևնույն կրակովը վառված»։ Սա խոսում է այն մասին, որ Մեծարենցը թարգմանությունների հարցում ուներ որոշակի նախասիրություններ։ Այս դեպքում նա տեսել է հոգեհարազատություն անգլիացի գրողի ռոնդոյի և միջնադարի հայ բանաստեղծների սիրային տաղերի միջև։ Կ. Պոլիս տեղափոխվելուց հետո Մեծարենցն ուսումնասիրել է ֆրանսերենը և այդ լեզվին հմտանալու նպատակով էլ Փարիզի «Ռեվյու դե ռեվյու» հանդեսից փոխադրել ռուս գրող Մամին Սիբիրյակի (1786- 1912) «Խոստովանություն» ստեղծագործությունը՝ «Ձյունին տակ (ճամփու պատմվածք)» վերնագրով։ Նա թարգմանել է անգլիացի գրող Թոմաս Լըվ Փիքոքի (1785-1866) «Սիրո թաղումը» բանաստեղծությունը, որի եղերերգական տրամադրությունը սրտամոտ ու հարազատ էր իրեն։ Դասընկերներից մեկի վկայությամբ Մեծարենցը «թարգմանություններ կըներ Քիպլինկեն, որ 1907-ի Նոպելյան պսակավորն էր»։ Նա Քիփլինգից (1865-1936) թարգմանեց «կենդանագրական» (անիմալիստական) գործերից մեկը՝ «Պիմի (Կապիկի մը պատմությունը)»։ 1906 թվականին բանաստեղծը հրատարակեց ամերիկյան մանկագիր Էոժեն Ֆիլդի (1850-1895) երկու բանաստեղծությունները՝ «Հոլանտական օրոր» և «Փոքրիկ կապույտ տղան»։ Նա թարգմանել է նաև անգլիացի գրող Օսկար Ուայլդի (1854-1900) «Դատաստանատունը» և «Իմաստություն սորվեցնողը» արձակ ստեղծագործությունները։
Մ. Պեշիկթաշլյանից և Պետրոս Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ հասարակական ու քաղաքական ծանր պայմաններում Միսաք Մեծարենցը Հակոբ Սիրունու խոսքերով՝ «դարձավ գավառի այն քնքուշ ծաղիկը, որ թաղարին մեջ աճող գրականության հողին ավիշը բերավ, գավառի վայրենի շունչին արվեստի գեղեցկությունը հագցուց, ձևն ու հոգեկան խռովքը ձուլեց»։ Մեծարենցը ստեղծեց հումանիստ, կյանքի ու բնության սիրով ապրող անհատի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինչ արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված ժողովրդավարական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»՝ Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին»։ Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։
Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները չէին ունենա իրենց ազդեցիկ ուժը, եթե դրանց ասելիքի խորությունն ու նրբությունը չզուգակցվեին ձևի կատարելության հետ։ Անսպասելի պատկերները յուրահատուկ գրավչություն են հաղորդում նրա ասելիքին և օգնում են, որ իրերն ու դրանց փոխհարաբերությունը տեսանելի լինեն մի նոր լույսի տակ։ Մեծարենցի բանաստեղծություններում տրամադրություն ստեղծողները մակդիրներն են, համեմատությունները և փոխաբերությունները։ Դրանցում գերակշռում են առարկաների ու հատկանիշների անսովոր և հետաքրքիր համադրությամբ ստեղծված փոխհարաբերությունները։ Օրինակ՝ գինով վարդեր, սև հեշտանք, բոցե թևեր, բազմալեզու տենդ, հոսող գիշեր, հոսող լույս, բոսոր իղձեր։ Մեծարենցի բանարվեստի առանձնահատկություններից է վերնագրերի կրկնությունը։
