հայ արձակագիր, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia
Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, հունվարի 19 (փետրվարի 1), 1910, Գումլուպուճախ, Դաշլիչայ Ստորին, Աղրըի մարզ, Թուրքիա - մայիսի 2, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Հրաչյա Քոչար | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Հրաչեայ Քոչար Գաբրիէլեան |
Ծնվել է | հունվարի 19 (փետրվարի 1), 1910 |
Ծննդավայր | Գումլուպուճախ, Դաշլիչայ Ստորին, Աղրըի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | մայիսի 2, 1965 (55 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | խմբագիր, արձակագիր և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Ուշագրավ աշխատանքներ | Նահապետը |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ռյա թազա, ՀԳՄ, Խորհրդային գրականություն և Ոզնի |
Պարգևներ | |
Հրաչյա Քոչար Վիքիքաղվածքում | |
Հրաչյա Քոչար Վիքիդարանում |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Գումլուպուճախ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։ Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։
Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակներն արձակագրի լավագույն գործերն են։
1946—1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում[1]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.