From Wikipedia, the free encyclopedia
Մակեդոնական (Հայկական) հարստություն, բյուզանդական կայսերական հարստություն, նստել է Բյուզանդական գահին 867-1056 թթ.
Իր անունը Մակեդոնական (Հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի (Վասիլ I) ծննդավայր Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից։
Ռուսական (խորհրդային) պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում 867-1056 թթ բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն եզրույթը։ Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը ևս օգտագործում են «Մակեդոնական հարստություն» անվանումը (անգլերեն՝ Macedonian dynasty)։ Սակայն ոչ ռուսալեզու և այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ «Հայկական հարստություն» անվանումը։ «Հայկական հարստություն» (անգլերեն՝ Armenian dynasty) եզրույթի կիրառման կողմնակիցները գտնում են, որ այն ավելի ճշգրիտ է, քան «Մակեդոնական հարստություն» եզրույթը, քանի որ տվյալ հարստության օրոք մի շարք բյուզանդական կայսրեր, ռազմական ընտրանիի և չինովնիկության բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական ծագում ունեին։
Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղ Ա նախնիների մասին առավել մանրամասն պատմությունը պարունակում է այսպես կոչված «Թեոփանեսի շարունակող»-ի տարեգրությունը։ Բարսեղ Ա մասին պատմող գլխի հեղինակ Կոստանդիանոս Է Ծիրանածինը, որը նրա թոռն էր, գրում է, որ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։
Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը։
Մակեդոնական (Հայկական) հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում։ Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ։ Այսպես, Կոստանդիանոս Է Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր։
Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով։ Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա։ Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը։ Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը։
Հայկական հարստության տիրակալների ժամանակաշրջանում իր առավելագույն հզորությանը Բյուզանդիան հասավ Բարսեղ Բ օրոք (958 - 1025)։ Հարստության վերջին ներկայացուցիչը կայսրուհի Թեոդորան էր (հունարեն՝ Θεοδώρα) (984 - 1056, գահակալել է 1055 հունվարի 11-ից առ 1056 թ օգոստոսի 31-ը)։
Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչնդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն (գյուղացիությանը հարկատու և բանակը համալրող հիմնական տարրն էր)։ Բյուզանդական բանակը արաբներից վերագրավել է զգալի տարածքները, կայսրությանն է ենթարկել Բուլղարիան։ Բանակում վճռական դեր է խաղացել հայ իշխանների զորքը, աչքի են ընկել հայազգի զորավարներ Մելիասը (Մլեհ Մեծ), Հովհաննես և Թեոփիլոս Կուրկուասները և ուրիշներ։ Դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Բյուզանդիան, Հուստինիանոս I-ից հետո, վերստին հասավ իր հզորության գագաթնակետին։ Հայաստանը դիտելով իբրև արաբներին հակազդող ուժ, սկզբնական ժամանակաշրջանում վարել են հայերի հետ դաշնակցելու քաղաքականություն (893-թվականին կնքվել է առևտրական պայմանագիր, 973 կամ 974-թվականին՝ հաշտություն և այլն)։ Հետագայում՝ մասնավորապես Վասիլ II-ի և Կոստանդին IX Մոնոմախոսի ժամանակ, երբ խալիֆայությունը թուլացել էր, և Հայաստանի նշանակությունը ընկել, աստիճանաբար զավթել են Բագրատունյաց Հայաստանի հողերը, իսկ 1045-թվականին վերացրել թագավորությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 172)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.