Իր «Քննադատությունը» հոդվածում բանաստեղծը համարում է, որ «Ծիածանի» «միակ արժանիքը» մարդու և բնության «անմիջական հաղորդության» ձգտումն է։ Քաղաքի կյանքից խորշող բանաստեղծի համար շատ գրավիչ էր բնական կյանքով ապրող գյուղը։ Բանաստեղծն իր մի նամակում ցավ է հայտնում, որ ինքը ամբողջովին չի կարողացել նվիրվել գյուղի թեմային, ապրել «հողին ու ջրին» հետ։ Ավելին. նա կարծում էր, որ գյուղական պատկերներն ավելի ինքնատիպ ու մնայուն կդարձնեին իր պոեզիան։ «Գյուղի տեսարանները,- գրում է նա,- իմ մեծագույն ներշնչանքս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծության մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի։ Անշիջանելի բաղձանքս եղած է վերստին տեսնել ու ապրել գյուղիս ծոցը` նորոգվիլ իր տեսարաններուն ու գեղեցկություններուն ավիշով»։ Առողջական ծանր վիճակի պատճառով Մեծարենցն այլևս չէր կարող շփվել գյուղական կյանքի հետ։ Բայց խոսքերը ցույց են տալիս, թե նա ինչպիսի նշանակություն էր հատկացնում իր գյուղական պատկերներին։ «Այգերգ», «Գետափի երազանք», «Տապի նոպաներ», «Մառախուղ», «Անձրև», «Ջրտուք», «Այգային», «Հովվերգություն մը»,- ահա այն բանաստեղծությունները, որոնց մեջ պատկերված է գյուղը։ Մեծարենցն ուրույն մոտեցում ունի գյուղական թեմայի նկատմամբ։ Նա, ինչպես հետագայում Վարուժանը և Սիամանթոն, չի փորձում մոտենալ գյուղական կյանքի դառնություններին ու սոցիալական երևույթներին։ Բանաստեղծի հիմնական ներշնչանքնը բոլորովին այլ է, դրա համար էլ նա շոշոփում է միայն գյուղական կյանքի որոշ կողմեր։ Վերանալով սոցիալական հակասություններից, ուշադրությունը կենտրոնացնելով միայն գեղեցկությունների՝ մարդու և բնության կապի, գունեղ բնապատկերի և աշխատանքի վրա, Մեծարենցը ստեղծում է իր իդեալներին համապատասխան ռոմանտիկ աշխարհ։ Նա հակադրվում է քաղաքի կյանքի չնչինությանը՝ ներբողելով բնականը, աշխատանքի ու ստեղծման գեղեցկությունը։ Բանաստեղծը նկարագրում է գյուղի առավոտը, կեսօրվա տապի ու վերջալույսի պահը, ճամփաներն ու գետեզերքը։ Դրանց մեջ զարմանալի շոշափելի են դառնում հոգու շարժումն ու ներաշխարհը, կրկին նրբությամբ ծաղկում են երազները գեղեցիկի համար։
Մեծարենցը շատ խորն է հասկացել բանաստեղծության դերն ու բանաստեղծի կոչումը։ Մեծ խելքի և առողջ ըմբռնումների տեր բանաստեղծին բնավ չկարողացան շփոթեցնել ժամանակի ուղղությունները։ Նա զգաստ էր նաև իր վաստակի նկատմամբ։ Այսօր էլ առանց հիացմունքի չի կարելի կարդալ «Ինքնադատության փորձ մը» հոդվածը` նվիրված «Ծիածան» գրքին։ Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական պոեզիան, ո՞րն է իսկական բանաստեղծը։ Այս հարցերին Մեծարենցը գրեթե սպառիչ պատասխան է տալիս` հակադրվելով ժամանակի խորհրդապաշտական գրականության սկզբունքներին։ Նա կարծում է, որ բանաստեղծները պետք է դուրս գան իրենց անհատական, չնչին ապրումներից` «եսի տաղտկալի ոչնչաբանություններեն»։ Շատ ուշագրավ է հետևյալ միտքը. «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները, բաբախելու համար բնության սիրով։ Բանաստեղծը բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իրապես. քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը։ Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն»։ Առաջադրելով «անձնաբանությունից», «եսից» ազատագրվելու խնդիրը` Մեծարենցը չի ժխտում բանաստեղծ անհատի հոգեկան աշխարհի նշանակությունը երգի ստեղծման մեջ։ Միայն թե նա կարծում է, որ բանաստեղծ անհատի հոգին պետք է հարստանա շրջապատող աշխարհի, մարդկային կյանքի ու բնության երանգներով։ Հակադրվելով ժամանակի պոեզիայում հաճախ դրսևորվող մակերեսայնությանն ու մթամածությանը` Մեծարենցը գտնում է, որ բանաստեղծը պետք է պահպանի արվեստի անհրաժեշտ սահմանը, խուսափի պարզունակ խոսքից և «մթության» պաշտամունքից։ «Արվեստի մեծագույն դրդիչը,- ասում է բանաստեղծը,- գաղափարը դյուրամատույց ըլլալն է»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.